Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Սուբվենցիա և փրայմերիզ

Սուբվենցիա և փրայմերիզ
16.04.2024 | 09:29

Տնտեսագիտության հետ կապ ունեցող, գրաճանաչ մարդիկ հավանաբար չեն կռահում, թե ինչպես կարող են իրար հետ կապ ունենալ պետության և տեղական համայնքների միջև փոխգործակցումը և ԱՄՆ քաղաքական կուսակցական ներքին միջանկյալ ընտրությունները։

Պատկերացրեք, որ սուբվենցիոն գործիքակազմը և միջանկյալ մրցակցային ընտրական երևույթը որոշակի բովանդակային կապ ունեն։

Ի՞նչ է սուբվենցիան և ինչպիսի՞ զարգացում է այն արձանագրել արդի Հայաստանում:

Սուբվենցիան համայնքների և պետության կողմից համատեղ ֆինանսավորվող տնտեսական գործընթաց է, որի արդյունքում համատեղվում են պետության և համայնքների ֆինանսական, տնտեսական ռեսուրսները, համայնքներում առաջնահերթ խնդիրները լուծելու նպատակով։

Ժամանակին սուբվենցիաների փոխարեն գործում էր պետական դոտացիոն համակարգը, որը վերջին տարիներին իր ծավալներով և գործիքակազմով արդեն իսկ զիջում է սուբվենցիաներին։ Ինքնին սուբվենցիան վատ երևույթ չէ, եթե նրա մեջ իր առողջ բացազատումն է գտնում նորարարական միտքը, մրցակցային միջավայրը, ինովացիոն ազդեցությունները, հատկապես առաջավոր զարգացած երկրների փորձով հարստացած։ Սակայն հայկական ամեն ինչի նման, մեր սուբվենցիան ևս այլ է, նենգափոխված և այլասերված։

Նման կոշտ գնահատականները ընկալելու համար պետք է քննենք սուբվենցիոն շղթան, նրա առանձին հանգույցներով։ Սուբվենցիոն շղթան ունի հետևյալ տեսքը։ Գալիք տարվա համար կառավարության ինչ-որ լուսավոր գլուխներ որոշում են դեպի այդ ոլորտը ուղղվելու ֆինանսական ռեսուրսները։ Հաջորդը մարզպետարաններին վերագրվող հանգույցն է, որտեղ մարզպետարանի ոչ պակաս լուսավոր գլուխներ որոշում են մարզի առանձին համայնքներին ուղղվող ռեսուրսների բաշխումը։ Երրորդ հանգույցը տեղական ինքնակառավարման մարմինների էլ ավելի լուսավոր գլուխներն են, որոնք թուղթ ու գրիչը ձեռքները վերցրած մտածում են, թե պետական ձրի փողով ինչ խողովակ, ինչ ջրագիծ կամ մշակույթի պալատի ինչ աթոռ, սեղան կամ մանկապարտեզի ճագար պահող պահակներին ինչ դեղ ու թունաքիմիկատ է պետք։

Եռաստիճան այս փտած համակարգում մոգոնված աշխատանքների հնարավոր ցանկը արդեն հայտեր դարձած, ետդարձի ճանապարհով գնում է դեպի կառավարության համապատասխան սենյակներ և հայտերը հաստատվելուց հետո սկսվում է իսկական տնտեսական էրոտիկան։

Բանն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինները մրցակցային տենդերներ չեն իրականացնում և կանխորոշված արդյունքներով տենդերների ռեսուրսները հոսում են դեպի տվյալ տեղական լուսավոր ղեկավարի կամ նրա հետ փոխկապակցված անձանց գրպան։

ՈՒ՞մ է ձեռնատու այս ամբողջ, տառապալից կրկեսը և ի՞նչ բացասական մարտահրավերներ կան գործընթացի մեջ:

1. Ամբողջ գործընթացը կեղծ է, անիմաստ տանջալի թղթային լուծումներով ծանրաբեռնված։

2. Տեղական իշխանական կլաններն ամեն տարի շեշտը դնում են հեշտ լուծվող կենցաղային խնդիրների վրա, որտեղ չեն պահանջվում խորը մասնագիտական գիտելիքներ և առաջավոր տեխնիկական լուծումներ

3. Համայնքային հարթակում անհնար է որևէ կոոպերացիոն հանգույցի ձևավորումը, որովհետև չկա մրցակցային մթնոլորտ, չկա մեր հիշատակած պրայմերիզ կոչվածը, և արդյունքում ամեն տարի նույն մարդիկ հաղթում են նույնատիպ տենդերներում, բայց արդեն ավելի բարձր արժեքով:

4. Երկրի դեպի արտահանման միտված արտադրական միջոցների համալրում չի կատարվում, չի կատարվում աշխատանքի մասնագիտացում և ներճյուղային բաժանում, չեն ներդրվում առաջավոր տեխնիկական փորձ և կառուցվածքներ:

5. Համայնքային այս փոշիացման կարևոր ցուցիչներից է մարզի տարածքից դուրս այդ տենդեր շահողների բացարձակ ամլացումը հարևան մարզերում, դրանով իսկ ապացույց դառնալով, որ չկա տնտեսական պրայմերիզ։

6. Կարևոր բացասական գործոն է մարզերից եկող անգրագետ, ծախսատար, ոչ գիտելիքահեն լուծումների անքննարկում ընդունումը նախարարությունների կողմից և փաստացի ահռելի ֆինանսական ռեսուրսների բախտը որոշում են կլանային տեղական իշխանիկները, որոնց մեծ մասի գիտելիքները թերահավատության կասկած են ներշնչում։

Թեման բավականին տարողունակ է և մենք մի քանի գրառումներ ենք ներկայացնելու։ Այնուհանդերձ արդեն իսկ կա հստակ գոյացած մի հարց։ Արդյոք կառավարության հեղափոխական կազմը չգիտի՞ թեմայի շուրջ պտտվող զրույցները:

Վստահեցնում եմ, որ գիտեն, և եթե դա այդպես է, ապա ինչու են հանդուրժում պետական միջոցների փոշիացումը: Որքան էլ, որ զարմանալի հնչի, բայց տնտեսական այս հարցի պատասխանը քաղաքական է։

Բանն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինները հստակ կլանային բովանդակություն ունեն այլևս։ ՀՀ տարածքում առանց բացառության, համայնքի ղեկավարը տեղի բնակիչների զգալի մասի բարեկամն է, ով առանց ավելորդ ջանքերի վերը տրվում է շնորհիվ իր կլանի օժանդակության։ Ընտրված ղեկավարն արդեն իսկ գիտե, թե իր կլանի անդամների հետ ինչ և ինչքան է յուրացնելու։ Եվ այդ բարեկամական յուրացման դիմաց ամբողջ համայնքներ քաղաքական լոկալ լոյալ վարքագիծ են դրսևորում ներկա իշխանությունների նկատմամբ։ Ահա սա է սուբվենցիայի բանալին։

ՀՀ պարտաճանաչ հարկատուների վճարած հարկերի հաշվին իրականացվում է ֆինանսական ռեսուրսների բաժանում, ձևակերպում և յուրացում։

Որպես սուբվենցիոն գործընթացի խիստ իրատեսական հանգամանք և բնութագրիչ հիշեցնելու եմ Լոռու մարզպետ նշանակված մեկի կառավարման ոդիսականը և անփառունակ հանգուցալուծումը։ Կուսակցության բուլդոզերներից մեկը, ով առանձնանում էր իր բիրտ աշխատանքային ձեռագրով, մի չձգված կախիչի զոհ դարձավ։

Այ սա է սուբվենցիան, սիրելի զրուցակիցներ։

(շարունակելի)

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ