ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դիլիմ-դիլիմ, դիլեմա

Դիլիմ-դիլիմ, դիլեմա
09.04.2024 | 21:22

Այն, որ պատմության ողջ ընթացքում մենք ինքներս մեզ դրել ենք երկընտրանքի առաջ՝ փաստ է:
Եվ այդ ընտրությունը գրեթե միշտ արհեստածին է եղել:
Մենք միշտ ընտրության առաջ ենք եղել՝ Բյուզանդի՞ա, թե՞ Պարսկաստան, Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա:
Եվ սա բաժանարար գիծ ու ջրբաժան է եղել հայ ազգի համար:
Դրա համար էլ առ այսօր պառակտված ենք, չկա միասնականություն ու համախմբվածություն, փոխարենը կա ցցուն արտահայտված՝ «արևմտամետ» -«ռուսամետ» տխմար դիսկուրս ու միս ուտոցի:
Սակայն զավեշտալին այն է, որ ոչ իրեն «արևմտամետ» հռչակածն է իսկական արևմտամետ, ոչ էլ «ռուսամետն» է իսկական ռուսամետ:
Իրենք գիտեն, թե այդ արժեհամակարգերի կրողներն են, բայց ընդամենը մակերեսային պատկերացումներ ունեցողներ են, ոչ ավելին:
Բնականաբար, նման տարանջատիչ ընկալումները ձևավորելու, քարոզչության, նարատիվի խթանման, հանրայնորեն տարածելու և այն գործիք դարձնելու համար ներդրվում են մեծ ռեսուրսներ ու ջանքեր:
Իսկ նպատակը՝ տվյալ աշխարհաքաղաքական կենտրոնի գերակայության հաստատումն է տարածաշրջանում և մասնավորապես՝ Հայաստանում:
Բանաձևը հետևյալն է.
Արմուտքին «թթու բա՞ն» ես ասում, ուրեմն ռուսամետ ես ու ռուսահպատակ, Ռուսաստանի՞ն ես նախատում, մեղադրում՝ ուրեմն արևմտամետ ես:
Այս պրիզմայով էլ մարդը դիտարվում է որպես որևէ կողմի ակտիվիստ կամ գործակալ:
Նման հիմար «պրինցիպներով» ու աքսիոմատիկ դոգմաներով ժողովրդին կանգնեցվում է «Արևմու՞տք, թե՞ Ռուսաստան» դիլեմայի առաջ:
ՈՒ էլ բացարձակ չի խոսվում հավասարակշռված, բալանսավորված, առանց «հակա» կամ «մետ» արտաքին քաղաքականության վարման մասին, որը կբխի բացառապես ազգային ու պետական շահերից:
Խոսվում է «վեկտոր փոխելու», «արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման» անհրաժեշտության մասին, բայց չի խոսվում նախանիկոլական Հայաստանի բազավեկտոր լինելու և դրանից չկաշկանդվելու, չտուժելու, չթիրախավորվելու, դիլեմաների առաջ կանգնած չլինելու մասին:
Որովհետև ժամանակին Հայաստանը կարողանում էր և՛ CEPA կնքել Եվրոպայի հետ, և՛ ԵԱՏՄ մտնել, և՛ ՀԱՊԿ անդամ լինել, և՛ ՆԱՏՕ-ի հետ համագործակցել, և՛ ԱՄՆ-ի հետ կայուն և բարիդրացիական հարաբերություններ հաստատել ու լուրջ ֆինանասական աջակցություններ ստանալ, ինչպես նաև օգտվել ՌԴ-ի հետ ունեցած դաշնակցային հարաբերությունների ողջ արսենալից:
Հայաատանին հաջողվում էր այս ամենն անել՝ առանց որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ հարաբերությունները փչացնելու:
Եվ սա բնավ «նախկինների» գովք չէ, պարզապես անհերքելի փաստեր են:
Իսկ այսօր մենք ոչ թե Արևմուտք գնալու, եվրոպական ընտանիքին ինտեգրվելու, այլ ընդամենը իշխանությունը պահելու գործընթացի ականատեսն ենք:
ՈՒղղակի գործող իշխանություններն իրենց մասով հանրության ուղեղալվացումը կատարում են հետևյալ կերպ.
քո այլընտրանքը ոչ թե պատերազմի մեջ գտնվող, 5 պակաս կործանվող, կոռումպացված, մեզ միշտ դավաճանող բռնապետ Ռուսաստանն է, այլ գեղեցիկ, ծաղկուն, զարգացած, քաղաքակրթության բնօրրան Եվրոպան, որի համար երազում ես, որ գոնե վիզա չլինի, երբ ուզես գնաս ու գաս:
Բայց նրանք չեն ասի մի պարզ ճշմարտություն.
որ Հավաքական Արևմուտքի համար տարածաշրջանի բացառիկ գործընկերը Թուրքիան է, որի միջոցով ու անմիջական մասնակցությամբ է դիտարկվում տարածաշրջանին վերաբերող ցանկացած հարցի քննարկում ու լուծում:
Նրանք չեն ասի նաև այն, որ իրենք «այդքան չկան», որպեսզի կարողանան ռուսին արտաքսեն տարածաշրջանից:
Որ Ռուսաստանը չի հեռանալու Հարավային Կովկասից:
Չեն ասի նաև անգամ գնալու դեպքում դրա գինը ու թե ինչ կատակլիզմների ու արհավիրքների ականատեսը ազգովի կդառնանք:
Կթաքցնեն, բայց ժողովուրդը լավ էլ գիտի, որ
ՀՀ գործող իշխանություններն ու ՌԴ վերնախավը լվանում են մեկմեկու ձեռքերը:
Որ հակառուսական տրամադրություններ ու օրակարգ մասամբ արհեստականորեն է գեներացվում:
Որ օրհասական պահին Մոսկվան էլի ուշացած գալու է ու հերթական անգամ «փրկելու հակառուս» Հայաստանին:
Որ առայժմ Արևմուտքի «քաղցր ձայնով» է ձգում իշխանությունը, շուտով էլ՝ Կրեմլի պատերի տակ վնգստալով:
Ինչևէ, ընդամենը պետք է հասկանալ, որ Եվրոպան մեր թշնամին չէ և ոչ էլ մեր վստահելի բարեկամը, առավել ևս՝ դաշնակիցը:
Եվրոպան չունի ՀՀ անվտանգությունն իրապես ապահովելու որևէ լծակ։
Եվ վերջապես՝ Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում։
Եվրոպան ընդամենը մեր լավ գործընկերն է, իսկ Հավաքական Արևմուտքի հետ ունենք զարգացող, հեռանկարային հարաբերություններ։
Եվրոպան այս պահին ԱՄՆ-ի հետ միասին Ռուսաստանի թշնամին է, բայց մենք կարող ենք դառնալ ԱՄՆ-Եվրոպա-Ռուսաստան հակամարտության պրոքսի թատերաբեմ-պալիգոնը:
Իսկ Ռուսաստանը մեր ոխերիմ դաշնակիցն է ու բարեկամը, որը նաև Ադրբեջանի դաշնակիցն է ու Թուրքիայի լավագույն գործընկերը:
Հետևություն.
վերջ տվե՛ք «արևմտամետ-հակարևմտամետ», «ռուսամետ-հակառուս» հիմար դիսկուրսին:
Հասկացեք մի պարզ ճշմարտություն. մենք չունենք վստահելի ու իրական դաշնակից:
Մեր խնդիրը նման կոնֆիգուրացիաների մեջ ճիշտ դիրքավորվելն է, որպեսզի մեզ չխժռեն:


Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ