Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ազգաճանաչման փորձ

Ազգաճանաչման փորձ
11.02.2024 | 18:11

Երկարատև բացակայությունից հետո վերադարձել եմ Հայաստան՝ իմ ծննդավայր աստվածատուր Ալավերդի։

Որտեղ, սակայն, օրեցօր պարզեցի տարօրինակ մի իրողություն, որ իմ սերնդակիցներից քաղաքում մնացել են հիմնականում նրանք, ովքեր չէին մասնկացում մեր պատանության խաղերին, մրցում-զվարճություններին ու երիտասարդ հասակում էլ բառացիորեն ոչնչով աչքի չէին ընկնում։
Գոյության օրինաչափությունը բացառող այս երևույթը , որը տարօրինակաբար «բնականոն» է նաև հանրապետության բազմաթիվ այլ բնակավայրերում, ինձ սաստիկ ահաբեկում է։ Չէ՞ որ պատմությունից մենք ստույգ գիտենք, որ ուժեղ ցեղերն էին տարածքներից դուրս մղում թույլերին, և հայրենիքը միշտ մնում է ուժեղներին, առավել համախմբվածներին ու կազմակերպվածներին։ Նաև ժողովրդական ավանդույթներից մենք գիտենք, որ տունը և հայրական ունեցվածքը սովորաբար ժառանգում է տան կրտսերը, ով ավագ եղբայրներից աչքի է ընկնում հնարամտությամբ, աշխատասիրությամբ, քաջությամբ ու բազմակարողությամբ։ Այսօր ժամանակակից բժկությունը ևս ապացուցում է, որ նույն ծնողների հաջորդ զավակը նախորդների հանեմատ առավել օժտված է։ Փաստորեն ըստ գոյաբանական օրինաչափության՝ ընտրությունը թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պարագաներում վիճարկվել է աշխատասերին, ուժեղին, ուսյալին և գեղեցիկին։
Հայաստանում, սակայն, դեռ․․․կոմունիստների «լճացման» տարիներից լավագույն երիտասարդության առջև համապատասխան ասպարեզները փակվում էին։ Հզոր էր կոռուպցիայի տեղական տեսակի՝ ԽԾԲ-ի ( խնամի-ծանոթ-բարեկամ) գործունեության դաշտը։

Այդ վատը մեր անկախության տարիներին ոչ միայն չվերացվեց, այլև նույնիսկ, կարծես, օրինականացվեց: ՀՀ- ում ազատ մրցակցության հնարավորությունը կարծես աբսուրդի է վերածվել։ Գործունեության բոլոր ոլորտները օլիգարխների վերահսկողության տակ են, ովքեր, ցավոք, իրենց ԽԾԲ թիմերի ողջ «ինտելեկտուալ» ներուժով չեն կարողանում մրցակցել համաշխարհային համապատասխան ասպարեզներում։
Դա, իմ կարծիքով, ՀՀ-ում գերակշռող օտարերկրյա կապիտալի ազդեցության կամ քաղաքականության արդյունքն է։ Որովհետև միջազգային կապիտալը նպատակաուղղված է այստեղ իր «խլամը» իրացնելու միջոցով հարկահավաքչություն կատարելու: Այն ամենևին շահագրգռված չէ այլ տարածաշրջանների իր մյուս բաժանմունքներին մրցունակ հայկական ապրանքանիշով ենթաճյուղեր ստեղծելու ։ Համաշխարհային շուկայում մրցունակ ապրանքներ արտահանելու միակ ռեալ հնարավորությունն ազգային կապիտալի առավելագույն ներգրավումն է տնտեսության տարբեր ոլորտներում։ Որի համար, սակայն, իշխանության տարբեր օղակներում անհրաժեշտ է կադրային ճիշտ քաղաքականություն: Ինքս՝ տնտեսագետ -պլանավիկ լինելով, քանիցս տարբեր ղեկավարների առաջարկել եմ տնտեսական գործունեության համատեղ ծրագրեր ներկայացնել կառավարությանը ու լռության եմ հանդիպել։ Չեն հասկանում, չեն պատկերացնում, չգիտեն: Բայց «լավ» տղերք են ու շարունակում են բարձրանալ ծառայողական աստիճաններով ։
Դսեղցի լուսահոգի պապս , Դսեղի սարերում, երևի, ասացողի Ոգի է թափառում , մի առիթով մեզ՝ իր թոռներին «Անփորձ գառնարած» զրույցն է ավանդել։ Այսօր այն հիշելով, ես լրիվ այլ իմաստ ու ավելի խոր ենթատեքստեր եմ նկատում լավին ու լավագույնին վտարելու, միջակությանը հովանավորելու ու սատարելու ապազգային այս երևույթի մեջ:

Ժամանակին մեր լեռնաշխարհի գյուղերից մեկում գառան հոտը վստահում են մի որբ ու ճարպիկ պատանու։ Սա ամեն օր գառներին պարտաճանաչ պտտում է գյուղի մերձակա բլուրներում, տարեկիցների հետ խաղերով չի տարվում, գառներին չի կորցնում և գյուղացիները գոհ են նրանից ։ Եթե մեկնումեկը մի նկատողություն էր անում, ապա անպայման լցվում էր՝ համարյա արտասվելու աստիճանի հասնում։ Զգայուն պատանին դիտողություններն էլ պարտադիր ականջին օղ էր անում, երկրորդ անգամ ոչ միայն թերացումն էր շտկում, այլ մի բան էլ պահանջվածից գերազանցում էր ու․․․ ժողովուրդը, իսկապես, շատ գոհ էր տղայից ։
Օրերից մի օր հարևան գյուղի շները մի նախշուն գառնուկի գզում են ։ Պատանի գառնարածը ծանր մահակով վրա է հասնում , դրանց կատաղած երախներից գառնուկին ազատում: Բայց գառան հաստավիզ տերը տղային պարտավորեցնում է , թե ես քեզ առողջ գառ եմ տվել ՝ առողջ գառ պիտի ինձ վերադարձնես։ Մեր որբը՝ ճարն ի՞նչ, համաձայնում է։ Ամեն առավոտ հաշմանդամ գառնուկին գրկում է, թևատակած սարերում պտտում, խոտը քաղում, դնում առաջը, բարի տատիկների ու կանանց կողմից իրեն տրված հացը հետը կիսում։ ՈՒ այդպես մի ամիս, երկու ամիս շարունակ գառնուկին թևատակած ՝ գառան հոտն արածեցնում է սարերում: Որբը գառնուկի ջերմությամբ է տաքանում, գառնուկը՝ նրա, երկուսով էլ նույն աղբյուրների ակունքներից են ջուրը խմում, ամեն պահի պատանին գառնուկի զուլալ աչքերն է տեսնում ու․․․այս հաշմանդամ գառն այնքան է հարազատանում որբին, որ նրա համար այս մեկը հազար է դառնում, հոտի մյուս հարյուր գառը՝ մեկ ։
Մի երկու ամիս անց, քանի որ գառնուկն աճում է՝ մեծանում, պատանին մահակ էլ չի վերցնում , երկու ձեռքով է սրան գրկած շրջում: Մյուս գառներին էլ, որոնք իր ձայնը արդեն ճանաչում են, հովվականչերով է ուղղություն տալիս։ Այսպես միամտված , առանց փորձանքների, անփորձ գառնարածն իր գործը մինչև աշուն է հասցնում։ Ժողովրդով էլ իրար մեջ խնդմնդում են, ծիծաղում են ։ Ո՛չ չարչարողին ՝ գառան տիրոջն են ասում, թե քո գառը վերցրու, դռանդ կապիր կամ մորթիր, տղայի հոգին ազատիր , ո՛չ որբին են գլխի գցում, թե կարգն այդպես չէ։ ՈՒ իրենք էլ միամտված՝ իրենց հազար նեղությամբ ու այս մի հատիկ «ուրախությամբ», հանգիստ խղճերով աշնանագործերին են ձեռնամուխ լինում։
Բայց մի օր սև ամպերն անակնկալ , կուտակ- կուտակ հավաքվում են հենց այն սարի գլխին, ուր պատանին գառներին էր արածեցնում: Տղան զգում է վտանգը, վազում է ձորը, որ սկզբում սիրելի ու հարազատված հաշմանդամին մի քարայրում թաքցնի: Մինչև ձորից մի ճիպոտ կտրած հետ է վազում, սարի վրա արդեն սարսափազդու ամպերն են որոտում, կեռաշեղբ կայծակներն են խփում, ու ահաբեկված գառները ցիրուցան են լինում։ Խեղճ պատանին աջ է վազում, ձախ է վազում , որ սրանց հավաքի, քշի մի ապահով տեղ, չի կարողանում ։ Ընդհակառակը՝ համ քամին է ուժեղանում, ծառ ճկող ու ջարդող մրրիկ դառնում, համ մի կարկտախառը տեղատարափ անձրև է սկսվում ու, երկու արհավիրքով միատեղված, գառներին քշում են ու թռցնում, որին քարափներից են ցած նետում, որին էլ՝ ձորում մոլեգնած հեղեղի բերանը տալիս։
Սելավի ավարտից հետո գյուղացիները խումբ-խումբ բարձրանում են սար, որ գառներին ու գառնարածին գտնեն։ Մի քարայրում իրենց ամենօրյա «ուրախություն» հաշմադամ գառանն են գտնում, առջևը մի գիրկ խոտ՝ առոք-փառոք որոճելիս , տղայի յափնջին էլ վրան, որ չմրսի ։ Մյուս գառներից մի տասնյակի չափ զարկված, անշնչացած են գտնում քարափների տակ, մի տասնյակ էլ հազիվ կենդանի ՝ մացառներում խճճված ու գզգզված , ու էլ ոչ պատանուն են գտնում, ոչ էլ՝ մնացած գառներին: Թե գառներին փրկելու ժամանակ տղան էլ է ընկնում հեղեղի մեջ ու զոհվում․․․թե՞ գլուխն առնում է ու փախչում՝ ոչ ոք չի իմանում ։
Լուսահոգի պապս մեզ՝ իր թոռներին, եթե չափից դուրս խղճահարության վնասի, աննորմալ սիրո վտանգի, հասարակության անտարբերության կամ անլրջության հետևանքների մասին էր զգուշացնում, ապա այսօր և իմ այս տարիքում բոլոր տարբերակներին ես երկու ձեռքով համաձայն եմ։ Այս զրույցը, գուցե, այլ ենթատեքստեր ևս ունենա։ Արժե որոնելն ու ճանաչելը , որովհետև, իսկապես, համոզված եմ, որ Դսեղի սարերում Հանճարի թափառիկ Ոգի կա․․․․

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ Մանուկյան)

Դիտվել է՝ 3997

Մեկնաբանություններ