Այս զգացողությունն ուժեղանում է հատկապես ձմռանը: Մի ժամանակ, երբ փայտ էի վառում, ոչ թե ձմռան օրերն էի հաշվում, այլ փայտիս շարքերը: Դրանց պակասելով, թվում էր, ուր որ է պատերազմն էլ կավարտվի: Հիմա փայտ չեմ վառում, բայց պատերազմի զգացողությունը դեռ ողջ է:
1992-ի դեկտեմբերին էր կարծեմ, որ գազատարը առաջին անգամ պայթեց: Այդ ցուրտ ու մութ ձմեռը, ձյուների միջով դեպի Ավան ու «Մասիվ»` մահվան թափորի նման ձգվող մարդկանց շարքերը, այդ հացի հերթերն ու ավտոբուսներից կախված մարդիկ ինձ չլքեցին երբեք: Ես քայլում էի մղձավանջի միջով ամեն օր: Դա նման էր մի ֆիլմի, որի գործողություններին ակամա մասնակից ես դարձել ու քայլում ես` մտածելով, որ ուր որ է դուրս կգաս ֆիլմի միջից: Բայց վերջը չի երևում, ու դու պարզապես անհաղորդ ես դառնում ֆիլմի գործողություններին, անջատում ուղեղդ, որ մի օր չպայթի այն: Ու քայլում ես, քայլում, քայլում ես… Գուցե դա է պատճառը, որ այսքան` ատելու չափ չեմ սիրում ձմեռը ու հաճախ կարիք եմ զգում քայլելու:
Պատերազմի միջով անցած շատ ժողովուրդներ ինչպե՞ս են վերականգնում իրենց հոգու խաղաղությունը: Մտածում եմ` երկրի ղեկի մոտ կանգնած մարդիկ մեծ դերակատարություն ունեն դրանում: Ի՞նչ է առաջարկում այսօրվա իշխանությունը հանրությանը: Կոկորդիլոս: Սա վերջին «կուրյոզն» է: Իսկ Լևոն Խեչոյանի տեղափոխման համար հատկացված գումարը փոխանցվե՞ց: Այդ կոկորդիլոսը ճաշակողները մտածելո՞ւ են, որ իրենց երեխաներն ու թոռները սնանկ հոգով են հասարակություն մտնելու, քանի որ նրանք չեն իմանալու, ասենք, թե ով է Լևոն Խեչոյանը, բայց կկարողանան պարծենալ, թե կոկորդիլոսի միսն ինչ համն ունի: Ինձ համար սա էլ է պատերազմ, երբ ճշմարիտ արժեք ստեղծողը անուշադրության է մատնված, իսկ «սուպերմարկետում» կոկորդիլոս է վաճառվում շատ խոսուն թվով` 380 հազար դրամ:
Ինձ համար պատերազմ է, երբ Շանթ Հարությունյանին հանիրավի բանտարկում ու հետո գժանոց են գցում, իսկ Լիսկայի որդին ու թիկնապահը ազատության մեջ կայֆեր են անում: Ինձ համար պատերազմ էր, երբ Տիգրան Առաքելյանը ազատազրկված էր, իսկ Նեմեց Ռուբոն ջանքեր էր թափում Վահե Ավետյանի սպանությունն իր պատասխանատվությունից հեռացնելու համար, իսկ իշխանության մեջ գտնվող շատերը պաշտպանում էին Նեմեցին: Ինձ համար պատերազմ է, երբ բանակում զինվոր է սպանվում-ինքնասպանվում, ու գործը ծածկադմփոցվում է, երբ իշխանությունը որոշում է մաքսայնացնել ժողովրդին առանց նրա կամքը հարցնելու, երբ աղբամանները քրքող մարդիկ եմ տեսնում, երբ մեկը տանը ձմռան կեսին շոգից ճաքում է, իսկ մյուսը` իր փայտե վառարանի մեջ «կարտոնե» արկղ էլ չունի գցելու, երբ ընտրություններ են կեղծվում, իսկ ԿԸՀ-ն աչք է փակում դրա վրա, երբ շատ երեխաներ մսի կարոտ են, իսկ մեկը իր առյուծներին ամեն օր թարմ հորթի մսով է կերակրում: Ինձ համար պատերազմ է, երբ սոցցանցով ամեն օր մեկ-երկու հիվանդի մասին տեղեկություն է հրապարակվում, իսկ առյուծավոր ջիգիթները իրենց փարավոնների պատերից դուրս աչքները փակում են, որ ինչ է թե մեկի օգնության խնդրանքը չլսեն: Ինձ համար պատերազմ է, երբ օլիգարխները բարեգործությունից մղոններով հեռու են այնպես, ինչպես «էշը` տուռնիկից»:
Փոքր թե մեծ, սրանք պատերազմներ են, որոնց մեջ ապրում ենք արդեն քանի տարի: Կասեք` 20, 23, կամ գուցե 15: Ասեմ` երբ վիճակը անհույս ձգվում է, տարիները տասնապատկվում են: Ուրեմն հաշվեք, որ մենք մի 200 տարի պատերազմի մեջ ենք: Հոգու, մտքի, փողի, ցրտի ու մթի պատերազմի, դոլար-դրամի, վատնվող վարկերի, տարեցտարի մակարդակը իջնող կրթական համակարգի, ընդունված օրենքների անգործունակության, մարդու իրավունքների ոտնահարման, խոսքի ազատության բռնաբարման, համատարած ռաբիսի իշխանության ու մտավոր հաշմանդամության պատերազմների:
… Այս տարի ու արդեն քանի տարի փայտ չեմ վառում, բայց ամեն ձմռան մտովի փայտիս շարքերն եմ հաշվում, թե երբ պիտի գարունը գա: Մենք մի ողջ կյանք տանուլ ենք տվել, թեև պարծենում ենք, թե դա մեզ հարստացրել է: Կորստին էլ չափ կա: Կա սահման, որից անդին չգոյություն է:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ