ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Տոնական սեպտեմբերը՝ ԱՄԷ-ում

Տոնական սեպտեմբերը՝ ԱՄԷ-ում
27.09.2013 | 11:55

Սեպտեմբերը ԱՄԷ-ում հայ համայնքի համար ակտիվ ամիս էր։ Նախ Աբու Դաբիի ՀՀ դեսպանությունում Անկախության 22-ամյակի առիթով տեղի ունեցավ՝ ընդունելություն: Անկախության տոնին էր նվիրված նաև Դուբայի և հյուսիսային էմիրությունների հրավերով ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի այցը Շարժա: Ինչպես միշտ, պետք է ընդգծենք, որ ԱՄԷ հայ համայնքի առօրյայի անբաժանելի և կարևոր մասն են կազմում միօրյա վարժարանների դասընթացները և հայ համայնքի համար մատուցվող պատարագները: Դրանք նույնպես վերսկսվեցին սեպտեմբերին: Մի կարևոր տոն էլ չմոռանանք. սեպտեմբերին լրացավ Դուբայում գործող «Ռադիոայգ» օնլայն ռադիոկայանի գործունեության երկու տարին:
ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը համայնքի ներկայացուցիչներին հրավիրել էր իր հյուրընկալ հարկի տակ նշելու Հայաստանի անկախության տոնը: ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիսավոր կերպով համայնքի ներկայացուցիչ պարոն Դաքեսյանին հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագիր և, դիմելով ներկաներին, ավելացրեց. «Թող Դաքեսյան ավագը հպարտությամբ կրի այն և հիշի, որ տասնամյակներ շարունակ աշխարհի տարբեր անկյուններում մեր հայրենակիցները երազել են այս պահի մասին: Այսօր մենք իրարից այլևս չենք տարբերվում. բոլորս որպես ՀՀ քաղաքացիներ ունենք նույն իրավունքները և նույն պարտականությունները»:
Պարոն Ղարիբջանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց անկախության հռչակումից հետո ՀՀ անցած ճանապարհին. «Այս տոնն իսկապես համաժողովրդական է, տոն, որը խորհրդանշում է ազատ ապրելու մեր կարևոր ձգտումը, երազներն իրականություն դարձնելու մեր հաստատակամությունն ու անկոտրում կամքը: Հենց այդ կամքի շնորհիվ հայ ժողովուրդը քսաներկու տարի առաջ փյունիկի նման հառնեց և ի լուր աշխարհի հայտարարեց Հայաստանի Հանրապետության ծնունդը»:
Նա շեշտեց, որ կորցնելով պետականությունը, հայ ժողովուրդը գոյատևել է շնորհիվ Հայ առաքելական եկեղեցու և իր ընտանիքների, իսկ հիմա գոյատևում է նաև շնորհիվ իր անկախության: Նա նաև ընթերցեց Անկախության օրվա առիթով ՀՀ նախագահի ուղերձը:
Դեսպանն իր խոսքն ավարտեց՝ անդրադառնալով Հայաստան-ԱՄԷ դիվանագիտական հարաբերություններին. «Արդեն 15 տարի է՝ հաստատել ենք դիվանագիտական հարաբերություններ: Այս ընթացքում ստորագրվել են մի քանի տասնյակ պայմանագրեր, ավելացել է դեպի Երևան թռիչքների քանակը, կան զանազան տնտեսական ծրագրեր»: Նաև ընդգծեց. «Երբ քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, տնտեսական հարաբերություններն էլ կլինեն նույն մակարդակում»:
Ընդունելությանը ներկա էին նաև ազգային բարերարներ, որոնց վերաբերյալ Գ. Ղարիբջանյանն ասաց. «Նրանց ազնվության ու նվիրվածության շնորհիվ է կառուցվել և պահպանվում ՀՀ դեսպանությունը ԱՄԷ-ում: Ես շատ հպարտ եմ, որ մեր բարեկամներն ու բարերարները իրենց քայլերում մնայուն են և ցանկացած ժամանակ օգնում են ոչ միայն դեսպանությանը, այլև համայնքին՝ բոլոր խնդիրները լուծելու»:
Պարոն Ղարիբջանյանի ելույթին հետևեց ԱՄԷ-ում և Քաթարում կաթողիկոսական փոխանորդ Մեսրոպ վարդապետ Սարգիսյանի ելույթը: Նա էլ, համառոտ ներկայացնելով խորհրդային իշխանության ներքո հայ ժողովրդի անցած ճանապարհը, ընդգծեց, որ հայ ժողովուրդն իր ազգային արժեքները կարողացավ պահպանել շնորհիվ իր հավատի և ընտանիքների. «Որովհետև Հայաստանում յուրաքանչյուր ընտանիք գաղտնաբար, ազգային շնչին հետևելով, իր զավակին ստիպում էր ազգային գրքեր ընթերցել, որովհետև հայ եկեղեցականը գյուղեգյուղ շրջելով, տնետուն մտնելով գաղտնաբար հայ նորածիններին քրիստոնյա էր մկրտում: Հայ ժողովուրդն իր մշակույթն ապրեցրեց թեկուզ իր տան ջերմիկ մթնոլորտում»: Նա նաև պատգամեց ներկաներին. «Հայությունը պարզապես գիտակցում չէ, հայությունը ապրում է, պայքար է, զոհողություն է, և Սփյուռքի տարածքում ապրողներիս համար նույնպես պարտականություն է ազատ անկախ Հայաստանի համար զոհաբերվելը: Այսօր ունենք հսկա պետություն, Հայաստանը գնալով զարգանում է, շքեղանում իր պետական կառույցով, իր ժողովրդով... մենք պիտի նաև Հայաստանից հեռու ապրեցնենք Հայաստանը մեր սրտում և տեր կանգնենք մեր հավատին, ինքնությանը և անկախությանը»: Բացի զեկույցներից, համայնքի ներկայացուցիչների կատարմամբ հնչեցին «Երազ իմ երկիր հայրենի»-ն և «Ես իմ անուշ Հայաստանի»-ն:
Միջոցառման ավարտին ներկաներին հրամցրին ՀՀ զինանշանով տոնական տորթը: Անկախության տոնի շարունակությունը մի քանի օր հետո Շարժայում էր, որտեղ հյուրընկալվել էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Նա «Բիէր Քէօսէեան» սրահում կայացած հանդիպման ժամանակ իր ելույթում դարձյալ անդրադարձավ անկախացումից մինչ այսօր Հայաստանի անցած ճանապարհին: ՀՀ և ԼՂՀ պաշտոնյաների այցելությունները ԱՄԷ և հանդիպումները հայ համայնքի հետ ավելի են սերտացնում համայնքի և հայրենիքի կապը:
Քանի որ պատմում եմ Շարժայից, ուրեմն ավելացնեմ, որ իր ուսումնական տարին վերսկսեց Շարժայի Օհաննեսյան միօրյա վարժարանը: Սովորաբար դպրոցական առաջին օրը (սեպտեմբերի 28) կատարվում են երեխաների գրանցում և գրքերի բաշխում: Դպրոցի սաների տարեկան վարձը 750 դրհամ է, որի մեջ մտնում է դասագրքերի, համազգեստի, գրենական պիտույքների, նախաճաշի գումարը: Իսկ եթե նույն ընտանիքից երկուսից ավելի աշակերտ է սովորում վարժարանում, ուսումն անվճար է: Վարժարանը հոգ է տանում նաև երեխաների մշակութային դաստիարակության մասին. ունի արվեստի դասընթացներ, որոնց արժեքը 250 դրհամ է: Կարծես վարձավճարները գոհացնում են ծնողներին, իսկ երեխաների թիվը, համենայն դեպս, շատ չի պակասում: Չմոռանանք, որ դասընթացների սկսվելուց առաջ Շարժայում տեղի էր ունեցել Օհաննեսյան վարժարանի հոգաբարձուների խորհրդի և տնօրենության նիստը, որտեղ քննարկվել էին 2013-2014 ուստարվա ծրագրերը:
Վերադառնանք Աբու Դաբի: Ինչպես գիտեք, Աբու Դաբիում պատարագները հայ համայնքի համար տեղի են ունենում երկշաբաթյա ընդմիջումով: Սեպտեմբերին արձակուրդից հետո մատուցված միակ պատարագին Արամ քահանա Տեյրիմենճյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինի՝ Խաչվերաց տոնի վրա: Նա բացատրեց, որ տոնը նվիրված է Տերունական Խաչի փառաբանությանը, ինչպես նաև գերությունից Սուրբ Խաչի վերադարձին: Անդրադարձավ նաև խաչի խորհրդին: Ի դեպ, յուրաքանչյուր պատարագի ընթացքում քահանան հնարավորինս փորձում է համայնքը մերձեցնել Հայ առաքելական եկեղեցուն, նրան հաղորդել քրիստոնեական գիտելիքներ: Իսկ հայոց պատմության, մշակույթի, Հայաստանի ներկայի մասին տեղեկություններ համայնքը հաղորդում է Դուբայում գործող «Ռադիոայգ» օնլայն հայալեզու ռադիոկայանով, որի հիմնադիրը Շաքե Մանգասարյանն է: Ի դեպ, սեպտեմբերին ռադիոկայանի երկամյա տարեդարձն էր: Բացի հաղորդաշարերից, մշտապես մատուցվող հայկական երաժշտությունից, ռադիոկայանը մեծ ուշադրություն է դարձնում ունկնդիրների հետ անմիջական շփմանը: ՈՒզում եմ մեջբերել ունկնդիր Անտոնի Զաուրի հաղորդագրությունը «Ռադիոայգի» տարեդարձի առիթով. «Ես առիթ ունեմ ձեզ հետ կիսելու իմ արժեքավոր ժամանակը: Պիտի ձեզ «Ռադիո-քաջություն» անվանեմ: Շնորհակալություն այս հսկայական բարեգործական ջանքերի համար, որ գործադրում եք սփռելու երաժշտություն, ուրախություն, բազմազան գիտելիքներ: Ձեր շուրջը հավաքել եք մեծ թվով հայեր և հայախոսներ... շատ շնորհակալ ենք»։ Իսկապես, ԱՄԷ-ում՝ արաբախոս, անգլախոս և իսլամական երկրում, հայալեզու լրատվամիջոցի գործունեությունը գովելի է: Միանալով շնորհավորանքներին, «Իրատես de facto»-ն էլ է բարի երթ մաղթում «Ռադիոայգին»: Չմոռանանք նաև, որ նրանից առաջ ԱՄԷ-ում իր գործունեությունն է սկսել «azad-hy» հայկական լրատվամիջոցը, որում տեղ են գտնում տարածաշրջանի հայ համայնքների և Հայաստանի մասին լուրեր, վերլուծություններ: Որքան շատ հայկական լրատվամիջոցներ գործեն ԱՄԷ-ում, այնքան մեծ կլինի մրցակցությունը, իսկ դրանից, բնականաբար, կշահի համայնքը: Այսպիսին էր ԱՄԷ-ի հայ համայնքը սեպտեմբերին:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ