ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Դուք դեռ տասն օրվա հայ եք, որ լալիս եք, բա ե՞ս ինչ անեմ, որ քառասուն տարի է, ինչ հայ եմ»

«Դուք դեռ տասն օրվա հայ եք, որ լալիս եք,  բա ե՞ս ինչ անեմ, որ քառասուն տարի է, ինչ հայ եմ»
12.07.2013 | 15:01

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Տարիներ առաջ «Շարական» անսամբլը մեկնել էր հյուրախաղերի։ Բուխարեստի կայարանում մեզ դիմավորեցին մի խումբ հայեր և ռումինացիներ։ Ինձ մոտեցավ մի երիտասարդ կին, ողջագուրվեց ու արտասվեց։ Թարգմանիչն ասաց, որ այդ կինը տասն օր առաջ է իմացել, որ հայ է։ Ես անմիջապես «մխիթարեցի» երջանկությունից հուզված կնոջը. «Դուք դեռ տասն օրվա հայ եք, որ լալիս եք, բա ե՞ս ինչ անեմ, որ քառասուն տարի է, ինչ հայ եմ»։
Հիրավի, դեռ Կոստան Զարյանն է նշել, որ «հայ լինելը պահանջում է մեծ ճիգ, հոգեկան կենդրոնացում, զոհաբերության ոգի, խոր հավատք և առաքելական մոլեռանդություն»... Մեկ այլ քաղաքում ազատ օր ունեինք, ուղեկցող գիդը կանգնեցրեց մեր մեքենան և հարցրեց. «Ո՞Ւր կցանկանայիք գնալ. թանգարա՞ն, թե՞ նոր հայտնաբերված ստորգետնյա եկեղեցի»։ Մի ակնթարթ լռությունից հետո ամբողջ անսամբլը` 12 հոգի, հանկարծակի պոռթկաց. «Երևա՛ն»։ Որպես դիրիժոր, ցնցված էի, քանզի ոչ մի համերգի, ոչ մի ձայնագրության ժամանակ այդքան միահամուռ կերպով չէինք նվագել-երգել և ոչ մի ակորդ կամ վանկ, նույնիսկ դիրիժորիս հստակ ժեստի հրամանով։ Ահա թե ինչ հրաշքներ կարող են գործել սերը, կարոտը, հայրենաբաղձությունը։ Մինչդեռ մեզ` հայերիս, միշտ կշտամբել են, թե միաբանվել չենք կարող, անհաշտ ենք։
Այսօր, երբ տեղի է ունենում հակառակը, Հայաստանից փախչում են ահել-ջահել, հարուստ-աղքատ, առավել հուզումով եմ հիշում, թե ինչպես տարիներ առաջ հյուրախաղերից հետո, տարբեր երկրներից շտապում էինք Հայաստան։ Այդ օրերին, երբ հարցնում էին` մի՞թե չեք ուզում արտասահմանում ապրել-ստեղծագործել, պատասխանում էի. «Հայաստանից կարող եմ հեռանալ այնքան, որքան Արարատը երևում է»։
Խորհրդային գաղափարախոսները լուսավոր ապագա էին խոստանում, մոլորեցնում, թե այդ հեքիաթը մի օր կիրականանա։ Այնինչ հիմա են իրականանում շատ հեքիաթներ, անեկդոտներ։ Սովետի ժամանակ մի ուղեվար զբոսաշրջիկներին Երևանի տեսարժան վայրերը ցույց տալիս, ուշադրությունը հրավիրելով Երիտասարդության պալատի շենքի վրա, նշել էր, թե տարիներ շարունակ այդ շենքն ավարտին չեն կարողանում հասցնել (ռուսերեն ասում էին «долгострой»)։ Հաջորդ օրը այդ գիդին կանչում են «Կագեբե», մի լավ «խրատում»։ Հերթական զբոսանքի ժամանակ գիդը, համոզված լինելով, որ խմբում «Կագեբեի» գործակալ կա, միամիտ ձևանալով ասում է. «Վայ, երեկ այս շենքը չկար, էս ե՞րբ հասցրին այս երկնաքերը կառուցել»։ Այսօր այս անեկդոտը չի ընկալվում, քանզի մարդը կարող է մի քանի օր բացակայելուց հետո վերադառնալ և տեսնել, որ իր պատուհաններից ո՛չ Արարատն է երևում, ո՛չ էլ լույսի մի շող։ Պարզվում է, որ մի քանի օրում հասցրել են ինչ-որ «օբյեկտ» կառուցել` հանուն «հանրային գերակա շահի», փակել են մայթը, լուսամուտը և այլն։ Մինչդեռ աղետի գոտին «կրիայի քայլերով» են վերականգնում (ո՞ւր է հանրային շահը)։ Մյուս զավեշտը, որ այսօր նույնպես չի ընկալվում որպես զավեշտ, հետևյալն է։ Ժամանակին մի հրեայի հարցրել էին, թե ինչ կանի, եթե ԽՍՀՄ սահմանները բացեն։ Հրեան պատասխանել էր. «Կբարձրանամ ծառը, որ ոտնատակ չընկնեմ»: Այս անեկդոտը ևս այսօր իրականություն է դարձել. մի տարբերությամբ, որ կարգին ծառ էլ չեն թողել։ Հայաստանից այնպես են փախչում, որ թվում է, թե ղեկավարվում են Շառլ Բոդլերի հայտնի խոսքով. «ՈՒր էլ լինի, միայն այս աշխարհից դուրս»...

Դիտվել է՝ 2663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ