ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման հանձնաժողովի անդամներին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված  միջոցառումների համակարգման հանձնաժողովի անդամներին
23.04.2013 | 12:19

Հարգելի հանձնաժողովի անդամներ, հանձնաժողովի ստեղծման գաղափարը, անշուշտ, ողջունելի է, կարծում եմ, նրա գործունեությունը կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային լայն ճանաչման գործընթացին, եթե, իհարկե, լիարժեք ազգային մոտեցում ցուցաբերեք և ոչ թե անտարբերության մատնեք:
Վերջերս Երևանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված հերթական գիտաժողովը, որտեղ, ցավոք, հիմնականում միայն խոսում էին Ցեղասպանության փոխհատուցման մասին և ոչ թե առաջարկություններ անում` ուղղված Ցեղասպանության միջազգային լայն ճանաչմանը: Ճիշտ է, փոխհատուցումից խոսելն էլ է անհրաժեշտություն, սակայն չեմ կարծում, որ առանց Ցեղասպանության միջազգային լայն ճանաչման միջազգային դատարանները կլուծեն այդ հարցը:
Հարգելի տիկնայք և պարոնայք, համոզված եմ, որ հիշում եք, թե ինչպես անկախության ձեռքբերման այն խառնաշփոթ օրերին մեր պետական այրերը, առանց ժողովրդի ձայնը լսելու, անսպասելիորեն զինանշանից դեն նետեցին Հայոց լեռնաշխարհի արքա Արարատի պատկերը, որը 70 տարուց ի վեր մեզ հիշեցնում էր անմեղ զոհերին, որոնք նահատակվեցին, նույնիսկ գերեզման էլ չունեցան հայրենի հողում, իսկ Թուրքիային Արարատը տանջում, ճնշում էր իր կատարած բարբարոսության համար:
Նույնիսկ այդ խայտառակ սխալից հետո, առանց խղճի խայթի, մայր օրենքում սուտ ու սխալ նշեցին, որ «Հայաստանի զինանշանի կենտրոնում, վահանի վրա պատկերված է Արարատ լեռը», ինչը, ինչպես համոզվում եք, տեսողական խաբկանք է և ոչ թե իրականություն, քանի որ ոչ մի իրեն հարգող հայորդի, ինչպես նաև Սահմանադրության հեղինակները և դուք, հանձնաժողովի հարգարժան անդամներ, այնտեղ չեք կարող տեսնել այն, ինչն իրականում չկա: Ստացվում է, որ մենք ստիպված անամոթաբար ինքներս մեզ ենք խաբում և հայրենասեր ձևանում: Գուցե այսօր` Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, դուք դառը ճշմարտությունը տարբերեք այն քաղցր ստից, որի մասին նշված է Սահմանադրությունում և, առանց սուբյեկտիվ պատճառաբանություններ որոնելու, հանգամանորեն քննարկեք, հանրաքվե անցկացնեք, լսեք ժողովրդի ձայնը և համարձակորեն ուղղեք այդ խայտառակ սխալը:
Ալեհեր Մասիսը Ցեղասպանության լուռումունջ վկան է, մեր ժողովրդի ոգեղեն կապը Արևմտյան Հայաստանի հետ, և նա, ինչպես հնում, իր արքայական տեսքով պետք է արտացոլված լինի զինանշանում և ոչ թե ողորմելի, սրտաճմլիկ ու այլանդակված:
Այսօր Թուրքիան խորամանկորեն խոչընդոտում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, սակայն, որքան էլ խոչընդոտի, նրա ջանքերն ապարդյուն կանցնեն, քանի որ ամբողջ աշխարհը հիշում է Բեռլինյան դատավարությունը, որտեղ որպես մարդասպան մեղադրում էին Սողոմոն Թեհլերյանին, սակայն դատարանի դահլիճից մեղադրյալը ազատ արձակվեց որպես մեղադրող: Նրանք քաջատեղյակ են, որ գերմանալեզու գրող Ֆրանց Վերֆելը իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով, գրեթե մեկ միլիոն տպաքանակով, աշխարհի 36 լեզուներով առաջինը համայն մարդկությանը ներկայացրեց Հայոց կոտորածի ճշմարիտ պատմությունը, նույնիսկ Վիեննայում վեպը լույս տեսավ որպես գրպանի գիրք:
Վերջապես, եթե այսօր կոտորածի կազմակերպիչ Ահմեդ Ջեմալ փաշայի թոռը` Հասան Ջեմալն է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնում ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի և իր նախնիների անունից զղջում, ապա պարզ է, որ թուրքերը մտավախություն ունեն, որ վաղ թե ուշ ոչ միայն միջազգային հանրությունը, այլև թուրք հասարակությունը կդատապարտի բարբարոսությունը, քանի որ Եղեռնի զոհերի հուշահամալիրը նրանք ընդունում են որպես Օսմանյան կայսրության պատմության ամոթանքի հուշարձան:
Հարգելի հանձնաժողովի անդամներ, եթե դուք իրոք մտադիր եք ակտիվացնել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և պատշաճ կերպով անցկացնել 100-րդ տարելիցը, ապա լիարժեք ազգային մոտեցում ցուցաբերեք և տարելիցի նախաշեմին ուղղեք մեր թույլ տված այդ խայտառակ սխալը. հանուն նահատակների Արարատի բնապատկերը վերադարձրեք զինանշան, ինչպես նաև աջակցեք, որ մեր վաղեմի բարեկամ Ֆրանց Վերֆելի արձանը տեղադրվի Ծիծեռնակաբերդի ստորոտում: Նա արժանի է այդ հարգանքին:
Հակառակ դեպքում եկեք Ցեղասպանությունից քիչ խոսենք. միայն խոսելով` աշխարհի խաբված և շփոթված այլ ազգերին ոչինչ չենք ապացուցի:
Այսօր նոստրադամուսներ չկան, որ գուշակեն, թե մեկ դար հետո ինչպիսի աշխարհագրական դիրք կունենանք, այնպես որ եկեք ոչ միայն խոսենք, այլև գործ անենք, որ Արևմտյան Հայաստանն էլ ծովից ծով Հայաստանի բախտին չարժանանա:
Վերջին հաշվով, այս ամենի հետ մեկտեղ, վատ չէր լինի, եթե մեր դիվանագետները այլ երկրներում իրենց առաքելության ընթացքում ամեն տարի ապրիլի 24-ի օրը հեռուստաալիքներով ոչ միայն ելույթ ունենան Հայոց ցեղասպանության թեմայով, այլև փաստավավերագրական պատմական կադրեր ցուցադրեն, ինչը, անկասկած, կնպաստի Ցեղասպանության միջազգային լայն ճանաչման գործընթացին:
Ճիշտ է, այդ ազգանպաստ գործունեությամբ հայ ժողովրդին երջանկություն չեք պարգևի, սակայն, համոզված եղեք, հարգանք ու պատիվ կվաստակեք:


Հույսով և հարգանքով`
Էֆրիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Իրավաբան

Դիտվել է՝ 3722

Մեկնաբանություններ