ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Երբ Մինասը վերջին անգամ գնաց ու չվերադարձավ, ինձ թվաց, թե դա նրա հերթական կատակն է»

«Երբ Մինասը վերջին անգամ գնաց ու չվերադարձավ,  ինձ թվաց, թե դա նրա հերթական կատակն է»
15.06.2012 | 00:49

«Իրատես de facto»-ի հյուրն է Մինաս Ավետիսյանի որդին` «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ, Ջաջուռի Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:

«ՇԱՏ ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵԻ, ԵԹԵ ՀՈՐՍ ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՏԱՐՎԵՐ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԵՐԿԻՐ. ՉԶԱՐՄԱՆԱՔ, ԹԵԿՈՒԶ` ԹՈՒՐՔԻԱ»


-Արմա՛ն, վերջին շրջանում ՀՀ վարչապետի և մշակույթի նախարարի մակարդակով քննարկվում էր Վահրամաբերդի մշակույթի տանը գտնվող Մինասի «Հայաստան» որմնանկարի փրկության խնդիրը: Ասվում էր, որ գյումրեցիները պատրաստ են սեփական ուժերով հայթայթելու որմնանկարի տեղափոխման համար պահանջվող 10-12 մլն դրամը: Հիմա սկսվել են «Ստրոմմաշ» գործարանում գտնվող «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնման աշխատանքները: Որմնանկարը կտեղափոխվի Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ: Կմանրամասնե՞ք այս երկու որմնանկարների վերականգնմանն առնչվող գործընթացը:
-«Հայկական հովվերգություն» որմնանկարը տեղափոխվել է Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ: Աշխատանքների առաջին փուլն ավարտված է, շուտով կսկսենք երկրորդը` բուն որմնանկարի պոկումը պատից: Կան տեխնիկական բնույթի բազմազան խնդիրներ, որոնց նկատմամբ ցանկալի կլիներ քաղաքապետարանի ավելի մեծ ուշադրությունը: Տարրական հարցեր լուծված չեն. ջուր չկա, տարածքն անհարմար է ստաբիլ աշխատանքի համար: Բայց մենք գիտենք, որ, անկախ ամեն ինչից, աշխատանքները կավարտվեն համաձայն գրաֆիկի: ՈՒնենք նաև մի բարդ խնդիր. վեցմետրանոց մի հատված բաժանված է փոքրիկ կտորների, քսան տարուց ավելի պահպանվում էր հուշարձանների պահպանության վարչությունում: Փա՜ռք Աստծո, որ 88-ի երկրաշարժի ժամանակ հայ մասնագետ ռեստավրատորները, տեսնելով այդ վիճակը, ուղղակի փրկեցին այդ կտորներն ու բերեցին վարչություն: Այդպես պահպանվեց վեցմետրանոց կտորի մոտ 30 տոկոսը` առանձին բեկորներով: Այդ կտորներն արդեն վերցրել ենք, որպեսզի աշխատենք դրանց վրա: Օրեր առաջ իտալացի մեր մասնագետի` Ֆաբրիցիո Յակոբինիի հետ ուշադիր զննեցինք այդ կտորները և հասկացանք, որ կկարողանանք հավաքել դրանք: Ինչպես իտալացին նկատեց` մանկական փազլի պես կտորները պիտի դասավորենք, տաշենք ու աստիճանաբար ամբողջացնենք որմնանկարը: Երկու մեծ պատերից է բաղկացած այն` 25 մետր երկարությամբ, մոտ 4 մետր բարձրությամբ: Դա Մինասի ամենամեծ որմնանկարն է:
-Եվ այն հեղինակի ստորագրությամբ է, մի բան, որ Մինասը սովորաբար չի արել: Փաստորեն, ինքն է՞լ է առանձնահատուկ արժևորել այս գործը:
-Այո՛, փաստորեն, իրեն դուր է եկել այդ գործը: Ես սկզբում չէի տեսել ստորագրությունը, բայց հետո հայտնաբերեցի այն աջ անկյունում: Ոչ շատ նկատելի ստորագրված էր:
-Իսկ «Հայաստա՞նը»:
-Այդ որմնանկարը մնալու է Վահրամաբերդում, այն չի տեղափոխվելու: Դրա վրա շենք է կառուցվելու` մշակույթի պալատ, և որմնանկարը մնալու է այդ շենքի մեջ: Շենքը կծառայի որպես սարկոֆագ որմնանկարի համար: ՈՒրախ եմ, որ այդ գյուղը կունենա մշակույթի տուն` Մինասի որմնանկարով:
-Ձեր ձեռնարկումներին աջակցում է մշակույթի նախարարությունը. մասնավորապես ակտիվ էր այս իմաստով նախարարության Ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը, ով այսօր այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը: Այս կամ այն պաշտոնյայի փոփոխությունը կարո՞ղ է էապես ազդել Մինասի որմնանկարների հետագա ճակատագրի վրա:
-Այո՛: Քանի որ Սոնան էր համակարգում մեր աշխատանքները, կարծում եմ` նրա բացակայությունը չի կարող չանդրադառնալ մեր աշխատանքների վրա:
-Ի վերջո, քանի՞ որմնանկար է վերականգնվել մինչ օրս, և որտե՞ղ են այժմ դրանք:
-Ամենից առաջ` 1990-91 թվերին, փրկվեց «Աղբյուրի մոտ» որմնանկարը, որ գտնվում էր անալիտիկ սարքավորումների գործարանում: Հրավիրված բուլղարացի մասնագետների ուժերով այդ գործն արվեց: Եվ այսօր ցավով տեսնում եմ, թե ինչ մեծ տարբերություն կա բուլղարացիների ու իտալացիների արդի տեխնոլոգիաների միջև: Բուլղարացիներն իրենց գործն արել են շատ լավ, բայց նրանց օգտագործած սոսինձը, քիմիական նյութերը, հենքը այնքան հետ են այսօրվա իտալական տեխնոլոգիաներից: Մի մեծ խնդիր էլ կա. որմնանկարը, որ այժմ գտնվում է Գյումրու Աճեմյանի անվան թատրոնում, ոտքի կամ ձեռքի երկու հարված է ստացել ու կոտրվել է, գույնը փոխվել է, փոքր-ինչ սևացել, ինչը սոսնձի որակով է պայմանավորված: Այնուամենայնիվ, աշխատանքը փրկված է, ուղղակի ժամանակ առ ժամանակ միջամտության կարիք կլինի: Մինասը ստեղծել է 12 որմնանկար: Դրանցից այսօր անմխիթար վիճակում է մնացել միայն Շիրակի մարզի Ազատան գյուղի մշակույթի տանը գտնվող «Լեռներում» բավականին ծավալուն որմնանկարը: Մեկուկեսհարկանի կառույցում է այն: Որմնանկարը բաժանում է այդ կիսահարկը: Ամենալուրջ խնդիրը շենքի խոնավությունն է, որից մի քանի ճաք է առաջացել որմնանկարի վրա, բայց դրանք հեշտ վերականգնվող ճաքեր են, մեծ ֆինանսական ներդրումներ չեն պահանջում: Մնացած որմնանկարների հետ կապված անլուծելի խնդիրներ չունենք: Ազգային ժողովում են գտնվում «Խաչքարի մոտ», «Հանդիպում» աշխատանքները: «Զվարթնոց» օդանավակայանում է գտնվում «Թել են մանում» մեծ որմնանկարը: «Երկանք» որմնանկարը մեկ ամիս առաջ ամրացրինք նոր կառուցված նախագահական օդանավակայանում, որի բացումը դեռ չի եղել:
-Մի հարցազրույցի ժամանակ ասացիք` Ձեզ համար միևնույն է, թե Հայաստանի որ մասում կցուցադրվեն Մինասի որմնանկարները: Սկզբո՞ւնք է դրանք երբեք Հայաստանից դուրս չհանելը:
-Ո՛չ: Որպես արվեստագետի ընտանիքում ծնված-մեծացած, մշակույթի հետ մշտապես առնչվող մարդ` ես շատ ուրախ կլինեի, եթե հորս որմնանկարը տարվեր որևէ այլ երկիր. չզարմանաք, թեկուզ` Թուրքիա:
-Նրանց մեր մշակույթով «ծնկի բերելու» համա՞ր:
-Ավելի լավ պատասխան ես չեմ գտնում շատ ժողովուրդների պարագայում: ՈՒ սրանում զարմանալի, տարօրինակ ոչինչ չկա: Եթե մենք հպարտանալու ինչ-որ բան ունենք, դա մեր մշակույթն է: Ես չեմ խոսում ինտերնացիոնալիզմի դիրքերից: Բացարձա՛կ: Շատ էլ շովինիստական եմ խոսում: ՈՒրախ կլինեմ, եթե Թիֆլիսի պուրակներից մեկում Քոչարի մի հզոր գործ դնենք, եթե Բաքվի կենտրոնում դնենք Մարտիրոս Սարյանի պաննոներից մեկը, եթե, իհարկե, չվառեն: Իսկ եթե կվառեն, ավելի վատ իրենց համար: Մենք կարող ենք հաղթել (իրո՛ք հաղթել) հենց այդպես: Մեր հոգու որակը, ինչպես հայրս էր ասում` մեր արյան որակը, մեր արվեստի որակն է: Ինչ որակ ունի քո արյունը, այդ որակն էլ ունի քո մշակույթը: Եթե մենք այս կատեգորիաներով առաջնորդվենք, հազիվ թե մեր որոշ հարևաններ իրենց լավ զգան:


«ԹԱՆԳԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԾ ԽՈՉԸՆԴՈՏ Է ՏՈՒՐԻԶՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»


-Մեկ տարի առաջ Ձեր մայրիկի հետ ունեցածս զրույցում տեղեկացա, որ նպատակ կա Մինասի հայրական տունը վերածելու մեմորիալ թանգարանի: Այս ուղղությամբ գործնական քայլեր արվե՞լ են:
-Ես բազմաթիվ հարցումներ եմ անում` փորձելով գտնել որևէ շահագրգիռ կազմակերպություն, որը կարող է ֆինանսավորել այդ ծրագիրը: Բայց առայժմ որևէ գործնական քայլ արված չէ: Մենք միշտ ցավալի սխալներ ենք գործում: Օրինակ` Աշտարակ քաղաքում մինչև վերջերս պահպանվում էր Ներսես Աշտարակեցու տունը` կիսաքանդ վիճակում: Որքան ինձ հայտնի է, այն այլևս չկա, որովհետև տեր չկանգնեցին: Բայց չէ՞ որ Ներսես Աշտարակեցու դերն անգնահատելի է Հայաստանի կայացման, պետականության գաղափարի ձևավորման գործում: Նա մեծ անհատականություն էր, ու նրան ոչ թե մեկ, այլ մի քանի արձան պետք է կանգնեցրած լինեինք` որպես Հայաստանի կերտողներից մեկի: Սա ասում եմ առանց չափազանցության: Այսօր մենք կորցրինք նրա հիշատակի հուշարձանը: Փա՜ռք Աստծո, Թումանյանի տան հարցը դրականորեն լուծվեց, չմատնվեց անտերության: Մինասի տունը շատ հետաքրքիր իրականության կարելի է վերածել: Մենք կարող ենք այնտեղ ունենալ մշակույթի աշխարհի ներկայացուցիչների համար հյուրանոցային տարածք, կարող ենք սարքել հազարաշեններ, որպիսիք Մինասը շատ է նկարել: Հենց «Լավաշ են թխում» նկարում կա հազարաշեն: Դա Մինասի գնած հազարաշենն էր, որ ոչնչացավ երկրաշարժի ժամանակ, բայց ես գիտեմ դրանք սարքելու ձևը: Կարելի է այդ տիպի քոթեջներ կառուցել և զարգացնել տուրիզմը: Ինձ համար դա շատ կարևոր խնդիր է: Թանգարանի գործունեության համար մեծ խոչընդոտ է տուրիզմի պայմանների բացակայությունը: Այնինչ պայմաններ ստեղծելը մեծ դժվարություն չի ներկայացնում: Վերջերս Ջաջուռ էին եկել լեհեր, որոնք արվեստի աշխարհի ներկայացուցիչներ էին ու միաժամանակ զբաղվում էին տուրիզմով: Ապշել էին Հայաստանի բնությունից, հուշարձաններից: Ասացին, որ արդեն Վրաստանի հետ են տուրիստական պայմանագրեր կնքել` ներառելով Ջավախքը: Նրանք զարմացած էին, որ Հայաստանը չի նախաձեռնում նման ծրագիր: Հավատացնում էին, որ միայն Լեհաստանից տարեկան երեք միլիոն տուրիստ է ցանկություն հայտնում լինելու Հարավային Կովկասում: Ինչո՞ւ Հայաստանը ևս չներգրավվի այս ծրագրում: Այնպես որ, մենք մտածելու բան ունենք այստեղ:
-Մինասի հայրական տուն ասելով՝ Դուք նկատի ունեք այն տո՞ւնը, որ կառուցել է Ձեր պապը իր գտած Ավետարանի տեղում: (Այս մասին պատմվում էր Վահե Գևորգյանցի «Լուսաբաց և օրն առջևում» ֆիլմում):
-Այո՛: Այժմ կիսավեր վիճակում է այն: Քսան տարի առաջ ես փորձեցի, որ այդ տունը դառնա թանգարան, բայց ինձ ոչ ոք չլսեց: Կառուցեցին թանգարանի խաչաձև տեսքով նոր շենքը: Որպես թանգարան, ցուցասրահ` դա սխալ շենք է: Ես շատ շնորհակալ եմ «Լինսի» հիմնադրամին, որ այդքան կարևորեց այդ թանգարանը, վճարեց այդքան գումար այն կառուցելու համար: Բայց նախագծողներն ու կառուցողներն արդեն չլսեցին մեր ընտանիքի հորդորները և շինությունը չարեցին համաձայն էքսպոզիցիոն օրենքների: Այնինչ շատ ճիշտ կլիներ, որ ի սկզբանե տուն-թանգարան դառնար հենց Մինասի տունը: Նախ մթնոլորտը շատ ջերմ կլիներ, որոշակի աուրա կլիներ: Ինչևէ, չեղավ:

«ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԻ ԱՆՈՒՄ»


-Մարատ Վարժապետյանի «Մինաս Ավետիսյան» ֆիլմում Մինասի նկարագրում առավելապես շեշտադրված են արվեստագետը, նկարիչը, նրա աշխարհի բանաստեղծականությունը: Վահե Գևորգյանցի մոտ մենք տեսնում ենք նաև Մինաս մարդուն` խոցելի, ճակատագրի քմայքներին ենթակա: Իբրև նրա որդի` ինչպե՞ս եք գնահատում այս երկու ֆիլմերը: Որո՞ւմ եք ավելի շատ տեսնում Մինասին:
-Երկու ֆիլմերում էլ ես տեսնում եմ Մինասին: Մարատ Վարժապետյանի` 1975-ին նկարած ֆիլմում զգում ենք Մարատի ներվը` կապված կորստի հետ: Կա պայքար այդ ֆիլմում, ինչ-որ զինվորական տրամադրություն, դեռ չսպիացած, թարմ ցավ: Կար Խորհրդային Միությունը, և ասելիքը տեղ հասցնելու համար կարծես ինչ-որ բառեր էին փնտրվում: Վահեի ֆիլմը հոգեբանական խոր ֆիլմ է: Շատ խոր: Եվ արդեն մյուս սերունդն է խոսում` ավելի հեռվից: Տագնապը, սարսափը այստեղ չկան: Հանգիստ, ինչ-որ հուզական շեշտադրումներ են, վարկածներ են կորցրածի մասին, դատողություններ են, թե ինչ կլիներ, եթե ապրեր Մինասը: Մի քիչ ավելի ռեժիսորի կարծիքը ներկայացնող ֆիլմ է, որի համար շատ ուրախ եմ: Մենք մեր Մինասին գիտենք: Շատ հաճախ ուրիշներն այդպես են նրան ճանաչում` մեր ասածով, մեր պատմածով: Այս ֆիլմում կա ընտանիքից, ընկերներից բավական հեռացած, անկախ կարծիք: Կա ռեժիսորի սեփական ես-ը` լավ իմաստով: Բավական խոր ֆիլմ է:
-«Լուսաբաց և օրն առջևում» ֆիլմի ամենահուզիչ կտորն այն էր, երբ Դուք պատմում էիք վերջին անգամ տնից դուրս գալուց առաջ Մինասի և Ձեր շփման մասին: Հիմա` հասուն տարիքում, կարելի է վերլուծություններ անել այդ միջադեպի մասին, սխալվել կամ չսխալվել այդ վերլուծություններում: Իսկ այն ժամանակ, լինելով շատ փոքր, Դուք ունեցա՞ք արտառոց հրաժեշտի զգացողությունը:
-Ո՛չ: Ոչինչ չզգացի: ՈՒղղակի սովորականից ավելի ջերմ հրաժեշտ էր: Բայց ես դա հետո` ավելի ուշ հիշեցի: Եվ մի բան կար. այդ հրաժեշտը բառերով դժվարանում եմ բացատրել: Մի տեսակ տպավորություն էր, որ Մինասը ուր որ է կգա, մի ժամից կգա: Իսկապես այդպիսին էր տրամադրությունը: ՈՒ երբ չեկավ, դա էր շատ անդուր: Գիտակցում էի, բայց և չէի գիտակցում, թե ինչ է պատահել, թեկուզ երեխա էի, տասնմեկ տարեկան: Հորիցս միշտ ամեն բան սպասելի էր: Այնպիսի կատակներ էր անում, որ մեծ մարդիկ էին անգամ հավատում: Շատ լուրջ տոնով կարող էր այնպիսի անհնարին բան ասել, որ բոլորը մի քանի րոպե լռում էին` մինչև ասածը տեղ կհասներ, հետո պայթում էր ծիծաղը, որովհետև մարդիկ հասկանում էին, որ իրենց համոզել է անհնարինի մեջ: Եվ երբ Մինասը վերջին անգամ գնաց ու չվերադարձավ, ինձ թվաց, թե դա նրա հերթական կատակն է, թե ինչ-որ տեղ Մինասը թաքնվել է ու պիտի գա` մեկ շաբաթ հետո, մեկ տարի հետո… Ես այնքան խոր էի դրան հավատում, որ դժվար էր այլ բան մտածել: ՈՒ քանի անցնում էին տարիները, այնքան ըմբռնում էի իրականությունը: Չուզենալով` ըմբռնում էի: ՈՒ դա իմ մեջ որդիական զայրույթ առաջացրեց: Ես որոշեցի պարզել, թե ինչ է եղել այդ օրը: Տարիներ շարունակ իմ սեփական հետաքննությունն էի անում: 15-16 տարեկան էի: Մի օր էլ մեր դիմացի շենքից (Մինասն ապրում էր ՊԱԿ-ի դիմաց- Կ. Ռ.) ինձ մարդիկ մոտեցան, հրավիրեցին «Անի» հյուրանոցի սրճարան` պաղպաղակ ուտելու: Եվ բացատրեցին, որ ինչ որ անում եմ, ինձ լավ տեղ չի տանելու, կապված է պետական անվտանգության հարցերի հետ: Բայց և ընկերաբար, մարդկայնորեն բացատրեցին, որ այն, ինչ անում եմ, շատ ճիշտ եմ անում, ճիշտ եզրահանգումների եմ գալիս: Այդպես անցավ-գնաց: ՈՒ հետո այդ նույն մարդկանցից մեկը մի քանի տարի անց ինքն սկսեց զբաղվել Մինասի խնդրով` ինձ հետ միասին: Եվ շատ լավ հարաբերություններ ձևավորվեցին: Հետագայում, երբ Վանո Սիրադեղյանը բացեց գործը, ամեն ինչ պարզ դարձավ: Ես, որ արդեն մեծ մարդ էի, միայն այդ ժամանակ հանգստացա, որովհետև գոնե ինձ համար հասկանալի դարձավ՝ ինչն ինչոց է:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ