«ԻՆՉԸ ՄԵԶ ԱՆՀՆԱՐԻՆ ԷՐ ԹՎՈՒՄ, ՄՈՆԹԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԷՐ»
ՖԵԼԻՔՍ ՊՈՂՈՍՅԱՆ
(գնդապետ։ 1992 թ. Մոնթե Մելքոնյանի հրամանով նշանակվել է Մարտունու պաշտպանական շրջանի հրետանու պետ։ Ծառայության բերումով միշտ եղել է Մոնթեի կողքին և իրականացրել է հրամանատարի մշակած ծրագրերը։ Մասնակցել է Մարտունու, Մարտակերտի, Հորադիզի, Ֆիզուլու, Աղդամի համար մղված մարտական գործողություններին։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալով։ 2004-ից ծառայել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունում որպես օպերատիվ վարչության պետ)։
-Թվում է, թե այդ ամենը շատ վաղուց է եղել։ 1988 թ. հունիս-հուլիսին Մարտունի քաղաքի ծայրամասում ինքնապաշտպանության նպատակով պոստեր էինք դնում։ Մեր ու թուրքի միջև ռուսական զորքն էր։ Իրավիճակը լարված էր։ Հերթով գնում էինք դիրքեր, քանի որ թուրքաբնակ գյուղերից վտանգ կար։ Այդպես՝ մինչև 1991 թ. նոյեմբերը։ Ինքնապաշտպանական ուժերի ղեկավարման նպատակով քաղաքում ստեղծվեց շտաբ, որը գործում էր ընդհատակում։ Ինձ կանչեցին շտաբ՝ որպես մասնագետ կապն ապահովելու համար։ Ավարտել էի Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկական ֆակուլտետը՝ ինժեներ-կոնստրուկտոր մասնագիտությամբ։ Օրերով հերթապահում էինք, երեք ուղղություններով ապահովում դիրքերի հետ կապը։
1992 թ. փետրվարին Սերգեյի ջոկատի հետ Մոնթեն եկավ Մարտունի։ Տեղավորվեցին քաղաքից 2 կմ հեռու գտնվող Ճանշին բաժնի շենքում։ Որոշ ժամանակ անց Մոնթեին նշանակեցին Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետ։ Հետո եկավ Վազգեն Սարգսյանը և Մոնթեին ներկայացրեց որպես մեր շրջանի հրամանատար, իսկ Անաստասին, որ նախքան Մոնթեի գալը ինքնապաշտպանության ուժերի հրամանատարն էր, շտաբի պետ։ Սկզբնական շրջանում կռվող տղաներից ոմանք չէին ընդունում Մոնթեին. դրսից եկած հրամանատարը ցանկալի չէր։ Բայց մի մարդ՝ Մոնթեն, կարողացավ իրեն ենթարկել բոլորին։ Իրադրությունը կարգավորվեց։ Մարտունու պաշտպանական շրջանը ձգվում էր Աղդամից մինչև Ֆիզուլի։ Մոնթեն երբեք տեղում չէր նստում։ Միշտ դիրքերում էր։ Մարտունի եկավ Ժորա Գասպարյանը՝ Գրադի Ժորան, թշնամու մի քանի կրակակետեր ոչնչացնելու համար։ Եկավ Կարմիր շուկայի մոտ, ուր թուրքի հրանոթը չէր թողնում, որ ավանը հանգիստ շունչ քաշի։ Կարմիր շուկայից մինչև Մարտունի 25 կմ է։ Հորեղբորս տղայի՝ Վլադիմիր Պողոսյանի հետ Մարտունիից ոտքով գնում էինք Կարմիր շուկա։ Ճանապարհին հանդիպեցինք Ժորային։ Ասացի, որ այդ զենքը՝ 122 մմ հաուբիցը, ինձ ծանոթ է։ Ինստիտուտում զինվորական ամբիոն կար, այնտեղ էի այդ զենքն ուսումնասիրել։ Ասաց. «Արի Մոնթեի մոտ, ասեմ, որ դու այդ գործի մասնագետն ես»։ Երկու օր անց Ժորա Գասպարյանը վերադարձավ Մարտունի և Մոնթեին ասաց. «Դու հրետանավոր ես փնտրում, Ֆելիքսը պատրաստի հրետանավոր է»։ Մոնթեն հարցրեց. «Տեղյա՞կ ես հրետանուց»։ Ասացի. «ՈՒթ տարի է անցել։ Պետք է վերհիշել։ Մոռացել եմ»։ Ժորա Գասպարյանն ասաց. «Կգա Ստեփանակերտ, կսովորի»։ Այդ զրույցը ցերեկը ժամը 2-ին էր։ Երեկոյան ժամը 6-ին արդեն ճանապարհ ընկա Ստեփանակերտ՝ վերապատրաստման։ Այդ օրը չստացվեց։ Վերադարձա։ Մոնթեն ասաց. «Վաղը մեքենան Ստեփանակերտ է գնալու։ Պատրաստվիր, որ մեկնես»։ Հաջորդ օրն այդ մեքենայով հասա այն հիմնարկը, որն զբաղեցրել էին հրետանավորները։ Այնտեղ էր ինձ վաղեմի ծանոթ Սերգեյ Հարությունյանը, որը լավ գիտեր այդ գործը։ Երկու ժամ բացատրեց այդ զինատեսակի նրբությունները, մեկ ժամ էլ՝ հաջորդ օրն առավոտյան։ Վերադարձա Մարտունի, Մոնթեին զեկուցեցի, որ արդեն լրիվ պատրաստ եմ հրետանու գործն անելու։ Սկսվեց իմ հրետանային գործունեության շրջանը։ Ննգեցի Նասիբյան Վալերիկն ու ես Մարտունու հյուսիսային մասում տեղադրեցինք 100 մմ թնդանոթը՝ թիվ 109-ը, որը հետագայում շատ հայտնի դարձավ։ Ժորա Գասպարյանը 122 մմ հաուբիցը, որն ուր գնար՝ հետը տանում էր, բերեց, թողեց մեզ մոտ, քանի որ գիտեր՝ արդեն դրա մասնագետը կա։ Վերցրի այդ հաուբիցն ու սկսեցի շրջել ամբողջ պաշտպանական շրջանում։ Այն , ի տարբերություն 100 մմ-ի, որն ուղիղ նշանառության է, ավելի դժվար է օգտագործել, քանի որ կրակում ես փակ կրակային դիրքից։ Անունը դրել էինք «Նանար»։ Հետո մայիսին բերեցին երկրորդ 122 մմ-ը, որի անունը դրեցինք «Արևիկ»։ Մայիսի 15-ին Աղդամին հարակից մասում կայացավ մեր մարտական մկրտությունը՝ առաջին կազմակերպված մարտական գործողությունը։ Այն լավ էր պլանավորված, ցավոք, չկարողացանք իրագործել։ Պետք է ազատագրեինք Գյուլաբլուն, բայց լիովին չստացվեց, պարզապես մտանք, դուրս ելանք։
Մոնթեն առաջադրանք էր տվել ոչնչացնել թշնամու թնդանոթները։ Տարբեր տեղերում առաջին հերթին հենց այդ թնդանոթներն ենք վերացրել։ Կարծեմ մայիսի 29-ին էր։ Սեդան եկավ Մարտունի։ Ես այդ ժամանակ Ճարտարի պաշտպանական տարածքում էի, գործում էր «Արևիկ» հաուբիցը։ Մոնթեն Սեդայի ներկայությամբ ասաց. «Ես կուզեմ քեզի նշանակել բոլոր թնդանոթների պատասխանատու։ Կկարողանա՞ս ղեկավարել»։ Ասացի՝ այո։ «Այսօրվանից ամբողջ շրջանի թնդանոթների պատասխանատուն դու ես»։ Այսպիսով, Մոնթեի բանավոր հրամանով նշանակվեցի Մարտունու շրջանի հրետանու պետ։
Մոնթեին որպես հրամանատար բնորոշելիս առաջինը կնշեի՝ չի եղել օր, որ դիրքերում չլիներ։ Առավոտից իրիկուն դիրքերում էր, երեկոյան գալիս էր շտաբ։ Շատ զարմանալի էր, ոնց որ հոգնել չունենար։ Սկզբնական շրջանում երեկոներն այնքան ուշ էր գալիս, որ ճաշարանում արդեն ուտելու բան չէր լինում։ Բայց իր համար խնդիր չէր, գոհանում էր սեղանին եղածով։ Հետո արդեն իր համար առանձին պահվում էր, որպեսզի որքան էլ ուշ ժամի գար, քաղցած չմնար։ Ընդհանրապես, Մարտունու ժողովուրդը, առանձնապես քաղաքի ժողովուրդը, Մոնթեի կերպարից շատ էր ազդվել, փոխվել, հիմա էլ խոսքի մեջ որևէ անձ, երևույթ բնութագրում են Մոնթեի չափանիշներով։ Այնքան անաղարտ մարդ էր, որ իր կողքինը ձգտում էր այդպիսին լինել։ Թևավոր դարձած խոսք կա. «Մարդ պետք է մի քիչ Ավո լինի»։
Սկզբնական շրջանում լեզվական առումով դժվարություններ էին ծագում։ Նրա արևմտահայերենն անհասկանալի էր մեզ։ Մոնթեն ու հրամանատարները դժվարությամբ էին հասկանում միմյանց։ Սակայն որոշ ժամանակ անց իր հայերենը հասկանալի դարձավ ու գեղեցիկ հնչեց։
Գործի բերումով հիմնականում միասին էինք։ Չի եղել որևէ գործողություն, որ որպես հրետանու պետ նրա կողքին չլինեի։ Ես անմիջականորեն կազմակերպողն էի, բայց հրամանատարն ինքն էր ու իմ միջոցով ղեկավարում էր հրանոթները։
Որպես հրամանատար՝ առաջին օրից Մոնթեի ամենակարևոր քայլն այն էր, որ ստիպեց ժողովրդին մնալ իր հողում, իր օջախում, որովհետև այն բանակը, որ չի զգում ժողովրդի ներկայությունը, չի կարող հաղթել։ Մեր տղաներից մեկը մոտեցել էր Մոնթեին, ասել. «Երեխաներիս մի քիչ հեռու տեղ տանեմ»։ Չէր թողել։ Սա ընդդիմացել էր. «Ինչու՞ իմ երեխաները մեռնեն»։ «Այո, պիտի մեռնեն,- ասել էր Մոնթեն,- նա, ով տանում է երեխաներին, ինքն էլ թողնելու է գնա»։ Գուցե դաժան է հնչում, բայց պատերազմում հաղթելու հրամայականը դա էր պահանջում։
Մոնթեի խառնվածքում կար զինվորական մարդուն ոչ բնորոշ մի գիծ։ Եթե ասեր՝ մածունը սև է, կպնդեր, որ սև է։ Վիճում էր, իր ասածը պնդում և իրագործում անհնարին բանը։ Եվ մեզ այդ ստիպողաբար հասկացնելը գոռալով էր, նույն բանը մի քանի անգամ կրկնելով։ Ի վերջո բոլորը հանգեցին այն համոզման, որ իր ասածը պետք է կատարվի։ Մեկ-մեկ այնպիսի բաներ էր ծրագրում, որ ասում էինք՝ հնարավր չէ, բայց անում էինք, ու իր ասածով էր լինում, իր ֆենոմենով էր պայմանավորված։ Եվ եկավ մի պահ, որ հրամանատարը հրամայում էր, զինվորը՝ կատարում, ինչպես որ ընդունված է։ Անշուշտ, մեր մեջ կային խելացի տղաներ, որ հիմնավորում էին իրենց առաջարկը, և Մոնթեն համաձայնում էր, ընդունում ու փոփոխում ծրագրածը։
Օրհասական օրերին մենք մտածում էինք մեր շրջանը պաշտպանելու մասին, իսկ Մոնթեն մեզ համար անհավանական պլաններ էր կազմում։ Ես ներկա էի, երբ վերցրեց մատիտն ու քարտեզի վրա մեր դիրքերից ուղիղ գիծ տարավ մինչև Հորադիզ, ու այդ գծով հակառակորդի ահագին տարածքներ մնացին մեր կողմում։ Պատկերացրեք, հետո եղավ այնպես, ինչպես ինքն էր գծել։ Իր զոհվելուց հետո համապատասխան գործողություններ կատարեցինք ու ազատագրեցինք մեր պատմական հողերը։ Նայում էինք քարտեզին ու մտածում՝ այս մարդը որքա՜ն էր գիտուն, որ, ի վերջո, հանգեցինք իր ասածին։
Ինքն ազնիվ էր ու կարծում էր՝ դիմացինը նույնպես ազնիվ է։ Սուտ խոսել չսովորեց ու իր պահվածքով շատերին փոխեց։ Կանոնավոր բանակի հրամանատար էր, բայց ոչ մի անգամ իր աշխատավարձը չստացավ։ Մուտքագրում էր զոհված, վիրավոր ազատամարտիկների օգնության ֆոնդին։ Օտար երկրներից ֆինանսական օգնություն էր ստանում ու ամբողջը նույնպես հատկացնում այդ ֆոնդին։ Ես ներկա էի, որ երբ ֆրանսահայ Աշոտ Շմավոնյանը գումար տվեց, Մոնթեն կանչեց համապատասխան անձին և կարգադրեց՝ հանձնե՛ք ֆոնդին։
Հնարավորություն ուներ լավագույն զինվորական հանդերձանքը հագնելու, բայց միշտ հայտնի այն լուսանկարում պատկերված հագուստով էր։ Կարծեմ բաճկոնի մեջքը պատռված էր, բայց նա հագնում էր։ Փայլերի քույրը նորոգում էր մաշված հագուստը, թախանձում՝ Ավո ջան, այն նոր համազգեստներից մեկը հագի։ Ասում էր. «Այս անգամ էլ նորոգի, հետո նոր համազգեստ կհագնեմ»։ Թեև հնարավորություն ուներ դրսից իրեն ուղարկված լավագույն համազգեստներից հագնելու։
Ամեն ինչի պակասություն կար, բայց դիմանում էինք։ Մի քիչ վերմիշել լիներ, համարում էինք, որ նորմալ ճաշում ենք։ Այդ մարդը նվիրվածության մարմնացում էր։ Գդալը թաթախում էր թեյի մեջ, ապա մտցնում շաքարավազի մեջ, որքան կպներ թաց գդալին, դրանով էլ խմում էր թեյը։ Իր մասին մինչև Արցախ գալն էի լսել՝ ով է, ինչ է արել, բայց իրական տեսածս ավելի վառ էր ու տպավորիչ։
Միշտ զգոն էր, զենքից անբաժան։ Ավտոմատը հետն էր, քնած ժամանակ՝ անմիջապես կողքին։ Չէր դնի այս սենյակում և մտներ մյուս սենյակը։
Վերին աստիճանի բարեկիրթ էր։ Սկզբնական շրջանում այսպիսի բան եղավ։ Թուրքերը հարձակվեցին Մարտունի քաղաքի ու Բերդաշենի սահմանային «09» դիրքի վրա։ Մոնթեն կազմակերպում էր պաշտպանությունը, ես ղեկավարում էի հրետանին։ Թուրքերը եկել, մոտեցել էին, 150-200 մետր էին հեռու։ Կողք կողքի կանգնած էինք։ Ղեկավարում էի հրետանու կրակը, Մոնթեն կրակեց, ու իմ խոսքը կիսատ մնաց։ Նայեց ինձ, ասաց՝ կներես։ Ավտոմատն առած հեռացավ, որ իմ խոսակցությանը չխանգարի։ Իր բարեկրթությունը դրսևորվում էր նաև կռվի ժամանակ։
Եթե ինչ-որ գյուղ էինք մտնում, իր պլանների մեջ չէր մտնում խաղաղ բնակչությանը նեղացնելը։ Անզեն մարդկանց վրա զենք չէր գործածում։ Չէր հանդուրժում անգութ վերաբերմունք գերու նկատմամբ։
Մարտունի եկավ գնդապետ Հմայակ Հարոյանը։ Իր խմբում չորս հոգի կային՝ երկու գնդապետ, երկու փոխգնդապետ։ Նրանք շուտով հետ վերադարձան, իսկ Հարոյանը մնաց։ Երկուսով լծվեցին մի գործի, ու կայացավ Մոնթե-Հարոյան համագործակցությունը։ Միասնական էին, լրացնում էին միմյանց։ Ինչ պակասում էր Մոնթեին, Հարոյանը լրացնում էր խորհրդային բանակի սպայի իր գիտելիքներով։
Բնության, կենդանական աշխարհի հանդեպ սիրով էր լցված ու հոգատար էր։ 1993 թ. հունիսի 8-ին, թե 9-ին էր։ Վերադարձել էի Երևանից, ուր մեկնել էի Մոնթեի թույլտվությամբ՝ ընտանիքս Աբովյանից Արցախ տեղափոխելու։ Երկու օր անց Մոնթեն, Մավոն, Կոմիտասը և ես գնացինք տեխզննման։ Մարտունի-Բերդաշեն ճանապարհով 5-6 կմ անցել էինք, որ տեսանք մեջքը վնասված մի օձ է թպրտում։ Վրայով մեքենա էր անցել։ Թունավոր օձ էր։ Մոնթեն Կոմիտասին ստիպեց, որ մեքենան կանգնեցնի, իջավ, ավտմատի փողով մեքենայի դեմից օձը վերցրեց, տարավ, դրեց ճանապարհից դուրս մի տեղ ու օձին վնասողի հասցեին զայրույթով ասաց. «Մայրիկը կլացացնենք»։
Մի տեղ էլ ճանապարհին էշ հանդիպեց։ Ասաց. «Շա՜տ սիրուն կենդանի է»։ Հարցրի. «Բա ինչու՞ մեկին վիրավորելիս էշ ես անվանում»։ «Կապ չունի,- ասաց,- որպես կենդանի գեղեցիկ է, մարդու առումով է բացասական իմաստ դրվում»։
1993 թ. հունիսի 11-ին վերջին անգամ գնացինք հրամանատարական դիտակետ։ Հաջորդ օրը՝ հունիսի 12-ին, առավոյան մոտավորապես ժամը 10-ին Սարիբեկը եկավ հրամանատարական դիտակետ։ Մարզիլուն ազատագրել էինք, բայց գործողությունը շարունակվում էր. դեռ մի քիչ բան կար անելու։ Մոնթեն Հովիկի, Կոմիտասի, Սարոյի, Գևորգի հետ հրամանատարական դիտակետից իջնում էր Մարզիլու։ Ես մնացի հրամանատարական դիտակետում։ Մի քանի գիշեր չէի քնել ու հունիսյան սաստիկ արևից մի տեսակ թուլացել, թմրել էի։ Մեկ էլ լսեցի Սարիբեկի գոռոցը. «Ավո՜, սպասեք, ես էլ եմ գալիս»։ Կանգնեցրեց մեքենան, վազեց նստեց։ Չգիտեմ՝ որքան ժամանակ էր անցել, որ լսեցի կապավոր Բաղդասարի ձայնը, կանչում էր. «00, 00»։ Պատասխան չկար։ Քիչ անց պատասխանեց Սարոն. «00-ն էլ չկա...»։ Գոռացի. «Ասա՛, որտե՞ղ եք, գոնե կրակենք, մի քիչ խուճապի մատնվեն»։ Մի քանի արկ արձակեցի մոտավորապես այդ ուղղությամբ։ ՈՒ երկինքը փուլ եկավ մեր գլխին, թևաթափ եղանք, կոտրվեցինք...
Ով հանդիպել, ճանաչել է Մոնթեին, մեծ բախտ է։ Մոնթեի կերպարն իր հետ է լինելու մինչև կյանքի վերջը, և չափանիշները, որոնցով ապրում էր Մոնթեն, դառնում են նրա չափանիշները։
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ