ԱՆՎԿԱՆԴ, ԱՆՎԵՀԵՐ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԻԿԸ
Հայկական հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու հույսը կորցրած Խրիմյան Հայրիկը եզրահանգեց, որ գոյատևելու միակ ուղին մնում է ազգային-ազատագրական պայքարի միջոցով երկաթե շերեփ ձեռք բերելը: 1879-ին նա ընտրվում է Վասպուրականի հոգևոր առաջնորդ և եռանդուն գործունեություն ծավալում այնտեղ, օժանդակում Վանի «Սև խաչ», Կարինի «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը: Արևմտյան գավառներում ընդվզումներ կազմակերպելու մեղադրանքով 1885 թ. Բ. Դուռը նրան կանչում է Կ. Պոլիս, սակայն այստեղ էլ Խրիմյան Հայրիկը չէր կարող անտարբեր մնալ հայությանը հուզող խնդիրների հանդեպ և որպես Կրոնական ժողովի ատենապետ՝ ժողովի անունից բողոքագիր է ներկայացնում Բ. Դռանը: 1890 թ. Գումգաբուի ցույցից հետո Թուրքական կառավարությունը նրան աքսորում է Երուսաղեմ: Սակայն Հայոց Հայրիկի ուղին այլևս անբաժանելի էր հայ ժողովրդի կյանքից: 1892 թ. մայիսին նա ընտրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս: Սուլթանը չի կամենում նրան ազատել թուրքահպատակությունից, և միայն 13 ամիս անց ռուսական ցարի միջամտությամբ նրան թույլատրվում է գալ Էջմիածին: Այստեղ էլ, ինչպես միշտ, Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսն ականջալուր էր սիրելի ժողովրդի հոգս ու ցավին, ամեն հնար գործադրում էր նրան նեցուկ լինելու համար: Նա իր բողոքի ձայնը բարձրացրեց 1894-1896 թթ. համիդյան ջարդերի դեմ: Ցարական արքունիքից հղած խնդրագրերով հանգանակություններ էր կազմակերպում ռուսական կայսրության հայաբնակ տարածքներում՝ կոտորածներից փրկված գաղթականների գոյությունն ապահովելու և նրանց Էրգիր վերադարձի համար: Խիզախ Հայրիկը չերերաց նաև այն ժամանակ, երբ ցարական կառավարությունը հայ եկեղեցու կալվածքները բռնագրավելու օրենք ընդունեց: Իր հոգևոր թեմակալ առաջնորդներին հրամայեց՝ չենթարկվել ու խոչընդոտել օրենքի կիրառմանը: Նրա կաթողիկոսության օրոք Էջմիածնում կառուցվեցին Սինոդի նոր շենք, նոր մատենադարան, այլ շինություններ:
«ՆԵՐՔԻՆ ԶԵՂՈՒՄՆԵՐՆ ԶՀԱՅՐԵՆԻՔ ԱՎԵԼԻ ԿԸ ԴԱՎԱՃԱՆԵՆ, ՔԱՆ ԹԵ ՕՏԱՐ ԹՇՆԱՄԻՔ»
Երբ Խրիմյան Հայրիկն ավարտեց իր ալեկոծ կյանքի ու պայքարի պատմությունը և ունկնդիրներին իմաստուն խրատներ տալով՝ հեռացավ դեպի բեմի անեզրությունը, դահլիճում նստածները որբացած մանուկների պես լուռ գոչեցին. « Մի՜ հեռացիր, Հայրի՛կ, վերադարձի՛ր, զորակցությանդ կարիքն ունենք...»: Շատ ընդհանրություններ կային Խրիմյան Հայրիկի նկարագրած ժամանակի ու այսօրվա իրականության մեջ. այսօր էլ մեր առջև մեծ մարտահրավերներ ու պարտադրանքներ են ծառացած աշխարհի հզորների կողմից, նաև մեր ներքին կյանքում եղած նյութապաշտությունը, ագահությունն ու անհանդուրժողականությունն են թուլացնում, խարխլում երկիրի հզորացման հիմքերը: Երանի մեր ղեկավարները Խրիմյան Հայրիկի մտայնությունն ու ժողովրդի հանդեպ սերն ունենային...
Երբ երազից արթնացածի երևույթով դուրս ելանք դահլիճից ու նախասրահում խմբված մեր ապրումներն էինք փոխանցում իրար, բեմի հետնամասից դեպի մեզ եկավ հոգնած հայացքում մանկորեն զվարթ կայծկլտումներով տարեց այրը: ՀՕՄ-ի Հրազդանի «Շուշան Պահլավունի» մասնաճյուղի ատենապետուհի Զինա Քոչարյանը ժպիտով ներկայացրեց.
-«Խրիմյան Հայրիկ» ներկայացման հեղինակ, բեմադրիչ, դերասան Հրանտ Մարգարյանն է ...
Բոլորը մեկեն աշխուժացան, մոտեցան, օղակեցին սիրելի Հայրիկին, մանկական արվեստի դպրոցի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ղեկավարները, ուսուցիչներ, աշակերտներ, «Զոդիակ» ժամանակակից արվեստի ստուդիայի ղեկավար Հերման Իսավերդյանը, որոնք աջակցել էին, որ ներկայացումը կայանա... ամեն ոք անհամբեր էր շնորհակալական իր խոսքն ասելուն: Խնդրեցին, որ Հայրիկը լուսանկարվի իրենց հետ: Իսկ քիչ այն կողմ հուզախառն հայացքներով կանգնած էին Բեռլինի վեհաժողովում դիվանագետների դերեր խաղացող տղաները՝ Տարոն Բադալյանը, Արման Թորոսյանը, Դավիթ Իսրայելյանը, Գարիկ Առաքելյանը, Հարություն Գյուչափյանը, Գոռ Աղամիրյանը... Ի՞նչ վերափոխում ապրեցին նրանք իրենց խաղից, ի՞նչ հետք թողեց նրանց հոգիներում Հրանտ Մարգարյան Խրիմյան Հայրիկը. օրեր անց այս հարցերն էի ուզում տալ նրանց, բայց իմացա , որ այդ պատանիներից հինգն արդեն զորակոչվել են բանակ: Համոզված եմ՝ նրանք լավ են յուրացրել Խրիմյան Հայրիկի՝ երկաթե շերեփի մասին դասերը:
Հրազդանից հետո Հրանտ Մարգարյանը «Խրիմյան Հայրիկ» մենախաղով հանդես եկավ Օշականում, ապա Տավուշի մարզում՝ սահմանամերձ Նոր Վարագավանքում՝ վանքի շուքի ներքո: Նրա խաղը հայտնություն էր սահմանային ամենօրյա լարվածության մեջ ապրող գյուղի ժողովրդի համար: Ասես հոգու կենդանի կապ, զրույց սկսվեց Նոր Վարագավանքի ու սահմանից անդին՝ Վան քաղաքից 10 կմ հեռու՝ Վարագա լեռան փեշերին մոտ գտնվող Վարագավանքի միջև, որը կառուցվել է 7-րդ դարում և ժամանակի ընթացքում ընդարձակվել կից կառուցված յոթ եկեղեցիներով: Պատմական Հայրենիքի շատ հուշարձանների պես Վարագավանքն էլ է ավերվել, խարխլվել թշնամու ավերածություններից ու ժամանակի հպումներից, այսօր՝ չկամ օտարի անտարբերությունից: Պահակը՝ Մեհմեդ Չոբանին, որին իմամ հայրն ավանդել է եկեղեցու պատմությունը, մաքուր է պահում եկեղեցու ներսն ու ցավով ասում, որ երբ ձյունը գա, գուցե տանիքն այլևս չդիմանա: Երկու Վարագավանք, Էրգրինը՝ կիսավեր, ամայացած, մյուսը՝ Նոր Վարագավանքը, թշնամու դավադիր հայացքի ներքո... Նրանց կարոտի կանչերը միավորող խորհուրդ կար այդ օրը, ու կարոտները կապող-միավորողը վանեցու զավակ, գրող, գիտնական, հայրենի Վանի կարոտով ապրող Հրանտ Մարգարյանն էր:
Ներկայացման ավարտից հետո Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանն ասաց.
-Մեծ իմաստ ու բովանդակություն ունեն Հայրիկի հորդորները: Այս կոչերը միշտ արդիական են, հատկապես սահմանային տարածաշրջանում: Պարոն Հրանտ Մարգարյանը շատ բարձր արվեստ ներկայացրեց: Մենք հոգևոր կապ ունենք Նոր Վարագավանքի և պատմական Վարագավանքի հետ: Լինելով վանահայր՝ Խրիմյան Հայրիկը հիմնականում գործել է Վարագավանքում: Շնորհակալ ենք Հրանտ Մարգարյանին, որ լինելով վանեցի՝ այդքան տպավորիչ ներկայացրեց Խրիմյան Հայրիկի կերպարը:
Հայաստանի մարզերում «Խրիմյան Հայրիկը» ներկայացնելուց հետո Հրանտ Մարգարյանն ուխտավորի կարոտով, փափագով մեկնեց Արցախ, եղավ սահմանագծում, հանդիպեց զինվորների ու սպաների հետ: Դատարկ չէր գնացել, տարել էր դիրքապահ զինվորի համար շատ կարևոր բժշկական սարքեր, որոնց անհրաժեշտությունն այնքան զգացվեց 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի արյունալի օրերին: Լինելով ԱՄՆ-ի արևելյան շրջանի Համազգայինի զորավոր սյուներից մեկը՝ տասնամյակներ շարունակ երիտասարդական նույն ավյունով ու խանդավառությամբ Հրանտ Մարգարյանը շարունակում է հայրենիքում կատարել օգտակար, կարևոր գործեր: Ապրում, շնչում է Հայաստանի ու Արցախի սիրով՝ հավատարիմ Խրիմյան Հայրիկի անվեհեր ոգուն...
Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ