ԿԳՄՍ նախարարի տեղակալ ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ հետ զրուցել ենք Արցախի հանձնված տարածքների պատմամշակութային հուշարձանների ճակատագրի մասին։ Ի՞նչ է արվել այս օրերին և ի՞նչ է հնարավոր անել հետայսու։
-Տիկին Խաչատուրյան, մեր վերջին զրույցի ժամանակ ասացիք, որ գրություններ եք պատրաստում, ուղարկվելու են և՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, և՛ առանձին դեսպանություններ, իսկ պատմամշակութային հուշարձանների պահպանությամբ զբաղվող միջազգային մի շարք կազմակերպություններ պատրաստ են գալու, տեղում իրավիճակը գնահատելու, մոնիթորինգ, չափագրումներ անելու։ Ի՞նչ է հաջողվել անել այս ընթացքում։
-Եթե խոսքը միջազգային կառույցներին ուղղված մեր դիմումների մասին է, դրանք արտաքին գործերի նախարարության խողովակներով ուղարկվել են։ Բացի այդ, ամբողջ աշխարհում թե՛ հայությունը, թե՛ առաջադեմ մարդկությունն իր ձայնը բարձրացրել է։ Իտալիայում մեր հայրենակցուհի Գայանե Կազնատիի գլխավորությամբ իտալացի մասնագետների խումբ է ստեղծվել, որ պատրաստ է պարբերական մոնիթորինգ անցկացնելու տեղում։ Այստեղ, իհարկե, պետք է միջպետական հարաբերությունները հստակեցվեն՝ ինչպես են մեկնում իտալացիները, տեխնիկայի հարցերը և այլն։ Ինչ վերաբերում է Արցախի հայկական հուշարձանների գույքագրմանը, դրանք արված են, ցանկերը կան։ Մենք նաև առանձնացրել ենք Ադրբեջանին հանձնվող տարածքներն ու դրանցում առկա ամենարժեքավոր կոթողները՝ տաճար, ամրոց, կամուրջ, բացառիկ խաչքար։ Դրանց ցանկերն ուղարկված են պատկան մարմիններին։ Իհարկե, մեզ համար թանկ է ամեն մի հուշարձան, բայց քանի որ դրանք 5000-ից ավելի են, ամեն դեպքում, պետք է ընտրություն կատարվեր, առանձնացվեր, որ միջազգայի կառույցներն ուշադիր լինեն։ Քարվաճառում և Քաշաթաղում մեր գործընկեր կազմակերպությունների հետ կատարվել է տաճարների սկանավորում՝ եռաչափ մոդելավորման համար։ Արդեն վերջացավ մեր հնարավորությունն այնտեղ գնալու։ Մինչև նոյեմբերի 25-ը աշխատել ենք Քարվաճառում, մինչև 28-ը՝ Քաշաթաղում։
-Ռուսաստանի նախագահը, պետական այրերն ու մշակութային գործիչները նույնպես մտահոգված են խնդրով։ Հնարավոր համարու՞մ եք հուշարձանների անվթարությունը ստանձնելու խաղաղապահների երաշխավորությունը։
-Ես չէ, որ պետք է այդ հարցին պատասխանեմ։ Գիտեմ, որ այդ ցանկությունը արտահայտվել է գոնե Դադիվանքի մասով, բայց դժվարանում եմ ասել՝ ինչ թվով հուշարձաններ կարող են խաղաղապահներն ապահովել։ Հուշարձանները սփռված են ամբողջ Արցախի տարածքում՝ ձորերում, լեռների գագաթներին, անմատչելի վայրերում։ Չեմ պատկերացնում՝ ինչպես է հնարավոր հսկել այդ բոլորը։ Դրա համար, ինչպես նշեցի, մենք որոշակի թվով հուշարձաններ առանձնացրինք, որ գոնե դրանց համար միջազգային մոնիթորինգային խումբն ու ռուսական կողմը վերահսկողություն սահմանեն, եթե հաջողվի։ Բայց մենք հիշում ենք, որ Ռուսաստանի նախագահը հորդորեց Ադրբեջանին չվնասել հայկական քրիստոնեական տաճարները։ Դրա հաջորդ օրը պայթեցրին Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու գմբեթը։
-Ինչպե՞ս է լուծվելու պատերազմի հետևանքով վնասված հուշարձանների հարցը։
-Ռուսաստանի մշակույթի գործիչները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին Արցախի հուշարձանների, մասնավորապես Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու խնդրով։ Վերջին տվյալներով (գուցե ինչ-որ բաներ ավերել են, որոնց մասին մենք լուր չունենք, որովհետև բառացիորեն էլ մուտք չունենք)՝ վնասված են Շուշիի Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիները, ռումբ էր ընկել նաև Գոհար տիկնոջ Վերին մզկիթի բակում, բարեբախտաբար, մզկիթը չէր վնասվել։ Եթե գործը հասնի ավերված հուշարձանները վերականգնելուն, կարծում եմ, միջազգային կառույցները հիմա ավելի ակտիվ կլինեն այդ առումով, որ ցույց տան՝ գործ են անում։ Բայց երևի թե այս պահին առաջնահերթ է մարդկանց բնակարանով ու տարրական միջոցներով ապահովելը։ Իսկապես շատ ծանր է վիճակը։
-Շուշիի թանգարանային հավաքածուի զգալի մասը ռազմապաստարանում է մնացել։ Շուշի քաղաքի թանգարանների ՊՈԱԿ-ի տնօրենության պարզաբանմամբ՝ Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը չի խրախուսել դրանք տեղահանելու մտադրությունը, իսկ նախարարությունն էլ հակադարձում է, թե ցուցանմուշները փրկելը ՊՈԱԿ-ի գործառույթն էր։ Դրանց տեղափոխության-փրկության հարցով փորձե՞լ է զբաղվել Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը։
-Այդ հարցով Արցախի իշխանությունները պետք է բանակցեն ռուսների հետ։ Եթե նմուշները դեռ այնտեղ են և չեն առևանգվել ադրբեջանցիների կողմից, իջեցնեն Ստեփանակերտ։ Այն, ինչ մեր նախարարությունը կարող էր անել, արել է, ընդ որում՝ ինքնուրույն։ Հասկանալով, որ այնտեղ շոկային վիճակ է, պետք է օգնել, մեր պատվիրակությունը պատերազմի թեժ օրերին, ռումբերի տակ, բավական բաներ փրկել է տարբեր թանգարաններից՝ հասնելով մինչև Տիգրանակերտ։ Նաև նրանց էր առաջարկ արվել, բայց չէր ընդունվել։
-Օտարերկրյա ձեր գործընկների շրջանում հարց առաջանու՞մ է, թե ինչպես են հնադարյան կառույցները հայտնվել 100-ամյա պատմություն ունեցող երկրի տարածքում։ Թե՞ քաջատեղյակ են խնդրին։
-Բոլորն էլ հասկանում են, որ դա մեր հայրենիքն է, ու մենք մեր հայրենիքում ստեղծել ենք մշակութային կոթողներ։ Բնական է, որ 4-րդ, 5-րդ, 10-րդ դարերում ուրիշի հայրենիքում հուշարձաններ չենք կառուցել։ Հիմա մեր հայրենիքի մի մասը զավթված է, զավթված են նաև մշակութային արժեքները։ Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են, դրա համար էլ ադրբեջանցիները, մեր տարածք մտնելով, առաջինը փորձում են հուշարձաններն ավերել։ Բայց, ինչպես ասացի, հիմա դրանք արձանագրված են, իտալացի մասնագետների խմբի նպատակն է ՝ պարբերաբար գալ-ստուգել՝ դրանք տեղու՞մ են, թե՞ տեղում չեն։
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ