Ղարաբաղում սանձազերծված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմը լուսաբանող և ռմբակոծության ժամանակ վիրավորված մեր ռուս գործընկեր ՅՈՒՐԻ ԿՈՏԵՆՈԿԻՆ այցելեցինք «Էրեբունի» ԲԿ-ում։ Փառք Աստծո, նրա վիճակը լավ էր, և սիրով համաձայնեց պատասխանել մեր մի քանի հարցերին։ Եվ քանի որ մեր գործընկերը արդեն բազմիցս իր լայվերում անդրադարձել է այս պատերազմին, մեզ հետաքրքրեց նրա քաղաքական գնահատականը։ Արդյո՞ք Թուրքիայի ձեռքերին ազատություն տվողը ԱՄՆ-ը չէ, որպեսզի հնարավորինս նվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը այս տարածաշրջանում և Թուրքիայի միջոցով կարողանա ազդել ԻԻՀ-ի վրա։ Այս և այլ թեմաներով զրուցեցինք «Այսօր» ցանցային հրատարակչության գլխավոր խմբագիր, զինվորական թղթակից, պահեստի փոխգնդապետ Յուրի Կոտենոկի հետ։
-Գիտե՞ք` իմ տեսլականը խնդրի շուրջ տարբերվում է իր առանձնահատկությամբ ձեր ներկայացրած տարբերակից։ Ես` որպես խորապես հավատացյալ քրիստոնյա, կարծում եմ, որ մենք կանգնած ենք աշխարհի վերջի նախաշեմին, երբ չարի ուժերը միավորվում են Քրիստոսի՝ Փրկչի դեմ։ Այժմ ընթանում է վերջին մարտը, և Հայաստանը հայտնվել է առաջնագծում։
Չէի ասի, որ այս պատերազմը ուղղակիորեն ձեռնտու է ԱՄՆ-ին, քանի որ բոլորս էլ լսեցինք պարոն Պոմպեոյի գնահատականը. «Հույս ունենք, որ հայերը կդիմակայեն»։ Ես ծանոթացա հայկական աղբյուրների գնահատականին, ըստ որի այս հայտարարությունը նշանակում է, որ հայերը թողնված են բախտի քմահաճույքին։ Այդ դեպքում ես ուզում եմ հարցնել մեր հարգարժան հայերին. իսկ ի՞նչ էիք ուզում, ուզում էիք, որ Ամերիկան իր օդանավերը, թնդանոթները ուղարկեր` խաղաղեցնե՞ր Թուրքիային և Ադրբեջանին։
-Ոչ, անձամբ ես համոզված եմ որ Ամերիկան նման քայլի երբևէ չի գնա։
-Ամերիկան ինքը հիմա շատ խնդիրներ ունի, համենայն դեպս, մինչև նախագահական ընտրություններ նա ամեն ինչի վրա թքած ունի։ Սա` առաջին հերթին։ Իսկ երկրորդը՝ այո, ԱՄՆ-ը փորձում է այս տարածաշրջանում հնարավորինս նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը։ Եվ դա նա անում է ոչ թե ուղղակիորեն, այլ օգտագործում է ներկայիս իրավիճակը։ Այստեղ ամենասարսափելին և տագնապեցնողն այն է, որ Էրդողանի ձեռքերն արձակվել են։
-Ինչու՞ աշխարհը որոշեց արձակել Էրդողանի ձեռքերը։
-Հայացք գցենք հետ` պատմությանը։ Ո՞վ էր Օսմանյան կայսրության ամենասարսափեցնող թշնամին, իհարկե` ռուսական իմպերիան։ Ո՞վ ստանձնեց Բալկանների և Կովկասի քրիստոնյաների պաշտպանությունը թուրքական լծից, իհարկե` Ռուսաստանը։ Սրանք փաստեր են։ Այժմ Ռուսաստանը, ելնելով մի քանի պատճառներից, այն իրավիճակում չէ, որ նման առաքելություն իրականացնի։ Ռուսաստանը ժամանակավորապես կորցրել է մեկ դար առաջվա այդ ֆունկցիան։ Այժմ Ռուսաստանը տեռորիստական հարձակման տակ է, այդ պատճառով Էրդողանի ձեռքերն արձակված են, նա կարծում է, թե կարող է դառնալ նոր Խալիֆ, Փադիշահ ողջ եվրասիական տարածքում։ Դրանում համոզվելու համար բավական է ուսումնասիրել թուրքական քարտեզները, դրանք հորինված չեն, բլեֆ չեն։ Գուցե ոմանք ասեն, թե հերթական «Մուրզիլկան» նստած նման սարսափիկներ է սարքում և տարածում։ Նայեք Թուրքիայի ռազմական քարտեզները, դրանք վկայում են այն մասին, որ Թուրքիան մտադիր է իր ազդեցության տակ վերցնելու Միջին Ասիան, ամբողջ Կովկասը (Վրաստան, Հայաստան) և Ղրիմը։ Սրանք սարսափելի վտանգավոր փաստեր են։ Թուրքիան ակտիվ գործում է Սիրիայում, անեքսիայի ենթարկեց մի ամբողջ Իդլիբ մարզը։ Իդլիբի բոլոր էներգահամակարգերը փոխանցված են Թուրքիային։ Այստեղ ներդրվել է թուրքական լիրան, այստեղ Թուրքիան նավթ է արդյունահանում և հաստատում իր օրենքները։ Նա բացեիբաց աջակցում է Լիբիայում տեռորիստական ռեժիմին, ավելի ճիշտ, այսպես կոչված, «Ազգային համաձայնության» կառավարությանը։ Դրանք տեռորիստներ են, որոնք Լիբիայից տեղափոխվում են Սիրիա, այնտեղից` Ադրբեջան՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։ Թուրքիան մտադիր է իր բազաները բացելու Աֆրիկայում և այլ երկր-ներում։ Այնպես որ, Թուրքիային չի կարող ոչ ոք այս պահին կանգնեցնել, նա մեծ վտանգ է ներկայացնում։
-Երբ ասում եք, որ Թուրքիային ոչ ոք չի կարող կանգնեցնել, արդյո՞ք այդպիսով չեք ոգեշնչում և քարտ-բլանշ տալիս Թուրքիայի գործողություններին։ Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը այսօր չի կարող դա անել՝ գուցե ա՛յս պահին չի ցանկանում։
-Ցանկանալու մասին խոսք լինել չի կարող։ Մենք գիտենք, որ քաղաքականությունը (իսկ պատերազմը քաղաքականության շարունակությունն է) հնարավորությունների արվեստ է, սակայն միանշանակ Էրդողանի «ախորժակը» դեմ կառնի խոչընդոտի։ Չարը չի կարող անվերջ տարածվել, քողարկված չարիքը` նույնպես։ Մի կողմից Թուրքիան ներկայանում է որպես հյուրընկալ երկիր զբոսաշրջիկներին` «Եկեք, հանգստացեք, ուրախացեք չնչին փողերով», մյուս կողմից հայտարարում է. «Մենք համաշխարհային դիկտատոր ենք ու եվրոպացիներին պետք է թելադրենք` ինչպես ապրել և ինչպես կառուցել իրենց հարաբերությունները»։ Սա ինչ-որ շատ աննորմալ երևույթ է։ Սրան էլ գումարվում են Էրդողանի անձնական ամբիցիաները, որոնք, կարծում եմ, նրա հետ դաժան կատակ են անում։
-ՈՒզում եք ասել` Օսմանյան կայսրության չիրականացված ծրագիրը իրականությու՞ն է ուզում դարձնել։
-Այո, այո, այսինքն, արդեն մոռացված է Աթաթուրքի թողած ժառանգությունը՝ լոժաներ, սեկտաներ, երիտթուրքերի նոր քաղաքական խաղեր, դրանք մոռացված են։ Կարծես վերադառնում ենք ավելի վաղ ժամանակաշրջան։
-Այլ կերպ ասած, պատմությունը կրկնվում է, բայց, ամեն դեպքում, Եվրոպան կարող է ազդել Թուրքիայի վրա, սակայն դեռևս չի անում, Ամերիկան կարող է, բայց նույնպես ոչինչ չի անում։ Սակայն Թուրքիա կոչված չարիքի դեմ պետք է պայքարի աշխարհը և ոչ թե թողնի միայն Հայաստանի վրա։ Իհարկե, Հայաստանը կարող էր ինքնուրույն հաղթել, եթե Ղարաբաղում պատերազմեր միայն Ադրբեջանի դեմ, բայց այսօր պատերազմում է Թուրքիան։
-Հարգելի Ժասմին, քրիստոնյայի պարտքն է պաշտպանել իր տունը, հայրենիքը...
-Մենք պաշտպանում ենք։
-Պաշտպանում եք, բայց գուցե բավարար քայլեր չեն արվում։ Ես նկատի չունեմ այն, ինչ արվում է այսօր Հայաստանում։ Խոսքս վերաբերում է աշխարհի հայությանը։ Իհարկե, Սփյուռքը խոշոր գումարներ է հավաքագրում և Հայաստան ուղարկում, դա շատ լավ է, հիանալի է, սակայն փող հավաքելը, արտերկրում միտինգ անցկացնելը և ճանապարհներ փակելը շատ քիչ է, հարկավոր է հավաքագրված գումարներով գնել այնպիսի սպառազինություն, որ թույլ չտա ագրեսորին գործելու այդպես անպատիժ՝ հարվածներ հասցնելով խաղաղ բնակավայրերին։
-Դուք եղել եք Ղարաբաղում և հենց այդտեղ էլ վիրավորվել։ Այսինքն, տեսել եք` ինչ զենքերով ենք կռվում։ Հայաստանը այսօր Ձեր նշած սպառազինությամբ զինվա՞ծ է։
-Չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ Ղարաբաղում ես ընդամենը մի քանի ժամ եմ եղել։ Առաջին հերթին ես գնացի երկրորդ օբյեկտ, նկարահանելու սահմանի վրա գտնվող պայթած կամուրջը, այնուհետև գնացի եկեղեցի, որտեղ և վիրավորվեցի։ Սակայն, եթե թույլ տաք, կցանկանայի ավարտել վերևում ասածս միտքը։ Կարծում եմ` հայերը պետք է հասկանան, որ բավական է մեկ գավաթ սուրճի շուրջ բանավիճել` ո՞վ է գլխավորը` Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը։ Բավական է կուրծք ծեծել և բղավել` «Բոլորս կկանգնենք մեկ մարդու պես», ուղղակի պետք է կանգնել և կամավորագրվել։ Մենք մոռացե՞լ ենք` ովքեր են եղել ֆիդայիները և ինչպե՞ս են նրանք կռվել։ Փառահեղ ավանդույթներ կան, եկեք վերհիշենք։ Հայերը ոչ միայն կարողանում են լավ գործարար լինել և իրենց բիզնեսը աշխարհում ներկայացնել, այլև լավ մարտիկներ են։ Հայ ժողովրդին մաղթում եմ դիմակայել պատմական այս ծանր ժամանակահատվածում։
Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ