ՄՏԱՀՈԳԻՉ ԽՆԴԻՐ
Նունե Սարուխանյանի դիտարկմամբ, գյուղատնտեսական հողատեսքերի, հատկապես վարելահողերի և բազմամյա տնկարկների, նպատակային ու արդյունավետ օգտագործման հիմնախնդիրը գնալով ավելի հրատապ է դառնում: Հանրապետության գրեթե բոլոր համայնքներում միգրացիայի պատճառով լքված հողատարածքների խնդիրը մտահոգիչ է այն առումով, որ դրանք տարիների ընթացքում ոչ միայն չեն մշակվում, այլև վնասում են հարակից մշակվող հողատարածքները:
-Այսօր գյուղատնտեսական հողերի վատթարացման և արդյունավետության նվազեցման հիմնական պատճառը ոչ միայն կլիմայի գլոբալ փոփոխությունն է, այլև հողի էրոզիան, աղակալումը, քիմիական, կենսաբանական ու ռադիոակտիվ աղտոտումը, սողանքներն ու ջրհեղեղները: Արդյունքում տեղի է ունենում հողերի բերրիության անկում, կենսաբազմազանության կրճատում, տարածքների դեգրադացիա ու անապատացում: Այստեղ է, որ օգնության է գալիս կայուն գյուղատնտեսությունը, որի ոսկի կանոնն է՝ պահպանի՛ր հողը: Այսօր բերրիության ահավոր անկում կա, հողերի բերրիությունը 2-3 անգամ նվազել է, խնդիրը պետք է մտահոգի և՛ կառավարությանը և՛ գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող ՀԿ-ներին,- ասում է տիկին Սարուխանյանը:
Նրա համոզմամբ, անմշակ գյուղատնտեսական հողերի վերաբերյալ կառավարության ծրագիրը որոշ չափով կկանխի հողերի դեգրադացումը: Հայաստանում գյուղատնտեսության զարգացման բնագավառի փորձառու մասնագետի խոսքով` տարբեր մարզերում գերազանց մշակված հողատարածքների հարևանությամբ կարելի է տեսնել նաև չմշակված, մոլախոտերով պատված հողակտորներ, որոնք չարիք են մշակված հողերի համար, դրանք ժամանակի ընթացքում կվերածվեն արոտավայրերի, մացառուտների ու աղբավայրերի: ՈՒստի գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով կառավարության մշակած հայեցակարգի նախագիծը նրա կարծիքով ճիշտ և ժամանակին արված քայլ է:
ՀՈՂԸ ԳՐԱԳԵՏ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Նունե Սարուխանյանի փոխանցմամբ` իր ղեկավարած ՀԿ-ի ուսումնական կենտրոնում բազմաթիվ ֆերմերներ հողի գրագետ մշակման և սեփական տնտեսությունների զարգացման համար անհրաժեշտ խորհրդատվություն ու գիտելիքներ են ստացել: ՀԿ-ն նախատեսում է նմանատիպ ուսումնական կենտրոններ ստեղծել նաև Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում:
-Այսօր համացանցը հեղեղված է բազմաթիվ խորհրդատվական տեսաերիզներով, որոնք ավելի շատ վնասում են գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց, քանի որ յուրաքանչյուր երկրի, տարածաշրջանի գյուղնշանակության հողերն ունեն իրենց առանձնահատկությունները և, օտարինն ընդօրինակելով, սպասվող արդյունքը կարող է և հիասթափեցնել: ՈՒստի կարծում եմ, որ ցանկալի է վերականգնել երբեմնի «Գյուղական ժամ» հաղորդաշարը, որը հսկայական տեղեկատվական աջակցություն էր հողագործությամբ զբաղվողների համար: Մենք ևս մտադիր ենք գյուղատնտեսության վերաբերյալ ուսուցողական ֆիլմեր պատրաստելու, որի համար, իհարկե ֆինանսական միջոցներ են հարկավոր, որն այս պահին չունենք:
Նման հաղորդումներն ու ուսուցողական ֆիլմերը կօգնեն նաև ջերմոցային տնտեսությամբ զբաղվել ցանկացողներին, մանավանդ որ ՀՀ կառավարությունը որոշել է սուբսիդավորել ջերմատների կառուցումը:
-Այս քայլը նույնպես կարևոր է, քանի որ փոքր տարածքներից ֆերմերները կարողանում են ստանալ բարձր բերք, մեծ եկամուտ, հատկապես, որ պահանջարկը կա: Տեսեք, մեր ուսուցման կենտրոնը բացի կրթական ու խորհրդատվական միջոցառումներ անցկացնելուց զբաղվում է նաև տեղում էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների արտադրությամբ, գյուղատնտեսական ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, նյութատեխնիկական աջակցություն է տրամադրում ֆերմերներին և ֆերմերային տնտեսություններին: ՈՒրախալի է, երբ հաջորդ հանդիպման ժամանակ նրանք ներկայանում են իրենց ջերմատներում աճեցրած բնամթերքների որակով ու ստացվող արդյունքով,- ասում է տիկին Սարուխանյանը:
Հողի գրագետ մշակման, թունաքիմիկատները չչարաշահելու դեպքում փոքր հողատարածքից կարելի է ավելի շատ եկամուտ ստանալ, քան մեծ տարածքից: Այդ առումով ջերմատները նախընտրելի են, դրանք հնարավորություն կտան զարգացնելու տեղական շուկան: Սակայն ջերմատունն ինքնին փակ համակարգ է, որտեղ առկա են խոնավություն, բույսերի զանազան հիվանդությունների ու վնասատուների բարձր ռիսկայնություն, որտեղ պահանջվում է միջավայրի համար օպտիմալ ջերմաստիճանի պահպանում, ուստի այստեղ անհրաժեշտ են բանիմաց մասնագետներ: Տիկին Սարուխանյանն ուրախությամբ նշեց, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում բացվել է ջերմատնային բաժին, որտեղ գյուղատնտեսները մասնագիտանում են նաև ջերմոցային տնտեսության ոլորտում:
Այնուհանդերձ, հանրապետության հատկապես հեռավոր ու սահմանամերձ համայնքներում գյուղատնտես մասնագետների խիստ կարիք կա:
-Նախկինում մեծ ուշադրություն էր դարձվում գյուղատնտեսական կրթությանը, անգամ դպրոցում դասաժամեր կային, դպրոցական նստարանից աշակերտը դաստիարակվում էր հողի, գյուղատնտեսության հանդեպ սիրով: Նաև կային փորձացուցադրական տնտեսություններ, որտեղ ապագա գյուղատնտեսները հմտանում էին իրենց մասնագիտության մեջ: Այսօր նույն ագրարային համալսարանում փորձ է արվում վերականգնելու այդ արդյունավետ պրակտիկան: Բացի այդ գյուղատնտեսը պետք է տիրապետի ու հետևի գյուղատնտեսության համաշխարհային փորձին, տեղեկատվությանն ու գիտության առաջընթացին: Սկսած օգտագործվող թունաքիմիկատներից, մշակման եղանակներից, կլիմայի գլոբալ փոփոխությունից, այս ամենը մեծ ազդեցություն է ունենում գյուղատնտեսության վրա, անգամ հիվանդությունների տեսակներն են փոխվում, մշակության եղանակը, դրա համար որակյալ մասնագետներ ունենալը շատ կարևոր է: Բայց հեռավոր գյուղերում աշխատելու համար պետք է նաև բարձր աշխատավարձով ու կենցաղային պայմանների ապահովմամբ շահագրգռել երիտասարդ մասնագետներին: Այստեղ պետությունը, տեղական իշխանություններն անելիք ունեն,- հավելեց Նունե Սարուխանյանը:
Մասնագետի խոսքով` տարածաշրջանում, օրինակ՝ Վրաստանում, գյուղատնտեսության զարգացմանը երկրի բնակլիմայական բարենպաստ պայմաններից բացի մեծապես նպաստել է նաև ներդրումների հոսքը, որի արդյունքում հիմնվել են հարյուրավոր հեկտարներ հատապտուղների՝ հապալասի, ազնվամորու, ելակի և այլ տնկարկներ և տնկարաններ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տիկին Սարուխանյանը հավաստիացնում է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը հետ չի մնում հարևան երկրից, այլ ընդհակառակը: Վերջին տարիներին Հայաստանի օրգանական և կայուն գյուղատնտեսության զարգացմանն ուղղված բազմաթիվ միջազգային կառույցներ, ինչպիսիք են Եվրամիությունը, ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը, ավստրիական զարգացման և շվեյցարական զարգացման գործակալությունները և այլն, բավականին աջակցություն են ցուցաբերում, և հիմնականում՝ հատապտուղների տնկարկներ, պտղատու այգիներ հիմնելու հարցում: Այս հարցում օժանդակում են «Կանաչ արահետ» ՀԿ-ն, ինչպես նաև մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ: Իսկ քանի որ այդ հատապտղային թփերն ու ծառերը զանգվածային բերքատվություն են ապահովում միայն կյանքի 4-5-րդ տարում, ուստի արդյունքը կարելի է ակնկալել ավելի ուշ:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ