(սկիզբը՝ այստեղ)
Դ. Վոլկոգոնովի տրամադրության տակ եղած մինչ այդ փակ հսկայական քանակությամբ արխիվային նյութերից (քաղբյուրոյի նիստերի արձանագրություններ և ուրիշ խիստ գաղտնի փաստաթղթեր) ես հավաստի տեղեկություն ստացա ոչ միայն ինձ հետաքրքրող հարցի՝ Սոլժենիցինին ԽՍՀՄ-ից արտաքսելու մասին որոշում կայացնելու մանրամասների, այլև 1983 թ. սեպտեմբերի 1-ին հարավկորեական «Բոինգ-447» ուղևորատար ինքնաթիռի բարբարոսական կործանման հանգամանքների քննարկման:
Այս ողբերգությունը (զոհվեց 269 մարդ) դարձավ Անդրոպովի 15-ամսյա գահակալության խորհրդանիշը: Երևի ուրիշ խորհրդանշական բան էլ կար. հենց այդ չարաբաստիկ օրը Անդրոպովն իր կյանքում վերջին անգամ էր վարում քաղբյուրոյի նիստը։ Այն սկսվելուց առաջ նրան մոտեցավ ՈՒստինովը և հայտնեց, որ Սախալինի մոտ խփել են ոչ թե ամերիկյան, այլ հարավկորեական քաղաքացիական ինքնաթիռ («Բոինգ-447»-ը հնարավոր չէ շփոթել որևէ ուրիշ ինքնաթիռի հետ, այն համարյա ֆուտբոլային դաշտի չափսեր ունի՝ 70,6 մ երկարություն, թևերի բացվածքը՝ 64,4 մ, բարձրությունը՝ 19,4 մ, երկհարկանի ուղևորատար սալոններով):
Քաղբյուրոյի նիստից անմիջապես հետո Անդրոպովը մեկնեց Ղրիմ՝ բուժվելու և հանգստանալու, այսինքն` այս ողբերգական դեպքին սկզբում առանձին նշանակություն չտվեց: Չէ՞ որ մինչ այդ շատ էին եղել նման դեպքեր, որոնցից մեկն էլ Հայաստանում, երբ 1958 թ. սեպտեմբերի 8-ին «C-130» ամերիկյան ինքնաթիռը 13-հոգանոց անձնակազմով հայտնվել էր խորհրդային օդային տարածքում և անմիջապես օդ բարձրացած կործանիչ «ՄիԳ»-երը աքցանի մեջ էին առել նրան ու թույլ չէին տվել վերադառնալ, թռչել Թուրքիայի կողմը, իսկ առջևից թռչող «ՄիԳ»-ը ցույց էր տալիս ուղղությունը դեպի Երևանի օդանավակայան: Այս ամենին այդ պայծառ, արևոտ օրը հետևում էին Թալինի շրջանի Իրինդ, Սասնաշեն, Կաթնաղբյուր և մյուս գյուղերի բնակիչները, և հենց նրանց աչքի առաջ «ՄիԳ»-երից մեկը առաջին իսկ կրակոցով խոցեց այդ հսկա ինքնաթիռը, որը գահավիժեց Ներքին Սասնաշեն գյուղի մոտակայքում (բարեբախտաբար, ոչ գյուղի վրա) և մի քանի ժամ հրդեհվում էր, քանի որ բաքում 60 տոննա վառելիք կար:
Ամերիկյան կողմին հանձնեցին միայն հինգ օդաչուների մոխրացած աճյունները և, իհարկե, ոչ մի խոսք, որ հենց նրանք են խփել օդանավը, «сухой отказ»` «վթար է»:
Իհարկե, դժվար է արդարացնել ամերիկյան հետախուզական ծառայություններին, որոնք լրտեսական օդանավեր էին ուղարկում ԽՍՀՄ օդային տարածք, չնայած միշտ չէ, որ դա արվում էր կանխամտածված, ակամա սխալները կամ պատահականությունները չէր կարելի բացառել: Բայց մեր բացարձակ փակ երկիրը, փոխադարձ վերահսկողությունից համառորեն հրաժարվում, վախը կրեմլյան ղեկավարների անհայտ պլանների ու անկանխատեսելի արարքների նկատմամբ, ԿՀՎ-ին և ԱՄՆ-ի որոշ գործակալությունների ստիպում էին դիմելու միջազգային նորմերին չհամապատասխանող նման գործողությունների:
«Բոինգ-447»-ը չպարզված հանգամանքներում (դիտավորյալ, թե պատահաբար՝ հայտնի չէ) հայտնվել էր խորհրդային օդային տարածքում և խփվեց: Քաղբյուրոն արեց ամեն ինչ, որ այդ ողբերգական դեպքն օգտագործվի համակարգի ճեղքվածքները ցեմենտելու, իմպերիալիստական սպառնալիքների, ԱՄՆ-ի միլիտարիստական ուժերի դեմ «սոցիալիստական համագործակցությունն» ամրապնդելու համար: Խորհրդային քարոզչական մեքենան հարազատ էր նրան: Անմիջապես բոլոր տեղեկատվական միջոցներով դատապարտվեցին «հետախուզական, պրովոկացիոն» թռիչքները, հեռուստաէկրաններից իրենց «կոտորում էին» Հենրիխ Բորովիկը և մյուս քաղաքական մեկնաբանները (այդպես էլ պետք է լիներ՝ ապականվում ու «փչացվում» էին բոլորը, դառնում յուրիժուկովներ) և ոչ մի խոսք ինքնաթիռը խփելու մասին՝ մենք ոչ կապ ունենք, ոչ էլ տեղյակ ենք: Բայց այդ սուտը շատ արագ մերկացվեց, քանի որ ամերիկյան ավիացիոն դիսպետչերական ծառայություններն ունեին հձ-15 կործանիչ ինքնաթիռի օդաչու Օսիպովիչի ու մեր դիսպետչերների խոսակցությունների ձայնագրությունները:
Եվ, իհարկե, չմոռանամ «Իրատեսի» իմ հարգելի ընթերցողներին, թեկուզ շատ համառոտ, ծանոթացնել Վոլկոգոնովի գրքում ներկայացված հետաքրքիր փակ արխիվային նյութի հետ: Խոսքը քաղբյուրոյի 1983 թ. սեպտեմբերի 2-ի, այսինքն` «Բոինգը» խփելու հաջորդ օրը կայացած նիստի արձանագրության մասին է, երբ ընդլայնված կազմով քննարկվում էր հենց այդ հարցը: Բոլոր ելույթ ունեցողների մտահոգության առարկան մեկն էր. ո՞նց խաբել, ո՞նց մոլորեցնել, «քյոլել-քյոլմստել» միջազգային հանրությանը, և ոչ մի խոսք 269 զոհերի, խորտակված մարդկային ճակատագրերի, անմեղ երեխաների մասին: Ոչ ոք Կրեմլում սկզբում չէր էլ պատկերացնում, թե ընդամենը մեկ օրում ինչպիսի համընդհանուր համաշխարհային զայրույթի և ԽՍՀՄ-ի դատապարտման, նրա նկատմամբ ատելության ցունամիի ինչ ալիք կբարձրանա ամբողջ աշխարհում:
Եվ հենց այս դեպքը ցույց տվեց խորհրդային արտաքին քաղաքականության ողջ սնանկությունը, իշխանությունների մտածողության քարանձավային մակարդակը, չարամիտ գործելաոճը և փաստորեն դարձավ V «առաջնորդի» կյանքի ու գործի եզրափակիչ և տխուր «ակորդը», գերհզոր, հսկա կայսրության միահեծան «կայսր» նրա լինելու 15-ամսյա ժամանակահատվածի խորհրդանիշը, երբ նրա երկրային կյանքին մնացել էր ընդամենը հինգ ամիս: Եվ, իհարկե, հօդս ցնդեցին միամիտ մարդկանց, ավելի ճիշտ` հիմարների համար հորինած հեքիաթները այդ մարդու բարի, մարդասեր, լիբերալ չեկիստ լինելու մասին:
15 տարի չարագուշակ` Խթը երեք տառով հաստատության ղեկավար աշխատած մարդը չէր կարող նույնիսկ լիբերալ հայացքներ ունենալ կամ հանդուրժողական վերաբերմունք դրսևորել համակարգը անվերապահորեն չընդունողների նկատմամբ:
Անդրոպովը, ինչպես և նախկինում, երբ զբաղեցնում էր Խթը-ի շեֆի պաշտոնը, շարունակում էր վերահսկել մի շարք նրբախնդիր ոլորտներ: Գաղտնիք չէ, որ խորհրդային հատուկ ծառայությունները խոր գաղտնի կապերի մեջ էին աշխարհում հայտնի ահաբեկչական կազմակերպությունների հետ: Նրանց մի մասը զենք և ֆինանսական օգնություն էր ստանում ԽՍՀՄ-ից: Շատ ահաբեկիչներ հենց մեր երկրում էին անցնում համապատասխան գաղափարական և հատուկ պատրաստություն, իսկ շատ դեպքերում առանձին ահաբեկիչներ ապաստան էին գտնում «կոմունիզմ կառուցող երկրում»:
Ահաբեկչությանն աջակցելու այդ ստոր գործելակերպի ժամանակներում Խթը-ի ղեկավարության մտքով իսկ չէր անցնում, որ շատ կարճ ժամանակ հետո այդ նույն «ուղտը» կչոքի իրենց դռանը, այն էլ այնպես, որ նրան այնտեղից «քշելը» կդառնա համարյա անլուծելի խնդիր:
Անդրոպովը, չունենալով բարձրագույն կրթություն, այնուամենայնիվ, ուժեղ, կամային, բայց միաչափ ինտելեկտի տեր մարդ էր: Ասվածի մեջ հակասություն չկա: Նա մտածում էր խորապես և մասշտաբայնորեն, բայց դատապարտված էր մինչև վերջ գնալու ուղղափառ լենինիզմի նեղ, անձուկ արահետով: Լինելով համոզված պահպանողական, նա չէր կարող գնալ բարեփոխումների, որոնք կվտանգեին «սոցիալիստական նվաճումները»: Անհնար է պատկերացնել, որ Յուրի Անդրոպովը ԽՍՀՄ-ում կարող էր թույլ տալ անցում ազատ շուկայական տնտեսության, հրաժարում լենինիզմի գաղափարական պոստուլատներից, լիբերալիզմի, այլախոհության, դիսիդենտության պաշտոնական խրախուսում: Դա բացառվում էր: Նա շղթայված էր իր ուղղադավան հայացքներով, կուսակցական խաղի «կանոններով», համակարգի պահանջներով: Եվ եթե նա կառավարեր ոչ թե 15 ամիս, այլ թեկուզ 3-4 անգամ ավելի երկար, միևնույն է` ոչ մի բան էապես չէր փոխվի: Ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում, որ հին բոլշևիկյան ռելսերի վրա երկիրը չի ունենա ոչ տնտեսական առաջընթաց, ոչ քաղաքական մերձեցում համամարդկային բարոյականության, մարդասիրական և ժողովրդավարական արժեքների հետ, ոչ էլ բարձր հոգևոր պայծառացում: Միակ բանը, որ կարող էր անել Յուրի Անդրոպովը` քաղաքական համակարգի կործանումը դանդաղեցնելն ու մի քիչ ձգձգելն էր: Հին ձևերով, մեթոդներով հոգեվարքի մեջ գտնվող այդ համակարգին նոր շունչ հաղորդելը բացարձակ անիմաստ և անօգուտ զբաղմունք կլիներ, ինչը հասկանում էր նաև Անդրոպովը: Իսկ, ինչպես արդեն ասացինք, արմատական բարեփոխումներ անելու նա ընդունակ չէր: Դրանց ժամանակը կգա քաղաքական բեմահարթակից նրա հեռանալուց հետո միայն:
Անդրոպովը իր մահկանացուն կնքեց 1984 թ. փետրվարի 9-ին: Եվ քանի որ սինկլիտի բոլոր անձեռնմխելիները լրիվ տեղեկացված էին իրական վիճակին, հաջորդ առաջնորդի ընտրությունը նրանց համար կանխատեսելի էր և ենթակա չէր ո՛չ քննարկման, ո՛չ էլ ձգձգման: Եվ արդեն փետրվարի 10-ին կայացած նիստի ժամանակ բոլորին պարզ դարձավ, որ մեր վեցերորդ «առաջնորդը» Կոնստանտին Չեռնենկոն է:
Չեռնենկոն մտադրվել էր կուսակցության և տերության գահին նստել Բրեժնևի մահից անմիջապես հետո: Բայց այն ժամանակ չեկիստների (Անդրոպով) և զինուժի (ՈՒստինով) ակնհայտ ալյանսը թույլ չտվեց նրան դա անել: Հիմա իրադրությունն այլ էր: ՈՒստինովի համար Չեռնենկոն ավելի հարմար թեկնածու էր, քան Ռոմանովը կամ Գրիշինը: ՈՒստի այդ ժամանակ Չեռնենկոյի առաջ ուժային խոչընդոտ այլևս չկար:
Խոսելու ընդունակությունը կորցրած, առողջական ծանր խնդիրների ծանրության տակ կռացած, արդեն համարյա կուզիկ, այդ խեղճուկրակ մարդուն վստահել մի հսկա երկիր, գերհզոր ռազմական տերություն և նրա միջուկային ճամպրուկը, իմ խորին համոզմամբ, սադիզմի տարրեր պարունակող որոշում էր և կարող էր պատահել միայն բացարձակ թյուրիմացություն հանդիսացող հասարակարգում և երկրում:
Սկզբնական շրջանում ես ու ինձ նմանները համոզված էինք, որ նա` Կոնստանտին ՈՒստինովիչը, ստիպված և դժկամությամբ է ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը: Խորհրդային մարդիկ միշտ չէ, որ կարող են հասկանալ իշխանության բարձր օղակներում գործող մարդկանց, նրանց հոգեբանությունը, արարքների մոտիվացիան: Մեզ թվում էր, որ Չեռնենկոն պետք է իրեն լիուլի բավարարված զգար, որ իր նման միջակությունը, էլ չասենք` ոչնչությունը, գրասենյակային սովորական աշխատողը, հասել էր իշխանության այդպիսի բարձունքների, մտել էր կուսակցական ամենաազդեցիկ առաջնորդների առաջին վեցյակը: Բայց, մյուս կողմից, պետք է հասկանայինք, որ այդպիսի անսովոր, աներևակայելի հաջող կարիերան խելքից կհանի ում ասես: Եվ Չեռնենկոյին էլ էր ներշնչել սեփական հնարավորությունների այնպիսի գերագնահատում, որ նա էլ կարող էր մտածել՝ իսկ ինչո՞ւ ոչ ես: Շրջապատված ծերունիներով, լինելով լուրջ հիվանդ և նույնպիսի ծերունի, նա համառորեն ձգտում էր «գահին»: Վոլկոգոնովի գրքում բերված այդ օրերի նկարագրությունը մեզ մեկ անգամ ևս համոզում է, որ կարիերիստական մոլուցքը կուրացնում է մարդկանց, մթագնում նրանց ուղեղը, չի ճանաչում չափ ու սահման (և որը չափազանց վտանգավոր է) օրենքով սահմանված հակակշիռների ու սահմանափակումների բացակայության պարագայում:
Չեռնենկոն հասցրեց հանդիպել մի քանի արևմտյան լիդերների հետ, և առաջինը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի:
Համարյա աքսիոմատիկ ճշմարտություն է` երկրի առաջնորդը նրա դեմքն է, նրա հայելին: Հիմա, շատ հարգելի իմ ընթերցող, լարիր երևակայությունդ ամբողջ ուժով և փորձիր պատկերացնել այդ հանդիպումը. հնարավո՞ր է արդյոք ավելի մեծ ստորացման, նվաստացման արժանացնել սեփական երկրին ու ժողովրդին: Իմ սերնդի կամ մի քիչ ավելի փոքր տարիքի մարդիկ շատ լավ են հիշում Մարգարետ Թետչերի հարցազրույց-ասուլիսը խորհրդային ճանաչված երեք միջազգայնագետ լրագրողների հետ, որը ցուցադրվեց ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությամբ: Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչպիսի ողորմելի, անօգնական տեսք ունեին մեր այդ «ասերը» «երկաթյա լեդիի» համեմատությամբ: Նա այդ «ասերին» դարձրեց «կուռկուռի ձագ», այնպիսի դաս տվեց իր զրուցակիցներին, այնպիսի անջնջելի տպավորություն գործեց տասնյակ միլիոնավոր հեռուստադիտողների վրա, որ մարդիկ օրեր շարունակ խոսում էին այդ մասին և քննարկում տվյալ հաղորդումը:
Հիմա, հարգելի ընթերցող, փորձիր պատկերացնել, թե ինչպիսի տարակուսած հայացքով «երկաթյա լեդին» պետք է մասնակցեր այս տրագիկոմեդիկ ներկայացմանը, անգլիական զսպվածությամբ դիտեր ու լսեր, թե ինչպես է բառերի կեսերը կուլ տալով, շնչահեղձ լինելով, մի կերպ կարդում հատուկ իր համար «խոշոր տառերով» տպված տեքստը («շպարգալկան»), և պատահական չէր, որ հանդիպմանը մասնակցող Անդրեյ Գրոմիկոն աշխատում էր հնարավորինս շուտ «իջեցնել ներկայացման վարագույրը»:
Եթե հիշենք չորրորդ «առաջնորդ» Բրեժնևի իշխանության երկրորդ «խաղակեսը», հինգերորդ «առաջնորդ» Անդրոպովի մահճակալին գամված լինելը, վեցերորդ «առաջնորդ» Չեռնենկոյի կիսակենդան վիճակը, ապա ստացվում է, որ ԽՍՀՄ կոչվող գերհզոր միջուկային տերությունը 10 տարուց ավելի «սավառնում» էր ավտոպիլոտի ռեժիմով (!!!):
Կոնստանտին Չեռնենկոյին երկրի «առաջնորդ» կարգելը բացահայտ ծաղրուծանակ էր առողջ բանականության, երկրի, ժողովրդի, պետության հասցեին, ուղղակի անպատվություն, վիրավորանք ու հայհոյանք 280-միլիոնանոց ժողովրդին:
Ի՞նչ էր ստացվում, այդ ի՞նչ օրենքներ էին ստեղծել Մունդռիկն ու Պախանը, նրանց հավատարիմ լենին-ստալինյանները, որ միայն քաղբյուրոյի մարազմատիկ անդամներից որևէ մեկը կարող էր «օծվել» առաջնորդ: 280 միլիոն բնակչություն ունեցող երկրում ուրիշ ոչ ոք, ինչպիսի արժանիքներ էլ ունենար և իր մտավոր-վերլուծական կարողություններով ու կազմակերպչական ձիրքով թեկուզ հազար անգամ գերազանցեր այդ քաղբյուրո կոչվող պատուհասի բոլոր անդամներին միասին վերցրած, միևնույն է, չէր կարող հավակնել այդ պաշտոնին և իր կարողությունները ծառայեցնել երկրին ու ժողովրդին: Եվ պատահական չէր, որ հենց Չեռնենկոյի «առաջնորդ» օծվելուց շատ չանցած տարածվեց այս սպանիչ սրախոսություն -անեկդոտը. «Գիտակցության չգալով, անցավ գլխավոր քարտուղարի ծառայողական պարտականությունների կատարմանը»: Հիմնականում ողբերգական պատահարների ժամանակ և մահվան ավարտով դեպքերի համար բժշկական եզրակացություններում օգտագործվող այդ երկու բառը արժանի ապտակ-պատասխան էր չգիտես մարմնի որ մասերով մտածող, իսկական պանօպտիկումի վերածված քաղբյուրոյի դեգեներատներին:
Քաղբյուրոյի անդամների մեծ մասը, եթե ոչ բոլորը, լավ գիտեր, չէր կարող չիմանալ, որ մարդը, ում իրենք պատրաստվում էին առաջադրելու բարձրագույն պաշտոնում, բացարձակ միջակություն է, ցածր կրթվածությամբ, զուրկ լայնախոհ պետական մտածողությունից, բնությունից շնորհված շատ աղքատ մտավոր կարողություններով: Բացի կուսակցական պաշտոնյայի ջանասիրությունից, գլխավոր քարտուղարներին ծառայամտելուց, թղթաբանական բծախնդրությունից, բյուրոկրատական զսպանակների և կանոնների լավ իմացությունից, Չեռնենկոն ուրիշ ոչ մի բանի չէր տիրապետում, որն անհրաժեշտ էր պետության և կուսակցության առաջնորդին:
Ժողովրդավարական ավանդույթների իսպառ բացակայությունը, բոլշևիկյան կարծրատիպերի մամլիչը, զորօրինակ, տխրահռչակ «միասնությունը», հրապարակայնության բացակայությունը, մեկ քաղաքական ուժի իշխանության մենաշնորհը կանխանշում էին մտածողության և որոշումների միաչափությունը:
(շարունակելի)
Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ