ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ժամանակն է հասկանալու, որ ՆԱՏՕ-ն դավաճանել է Վրաստանին և ոչ միայն Վրաստանին»

«Ժամանակն է հասկանալու, որ ՆԱՏՕ-ն դավաճանել է Վրաստանին և ոչ միայն Վրաստանին»
19.09.2013 | 23:43

Գերմանիայի դիրքորոշումը վրացական խնդիրների, մասնավորապես Աբխազիայի և Հարավային Օսիայի առնչությամբ բևեռացած չէ, այլ արտացոլում է Գերմանիայի շահերը Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանի հետ առնչություններում։ Այդ գործընթացների առաջին փուլերը կապված են եղել Աբխազիային ու Հարավային Օսիային հարկադրելու գործին ՆԱՏՕ-ի հնարավոր մասնակցության վերաբերյալ Վրաստանի շատ պատրանքների հետ, որի շուրջ վրացի քաղգործիչները միանգամայն լրջորեն բազմիցս խորհրդակցել են Գերմանիայի հետ։ Վրաստանում ուշադրությամբ հետևել են Բալկաններում տեղի ունեցած իրադարձություններին` ինչպես Բոսնիայի 1997 թ., այնպես էլ Կոսովոյի 1998-2000 թթ., երբ ՆԱՏՕ-ն զինուժ կիրառեց։ Վրացական մամուլում անհիմն հրապարակումներ երևացին Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի խնդիրներին ՆԱՏՕ-ի հնարավոր միջամտության մասին, մշտական խորհրդակցություններ էին տեղի ունենում Վրաստանի ու Ադրբեջանի միջև` թուրք դիվանագետների մասնակցությամբ, որոնք նվիրված էին տարածաշրջանի խնդիրների լուծմանը, ՆԱՏՕ-ի միջամտության ջանքերի համակարգման հարցերին։ Շուտով հասկանալի դարձավ, որ ՆԱՏՕ-ի օգնությամբ աբխազական խնդրի լուծման հեռանկարը բացառվում է։ Օրինակ, աջ և խիստ արևմտամետ «Սաքարթվելո դայջեստ» թերթը գրում էր, որ «ժամանակն է հասկանալու, որ ՆԱՏՕ-ն դավաճանել է Վրաստանին, և ոչ միայն Վրաստանին», և «աբխազական հարցում Վրաստանը պետք է հույսը միայն իր վրա դնի ու, ելնելով դրանից, կառուցի իր արտաքին ու ներքին քաղաքականությունը»։ Այդ շրջանում վրաց-գերմանական հարաբերությունները ձախողվեցին, և Վրաստանում առաջացան բավական ուժեղ եվրահոռետեսական և գերմանահոռետեսական տրամադրություններ։ Հատկանշական է, որ այն ժամանակ Վրաստանը սկսել էր զգուշավոր վերաբերվել Գերմանիային, որը համարում էր իր առաջատար գործընկերը Եվրոպայում, և պատրաստ էր ամեն ինչում հետևելու գերմանացի քաղգործիչների խորհուրդներին։
Բայց, այդուամենայնիվ, Գերմանիան ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովի կազմակերպման գործում, ինչը պայմանավորեց Վրաստանի հետագա քաղաքական ճակատագիրը։ Վրաստանի ղեկավարությունն էլ է մեծ նշանակություն տալիս 1999 թ. նոյեմբերի 17-18-ին Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովին, որտեղ ընդունվեց նոր Եվրոպայի խարտիան, որով Արևմուտքը փորձում էր մեկ անգամ ևս նշել իր ինստիտուցիոնալ ներկայությունը Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ-ում։ Ստորագրվեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Անդրկասպյան գազամուղի կարևոր նախագծերի իրականացման փաստաթղթերը։ Մինչ այդ Է. Շևարդնաձեն երկու օր առաջ հեռախոսազրույցներ էր ունեցել Թուրքիայի նախագահ Դեմիրելի և Գերմանիայի կանցլեր Շրյոդերի հետ, որոնց ընթացքում լիակատար փոխըմբռնում էր ձեռք բերվել։ Գագաթնաժողովից առաջ Շևարդնաձեն հայտարարեց, որ Վրաստանը նավթամուղի և գազամուղի շինարարության հարցի շուրջ մշտապես խորհրդակցում է Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ, որ Վրաստանը հանգիստ է վերաբերվում Սև ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա նոր գազամուղի կառուցման նախագծին։ Ստամբուլի գագաթնաժողովից առաջ Շևարդնաձեն ինքը չէր շեշտադրում աբխազական թեման, այն թողնելով մյուս վրացի ղեկավարներին։ Նախագահն ինքնամեկուսացել էր այդ թեմայից, բայց վրացական մամուլն ու քաղգործիչները բառացիորեն ճյուղ առ ճյուղ այդ խնդիրը ներդնում էին Ստամբուլի գագաթնաժողովի սցենարում։ Այդ գործում Վրաստանին համակողմանիորեն աջակցում էին Թուրքիան և հատկապես Ադրբեջանը, առաջարկելով համատեղ հանդես գալ այդ հարցում։
Գագաթնաժողովում ունեցած իր ելույթում Շևարդնաձեն մանրամասնորեն ներկայացրեց աբխազական խնդիրը, բայց, փաստորեն, առարկայական քննարկում չպահանջեց։ Աբխազական թեման գագաթնաժողովում նվազագույնով անցավ, մինչդեռ ղարաբաղյան խնդրի առնչությամբ պաշտոնական և ոչ պաշտոնական պայմանավորվածություններ եղան ¥Ժակ Շիրակը նույնիսկ հայտարարեց, թե առաջիկա երկու ամսում ղարաբաղյան հարցը հիմնականում պետք է լուծված լինի¤։ Վրաստանը գագաթնաժողովում ցույց տվեց, որ ինքն ունի և առաջադրում է գերակա խնդիրներ, որոնց թվին են դասվում, առաջին հերթին, Բաքու-Ջեյհան նախագիծն ու ռուսական ռազմաբազայի հարցը։ Վերլուծելով իրավիճակը, Շևարդնաձեն հասկացավ, որ երկու հարց Վրաստանի վերաբերյալ չի անցնի։ Հարկավոր էր ընտրություն կատարել, և Վրաստանի նախագահը նախընտրեց ավելի առարկայական ուղին` նավթամուղը։ Գագաթնաժողովում աբխազական հարցի սրումը կհանդիպեր Ռուսաստանի հակազդեցությանը և Վրաստանը կդներ մեծ «բողոքավորի» վիճակում։ Շևարդնաձեն գագաթնաժողովում առաջադրեց երկու փոխկապակցված խնդիր, քանի որ հաղորդուղիների նախագծերի զարգացումն ուղղակիորեն կախված էր Վրաստանում ռուսական ռազմական ներկայությունից։ Շևարդնաձեն հանդես բերեց քաղաքական իմաստնություն և ճկունություն` հրաժարվելով աբխազական խնդրի առաջադրումից։ Սակայն այդ որոշման հիմքն այն էր, որ Շևարդնաձեն քաջ գիտակցում էր, որ ՆԱՏՕ-ին ու Արևմուտքին քիչ է հետաքրքրում Աբխազիայի հարցը, և ՆԱՏՕ-ն մտադիր չէ Աբխազիան «ազատագրել» Վրաստանի համար։ Ավելին, Արևմուտքը, հասկանալով Աբխազիայի համար Վրաստանի պայքարի բացարձակ անհեռանկարայնությունը, նախընտրում էր Վրաստանի վրայից «թոթափել» այդ խնդիրը, որն առավելագույնս էր Վրաստանը կապում Ռուսաստանի հետ։
Ստամբուլի գագաթնաժողովն աչքի ընկավ կոնկրետությամբ և թեմաների առարկայական շարադրմամբ։ Եվ եթե աբխազական թեման այդտեղ պատշաճ հնչողություն չունեցավ, պատճառը Արևմուտքի հետաքրքրության բացակայությունն էր։ Հետևություններն ու բնութագրումները անլիարժեք ու անհամարժեք կլինեին, եթե չնշվեր Գերմանիայի դերը Վրաստանին քաղաքական ու դիվանագիտական օգնության և աջակցության գործում։
Գագաթնաժողովի նախօրեին գերմանացի քաղգործիչներն ու դիվանագետները զգալի ջանքեր գործադրեցին երկու ուղղությամբ։ Նախ, նրանց ջանքերն ուղղված էին Վրաստանի սեփականմանը` որպես հուսալի գործընկերոջ, ինչն արդեն այն ժամանակ բացատրվում էր ոչ միայն ներքին և արտաքին քաղաքականության ժողովրդավարական կորերով, այլև այն բանով, որ հասարակությունը համոզված էր, որ այլ ճանապարհ չկա Արևմտյան ընկերակցությանն ինտեգրվելուց բացի։ Դա այդ ժամանակ Վրաստանը սեփականելու առաջին փորձն էր, որին պետք է որոշակի ազդանշաններ հաղորդվեին տարածաշրջանում հանդես գալու որպես տարանցման կարևոր երկիր, ինչպես նաև տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման հենատարածք։ Գերմանիայի երկրորդ խնդիրն էր Վրաստանի հետ աշխատանք տանել Աբխազիայի և Հարավային Օսիայի առնչությամբ նրա չափավոր դիրքորոշման ձևավորման ուղղությամբ։ Պետք է ասել, որ այդ երկու առաջադրանքը, որոնք, իհարկե, համաձայնեցված էին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ, նման արդյունավետությամբ կարող էր այն ժամանակ կատարել միայն Գերմանիան։ Բացառված չէ, որ հենց Գերմանիայի հուշումով Վրաստանում ծնունդ առավ «չեզոքության» գաղափարը, որը միգուցե կոչված էր երկիրը որոշակիորեն զերծ պահելու Ռուսաստանից բխող վտանգից, ինչպես նաև որոշ չափով հեռու պահելու ԱՄՆ-ից։
Միաժամանակ հնարավոր է, որ «չեզոք կարգավիճակի» գաղափարը կոչված էր դյուրացնելու Վրաստանի և Ռուսաստանի միջև առկա մի շարք վիճելի հարցերի լուծումը։ Հենց դա էլ հետապնդում էր Գերմանիան, ինչը և խուլ կերպով մեկնաբանում էին գերմանական լրատվամիջոցները։ Վրաստանի արտգործնախարարը, հենվելով վրացի փորձագետների եզրակացության վրա, հաղորդեց, օրինակ, որ «ապագայում Վրաստանին չեզոք պետության կարգավիճակ տալու հարցի առաջադրման անհրաժեշտ նախադրյալների որոշակի փունջ լիովին կարող է ստեղծվել, թեև առայժմ վստահություն չկա, թե նման պայմաններ կան»։ Գաղտնի մի վարկած կա այն մասին, որ Շևարդնաձեի իշխանազրկման պատճառներից մեկը նրա թույլ փորձերն էին` փոփոխելու արտքաղաքական հավակնությունները, Վրաստանի արտաքին քաղաքականությունը դարձնելու ավելի չեզոք` առավել կարևոր արտաքին գործընկերների առնչությամբ։ 2002 թ. լիակատար վստահություն չկար «համապատասխան պայմանների» առկայության հարցում։ Շևարդնաձեի նոր հայտարարությունը ստիպեց մտածել, որ իրավիճակը փոխվել է դեպի լավը։ Շևարդնաձեն կարևոր ոչ մի հարց հենց այնպես չէր շոշափում ու չեզոքության թեմային վերստին հարկ համարեց անդրադառնալ անվտանգության խորհրդի քարտուղար Նուգզար Սաջայայի` Մոսկվա կատարած այցից հետո, առավել ևս, որ այդ այցի արդյունքները Շևարդնաձեն գնահատում էր որպես շատ դրական։ Տեղեկություններ կան, որ այդ ժամանակ ¥2003 թ. սեպտեմբերի սկզբին¤ Շևարդնաձեն մի շարք սկզբունքային հարցերի շուրջ տևական զրույց էր ունեցել Գերմանիայի դեսպանի հետ։ Դեսպանը խոսել էր Գերմանիայի կանցլերի հանձնարարությամբ, որը մտահոգություն էր հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրությունների և դրա հետ կապված հնարավոր իրադարձությունների առթիվ։ Արդեն եվրոպական խորհրդակցությունների շրջանակներում կանցլեր Շրյոդերը նկատի ուներ միջնորդի դեր կատարելու Վրաստանի և Ռուսաստանի միջև և քննարկելու նրանց նոր փոխհարաբերությունների ձևավորման պայմանները։ Գերմանիան, իհարկե, տեղեկություններ ուներ Վրաստանի առնչությամբ ԱՄՆ-ի մերձակա նպատակների, «գունավոր հեղափոխությունների» դոկտրինի ծավալման մասին, լիովին հասկանալով, թե ինչի կարող է դա հանգեցնել, և ինչ է սպասում Եվրոպային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և ՈՒկրաինայում առճակատման կտրուկ ուժեղացման հետևանքով։ Հակառակ եվրոպական որոշ քաղգործիչների, Շրյոդերը համարում էր, որ հենց այդ խնդիրն էլ ինքը պիտի լուծի մինչև առաջիկա 2003 թ. խորհրդարանական ընտրությունները։ Բայց նրա նախաձեռնությունը չիրագործվեց, և դա հասկանալի է։ Այն իրավիճակում, երբ ԱՄՆ-ն այնքան հեշտորեն կարող է ձախողել Գերմանիայի նախաձեռնությունները, վերջինս լծակներ չունի ներգործելու Վրաստանի վրա, ինչը և ըմբռնեցին գերմանացի քաղգործիչները, և նրանք մինչ օրս շատ զգույշ են վերաբերվում Վրաստանի և Հարավային Կովկասի առնչությամբ իրենց հնարավոր նախաձեռնություններին։ Կարելի է մի շարք փաստեր բերել Գերմանիայի ու Վրաստանի համագործակցության մասին. ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում Վրաստանին զինամթերքի տրամադրումից մինչև աշխարհում վրացական մի շարք շահերի առաջմղման գործում աջակցության ցուցաբերում և այլն, սակայն ավելի համոզիչն այն փաստն է, որ Գերմանիան ի վիճակի չէ Վրաստանի առնչությամբ լուրջ խնդիրներ լուծելու առանց ԱՄՆ-ի։
Կովկասում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների մրցակցության սրման հավանականությունը ավելի ու ավելի էր անհանգստացնում որոշ գերմանացի քաղգործիչների ու փորձագետների, որոնք երկյուղում էին, թե Վրաստանը կարող է վերածվել տևական առճակատման և լուրջ հակամարտության հանգույցի։ Այդ խնդիրը խորանում է հիմնականում այն պատճառով, որ Մոսկվայի հետ հարաբերությունների հարցը Թբիլիսիի համար ավելի ու ավելի կենսական է դառնում։ Գիտակցելով Վրաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական պահանջմունքների և ռուսական արտաքին քաղաքականության ոլորտից փաստորեն դուրս գալու միջև եղած հակասությունների խորությունը, վրացական ղեկավարությունը 2006-2007 թթ. ձգտում էր հնարավորություն գտնել ավելի հավասարակշիռ քաղաքականություն վարելու համար։
Մ. Սաակաշվիլին արդեն փորձեր արել է Վրաստանը զերծ պահելու «կռվախնձորի» դրամատիկ դերից, ջանալով միաժամանակ կանխատեսել վտանգի չափը այս կամ այն իրադրությունում։ Վրացի քաղգործիչների ուշադրությունը վերստին ուղղված է Գերմանիային` որպես խնամակալ պետության, որն ընդունակ է վրացական շահերն անցկացնելու ատլանտյան և եվրոպական կառույցներում։ Իր հերթին Գերմանիան էլ ձգտում է հավասարակշռել ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխհարաբերությունները, ինչի շրջանակներում Վրաստանի տեղը կարող է այնքան նշանակալի չլինել Գերմանիայի շահերի մեջ, որքան պատկերացնում են վրացական ղեկավարները։ Մասնավորապես, քաղաքագետ Ալեսանդո Ռարը հիշեցրել է Բժեզինսկու մի միտք։ Նա համարում է, որ Վրաստանը չպետք է հույս դնի մոտակա տարիներին ՆԱՏՕ-ի մեջ մտնելու վրա։
Աջ թևի մի շարք վրացական քաղգործիչներ, որոնք չափավոր ընդդիմադիրներ են, օրինակ, «Նոր աջեր» կուսակցությունից, յուրօրինակ անակնկալ են մատուցել, հայտարարելով, որ չեն բացառում Վրաստանի «չեզոք կարգավիճակը որոշ ժամանակ անց»։ «Ես պատահաբար չէ, որ խոսում էի 2005 թ. մասին»,- ասել է Շևարդնաձեն, նկատի ունենալով, թե երբ պիտի թակեն ՆԱՏՕ-ի դուռը։ Վրացական ձախ քաղգործիչ Նաթելաշվիլին էլ ասել է, թե «հավանական է, որ հեռանկար կբացվի դառնալու չեզոք երկիր»։ Գերմանիայի կանցլերին երկրի արտգործնախարարության 2006 թ. դեկտեմբերի հատուկ զեկույցում նշվում է, որ «առաջատար քաղգործիչները չեզոքության ընտրությունը խելամիտ քայլ են համարում Վրաստանի համար, հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական դիրքը։ Վրաստանն արժանի է ամեն տեսակի խրախուսանքի որպես մի երկիր, որը ձգտում է ՆԱՏՕ և Եվրամիություն, բայց նա կարիք ունի արտաքին քաղաքականության հավասարակշռության, ինչը կարող է անդրադառնալ ոչ միայն նրա արտաքին անվտանգության ուժեղացման, այլև պետական ամբողջականության խնդիրների լուծման վրա»։ Վրաստանի «չեզոք կարգավիճակի» նկատմամբ բացասական վերաբերմունք կարող են արտահայտել կառավարող կուսակցության, այսպես կոչված, երիտասարդ բարեփոխիչները, որոնք հայտնի են արևմտամետ կողմնորոշմամբ։
Հարկ է նկատել, որ «չեզոք կարգավիճակի» մասին խոսում են պետության պաշտոնյաները, ովքեր, իբր, ամեն կերպ նպաստում են ՆԱՏՕ-ի մեջ Վրաստանի մտնելուն։ 2007 թ. Սաակաշվիլին այցելեց Փարիզ, Բեռլին և Լոնդոն, փորձելով հասկանալ, թե ինչ է սպասում Վրաստանին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում։ Գերմանիան այն ժամանակ կարող էր պարծենալ, որ Վրաստանի ՆԱՏՕ չընդունման գործում իր դերը գրեթե վճռորոշ եղավ։ Այդուամենայնիվ, Գերմանիան իրեն զրկեց Հարավային Կովկասի վրա ազդեցության և տարածաշրջանում իրադարձությունների զարգացման գործում ավելի կարևոր դեր խաղալու լծակներից։ Սակայն իրավիճակը փոխվել է, Գերմանիայի ու Ֆրանսիայի քաղգործիչներն առայժմ գերազանցում են ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, միայն հարցն այն է, թե մինչև ե՞րբ։
2012 թ. Վրաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները` Սաակաշվիլու թիմի փաստական «իշխանազրկումն» ու Բ. Իվանիշվիլու գլխավորած «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալը, լիովին ձեռնտու են Գերմանիային, որը քանիցս հասկանալ է տվել, որ իրադարձությունների նման ընթացքը համապատասխանում է իր շահերին։ Նույնպիսի դիրք է գրավել նաև Ֆրանսիան, ինչը կարևոր է Գերմանիայի համար, որը միշտ Ֆրանսիայի աջակցության կարիքն ունի։ Գերմանիան հասկացել է, որ Վրաստանի նոր իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման քաղաքականություն են վարում, ինչը նշանակում է «չեզոքության» քաղաքականության փաստական ընդունում, թեև Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ մերձենալու կուրսը շարունակվում է։ Եվրոպայի առաջատար պետությունների համար Վրաստանում իրադարձությունների նման շրջադարձը նշանակում է տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի որոշ թուլացում և Եվրոպայի դիրքերի ամրապնդում, թեև այդ ամենը միարժեք չէ և հնարավոր է իրավիճակի ցանկացած փոփոխություն։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 24989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ