ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իսկ հիմա խոսենք չքնաղ Ֆրանսիայի մասին

Իսկ հիմա խոսենք չքնաղ Ֆրանսիայի մասին
03.04.2009 | 00:00

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ
Հայերը, որտեղ էլ ապրելիս լինեն, սիրում են Ֆրանսիան։ Իսկ ո՞վ չի սիրում Ֆրանսիան։ Միայն սահմանափակ ու չարացած մարդիկ։ Իսկապես էլ, վերջին տասնամյակներին, սառը պատերազմից առաջ և հետո, լարված աշխարհաքաղաքական պայքարի պայմաններում, երբ ավարտված չէ բանավեճը ժամանակակից աշխարհի բազմաբևեռության կամ միաբևեռության մասին, Ֆրանսիան փորձել է իրականացնել անկախ քաղաքականություն, չհետևել իր համար օտար շահերի և ստեղծել միասնական Եվրոպա։ Միևնույն ժամանակ Ֆրանսիան ներդաշնակեցնում է իր հավակնություններն իրական հնարավորությունների հետ` նախընտրելով հետևել երկու դարերի մեծ իրադարձություններին` ունենալով իր ներդրումը տարբեր խնդիրների կարգավորման մեջ, առաջ քաշելով տարբեր նախաձեռնություններ։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում Ֆրանսիայի բոլոր նախագահները խաղացել են իրենց բավական նշանակալի դերը համաշխարհային քաղաքականության մեջ` որպես փայլուն քաղաքական գործիչներ մնալով ոչ միայն ֆրանսիացիների հիշողության մեջ։
Կոմունիստական ճամբարի փլուզումից հետո Ֆրանսիան փորձեց մշակել և իրականացնել իր սեփական, անկախ քաղաքականությունը Արևելյան Եվրոպայի նկատմամբ, ՆԱՏՕ-ի և Եվրամիության ճակատագրում։ Ֆրանսիայի տարածաշրջանային քաղաքականությունը, իհարկե, այնքան նշանակալի չէ, որքան ամերիկյանը, և Ֆրանսիան մի շարք տարածաշրջաններում զիջում է ոչ միայն ԱՄՆ-ին, այլև Մեծ Բրիտանիային։ Սակայն ֆրանսիական քաղաքականությունն առանձնանում է կոնցեպտուալությամբ, միջազգային և տարածաշրջանային քաղաքականության նոր «դաշտեր» ձևավորելու ձգտումով, որտեղ զարգանում են որոշ այլընտրանքային գործընթացներ։ Սա վերաբերում է Միջերկրածովյան տարածաշրջանին, Մերձավոր Արևելքին, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկային, որոնք ֆրանսիական ազդեցության ավանդական գոտիներ են։
Արևելյան Եվրոպան Ֆրանսիայի, բայց ամենից առաջ նրա մերձավորագույն դաշնակից և գործընկեր Գերմանիայի համար ունի կարևորագույն աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական նշանակություն։ Արևելյան Եվրոպայում Ֆրանսիան և Գերմանիան հանդես են գալիս սերտ համագործակցությամբ, չնայած երկու եվրոպական տերությունների առանձնակի հավակնություններին և վերջին տարիներին նկատվող հարաբերությունների որոշակի սառնությանը, ինչը պայմանավորված է «նոր» տիպի քաղաքական գործիչների իշխանության գալով։ Սակայն Ֆրանսիան և Գերմանիան չեն կարող թույլ տալ, որ Եվրոպայի քաղաքական զարգացումը տեղի ունենա ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի վերահսկողությամբ։ Ամերիկացիների` արևելա-կենտրոնական եվրոպական տարածաշրջանում հաստատվելը հանգեցրել է շատ տհաճ հիմնախնդիրների առաջացման այդ երկու մայրցամաքային եվրոպական երկրների համար, ինչը չէր կարող իր արտահայտությունը չգտնել Եվրամիության և ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ նրանց դիրքորոշումներում։ Ֆրանսիան և Գերմանիան սպասեցին մինչև ԱՄՆ-ի քաղաքականությունն Արևելյան Եվրոպայում բազմաթիվ ուղղություններով տապալվի և հանգեցնի եզրակացության, որ եկել է ժամանակը շրջանառության մեջ դնելու Բալկանների, ՈՒկրաինայի ու Հարավային Կովկասի հետ կապված իրենց նախագծերը։ Ֆրանսիացիները մշակել են հարևան տարածաշրջանների ինտեգրացիայի սեփական մոդելը և փորձում են այն իրագործել «Արևելյան գործընկերություն» ծրագրի միջոցով։ Ժամանակակից ֆրանսիական քաղաքականության գլխավոր ինտրիգն է դարձել Ֆրանսիայի վերադարձը ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներ, ինչը հետևանք է ինքնուրույն քաղաքական կուրսի իմաստավորման, եվրոպական զինված ուժեր ձևավորելու փորձի և ազդեցության նոր լծակների որոնման` ԱՄՆ-ի դերն ու հավակնությունները սահմանափակելու համար։
Հարավային Կովկասում Ֆրանսիան երկար ժամանակ իզուր փորձում էր ամրապնդել իր դիրքերը տնտեսության մեջ և քաղաքական ասպարեզում, բայց, ինչպես և Գերմանիան, չկարողացավ նախընտրելի դիրքեր նվաճել։ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը խանդով և անվստահությամբ են վերաբերվում Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքականությանը Հարավային Կովկասում ու Եվրասիայում առհասարակ։ Բրիտանական և ամերիկյան նախագծերն Արևելյան Եվրոպայում ուղղված են ոչ միայն ընդդեմ Ռուսաստանի, այլև «մեծ եվրոպական տանդեմի»` ի դեմս Ֆրանսիայի և Գերմանիայի։ Հենց այդ անվստահությամբ էին պայմանավորված ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կասկածներն այս տարածաշրջանի երկրները ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը ինտեգրացնելու վերաբերյալ։ Վերջին տարիներին միանգամայն հասկանալի դարձավ, որ ԱՄՆ-ի համար նախընտրելի է անմիջական պաշտպանական համագործակցություն ու հարաբերություններ արևելաեվրոպական երկրների հետ կառուցել, քան դա իրականացնել ՆԱՏՕ-ի ձևաչափում։ Ֆրանսիան և Գերմանիան, չնայած իրենց կոմպլեմենտար վերաբերմունքին ԱՄՆ-ի նկատմամբ, հատկապես Բարաք Օբամայի ընտրվելուց հետո, շարունակում են մեծ զգուշավորությամբ վերաբերվել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ու քաղաքական ներկայության ընդլայնմանը Սևծովյան ավազանում և Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանում ընդհանրապես։
Եթե դիտարկելու լինենք Հարավային Կովկասի տեղն ու դերը ֆրանսիական և գերմանական որոշակի դոկտրինների շրջանակում, ապա կարելի է զուգահեռներ անցկացնել ամերիկա-բրիտանական նախագծերի հետ։ Այսինքն, Հարավային Կովկասը պետք է ունենա աշխարհատնտեսական միջանցքի դերակատարություն, և խնդիրը միայն այն է, թե ո՞ր համաշխարհային ուժային կենտրոնը պետք է վերահսկի այդ միջանցքը։ Հենց վերոնշյալից ելնելով պետք է դիտարկել Ֆրանսիայի դիրքորոշումն ու քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Ընդ որում, հնարավոր է, որ ղարաբաղյան թեման հիմա արդեն փոխկապակցված է եվրոպական քաղաքականության ամենաբարդ խնդիրներին։
Չունենալով իր ազդեցությունը Վրաստանի և Ադրբեջանի վրա տարածելու հեռանկարներ, Ֆրանսիան բավարարվում է Հայաստանում որոշակի ազդեցությամբ ու քաղաքական ներկայությամբ, հասկանալով, որ միջնաժամկետ հեռանկարում նոր շանսեր չեն լինելու Հարավային Կովկասում։ Ֆրանսիան շահագրգռված է, որ Հայաստանը եվրոպական հանրության կողմից շատ չտուժի և չենթարկվի ավելորդ ճնշման։ Ֆրանսիային միանգամայն բավարարում են սերտ հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև, ինչպես նաև հայ-իրանական փոխադարձ հետաքրքրվածությունը։ Միաժամանակ Ֆրանսիան ունի ավելի էական արտաքին քաղաքական հետաքրքրություններ` այս տարածաշրջանի նկատմամբ. խոսքը Թուրքիայի, Եվրամիության անդամ դառնալու նրա հավակնությունների մասին է։ Այս հարցի ավելի մանրամասն դիտարկումը թույլ է տալիս վեր հանել ավելի բարդ խնդիրներ, քան թվում է առաջին հայացքից։ Քաղաքական շրջանակներն ու ազդեցիկ ակումբները, որոնք իրականում կառավարում են Եվրոպան, վերջնական որոշում են ընդունել Թուրքիային Եվրամիության կազմ ընդունելու անհնարինության վերաբերյալ։ Նույնիսկ անկախ նրանից, թե ինչ չափորոշիչների կհասնի Անկարան և խաղի ինչպիսի կանոնների է պատրաստ համաձայնել։ Թուրքիայի հետ կապված այս որոշմանը հարկադրված է համաձայնել նաև Մեծ Բրիտանիան, որը վերջին երկու-երեք տասնամյակներում բացահայտ սպեկուլյատիվ քաղաքականություն էր վարում այս հարցում։
Սկզբունքային նշանակություն ունի նաև այն, որ ԱՄՆ-ն այլևս շահագրգիռ չէ Թուրքիային Եվրամիության անդամ դարձնելու հարցում։ Միանգամայն հավանական է, որ ամերիկյան քաղաքական գործիչների և Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի միջև եղել են բանակցություններ և փոխըմբռնում Թուրքիայի հարցում, սակայն հազիվ թե ձեռք բերված լինի որևէ պայմանավորվածություն։ Այդ պատճառով ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան համաշխարհային քաղաքականության կտրուկ շրջադարձի պահին կարող են նորից ասպարեզ բերել Թուրքիային Եվրամիություն խցկելու գաղափարը, դրանով իսկ փորձելով ապակազմավորել եվրոպական քաղաքականությունը։ Հարկ է նշել, որ Թուրքիան շարունակում է ձգտել դեպի Եվրամիություն` տիրապետելով բազմաթիվ փաստարկների։ Թուրքիայի այդ քաղաքականությունը նպատակին հասնելու ձգտումից արդեն վերածվել է ճնշման և շորթման քաղաքականության` Եվրոպայից զանազան քաղաքական և տնտեսական շահաբաժիններ պոկելու նպատակով։ Թուրքիան տանում է իր խաղը, այդ թվում` էներգետիկ-կոմունիկացիոն ու տարածաշրջանային քաղաքականության ոլորտներում, ունենալով շատ լավ դիրքեր ու փաստարկներ։ Ֆրանսիային և Գերմանիային նույնպես փաստարկներ են անհրաժեշտ այդ քաղաքականությանն արձագանքելու և դիմագրավելու համար։ Ֆրանսիան, անկասկած, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, փորձում է շրջափակել Թուրքիայի միջազգային ջանքերը, թեպետ, իհարկե, չունենալով ԱՄՆ-ի հնարավորությունները։ Սակայն Ֆրանսիան չի կարող չօգտագործել այնպիսի լծակներ, ինչպիսիք են թուրք-սիրիական հարաբերությունները, քրդական հիմնախնդիրը, իրավիճակը Իրաքում և իրանա-թուրքական փոխհարաբերությունները։ Ընդ որում, կոնկրետ այս առումով Ֆրանսիան ունի հզոր դաշնակից` ի դեմս ԱՄՆ-ի։ Անկասկած է, որ ի դեմս Թուրքիայի կորցնելով հուսալի գործընկերոջը, ԱՄՆ-ը չի հակադրվելու Անկարայի նկատմամբ եվրոպացիների քաղաքականությանը։ Միանգամայն հավանական է, որ Թուրքիայի նկատմամբ արևմտյան ուժային կենտրոնների քաղաքականությունը դասավորվի այնպես, որ Թուրքիան այլևս Եվրամիության և ԱՄՆ-ի միջև խուսանավելու հնարավորություն չունենա և կանգնի իր վերաբերյալ կայացված որոշակի պայմանավորվածությունների փաստի առջև։ Չնայած ավելի անկախ արտաքին քաղաքականություն վարելու Թուրքիայի ձգտմանը, տնտեսության և անվտանգության առումով նրա կախվածությունը երկու արևմտյան ուժային կենտրոններից շատ շուտով կմեծանա։ Արևմուտքը միասնական է լինելու Թուրքիայի հետ կապված բոլոր խնդիրների առումով` ասպարեզ բերելով ոչ հրապարակային քաղաքականությանը վերաբերող ամենաանհավանական նախագծեր։
Երկարաժամկետ քաղաքական անորոշության այս պայմաններում Հայաստանի ու Հայկական հարցի նշանակությունը Ֆրանսիայի համար խիստ կարևոր է։ Ֆրանսիական քաղաքական գործիչները, քաղաքագետներն ու փորձագետները միանգամայն պարզ ու որոշակի ձևակերպում են Ֆրանսիայի հետաքրքրությունները Հայաստանի նկատմամբ, որոնք գործնականում բացառապես առնչվում են Թուրքիայի հետ կապված խնդիրներին։ Դա այնքան ակնհայտ է ու անթաքույց, որ եկել է ժամանակն իմաստավորելու Հայաստանի դիրքն ու նրա դերը Եվրոպայի համար բոլորովին այլ իմաստով։ Ֆրանսիան հետաքրքրված է Հայաստանով, որ բավական կարևոր և դժվար հաղթահարելի փաստարկ է Թուրքիայի հետ երկխոսության մեջ։ Սա շատ հարմար և արդյունավետ գործիք է։ Ֆրանսիան փորձում է Հայաստանի հետ հարաբերությունները կառուցել այնպես, որ ոչ միայն հնարավորություն լինի անդրադառնալու հայ-թուրքական պրոբլեմներին, այլև հմտորեն կառավարելու այդ պրոբլեմների ու հարցերի ողջ սպեկտրը։ Հարկ է նշել, որ մանիպուլյացիաների և քաղաքական մենեջմենտի համար հնարավորություններն այնքան էլ շատ չեն, և այստեղ ժամանակն է անցնելու ղարաբաղյան թեմային։
Թուրքիայի և ֆրանս-գերմանական տանդեմի ու առհասարակ ողջ Եվրոպայի միջև տեղի է ունենում ոչ թե մենախոսություն, այլ երկխոսություն։ Դրա համար անհրաժեշտ են երկխոսության թեմաներ, որոնք թույլ կտային ոչ միայն ապահովել բանակցությունների և ինտեգրացիայի գործընթացի իմիտացիա, այլև իրական քաղաքական առևտուր բազմաթիվ հարցերի շուրջ։ Օրինակ, ՆԱՏՕ-ի հետ կապված հարցերի, ռազմական մատակարարումների և այլնի վերաբերյալ։ Անհրաժեշտ են ոչ միայն փաստարկներ, այլև զիջումներ։ Ֆրանսիան ենթադրում է, որ ղարաբաղյան հարցում կատարելիք զիջումները միաժամանակ կնշանակեն զիջումներ Թուրքիային։ Այլ խնդիր է, թե ինքը` Թուրքիան, ինչպես է ընկալում «զիջումները» մի հարցում, որն իրեն միշտ էլ քիչ է հետաքրքրել։ Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Ղարաբաղի նման փոքր կարևորություն ունեցող հարցը Թուրքիայի առաջնահերթ ռազմավարական խնդիրների համեմատ։ Բայց քանի որ այլ բան չկա, ֆրանսիացիները կցանկանային Թուրքիային իրենց համար անվճար նվեր մատուցել։ Ֆրանսիացիները շատ լավ են ուսումնասիրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման «ռուսական նախագծի» փորձը, երբ Ռուսաստանը 2008-ի աշնանը փորձեց նույն ձևով և նույնպես հօգուտ Թուրքիայի առաջ մղել Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու գաղափարը։ Անշուշտ, նկատի ունենալով ոչ միայն Թուրքիայի շահերը, այլև ադրբեջանական գազը։ Ֆրանսիացիները շատ լավ գիտեն, թե ինչպես «ռուսական նախագիծը» տապալվեց, և հասկանում են այսպիսի նախաձեռնությունների խոցելիությունը։ Սակայն հնարավոր է, որ ֆրանսիացիների համար կարևոր է ոչ թե այդ նախագծի իրագործումը, այլ Թուրքիայի նկատմամբ իրենց լավ վերաբերմունքն արտահայտելու ցանկությունը։ Սա է քաղաքականությունը, և այդպիսի նախաձեռնությունները շատ արդյունավետ աշխատում են հատկապես Բոսֆորից արևելք ընկած տարածքում։
Մինսկի խմբում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի ներկայացուցիչները վերջին շրջանում իրենց պահում են այնպես, կարծես թե այդ կազմակերպությունը փոխել է իր «կանոնադրությունը», և այժմ, կարծես, երեք միջնորդ պետություններն իրենց դիրքորոշումներն արտահայտում են Մինսկի խմբի մյուս գործընկերներից առանձին։ Սա նոր երևույթ չէ, սակայն հետաքրքրություն է ներկայացնում հնարավոր հավակնությունների ու սպասումների ձևավորման ներկայիս փուլը։ Չափազանցություն կլիներ պնդել, թե Ռուսաստանը, կեղտոտ իրավիճակային խաղ ստեղծելու իր փորձերով, ճանապարհ է բացել մյուս երկու գործընկերների համար` ավելի նրբացնելու ղարաբաղյան թեմայով իրենց հնարավոր առաջարկությունները։ Այս իրավիճակը մի անգամ ևս ցույց է տալիս, որ Մինսկի խումբն արդեն վաղուց միջնորդական առաքելություն իրականացնող կառույց չէ, այլ հրապարակ կամ ակումբ` երեք ուժային կենտրոնների շփումների` տարածաշրջանային տարբեր խնդիրների լուծման համատեքստում։ Դա պարզ է արդեն բավական վաղուց, բայց բոլորին են ցանկալի այսպիսի ենթադրությունները։ Դեռ երկար ժամանակ խոշոր տերությունները մանիպուլյացիա են անելու ղարաբաղյան հիմնախնդրով` գործադրելով ամենաանարժան հնարքները։
Ինչպիսի՞ն է ելքը համանման իրավիճակներից։ Ելքեր որոնել պետք չէ, որովհետև դա շատ հիմար և բոլորովին էլ ոչ քաղաքական մոտեցում է։ Պետք է ունենալ սեփական պատկերացումներն ազգային շահերի ու ազգային անվտանգության վերաբերյալ և արտաքին քաղաքականության մեջ հանդես գալ այդ առաջնահերթություններից ելնելով։ Ընդամենն այսքանը։ Հայաստանի նկատմամբ իր աշնանային վերջին «հարձակումից» հետո Ռուսաստանը բավական արագ հասկացավ, թե ինչպիսի ճահճի մեջ են իրեն ներքաշում սեփական նախագահական աշխատակազմի ծառայամիտ ֆունկցիոներները։ Եվ շտապեց «քավել մեղքը», հույս ունենալով, որ մյուս գործընկերները, օրինակ, Ֆրանսիան, Հայաստանին կառաջարկեն ազգային աղետի նույն ծրագիրը` դրանով իսկ ցույց տալով Երևանին, թե Ռուսաստանն ամենավատ գործընկերը չէ։ Այդպես կվարվի և Ֆրանսիան, այստեղ կասկածել պետք չէ։ Բայց դրա համար անհրաժեշտ է ասել` ո՛չ, ինչպես դա տեղի ունեցավ մերձմոսկովյան ամառանոցում այն ծիծաղելի թղթի ստորագրումից առաջ, որն ամերիկացիները համարում են ռուսների մեծագույն հիմարության և անհիմն ինքնավստահության օրինակ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3077

Մեկնաբանություններ