38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Յակուտսկի հայերն ակտիվ մասնակցություն են ունենում եկեղեցական բոլոր տոներին

Յակուտսկի հայերն ակտիվ մասնակցություն են ունենում եկեղեցական բոլոր տոներին
02.07.2019 | 01:32

Ռուսական հեռավոր Յակուտսկ քաղաքում մի քանի հազար հայ է բնակվում։ ՈՒշագրավ է, որ այստեղ հայերը իրենց ուրույն դերն ունեն ամենատարբեր ոլորտներում։ Յակուտսկի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Սիոն քահանա Հայրապետյանը տեղեկացրեց, որը նախքան հայկական համայնքի ձևավորումը Յակուտիայի դասական երաժշտարվեստի և կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր է համարվում հայազգի զավակ Հրանտ Գրիգորյանը, որը Յակուտիա է տեղափոխվել 1953-ին, և որի ծննդյան 100-ամյակը այս տարի մեծ շուքով նշվեց տեղի կառավարության և հայ համայնքի աջակցությամբ։


Հայկական համայնքն այստեղ կազմավորվել է 1980-ական թվականներին, հիմնական նպատակն է եղել համախմբել բոլոր հայերին։
Տեր Սիոն քահանա Հայրապետյանի երեցկին Սոնա Մարտիրոսյանն էլ նշում է, որ այդ տարիներին եղել են կամավոր մայրիկներ, ովքեր կազմակերպել են հայոց լեզվի և հայոց պատմության դասեր։ Հայերի թիվը, ովքեր հիմնական բնակություն են հաստատել այստեղ, 4000-4500 մարդ է, սակայն սեզոնային աշխատանքների ժամանակ մեր հայրենակիցների թիվն անցնում է 8000-ը։
Հայերը Յակուտիայում հիմնականում զբաղվում են շինարարությամբ։ Ամենակարևոր և ցանկալի շինությունները վստահվում են հայերին։ Այս համայնքում էլ հայերը սերտորեն կապված են Հայաստանի հետ։


Յակուտիայում կա ընդամենը մեկ հայկական եկեղեցի՝ Յակուտսկի Սուրբ Կարապետ եկեղեցին, որն օծվել է 2014-ի սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ։ Այն աշխարհի ամենահյուսիսային հայկական եկեղեցին է։ Եկեղեցու բակում գործում է հոգևոր-մշակութային կենտրոն` հայոց լեզվի, հայոց պատմության, ժողովրդական պարերի, դհոլի և դուդուկի խմբակներով։ Դասերին մասնակցում են մեծ թվով երեխաներ։ Գործում է երիտասարդական միություն, որն էլ կազմակերպում է տարբեր միջոցառումներ։ Հայերը շատ ակտիվ մասնակցություն են ունենում եկեղեցական բոլոր տոներին և միջոցառումներին, ամեն կիրակի մեծ թվով մարդիկ են ներկա լինում պատարագին։
Հայկական համայնքի ներկայացուցիչների հարաբերությունները շատ լավ են տեղացիների հետ, համայնքը մշտապես հրավերներ է ստանում և սիրով մասնակցում բոլոր միջոցառումներին։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 51933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ