ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Լևոն Արոնյանի «Գրան պրին»

Լևոն Արոնյանի «Գրան պրին»
15.08.2008 | 00:00

Երեկ Սոչիում ավարտվեց շախմատի «Գրան պրիի» վեց մրցաշարերից երկրորդը, որի միանձնյա հաղթող դարձավ մեր շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Վերջին տուրում գեղեցիկ ոճով հաղթելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկին` Լևոնը 8,5 միավորով միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Ամբողջ մրցաշարում նա տոնեց հինգ հաղթանակ (բացի երեկվա հաղթանակից, նրան անձնատուր եղան նաև չեխ Դավիդ Նավարան, կատարցի Մոհամադ ալ Մոդիաքին, բուլղարացի Իվան Չեպարինովը և իսրայելցի Բորիս Գելֆանդը) և կրեց մեկ պարտություն` իր համար ավանդական անհարմար մրցակից ուկրաինացի Վասիլի Իվանչուկից:
Երկրորդ տեղում հանգրվանեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, որն Արոնյանից հետ մնաց կես միավորով: Երրորդ և չորրորդ տեղերը բաժանեցին ամերիկացի Գատա Կամսկին և չինացի Վան Յուն` 7,5-ական միավոր:
Նշենք, որ երկու տարվա ընթացքում պետք է անցկացվի «Գրան պրիի» վեց մրցաշար, և 21 մասնակիցները պարտադիր պետք է մասնակցեն դրանցից չորսին: Առաջին մրցաշարը կայացել է Բաքվում, որին, բնականաբար չի մասնակցել Լևոն Արոնյանը:
Յուրաքանչյուր մրցաշարից հետո մասնակիցները, ըստ զբաղեցրած տեղերի, ստանում են հաշվարկային միավորներ: Այս մրցաշարում Լևոն Արոնյանը վաստակեց 140 միավոր, գումարած` 40 բոնուսային: Ընդհանուր հաշվարկում հաղթողն իրավունք կստանա հանդիպելու աշխարհի գավաթակրի հետ, իսկ այդ մրցամարտի հաղթողը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը գործող չեմպիոնի հետ:
Լևոն Արոնյանին բաժին հասավ մրցաշարի 162 հազար եվրո մրցանակային հիմնադրամից 75 հազարը: Այս տարի նա այլևս չի մասնակցի «Գրան պրիի» մրցաշարերին, իսկ մյուս տարի կխաղա դրանցից երեքում:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ