ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ-1

ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ-1
25.02.2012 | 00:00

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ՊԱՌՎԱԲՈԶԸ
Առավոտն արևաշատ էր և ապրիլի համար բավականին տաք: Լեռների մեջ կորած շրջկենտրոնը դեռ վայելում էր կիրակին:
Հայկազունին, ինչպես միշտ, առավոտյան ժամը 8-ին արդեն ոտքով գնում էր ներքին գործերի բաժին, որից քիչ այն կողմ աշխատանքային իրարանցում էր: Շրջանային կոմիտեի կազմբաժնի վարիչ Սարգսյանը լույսը բացվելուն պես անցել էր իր աշխատանքային պարտականությունների կատարմանը: Կոմունալ ծառայության բանվորները, տնօրեն Ղարաքեշիշյանի, կուսակցության քարտուղար օրիորդ Սվետոզորովայի ու կոմունալի կոմերիտների քարտուղար ՈՒռուսբաբյանի հետ վերազարդարում էին Լենինի անվան փողոցը: Սրանց ջանքերով փողոցն արդեն անճաշակության ու անիմաստության կոթողի էր վերածվել, որի հեղինակը, իհարկե, Սվետոզորովա կոչվածն էր: Գաղափարական ճակատի այս անկոտրում մարտիկը ներկայի և ոչ հեռու անցյալի ամենքին քաջ հայտնի մատնիչ էր: Նրա գրած անստորագիր նամակները երբեք անհետևանք չէին մնում: Չունենալով շրջանում ո՛չ բարեկամ, ո՛չ հարազատ, նա իր ժամանակը մեծ ոգևորությամբ նվիրում էր անստորագիր նամակների ծննդաբերությանը: «Պերեստրոյկան» Սվետոզորովային նոր ավյուն ներարկեց: Վախենալով, որ իր անստորագիր նամակները կմնան անհետևանք, արդեն երկու տարի էր, ինչ շրջանի ամենահին կոմերիտուհին ստորագրում էր իր «ստեղծագործությունների» տակ:
Բանվորներին և մտավորականությանը ցուցումներ, իհարկե, Սվետոզորովան էր տալիս: Կազմբաժնի վարիչին ամեն ցուցումից հետո մնում էր նրա հետ համաձայնել, միայն թե գործը հնարավորինս շուտ ավարտեին:
Սարգսյանը խաշի էր հրավիրված: Ամեն ապրիլի երկրորդ կիրակին ընկերներով խաշի սեզոնի փակումն էին անում: Կազմբաժնի վարիչը չէր էլ կասկածում, որ այդ մասին գիտի նաև Սվետոզորովան, որ օրիորդն արդեն երրորդ տարին է, ինչ ներքուստ հրճվում է այն բանից, թե Սարգսյանն ինչպես է իրեն ստիպում հանգիստ զբաղվել անիմաստ պաստառներ ամրացնելով, մտովի գտնվելով սխտորի հոտով համեմված խաշի սեղանի շուրջը։
Երբ միլպետը մոտեցավ խաչմերուկին, կոմունալի բանվորներն արդեն չորրորդ անգամ էին փոխում պաստառի տեղը: Ամենաերկար լոզունգը զարդարելու էր Լենինի փողոցի 92 համարի երկհարկանի շենքի ճակատը:
Այս տունը հեղափոխությունից առաջ կառուցել էր մեծահարուստ Դեղագործյանը: Այն ժամանակ տան առաջին հարկում դեղատունն էր, իսկ երկրորդ հարկում բնակվում էր Դեղագործյանը՝ կնոջ ու չորս զավակների հետ: Նրա ազգանունը համապատասխանում էր մասնագիտությանը: Դեղագործյանն իր մասնագիտության շնորհիվ էր, որ հեղափոխությունից հետո չգնդակահարվեց: Երկիրը ծանրագույն վիճակում էր հայտնվել, ամենուր տարբեր դեղամիջոցների կարիք կար, և այս պարագայում ազատվելը Դեղագործյանից մեծագույն հիմարություն կլիներ: Հեղափոխությունը սեփականացրեց Դեղագործյանի անշարժ գույքը՝ դեղատները, նպարեղենի երկու խանութները, տան մեծ մասը՝ ոսկեղենով ու կահույքով, իսկ նրան և ընտանիքի անդամներին չգնդակահարեցին, նույնիսկ չարտաքսեցին: Դեղագործյանը, որպես շարքային դեղագործ, մնաց աշխատելու իր նախկին դեղատանը, որն այժմ պետությանն էր պատկանում, այսինքն` հանրային սեփականություն էր: Դեղատան երկրորդ հարկում նրան թողեցին երեք սենյակ, որոնցից դահլիճի պատուհանները նայում էին անվանափոխված Լենինի փողոցին, իսկ երկու ննջասենյակների պատուհանները` Սվերդլովի փողոցին ու բակի այգուն:
Դեղագործյանի ճակատագիրը կանխորոշվեց, երբ 1932 թվականին Ռենա և Վիկտոր Սվետոզորովները բնակարան ստացան նրա հարևանությամբ: Չնայած արդեն ոչ երիտասարդ տարիքին՝ Դեղագործյանն ամրակազմ ու հմայիչ տղամարդ էր: Նա հասկանում էր, որ նոր երիտասարդ հարևանուհին անտարբեր չէ իր նկատմամբ: Ռենան տարբեր, նույնիսկ անհեթեթ առիթներով պարբերաբար այցելում էր հարևաններին, միայն թե շփվի Դեղագործյանի հետ: Դեղագործյանը ոչ միայն անտարբեր էր Ռենայի նկատմամբ, այլև հոգու խորքում ատում էր նրան: Նա ատում էր Ռենայի նմաններին, որոնք իրենց տեր էին հռչակել և սանձարձակ էին պահում հատկապես «հին» կոչվածների նկատմամբ: Երկրի նոր տերերի համար միևնույնն էր՝ գիտնականնե՞ր էին այդ «հները», ուսուցիչնե՞ր, թե՞ նախկին գործարանատերեր: Ըստ հեղափոխականների` նրանք թշնամիներ էին, որոնցից ժամ առաջ ազատվելը կթեթևացներ երկրի վիճակը:
Դեղագործյանին երկար չհաջողվեց լուռ դիմադրել Ռենայի սիրահետումներին: Այդ չարաբաստիկ օրը Ռենան մտել էր Դեղագործյանի առանձնասենյակ և բացել փարթամ կրծքերը: Դեղագործյանը, բռնելով Ռենայի ձեռքից, նրան կիսամերկ դուրս էր շպրտել դեղատնից: Ռենան այս խայտառակությունը Դեղագործյանին չներեց, հատուցումը երկար չսպասեցրեց: Սվետոզորովան, դիվային բոցը աչքերի մեջ, լամպի լույսի տակ գրեց հերթական կեղծիք-մատնությունը:
Մեկ շաբաթ անց Դեղագործյաններն ընտանիքով աքսորվեցին շրջանից, որպես հայրենիքի դավաճաններ: Նրանց հետագա ճակատագրի վերաբերյալ իրարամերժ պատմություններ էին շրջում: Մարդիկ ահաբեկված պատմում էին, թե ինչպես են չեկիստները նրանց ընտանիքը շրջկենտրոնից հեռացնելուց հետո ամայի դաշտում գնդակահարել:
Շուտով Դեղագործյանների բնակարանը, բակի այգու հետ, անցավ Սվետոզորով ամուսիններին:
Հիսուն տարուց ավելի էր անցել այս դեպքերից, բայց մինչ օրս շրջանում մարդիկ Լենինի 92 հասցեն «Դեղագործյանի» տուն Էին ավանում, իսկ դեղատունը՝ Դեղագործյանի դեղատուն:
-Բարև ձեզ, ընկերնե՛ր, առանձնահատուկ բարևներ օրիորդ Սվետոզորովային,- ասաց միլպետը և այնպես ընդգծեց «օրիորդը», որ նույնիսկ ՈՒռուսբաբյանի նման բթամիտը հասկացավ «օրիորդի» իսկական նշանակությունը:
-Օրիորդ Սվետոզորովան որոշել է իր բնակարանի ճակատը զարդարել լոզունգո՞վ,- հարցրեց Հայկազունին առաջ շարժվելով:
Սվետոզորովայի լայն ժպիտը մերկացրեց նրա ծխախոտից ժանգոտած, ժանտահոտ, ցանցառ, ներս և դուրս ցցված ատամնաշարը:
Ի զարմանս ՈՒռուսբաբյանի, Սվետոզորովան նույնիսկ չնեղվեց: Մինչ ՈՒռուսբաբյանը մարսում էր հեգնանքը, միլպետը շարունակեց.
-Շրջանում միակ անվեհեր, ամենահավատարիմ մարտիկը Դուք եք, օրիորդ Սվետոզորովա՛, եթե մեր բարոյախոսությունը թույլ տար, ես կհամբուրեի Ձեր աջը:
Նորից միլպետը հատուկ շեշտադրեց «օրիորդը»: Սվետոզորովան ժպտում էր, միայն այս անգամ նրա թառամած, արևահար դեմքը լայն ժպիտի տակ ծամածռվեց:
-Այո, ինչպես միշտ, Դուք ճիշտ եք, ընկեր Հայկազունի՛: Իսկապես, ես օր ու գիշեր տքնում եմ մեր կուսակցության առաջադրանքները անթերի կատարելու համար, իսկ ոմանց աջը թող եկեղեցիներում և արևմուտքներում համբուրեն: Նման բարքերից մենք հեղափոխությունից հետո ազատվեցինք, այդ համբույրները խորթ են և հարիր չեն հատկապես մեզ՝ կոմունիստներիս:
Միլպետն անմիջապես հասկացավ, թե ինչ ակնարկեց Սվետոզորովան: Մեկ շաբաթ առաջ նրա կնքահայրությամբ Գեղարդի վանքում կնքել էին ընկերոջ անդրանիկին: Կնունքի ժամանակ նա համբուրել էր վանահոր աջը: Վանահայրը Հայկազունու հին բարեկամներից էր, և երեխայի կնունքն այնպես էին կազմակերպել, որ բացառվի ավելորդ վկաների ներկայությունը: Կնունքին շրջանից միայն իր վարորդ Ազատն էր ներկա եղել: Հավանաբար Ազատը կնունքի մասին պատմել էր իրենց տանը, և լուրը տարածվել էր շրջանում:
«Սա հաստատ կնունքի մասին եթե արդեն չի գրել, ապա այսօր անպայման կգրի: Դե, ինչ արած, էլի պատրաստվենք ստուգման, միևնույն է, վկա չեն գտնելու, հաստատ Ազատը էս պառվաբոզի վկան չի դառնա»,- մտածեց Հայկազունին՝ ավելացնելով.
-Ընկեր Սարգսյա՛ն, ես երկուշաբթի առաջնորդի 118-ամյակին նվիրված միջոցառումների կրկնօրինակը Ձեզ կուղարկեմ: Դե, մնաք բարյավ,- ասաց միլպետը՝ Ազատին ձեռքով նշան անելով:
Չնայած միլպետն առավոտները մշտապես ոտքով էր գնում աշխատանքի, վարորդը պարտաճանաչորեն մեքենայով նրան ուղեկցում էր:
Նստելով մեքենան՝ Հայկազունին դիմեց վարորդին.
-Ազատ, ինչպե՞ս են գործերդ:
-Շնորհակալություն, ընկեր պե՛տ, որ այսպես էլ մնա՝ գոհ եմ:
-Այ տղա, ի՞նչ ես պապիս նման տնքոցով խոսում, ինչո՞ւ այսպես չպետք է մնա: Չնայած, ինչ ասեմ, միգուցե ճիշտը դու ես: Շուտով սոցիալիզմից կանցնենք կոմունիզի, այնժամ էլ այսպես չի մնա: Ներքին գործերի բաժինը կլուծարեն, քանի որ կոմունիստական հասարակարգում այլևս հանցագործներ չեն լինի: Քեզնից կպահանջեն ըստ քո ունակությունների, և կօգտվես ցանկացած բարիքից՝ ըստ պահանջի:
-Ինչպե՞ս, ընկեր պե՛տ, ըստ պահանջի, - հարցրեց Ազատը:
-Հենց այդպես, ընկեր Ազա՛տ, ըստ պահանջի: Կմտնես Մուկուչի գաստրոնոմը և ինչ ուզես՝ կվերցնես։
-Էդ մեկը լինելու բան չի, ընկեր պե՛տ, ով առաջինը մտավ՝ էլ Մուկուչի խանութից բան չի թողնի, եթե, իհարկե, Մուկուչին չհաշվեմ, էլ ես ի՞նչ վերցնեմ։ Կես ժամում խանութը կթալանեն, ցանկացած ապրանքի, մթերքի համար մեկմեկու կոկորդ կկրծեն:
-Չէ, անիմաստ է քեզ հետ կոմունիզմի մասին խոսելը, գլուխդ բան չի մտնում։ Այն ժամանակ մարդիկ քեզ նման չեն մտածի, կվերցնեն այնքան, ինչքան հարկավոր է իրենց կարիքների համար, և ոչ մի գրամ ավելի: Հաստատ քեզնից կոմունիզմի շինարար դուրս չի գա: Սրանից հետո հետևելու եմ, որ բոլոր քաղաքական-դաստիարակչական պարապմունքներին մասնակցես, որպեսզի գիտակցական մակարդակդ բարձրացնես,- ասաց Հայկազունին՝ ինքն էլ իր խոսքերին չհավատալով:
-Կներեք, ընկեր պե՛տ, նոր տեսաք, չէ՞, չորս անգիտակից բանվոր աշխատում էր՝ լոզունգներ էր փակցնում, իսկ չորս գիտակիցները նրանց ներքևից խորհուրդներ էին տալիս: Սրանց հե՞տ ենք էդ կոմունիզմը կառուցելու: Կեսը քրտինք թափեն, որ հաջորդ կեսին՝ խորհուրդ տվողներին պահեն: Հավատացեք, եթե խորհրդատուները չլինեին, լոզունգները մեկ ժամում կպցրել ու մարդիկ տուն էին գնացել: Սրանց հետ ե՞նք էդ կոմունիզմը կառուցելու:
-Լավ, Ազա՛տ, կոմունիզմը քո խելքի բանը չէ: Դիմացդ նայիր:
-Ընկեր պե՛տ, տեսաք, չէ՞, ամենամեծ լոզունգն օրիորդն իր շենքի ճակատին էր փակցնում: Դուրս է գալիս, որ ինչքան մեծ է լոզունգդ, այնքան հավատարիմ ես կուսակցությանը:
Պետը ժպտում էր, նրան դուր էր գալիս Ազատի մտքերի ընթացքը: «Այ քեզ հասկացող,- մտածեց Հայկազունին,- տես ինչպես է ամեն ինչ դասավորում, և ամենակարևորն այն է, որ ճիշտ է տրամաբանում: Կոմունիստական հասարակարգ միգուցե կառուցվեր, եթե մարդ արարածը ստամոքս ու ամորձիներ չունենար»:
Բաժնի օպերատիվ հերթապահի կարճ զեկույցից հետո Հայկազունին բարձրացավ երկրորդ հարկի իր աշխատասենյակ:
(շարունակելի)

Դիտվել է՝ 23847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ