ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Սուբվենցիոն Չինաստան

Սուբվենցիոն Չինաստան
17.04.2024 | 12:47

(սկիզբը` այստեղ)

ՀՀ կառավարության կողմից համայնքներին տրամադրվող սուբվենցիաների գերակշիռ մասը տեխնոլոգիական իմաստով չունի բովանդակություն, որովհետև տնտեսական քաղաքականության այդ հանգույցը թողնված է տեղական ինքնակառավարման մարմիններում պինդ տեղավորված կլանային խմբերի չեղած գիտելիքի վրա։ Ակնհայտ է, որ տարածքների ադմինիստրատիվ բդեշխները չունեն սաղմնային գիտելիքներ, թե ինչ վիճակում է արդի սուբվենցիոն իրավիճակը զարգացած երկրներում, ինչպիսի կառուցվածք ունի այն և զարգացման ինչ տրենդ է գերակայում։

Որպեսզի ընթերցողին չձանձրացնենք սխալների,մբացթողումների և պարզունակ թալանի մասին հիշատակումով, ընդամենը քննարկենք սուբվենցիոն ծրագրերի կառուցվածքը Չինաստանի ժողովրդական Հանրապետությունում և առանձնացնենք էներգետիկ հենքով ծրագրերը։

Այսպես, չինական պետությունը ահռելի սուբսիդիաներ է տրամադրում էլեկտրաէներգիայի արտադրման մեքենաշինական բաղադրիչով ձեռնարկություններին, մասնավորապես արևային պանելների և քամու ուժով աշխատող սարքեր արտադրողներին։ Չափերը, ծավալները հսկայական են և կարելի է արձանագրել, որ եվրոպական, ասիական, աֆրիկյան տարածաշրջաններում չինական ծագմամբ նշված սարքավորումները շուկայից դուրս են մղել բոլորին։

Եվրոպական միության համապատասխան զեկույցներում այլևս արձանագրված է, որ շուկայի մոտ 97 տոկոսը կազմում են չինական սարքավորումները, որոնց մեկ միավորի արտադրության ինքնարժեքը համարժեք պետական սուբսիդիաների օգնությամբ, անհամեմատելի մանրածախ գին է առաջադրում սպառողներին և մեծածախ գնորդներին։

Արևային պանելների արտադրության վաճառքի շուկաներում չինական վաճառողները ձեռք են բերել գերմենաշնորհ վիճակ:

Ընդ որում, հաշվի առնելով եվրոպական կարգավորող լիազոր մարմինների խիստ պահանջները, այսօր արդեն չինական ապրանքը և՛ գնով, և՛ որակով, և՛ հուսալիության տեսանկյունից բացարձակ առաջատարն է։

Ինչու՞ ենք հիշել չինական արտահանման այս խիստ հաջողակ ճյուղը:

Որովհետև ՀՀ տարածքում արևի և քամու էներգիան օգտագործող հզորություններ հիմնելու համար մեր երկրի տարածքը գրեթե իդեալական է, հաշվի առնելով տարվա արևոտ օրերի տեսակարար կշիռը և քամիների քարտեզները։

Չինական սուբսիդիաների ծավալը, ուղղությունները, գրանցված հաջողությունները լրջորեն անհանգստացրել են եվրոպական միության ղեկավարներին, որոնք չինական կառավարությանը փորձում են ստիպել կրճատելու սուբվենցիաների ծավալները։

Ահա թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարել սուբվենցիաների մասով։

Ի՞նչ կտա այդ քաղաքականությունը մեր երկրում:

1. Երկրի տնտեսությանը կհաղորդի տեխնիկական, գիտական իմպուլս, իր հետևից տանելով տնտեսության հարակից այլ ճյուղերը։

2. Հնարավոր կդարձնի համայնքներում գիտելիքահեն լաբորատորիաների ստեղծումը:

3. Արտահանման աճի իրական հնարավորություններ կստեղծի:

4. Կապահովի համայնքներում ազատ աշխատուժի օգտագործումը:

5. Կապահովի համայնքների զարգացման մակարդակների համահարթեցնում:

6. Սահմանամերձ շրջաններում կարգելակի բնակչության ելքը:

7. Կապահովի արտարժութային հոսքեր, դրանով իսկ նպաստելով ՀՆԱ մակարդակի աճին:

Այս տեսանելի հեռանկարների փոխարեն ներկա իշխանությունները որդեգրել են տեղական անգրագետների հետ սուբվենցիան որպես քաղաքական լոյալության բլիթ դարձնելու հասկանալի նենգափոխումը։ Իրավիճակի իրապես հեղափոխական փոփոխության համար, որպես առաջին քայլ անհրաժեշտ է տարածքային կառավարման նախարարության կազմից դուրս հանել համապատասխան գործառույթները և հիմնել սուբվենցիոն հաբ, որին պետք է տալ լայն լիազորություններ:

(շարունակելի)

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Հ.Գ.

Այս երկու նախկին հեղափոխական պաշտոնյաների լուսանկարները տեղադրում եմ, որովհետև երկուսն էլ կորցրեցին բաղձալի պաշտոնը սուբվենցիոն սկանդալի, կամ չձգված կախիչի պատճառով։

Դիտվել է՝ 1726

Մեկնաբանություններ