ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Ջա՜ն, տույ-դույ, տույ-դույ, տույ-դույ

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Ջա՜ն, տույ-դույ, տույ-դույ, տույ-դույ
09.09.2013 | 13:08

Եվ այսպես, հարգելի բարեկամներ, հայոց մայրաքաղաքների թիվն ավելացավ ևս մեկով. մ.թ. 2013-ի օգոստոսի 7-ին, Լոռու մարզի Ախթալա համայնքում կազմակերպված ավանդական «Խորովածի տոնի» ժամանակ ամենայն հայոց խոհարար Սեդրակ Մամուլյանը հռչակեց. -Այս պատմական պահից` ժամը 13-ն անց 21 րոպե 15 վայրկյանից սկսած, Ախթալան համարվում է Խորովածի մայրաքաղա՜ք… Պատմական որոշումը բուռն ոգևորություն առաջացրեց ոչ միայն ախթալեցիների, այլև Հայաստանի և ի սփյուռս աշխարհի խորովածասեր հայերի շրջանում, ովքեր իրենց ժառանգական գեներում դեռևս կենսունակ են պահում արիական խորովածակերի ավյունը: Կարող է հարց առաջանալ` ինչո՞ւ հենց Ախթալան արժանացավ այդ մեծագույն պատվին: Պատասխանում ենք. դեռևս վաղնջական ժամանակներից, աբորիգեն արմենոիդներն այստեղ թալ մսին աղ անելով բաստուրմա են դրել և խորովել` պղնձաձուլական հնոցների կրակի վրա: Տեղացիների բարբառով աղ և թալա բառերը հնչել են ախթալա, որը և դարձել է խորովածի հնագույն օրրան բնակավայրի անվանումը: Եվ, որպեսզի որևէ երկիր, ցեղ կամ ազգ նկրտում չունենա պնդելու, թե խորովածն իր ազգային կերակուրն է եղել, մեր հնագետներն ու պատմաբանները նորաօծ մայրաքաղաքում կազմակերպած «Խորովածը և նրա անցած պատմական ուղին» թեմայով գիտական սիմպոզիումում անմիջապես հատարարեցին, որ իրենց պատմահնագիտական նոր հայտնագործությամբ աշխարհում առաջին խորոված պատրաստողը Հայկ Նահապետն է եղել, ով բռնակալ Բելի դեմ մղած ճակատամարտում ախոյանին նետահարել է իր լայնալիճ աղեղից արձակած խորովածի շամփուրով: Որպես իրեղեն ապացույց` ոստիկանների աչալուրջ հսկողությամբ ներս բերվեց և ի ցույց դրվեց այն շամփուրը, որը հայտնաբերվել էր պեղումների ժամանակ: Ինչպես հայտնի է` կրակը, մանավանդ մանղալի կրակը, առանց ծուխ չի լինում, և այդ ծխի հետքերով գնալով մեր գիտնականները պարզել են նաև, որ իջնելով Արարատից, Նոյը, գինի դարձած խաղողի հյութը խմելիս, որպես ակռատ` «զակուսկի» , խորոված է համտեսել և հենց ինքն է հնարել «Խորովածը շատ լավ բան է, առանց գինու անհամ բան է, ջան տույ-դույ, տույ-դույ» հայ ազգագրական երգը, որը հետագայում կատարել են նաև մեր գողթան-երգիչները: Ոգևորված այդ անհերքելի փաստերով, ախթալեցիներն իրենց մայրաքաղաքային առաջին իսկ հանրաքվեով որոշեցին այդ երգը դարձնել հայոց նոր մայրաքաղաքի օրհներգ: Ինչպես հայտնում են մեր իրազեկ աղբյուրները, Ախթալայում արդեն պատրաստ է քաղաքի նոր հատակագիծը, ըստ որի, մայրաքաղաքի գլխավոր` Շամփուր պողոտան, Դեբեդ գետի կամրջից ոլորաններով կձգվի սարն ի վեր, դեպի Ախթալայի այժմյան խորովածատեղին, որն այսուհետ կոչվելու է Մանղալի անվան հրապարակ: Այստեղ արդեն գցվում են «Չալաղաջ» և «Վետերոկ» հինգ աստղանի հոյակերտ հյուրանոցների և «Ուտուշ-Խմուշ» ռեստորանային համալիրի հիմքերը: Հետևելով ժողովրդավարական և մայրաքաղաքային սկզբունքներին, ոստիկանության վարչական շենքի մոտ հատուկ տարածք կառանձնացվի ցուցարար-ակտիվիստների և խորովածադուլ հայտարարողների համար: Համապատասխան տարածքներ են նախատեսված նաև սեռական այլևայլ կողմնորոշումներ ունեցողների և գենդերային ակտիվիստների խոսքի և գործունեության ազատ արտահայտման նպատակով: Նույն աղբյուրների հաղորդմամբ, այսօրվանից իրենց գործունեությունն սկսեցին մայրաքաղաքային քաղաքացիական նորաստեղծ կառույցները` մարզական հայրենասիրական «Երիտասարդ սուկիներ», բարեգործական`«Թիքա» , կանանց և աղջիկների` «Ո´չ եփել-թափելուն» հասարակական կազմակերպությունները: Ինչպես վայել է հայոց յուրաքանչյուր մայրաքաղաքի, ավագանու որոշմամբ, Ախթալայում ևս փողոցները կզարդարվեն կարմիր կետագծերով` ավտոմեքենաների քաղաքակիրթ կայանման համար: Արդեն սահմանվել է վճարների չափը` մեկ ժամվա կայանման համար` մեկ չալաղաջի, 10 ժամվա համար` մեկ շամփուրի, օրվա համար` մեկ մանղալի վրա պատրաստված խորովածի գնին համարժեք դրամ: Տեղեկացնենք նաև, որ Ախթալայի «Կարճամատ» լրատվական ծառայության հաղորդմամբ, այսօր Խորովածի մայրաքաղաք կժամանի Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը` ախթալեցիների առաջավոր փորձն ուսումնասիրելու և մոտ ապագայում Գավառ համայնքը Արաղի մայրաքաղաք հռչակելու նպատակով:

Դիտվել է՝ 4694

Մեկնաբանություններ