ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արգելափակվել են քաղաքական նկատառումներով

Արգելափակվել են  քաղաքական  նկատառումներով
25.10.2012 | 16:52

Չնայած բոլոր նորամուծություններին, հեռահաղորդակցության ոլորտում հասարակության լայն շրջանում հեռախոսազանգն է շարունակում մնալ որպես հասանելի հաղորդակցման միջոց: Ինչպե՞ս է իրականացվում Հայաստան-ԱՄԷ հեռախոսակապը: Շատ պարզ. ձեր ֆիքսված կամ բջջային հեռախոսահամարից զանգահարում եք ԱՄԷ-ի ձեզ անհրաժեշտ հեռախոսահամարին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄԷ-ում գործում է ֆիքսված և բջջային հեռախոսակապ. այնտեղ էլ կան հեռահաղորդակցման օպերատորներ: Եթե ուշադրությամբ հետևեք մեր հուշումներին, աչքի անցկացնելով հեռախոսահամարը, կհասկանաք, թե որ քաղաքի հեռախոսահամար է, որ օպերատորին է պատկանում. բջջայի՞ն է, թե՞ ֆիքսված: ԱՄԷ հեռախոսային կոդը 971 (00971) է: Այստեղ էլ յուրաքանչյուր քաղաք, ինչպես ընդունված է աշխարհում, ունի իր կոդը. Աբու Դաբի` 2, Ալ Էին` 3, Դուբայ` 4, Աջման, Դհայդ, Ֆալլաջ Ալ Մոալա, Էմ Ալ Խայմա, Շարժա` 6, Դիբբա` 9, Խավանիջ` 48, Ավեիր` 58, Ֆուջայրա` 70, Ռաս Ալ Խայմա` 77, Թարիֆ` 88: Վերջինս վերաբերում է ֆիքսված հեռախոսահամարներին (+971 2 ……. 7-նիշանոց համարը): Ի տարբերություն հայաստանյան երեք բջջային օպերատորների, այստեղ գործում է երկու բջջային օպերատոր` «ԷԹԻՍԱԼԵԹ» (Ազգային հեռահաղորդակցման կազմակերպություն) և «ԴՈՒ» (Էմիրություններում ինտեգրված հեռահաղորդակցման ընկերություն), որոնք նաև իրականացնում են ֆիքսված հեռախոսակապ: «ԷԹԻՍԱԼԵԹ»-ն ունի բջջային ցանցի երկու կոդ` 050 և 056, իսկ «ԴՈՒ»-ն ունի բջջային ցանցի մեկ կոդ` 055 (+97150(56)……. և +97155……. 7-նիշանոց համարը): 1976 թ. հիմնադրվելուց հետո երկար տարիներ «ԷԹԻՍԱԼԵԹԸ» միակ հեռահաղորդակցման օպերատորն էր: Եթե նույնիսկ իր գործունեության ընթացքում ուներ թերացումներ, բաժանորդները ներողամտաբար էին վերաբերվում: Պատկերը փոխվեց 2006-ից հետո, երբ շուկա մտավ երկրորդ օպերատորը` «ԴՈՒ»-ն: Մրցակցությանը դիմանալու համար «ԷԹԻՍԱԼԵԹ»-ը կատարելագործեց իր ծառայությունները, բարձրացրեց սպասարկման որակը, առաջարկեց ֆիքսված և բջջային հեռախոսակապի մատչելի փաթեթներ: Սպասարկման որակը բարձր մակարդակի վրա պահելու համար նույնիսկ հիմնադրեց «Էթիսալեթ ակադեմիան», որը հեռահաղորդակցման ոլորտի մասնագետների վերապատրաստում է իրականացնում: Ընկերության պաշտոնական տվյալներով` ամեն օր ավելի քան 1500 սովորող է մասնակցում այդ դասընթացներին: Նրանք ընկերության` տարբեր երկրներում գործող ներկայացուցչությունների աշխատակիցներ են: «ԷԹԻՍԱԼԵԹ»-ը Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածքում խոշորագույն հեռահաղորդակցման օպերատորն է (օպերատոր է 18 երկրում, սպասարկում է ավելի քան 140 մլն բաժանորդի), որի գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում: Իր գործունեության կարճ ժամանակահատվածում «ԴՈՒ»-ն ևս մեծ հաջողության է հասել: Այսօր ունի ավելի քան 5 միլիոն բաժանորդ (գրասենյակը գտնվում է Դուբայում): Ստեղծված մրցակցային պայմաններում, բնականաբար, շահեցին բաժանորդները: Չորս օպերատորների առկայությամբ նույնպիսի մրցակցություն է նաև Հայաստանում: Առիթն օգտագործելով պարզենք, թե, օրինակ, արտերկիր, իսկ ավելի կոնկրետ` ԱՄԷ զանգահարելու համար ինչ են առաջարկում հայաստանյան օպերատորները: «ԲԻԼԱՅՆ»-ի ֆիքսված և բջջային կապի միջոցով զանգահարելու դեպքում րոպեն 07:00-23:00-ին 280 դրամ է, 23:00-07:00-ին` 245 դրամ: Իսկ ռոումինգ ծառայությունն անհամեմատ թանկ է. մուտքային զանգերի 1 րոպեի արժեքը 400 դրամ է: Նույն գինն է առաջարկում «ՎիվաՍել ՄՏՍ»-ը: Իսկ «ՕՐԱՆԺ Արմենիա»-ի միջոցով կարող եք զանգահարել 1 րոպեն 90 դրամով: Ռոումինգ ծառայության մուտքային զանգերն արժեն 800 դրամ: «ՅՈՒՔՈՄ»-ն էլ առաջարկում է զանգ ֆիքսված թվային հեռախոսահամարից 1 րոպեն 79 դրամով: Բայց յուրաքանչյուր օպերատոր առաջարկում է նաև ցածր սակագներով արտերկիր զանգահարելու այլ ծառայություններ: Օրինակ, «ԲԻԼԱՅՆ»-ն առաջարկում է «Հայերի աշխարհ», «ՎիվաՍել ՄՏՍ»-ը` «եռազանգ» ծառայությունը: Միայն փորձելուց հետո կընտրեք սպասարկման որակով և սակագներով ձեզ հարմար օպերատոր արտերկիր զանգահարելու համար: Ի դեպ, երբ մեկնում էի ԱՄԷ, «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում ուղևորներին առաջարկում էին ԱՄԷ-ի բջջային հեռախոսահամար: Թեև սա հետաքրքրեց ինձ, բայց հեռախոսահամար ձեռք բերեցի տեղ հասնելուն պես: «ԴՈՒ» օպերատորի բաժանորդ եմ: Աբու Դաբիում ինձ համար զարմանալի էր, որ բնակարաններում գրեթե ֆիքսված հեռախոս չկա. նախապատվությունը տալիս են բջջային կապին: Իսկ եթե ցանկություն կա ունենալու ֆիքսված հեռախոսակապ, ուրեմն պետք է բաժանորդագրվելու համար հեռահաղորդակցման օպերատորին դիմի բազմաբնակարան շենքի կամ առանձնատան սեփականատերը, ոչ թե բնակիչը: Միացումն արագ է իրականացվում: Դիմումը կամ անձամբ է ներկայացվում օպերատորի գրասենյակ, կամ ուղարկվում է պաշտոնական կայքի միջոցով: Հաստատվելուց հետո մեկ օրվա ընթացքում հեռախոսահամարը սկսում է գործել: Բաժանորդագրվելու համար օպերատորների գնացուցակը տարբեր է: Օրինակ «ԷԹԻՍԱԼԵԹ»-ի» բաժանորդ դառնալու համար պետք է վճարել170-180 դիրհամ (18800-19800 դրամ): Ցանցի ներքաղաքային զանգերը գրեթե անվճար են, իսկ միջազգային զանգերը` բավական թանկ: Բաժանորդների գրավելու համար օպերատորն առաջարկում է արտերկրյա զանգերի մատչելի փաթեթներ: «ԴՈՒ»-ն այս առումով չի զիջում մրցակից ընկերությանը. նա էլ առաջարկում է «Տնային հեռախոսի վերալիցքավորում» ծառայությունը: Պարբերաբար առաջարկները նորացվում են, կատարելագործվում և հնարավորինս գայթակղիչ դառնում: Սրան էլ գումարվում է գովազդը, և արդյունքն ակնհայտ է: Նրանց գործունեությունը վերահսկում է ԱՄԷ-ի «Հեռահաղորդակցությունը կարգավորող մարմինը», որը ձևավորվել է 2003-ի թիվ 3 օրենքի համաձայն: Այստեղ տեղին է անդրադառնալ ընդհանրապես այս մարմնի գործունեությանը և խնդիրներին: Այն «ԷԹԻՍԱԼԵԹ»-ից և «ԴՈՒ»-ից պահանջում է վերահսկել ինտերնետային կայքերը, հեռուստաալիքները, հեռախոսակապը: Այն կայքերը, որոնք չեն համապատասխանում երկրի մշակութային, ազգային, կրոնական, բարոյական, քաղաքական հայացքներին, արգելափակվում են: Երկրի տարածքում կոմերցիոն պատճառներով արգելափակվել է Skype-ը (վերաբացվել է 2010-ին), «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանը` մասնակիորեն, սոցիալական կայքերից` hi5-ը, Friendster-ը, Yahoo!-ն։ Քաղաքական նկատառումնեով արգելափակվել է .il (Իսրայել) դոմենը: 2007 թ. նույն վերահսկողության արդյունքում արգելափակվել են պակիստանյան արբանյակային լրատվական ալիքներից երկուսը, որոնք հեռարձակվում էին «Ստեղծենք ազատություն» նշանաբանով: Այս դիպվածն աղմկահարույց էր, որից հետո «Հեռահաղորդակցությունը կարգավորող մարմինն» ավելի ուժեղացրեց վերահսկողությունը: Վերջերս կառույցի անունը հաճախ է շրջանառվում մամուլում: ԱՄԷ-ի մի քանի լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, իբր ՀԿՄ-ն պատրաստվում է 2015 թվականին շուկա բերելու նոր օպերատոր: Սակայն պաշտոնական հաղորդագրությամբ` կառույցի փոխտնօրեն Մաջիդ Ալ Մեսմարը հերքեց այս լուրը` նշելով, որ գործող երկու օպերատորները լիարժեքորեն բավարարում են հասարակության պահանջները: Նա նաև նշեց, որ ապագայում հեռահաղորդակցման օպերատորների առաջարկած սակագները կայուն կմնան, թանկացումներ չեն լինի: Օպերատորները չեն հիասթափեցնի բաժանորդներին: Նա իր խոսքում շեշտեց. «Կայունությունը պահպանելով` օպերատորներն ավելի մեծ եկամուտներ կունենան»:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր սեփական թղթակից

Դիտվել է՝ 5442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ