ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ծառ տնկե՞լն է հեշտ, թե՞ ունեցածը պահպանելը»

«Ծառ տնկե՞լն է հեշտ,  թե՞ ունեցածը պահպանելը»
05.10.2012 | 12:05

Գյուղում եմ: Այն գյուղում, որտեղ անցել են իմ մանկությունն ու պատանեկությունը: Առաջին բարև-ողջագուրանքներից քիչ հետո իմ մանկության ձորում եմ, նրա միջով հոսող գետակի ափին, ուր շատ տարիներ առաջ լողանում էինք մեր իմացած աչքից հեռու տաք ծանծաղուտներում: Ժայռերը նույնն են, սակայն գետը բարակած է, հատակում համարյա ջուր չկա: Չկան ափի ուռենիները, որոնց ստվերում հավաքվում կամ մագլցում էինք ճյուղերն ի վեր: Սրտնեղած բարձրանում եմ դեպի սարալանջի աղբյուրը, որի ջուրը ժամանակին սառն էր, փոքր-ինչ թթվաշ, բայց ծարավ հագեցնող: Աղբյուրը չկա, տեղում տիղմ է, ցեխ, իսկ կողքատեղերին աճած խոտը` անասունների կողմից կոխկրտված:
Աղբյուրից վերև անտառն է, որի բացատներում եղած ծառերից շատերը տնկվել են մեր մանկական ձեռքերով: Բայց այն իր նախկին տեղից նահանջել-հեռացել է` բարձրանալով ավելի վերև: Բացատներում հատուկենտ, ծուռումուռ նիհար ծառերի, խանձված մասրենիների ու հատված ծառաբների արանքում, ամառային հանգստի սիրահարների կամ, ավելի ճիշտ, «խորովածասերների» թողած աղբակույտերի կողքին, կոտրված շշեր են, ծխախոտի մնացորդներ: Անտառի սիզամարգերը, որոնք իմ մանկության տարիներին զմրուխտ կանաչ էին, ծաղկավետ, այժմ լերկ են ու խանձված: Վիրավոր, թալանված բնությունը կարծես խռոված ու սպասողաբար նայում է ինձ:
Օրեր անց, երբ այցելեցի Արագածոտնի Մռավյան և Լոռվա Ջիլիզա գյուղեր, նույն վիճակն էր տիրում մանկուց ինձ ծանոթ անտառատարածքներում:
Երբվանի՞ց են նշված տարածքներն ավերվել, կիսաանապատացել: Այս հարցի պատասխանը փորձեցի պարզել տեղի բնակիչներից, գյուղի ղեկավարներից և անտառապահներից: Նրանց ասելով, 1992 թվականից, երբ քայքայված ջերմամատակարարումից հետո բարձրացան էներգակիրների սակագները, սնանկացած բնակչությունն աստիճանաբար դիմեց էժան ու անվճար բնական պաշարների, այդ թվում` անտառանյութի օգտագործմանը: Նշված տարիներից է սկսվել հատկապես ընկուզենու, կաղնու, հաճարենու և հացենու ծառերի զանգվածաբար հատման-ոչնչացման և աստիճանաբար բիզնեսի աղբյուրի վերածման գործընթացը:
Ըստ վիճակագրական տվյալների, արդյունաբերական փայտանյութի արտահանումը արտասահմանյան երկրներ տարեկան կազմում է օրինական արտահանման ծավալի 15 տոկոսը: Այն նշված երկրներում օգտագործվում է կոնյակի, գինու տակառների, մանրահատակի, կահույքի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների ներքին երեսպատման վահանակների պատրաստման համար: Այս պարագայում առաջին հերթին օգտագործվում է հատկապես ընկուզենու թանկարժեք փայտանյութը: Հատելուց հետո առանձնահատուկ բարբարոսությամբ, այլ նպատակներով օգտագործելու համար, հանվում են նույնիսկ վերջինիս հողում մնացած փայտանյութն ու արմատները: Այդ է պատճառը նաև, որ հայկական ընկուզենու գենոֆոնդը հայտնվել է ոչնչացման վտանգի առջև:
Իրավիճակը սրվում է նրանով, որ անտառահատումը (լինի կանոնավոր, թե անկանոն) իրականացվում է փայտանյութի կտրման-տեղափոխման մատչելիությունից ելնելով: Այդ եղանակով վերջին տասը տարում ոչնչացվել, վերացել են բնակավայրերին հարող (Արմավիր, Վանաձոր, Շիրակ, Սևան, «Երևան-Սևան» մայրուղի) արհեստական անտառապաշտպան գոտիները:
«Պաշտոնապես թույլատրված է հատել տարեկան 60-70 հազար խմ փայտանյութ: Սակայն, ըստ փորձագետների ուսումնասիրության, ՀՀ-ում փայտանյութի հատումը կազմում է տարեկան ավելի քան 1 մլն խմ»,- նշված է «ՀՀ անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրում»:
Անտառավեր գործողություններին զուգահեռ վերջին 12 տարում ակտիվացել են նաև հրդեհները, որոնց պատճառով Հայաստանում հրո ճարակ է դարձել 2700 հա անտառ: Նշված հրդեհների կեսից ավելին բռնկել է վերջին 3 տարում: Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` 2010 թվականին այրվել է 810 հա անտառ, 2011 թվականին` 470 հա, 2012 թ. առաջին կիսամյակում` 188 հա: Անտառային հրդեհների մեծ մասը մարդկային գործոնի (չհնձած խոտատարածքը հաջորդ տարում ավելի բարեբեր դարձնելու ակնկալիքով հրդեհելու) հետևանք է: Մյուս պատճառը հիմնականում բնակչության անզգուշությունն է:
Անտառավեր գործողությունների մնացած «բացը» լրացնում են վնասատուներն ու հիվանդությունները: Ներկայումս Գորիսի տարածաշրջանի 16 հազար 450 հա անտառներից 1500 հեկտարը վարակվել է «տերևակեր ոսկետուտով», սակայն անտառի վնասատուների դեմ անհրաժեշտ ավիացիոն պայքար չի իրականացվել` ֆինանսների սղության պատճառով: Ոսկետուտի դեմ գյուղացիները պայքարում են սեփական ուժերով` մեխանիկական սրսկման աշխատանքներ իրականացնելով հատկապես վարակի առանձին թեժ օջախներում: Ոսկետուտն իր սև գործն անելուց հետո ներկայումս հարսնյակավորման` ձվադրման ու բազմացման շրջանում է: Եվ եթե զանգվածային պայքար չիրականացվի, ապա եկող աշնանն ու առավելապես գարնանը ավելի մեծ օջախներով նրանք կհարձակվեն ծառերի տերևների ու ընձյուղների վրա: Ոսկետուտից հիմնականում տուժել են Գորիսի անտառտնտեսության կաղնիները: Եկող տարի կառավարությունը խոստացել է իրականացնել ավիացիոն քիմիական պայքար: Եթե դա չարվի, անտառին հասցված վնասը կեռապատկվի-կքառապատկվի:
Չնայած վնասատուների դեմ քիմիական նյութերի օգտագործումը բնապահպանները համարում են ոչ արդյունավետ, բայց այլընտրանքային կենսաբանական միջոցներ ոչ միայն չեն կիրառվում, այլև պետական ծրագրերով էլ չեն նախատեսվում: Անտառի կրճատվել-նահանջելուն նպաստում է նաև անասունների արածեցումը, որի պատճառով աստիճանաբար մերկանում են անտառաբացատները` ստեղծելով էրոզիայի և հողատարման երևույթներ: Դրանք վերջին հինգ տարում զգալի վնաս են հասցրել Վանաձորի, Գորիսի, Իջևանի, Նոյեմբերյանի և Մարտունու անտառտնտեսություններին հարող բնակավայրերին:
Ըստ ծրագրի մասնագետների, Հայաստանի ամբողջ տարածքի 80 տոկոսն աստիճանաբար անապատանում է, և հիմնական գործոնը մարդու կողմից բնական անտառների անխնա շահագործումն է, բնակավայրերին հարող անտառատարածքների ոչնչացումը, որի հետևանքով հողի խոնավությունը նվազում է 20-40 տոկոսով, բույսերի բերքատվությունը` 19-22, իսկ դրանց հետ կապված անասնապահության մթերատվությունը` 30-35 տոկոսով:
Ըստ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր ԱՇՈՏ ԽՈՅԵՑՅԱՆԻ, Հայաստանում նման տեմպով «օգտագործման» կամ բնօգտագործման դեպքում առաջիկա 10-12 տարում անտառները լրիվ կոչնչանան և հիմնովին կկորցնեն ինքնավերականգնման ունակությունը: Իսկ դա նշանակում է, որ պետք է տնկվեն նոր անտառներ: Ինքներս մեզ հարցնենք` ծառ տնկե՞լն է հեշտ և սպասելը, որ մատղաշ տունկը հաստաբուն ծառ դառնա, թե՞ ունեցածը պահպանելը:
Ըստ գիտնականի, մ.թ.ա. առաջին հազարամյակում ներկայիս 9 տոկոսի փոխարեն անտառածածկ է եղել պատմական Հայաստանի շուրջ 40 տոկոսը, այդ են վկայում մինչև օրս պահպանված անտառների ցաքուցրիվ մնացորդները, ինչպես նաև Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի և այլ պատմիչների վկայությունները: Դրան զուգահեռ, 5-րդ դարից սկսած շարունակաբար տնկվել են սոսու, կաղնու, ընկուզենու արհեստական անտառներ Այրարատյան գավառում, Արտաշատում, Դվինում: Նորատունկ անտառները կենդանիներով և գազաններով լցնելուց հետո շրջափակվել են պարիսպներով: Այսօրվա Հայաստանի անտառատարածքներում, որոնք 300 հազար հեկտարից էլ պակաս են, այլևս չկան կամ «Կարմիր գրքում» են գրանցվել բեզոարյան այծը, լուսանը, հայկական մուֆլոնը, ասիական հովազը, կովկասյան գորշ արջը, ընձառյուծը:
Ըստ անտառագետների, Հայաստանի անտառների պահպանությունն ու պաշտպանությունը ուժեղացնելու, հատված անտառատարածքները վերականգնելու նպատակով անհրաժեշտ է կատարել անտառային ֆոնդի պետհաշվառման, անտառային մոնիթորինգի կազմակերպման, անտառների պահպանության ծառայությունը նյութատեխնիկական բազայի ժամանակակից միջոցներով համալրելու և վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացման օջախներում պայքարի աշխատանքներ: Միաժամանակ պետք է ստեղծել սերմնային և տնկարանային տնտեսություններ, որտեղ առաջնահերթորեն աճեցվեն անհետացող և արժեքավոր ծառատեսակներ, իսկ հատված անտառատարածքներում, անտառաբույսերի հիմնադրումից բացի, կիրառել նաև դրա բնական վերաճին նպաստող միջոցառումներ: Գերխնդիր է նաև երկու գերատեսչություններում (ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարություններ) գործող` անտառների կառավարման, բնօգտագործման և վերահսկողական կառույցների, ինչպես նաև ապօրինի հատումների կանխման աշխատանքներին աջակցող միջգերատեսչական խորհրդի ուժեղացումը: Անտառների պահպանության գործում կարևոր են նաև հասարակության յուրաքանչյուր անդամի դերն ու պատասխանատվությունը ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների առջև: Բնությունը բարի է, առատաձեռն, սակայն նա չի ներում իր նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 19289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ