ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Պատրա՞ստ ենք ապրել ու արարել արագ փոփոխվող աշխարհում

Պատրա՞ստ ենք ապրել ու արարել արագ փոփոխվող աշխարհում
22.09.2009 | 00:00

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը սեպտեմբերի 19-ից 21-ը նախաձեռնել էր հերթական համաժողովը` իրավաբանների համահայկական առաջին հանդիպումը: Թեման` «Հայ իրավական միտքը և 21-րդ դարի մարտահրավերները»: Համաժողովի ծրագիրը խիտ էր ու հագեցած, ինչպես լինում է շատ լավ եփված, համով սուրճը, որի փոքրիկ գավաթից չես ուզում հեռանալ: Կառավարության նիստերի դահլիճում եռօրյա համաժողովի հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին 170 հայ իրավաբաններ աշխարհի տարբեր երկրներից: Համաժողովին ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` համարելով իրավաբանների առաջին հանդիպումը հեռանկարային ծրագրի խոստումնալից սկիզբ, որը ներառում է իրավաբանների համահայկական ընկերակցության ստեղծում, Հայաստանի որդեգրած իրավական պետության կառուցում, իրավունքի գերակայության ապահովում, մարդու` որպես բարձրագույն արժեքի ճանաչում: Համաժողովին անձամբ ներկա էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրան մտահոգում էր` մենք պատրա՞ստ ենք ապրել ու արարել արագ փոփոխվող աշխարհում. «Ի վիճակի՞ ենք բացահայտել այն իրավական նորմերը, որոնք խոչընդոտում են մեր բնականոն զարգացմանը և կերտել այնպիսի նոր նորմեր, որոնք ապահովելու են հայկական պետության զարգացումը` համահունչ 21-րդ դարի զարգացումների հետ»: Նրա գնահատմամբ` «Ժամանակակից աշխարհը միայն պետությունների մրցակցության աշխարհ չէ, այլ նաև քաղաքակրթությունների մրցակցության աշխարհ, և հայկական քաղաքակրթության բացահայտման, նրա զարգացման միտումները պետք է դառնան ոչ միայն փիլիսոփաների, այլև իրավաբանների քննարկման առարկա: Հանրապետության նախագահը հանդես է եկել համարձակ նախաձեռնություններով` լուծելու ազգի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը` հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը: Անհրաժեշտ են և՛ քաղաքական կամք, և՛ իմաստնություն, և՛ համախմբում: Տիգրան Սարգսյանն արդիական համարեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրների իրավական ձևակերպումները:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հուզական ու համոզիչ խոսքը հավաստում էր, որ համաժողովն ունի և պատմական, և՛ քաղաքական, և՛ բարոյական, և իրավական, և՛ ազգային մեծ նշանակություն: Նախարարը համաժողովի մասնակիցներին հիշեցնում էր հնագույն շումերական արձանագրությունները, որտեղ Հայաստանը հիշատակվել է որպես «սրբազան ծեսերի երկիր», որ շումերերենից ժամանակակից հայերեն թարգմանած` նշանակում է օրենքների երկիր: Տիկին Հակոբյանն արձանագրում էր, որ հայ իրավական միտքը սփռվել է հայկական ճակատագրի աշխարհագրությամբ, և բոլոր գաղթօջախներում կան անվանի իրավաբաններ: Հայաստանն արդեն 8 տարի Եվրախորհրդի անդամ լինելով` պարտավորվել է իր օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, ոչ միայն մարդուն հռչակել բարձրագույն արժեք, այլև հարգել ու պաշտպանել նրա արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները, ամրապնդել ու զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, ձևավորել քաղաքացիական հասարակություն ու սահմանադրական պետություն: Այդ խնդիրների լուծման նպատակով նախարարն ակնկալում է հայրենակիցների աջակցությունը, որ ապրելով այլ քաղաքակրթություն ունեցող հասարակություններում, կարող են իրենց գիտելիքները, փորձն ու կարողությունը նպատակաուղղել հայրենիքի զարգացմանն ու իրավական համակարգի կատարելագործմանը:
Համաժողովի ընդմիջմանը «Իրավունը de facto»-ն հարցեր ուղղեց մասնակիցներին
։
ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
(ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ)
-Ձեր կարծիքով` ո՞րն է համաժողովի պրակտիկ նշանակությունը:
-Համաժողովը դիտում եմ որպես պրոֆեսիոնալ երկխոսություն սկսելու հնարավորություն: Նախկինում էլ քայլեր արվել են, տարբեր երկրներում կան միություններ, Ֆրանսիայում տարիներ առաջ հրավիրվեց ֆրանսիական երկրների հայ իրավաբանների համաժողով, որին ես մասնակցել եմ որպես հիմնական բանախոս:
-Մենք ի՞նչ ենք ակնկալում այս կարգի հավաքներից:
-Աշխարհի գլոբալացման արդյունքում մասնագիտական լսարանների ձևավորումը դառնում է կենսական անհրաժեշտություն: Ես միշտ դեմ եմ այն հարցին, թե այսօր հավաքվեցին, վաղն ի՞նչ է լինելու. դա հերթական միաբջիջ մտածողության դրսևորում է, որովհետև երբեք կախարդական փայտիկով իրական կյանքում հարցեր չեն լուծվում: Հարցերը լուծվում են տարիների ընթացքում` համառ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ: Այս քայլը կազմակերպված աշխատանքներ ծավալելու հնարավորության ստեղծում է: Մեր պրոբլեմը միշտ եղել է այն, որ ոչ թե օտար լեզուներով իրար չենք հասկացել, այլ հայերենով: Հիմա ասում ենք` եկեք ստեղծենք համատեղ լսարան, ձևավորենք օրակարգ և փորձենք մասնագիտորեն քննարկել, զգացմունքայինը, քաղաքականը մի կողմ թողնելով` իրավական հարթության մեջ փորձենք այդ հարցերը քննարկել ու լուծումներ առաջադրել:
-Ի՞նչ հարցեր կան հայ իրավական օրակարգում:
-Օրակարգը ձևավորելու առաջնահերթությունները շատ են: Երբ ասում ենք` «հայ ազգային տարածք», «հայ ինքնության միասնականություն», վերացական խոսքեր չեն, պետք է նյութականանան, որը որոշակի գործողությունների և որոշակի աշխատանքների հետևանք կարող է լինել:
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան)
-Նման համաժողովների կազմակերպումն օգտակա՞ր եք համարում:
-Օգտակարության աստիճանը մեզնից է կախված, գործնական շատ ուղղություններով կարող է օգուտ տալ` թե՛ իրավամտածողության, թե՛ իրավական մշակույթի, թե՛ կոնկրետ այսօրվա խնդիրների, Արցախի կամ որևէ այլ, համայն հայության համար կարևոր հարցերում իրավագիտական մտքի միավորման առումով: Եթե կարողանանք, բացի ցուցադրական կողմից, ապահովել նաև գործնականը, հաջողություն կունենանք: Այսքան իրավաբաններ միասին` արդեն հաջողության գրավական է:
-Հայաստանի իրավական օրակարգում ի՞նչ խնդիրներ կան, որ այսքան իրավաբանների համատեղ լուծման կարիքն ունեն:
-Խնդիրն օրակարգը չէ, պետք էր կազմակերպական մի կառույցում բոլորին միավորել, որ նման ձեռնարկները հետագայում կիրառական նշանակություն ունենան:
-Չե՞ք կարծում, որ ցեղասպանության ճանաչման իրավական մեխանիզմների որոնման հարցերում սփյուռքի իրավաբանների ներուժը կարող է օգտակար լինել:
-Ոչ միայն 1915-ի ցեղասպանության, այլև արցախյան խնդրի, Սումգայիթի ցեղասպանության... Ընդհանրապես, ինչո՞ւ միայն անցյալի, մեր նորագույն պատմության հարցերը ևս իրավական մշակման կարիք ունեն, որպեսզի հանրությանը կարողանանք ներկայացնել: Օրինակ, ես գիտեմ, որ ֆրանսահայ իրավաբանների միությունը Ջավախք փաստաբաններ է ուղարկում, շատ բազմաշերտ է կիրառական դաշտը: Սփյուռքը չի կարող Հայաստանի Հանրապետությանն արտաքին քաղաքականություն թելադրել, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը չի կարող հաշվի չառնել սփյուռքի առկայությունը. սրանք օրգանապես կապված խնդիրներ են, պարզապես շեշտադրումները պետք է ճիշտ լինեն:
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ (ՀՀ սփյուռքի նախարար)
-Այսքան մարդ ինչո՞ւ եք գործից կտրել-բերել Հայաստան:
-Ես կարծում եմ, որ «հայկական աշխարհ» գաղափարն իրականություն է դառնում, մենք փորձում ենք աշխարհի տարբեր ծայրերում սփռված մասնագետներին կապել միմյանց հետ, ստեղծել մի միջավայր, որտեղ հայերը համատեղ ուժերով միասնական որոշում կայացնեն, առաջարկություններ անեն, քննարկումներ: Նման համաժողովներն ավելի շատ ճանաչողական են և սկիզբ հայտարարելուն են կոչված, մենք ընդամենը սկսում ենք հայ իրավաբանների համախմբումը և հայ ազգային խնդիրների շուրջ նրանց տեսակետների, կարծիքների ճշգրտումը: Կարծում ենք, որ հետագայում համահայկական ընկերակցություն ստեղծելով` տարբեր մասնագիտացումներով իրավաբանների համախմբելով, կկարողանանք նրանց առաջադրել թե՛ Հայաստանում, թ՛ե սփյուռքում եղած խնդիրներն ու ստանալ նրանց մասնագիտական եզրակացությունը, որը կօգնի պետականության ամրացմանը և դրսում հարցերի լուծմանը: Օրինակ` գլխավոր հարցերից մեկը. հայ ժողովուրդն աշխարհի տարբեր երկրներում համարվում է ազգային փոքրամասնություն, իսկ ազգային փոքրամասնության իրավունքներն ու ազատությունները հաճախ ոտնահարվում են, ուրիշ ո՞վ, եթե ոչ հայ իրավական միտքը պետք է ուսումնասիրի միջազգային բոլոր կոնվենցիաները, և խորհրդատվություն մատուցի մեր հայրենակիցներին:
ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆ (ՀՀ արդարադատության նախարար)
-Ո՞րն եք համարում նման խորհրդաժողովների օգտակար գործողության գործակիցը:
-Սա առաջինն է, կարծում եմ` հաջորդները կլինեն անհամեմատ ավելի նպատակասլաց, կազմակերպված, այս խորհրդաժողովն ընդամենն աշխատանքներն սկսելու հնարավորություն է տալիս, համագործակցելու և միմյանց ծանոթանալու: Դու չես կարող կազմակերպական լուրջ խնդիրներ լուծել, քանի դեռ մարդուն չես ճանաչում, ծանոթ չես նրա հակումներին ու հնարավորություններին: Պատահական չէ, որ առաջադրված թեմաները մի համակարգի մեջ չեն տեղավորվում` դատախազը խոսում է իր կոնկրետ խնդիրներից, միջազգային իրավական ոլորտի մասնագետն` իր, մյուսները` իրենց...
-ՈՒմ ինչը ցավո՞ւմ է:
-Այս պահին` այո, բնականաբար, հաջորդ խորհրդաժողովներն արդեն նման ընթացակարգով չեն լինի, կընտրվի թեմա, որը հավասարապես հոգեհարազատ կլինի բոլորին, այդ դեպքում մենք կկարողանանք նաև մի հարցի վրա կենտրոնացնել բոլորի մտավոր ընդունակությունները և հրավիրել այն իրավաբաններին, որոնք այդ ոլորտում շատ ավելի արդյունավետ կարող են աշխատել:
-Ձեր կարծիքով` Հայաստանի իրավական օրակարգում ի՞նչ խնդիրներ կան:
-Այդ խնդիրները երկու մասի պետք է բաժանել, խնդիրներ, որ բնորոշ չեն միայն Հայաստանին, մարտահրավերներ, որ արդիական նշանակություն ունեն ցանկացած երկրի համար, այդ թվում` զարգացած: Մենք պիտի առանձնացնենք այն խնդիրները, որոնք ինքներս կկարողանանք լուծել` նաև ազգային մենթալիտետով պայմանավորված, որովհետև նույն խնդիրները եթե փորձենք լուծել Ֆրանսիայում կամ Մեծ Բրիտանիայում, գուցե չունենան նույն արդյունավետությունը: Երբ դա անում ես Հայաստանում և ճիշտ ես ընտրում լուծման շրջանակը, արդյունավետությունը ավելի նկատելի է լինում:
ԱԼՎԻՆԱ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ (Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ)
-Ինչպե՞ս եք գնահատում նման խորհրդաժողովի կազմակերպման փաստը, և ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ նման խորհրդաժողովից:
-Հրաշալի գաղափար է` միավորել, հավաքել բոլորին մի տեղ և մտքերի փոխանակման հնարավորություն ընձեռել: Իհարկե, սա առաջինն է, և որոշակի լուծումներ, առաջարկներ, արդյունքներ սպասելն այս պահին դժվար է: Կարծում եմ` կբարձրացնենք այն խնդիրները, որոնք հուզում են և՛ հայաստանյան իրավաբաններին, և՛ սփյուռքի մեր գործընկերներին, այնուհետև կնախանշվեն այն կոնկրետ թեմաները, որոնց շուրջ կարելի է ավելի հաճախ հանդիպել: Այդպիսիք կարող են լինել այն խնդիրները, որոնք առկա են մեր ժողովրդի կյանքում և որոշակի իրավական հիմնավորումների կարիք ունեն: Այդպիսի հիմնավորումների համար այս ներուժն օգտագործելը, իհարկե, հրաշալի կլինի, որովհետև ցանկացած հարց, որ մենք փորձում ենք բարձրացնել միջազգային ատյաններում, պետք է միջազգային իրավունքի տեսանկյունից խիստ հիմնավորված լինի, պետք է կարողանանք մեր իրավացիությունն ապացուցել մնացած աշխարհին, ուստի ցանկալի է սփյուռքի իրավաբաններին ներգրավել համայն աշխարհից։ Սա իմ ամենամեծ ակնկալիքն է, և հույս ունեմ, որ անպայման իրականություն կդառնա:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Համահայկական ցանկացած միջոցառում, հարկավ, իմաստավորված է արդեն իսկ «համա»-ի առկայությամբ: Մի կողմ թողնելով բովանդակային ու նպատակային խիստ կարևոր խնդիրները, ուզում եմ անդրադառնալ զուտ տեխնիկական, առաջին հայացքից միայն երկրորդական, բայց իրականում մակարդակ ու որակ ցուցահանող խնդրի: Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի աշխատանքային առաջին օրը կառավարության նիստերի դահլիճում էր` աշխատանքային բավականին տանելի պայմաններում: Ենթադրվում էր, որ խիտ ու հագեցած ծրագրով հնչող ելույթները պիտի ունենան նաև իրենց տեխնիկական ապահովումը: Սոսկ ենթադրվում էր, որովհետև իրար հաջորդող ելույթները միայն լսողական հիշողության փաստ էին մնում: Միջազգային մակարդակով կազմակերպվող ցանկացած գիտաժողով ունենում է ընդամենը մեկ սեղան, որի վրա գիտաժողովում ընդունված աշխատանքային լեզուներով արդեն իսկ տեղադրված են լինում գոնե հիմնական ելույթները, որոնց, ըստ հաջորդականության, ավելացվում են նոր ելույթների պատճենահանված տարբերակները: Մեկ-երկու, առավելագույնը երեք աշխատակից զբաղվում է այդ խնդրով, որը միայն լրագրողների համար չէ, այլ ավելի շատ գիտաժողովի մասնակիցների, որոնք ուղղակի ի վիճակի չեն այդ խտությամբ ու այդ արագությամբ ընկալելու և յուրացնելու իրենց մատուցված ծավալուն տեղեկությունը: Այսինքն, համաժողովի հաջողությունը, աշխատանքների շարունակականության հնարավորությունը կախված են մատուցվող նյութի հասանելիությունից: Իրավաբանների համահայկական առաջին համաժողովում ներկայացված ոչ մի ելույթ իբրև գրավոր փաստ հասանելի չէր որևէ տարբերակով` ո՛չ պատճենահանված, ո՛չ էլեկտրոնային տարբերակով որևէ կայքում: Հնչեց ու ցնդեց: Հայաստանի սփյուռքի նախարարությունը, որ ամենաակտիվ աշխատող նախարարություններից է, այդ հարցը կարող է լուծել առանց ինտելեկտուալ ու նյութական մեծ ջանքերի, պարզապես աշխատանքի ճիշտ կազմակերպմամբ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1762

Մեկնաբանություններ