ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Նորմալ էլիտան նորմալ պետականության անհրաժեշտ բաղկացուցիչն է

Նորմալ էլիտան նորմալ պետականության անհրաժեշտ բաղկացուցիչն է
02.10.2023 | 06:57

Չգիտես ինչու, մեզ մոտ ամեն ինչ գլխիվայր է շրջված։

Նորմալ հասարակությունն ու պետականությունը ունենում են մրցունակ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, կրթական համակարգ, գիտություն, մշակույթ և դրանց սպասարկող էլիտա։

Համեմատաբար ավելի լավ պայմաններում գտնվող երկրներից ու ժողովուրդներից ոմանք էլ այնքան բախտավոր են լինում, որ ունենում են նաև դեպի կյանքի հարատևումը միտված գաղափարախոսություն։

Այսպիսով, նորմալ էլիտան նորմալ պետականության անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է, իսկ եթե պետականությունը նահանջ է ապրում, ապա դրա հիմնական պատճառը կարող է լինել սխալ կամ շատ թույլ էլիտան։

Սկզբնապես, մեր անկախության հենց սկզբից, խորհրդային մյուս նորանկախ հանրապետությունների նման՝ ամեն ինչում մերժելով նախկին էլիտային, մենք այս իմաստով հայտնվեցինք շատ ծանր վիճակում, քանի որ իսկական էլիտայի խիստ պատասխանատու ֆունկցիան, ըստ էության, իր վրա վերցնող չկար։

Որոշ փորձարկումներից ու թրեյնինգից հետո իշխանության եկած մարդկանց խումբը սկսեց իրենց ծանոթներով ու ծանոթների ծանոթներով կամաց-կամաց ձևավորել էլիտա՝ պրակտիկորեն առանց պրոֆեսիոնալիզմի կարևորագույն գործոնը հաշվի առնելու։

Դրա պատճառով և՛ պետական ապարատը, և՛ էլիտան, իրենց գործի մասին մակերեսային պատկերացումներ ունենալով, ուզած-չուզած նպատակային գործունեությունը փոխարինեցին դրա իմիտացիայով։

Բնականաբար, այդ ամենի արդյունքում ունեցանք ոչ թե նորմալ պետություն, այլ պարզապես պետականության իմիտացիա՝ այստեղից բխող բոլոր տխուր հետևանքներով։

Այդ ամենի արդյունքում մենք ռեկորդային կարճ ժամկետում կործանեցինք ամեն ինչ և ոչ վաղ անցյալում զարգացած արդյունաբերության ու նորմալ գյուղատնտեսություն ունեցող երկիրը հայտնվեց փակուղու առաջ։

Դրա պատճառով մարդկային նորմալ կյանքը փոխարինվեց գոյությունը մի կերպ քարշ տալու պրակտիկայով, և նույնիսկ դա հիմնավորվեց համապատասխան փսևդոգաղափարախոսությամբ, յանի արդյունաբերությունն ու գիտությունը ում են պետք, և այլն։

Աստիճանաբար նման կյանքը մեզնում համարվեց նորմալ, և դրանով տառացիորեն խաչ քաշվեց մեր և մեր պետականության ապագայի վրա։

Մյուս կողմից էլ նույնանման փսեվդոգաղափարախոսություն մշակվեց նաև սփյուռքի հետ հարաբերությունների հարցում, որը վերջնական խաչ քաշեց մեր զարգանալու ու հզորանալու հույսերի վրա։

Պակասն էլ լրացրին արտագաղթը, պետական ունեցվածքի թալանն ու կորուպցիան, որոնք էլ ժառանգաբար ու տարբեր վարիացիաներով փոխանցվեցին հաջորդներին։

Եվ պետական կյանքի իմիտացիան ուղեկցվում էր նոր սովորած այնպիսի բառերով, ինչպիսին է, ասենք, «գիտականահենք»ը և այլ դժվար արտասանվող բառեր։

Իսկ մեր ամենահաղթ էլիտան, որի դեմը խաղ չկար, սկզբնական շրջանի որոշ գաղափարական կասկածներից ու երերումներից հետո գտավ անձնական շահի ու պետական շահի կոմպրոմիսային նոր լուծումներ՝ կշեռքի նժարը թեքելով դեպի էգոիզմի ու անձնական շահի կողմը։

Եվ այդ բեռով էլ, մեր աջափսանդալային էլիտայի առաջնորդությամբ, գնում ենք դեպի անորոշություններով լի ապագան։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4169

Մեկնաբանություններ