ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Լաչինի բացման գինը, Սարսանգի փրկագինը, արցախահայի տառապագինը

Լաչինի բացման գինը, Սարսանգի փրկագինը, արցախահայի տառապագինը
10.05.2023 | 22:05

150-րդ օրն է, ինչ Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ:

150-րդ օրն է, ինչ Ռուսաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությամբ (չի բացառվում նաև Հայաստանի/լավագույն դեպքում՝ լուռ համաձայնությամբ) փակ է Բերձորի միջանցքը։

Հումանիտար աղետն օրեցօր ահագնանում է:

Ինչպես գիտենք, Վոլկովը գնաց, Լենցովը եկավ, բայց դեռ ոչ մի դրական տեղաշարժ տեղի չունեցավ:

Ռուս խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար Լենցովի՝ Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ անցկացրած քննարկումներն արդյունք չտվեցին:

Գեներալ գնդապետին չհաջողվեց պայմանավորվածության հասնել՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի պայմանների վերականգնման շուրջ:

Լենցովը Բաքվից վերադարձավ դատարկաձեռն:

Իսկ դա հուսահատության, կրկին հիասթափության ու անվստահության առիթ է հատկապես արցախահայերի համար, որոնք հստակ գործողություններ էին ակնկալում:

Քանի որ նա ձեռնունայն է վերադարձել Բաքվից, ապա դժվար չէ ենթադրել, որ հետագայում նրան, առհասարակ, ոչինչ չի ստացվի անել:

«Մերժվածին» (անկախ նրա ուսադիրներից ու պրոֆեսիոնալիզմից) այլևս չեն ընդառաջում,

անգամ լուրջ չեն վերաբերվում:

Ու սա կապ չունի վերջինիս անձնական ու մասնագիտական բարձր որակների հետ:

Ուզում է անձամբ Շոյգուն գա ու բանակցի, միևնույն է, եթե Պուտինի մտքին չկա առայժմ բացել տալ միջանցքը, այն դեռ փակ կմնա:

Հետևաբար, քանի դեռ ՌԴ-ն «լավ չի պահանջել» Բաքվից բացել Բերձորի միջանցքը, ապա Լենցովն այս հարցում անզոր է:

Լավագույն դեպքում դեպի Արցախ՝ դեղորայքի ու պարենի մատակարարման ապահովումն է լինելու, որը վերագրվելու է նրան՝ գնահատվելով որպես լուրջ ձեռքբերում:

Առայմ դրա ականատեսն ենք:

Ականատեսն ենք նաև ժամ առ ժամ սրացող հումանիտար աղետի:

Ստացվում է՝ ադրբեջանցի «էկոակտիվիստների» «բնապահպանական պայքարի» արդյունքում ընդհակառակը՝ կատաստրոֆիկ բնապահպանական աղետ տեղի ունեցավ.

Սարսանգի ջրամբարը գրեթե ամբողջովին ցամաքեց:

Դա և Հայաստանից Արցախ էլեկտրահաղորդման միակ գծի անջատումը Ադրբեջանի նպատակներից մեկն էր:

Արդյունքում՝ ոռոգման ջրի բացակայությունը (էներգամատակարարման բացակայության հետևանքով) և դրանից բխող սովը՝ հանդիսանում են էթնիկ զտումների գործիքները, որոնք Ադրբեջանը փորձում և նրա մոտ ստացվում է իրականացնել Արցախում։

Պատկերը միանշանակ տխուր է:

Հակված եմ կարծելու, որ եթե չի բացվում Բերձորի միջանցքը, չի էլ վերականգնվելու Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը:

Հետևաբար, Սարսանգի ջրամբարն էլ անժամկետ մնում է չորացած:

Այս և Լաչինի միջանցքի «դրամատուրգիայի» պատճառահետևանքները կարող ենք դիտարկել բազմաթիվ հավանական սցենարների համատեքստում:

Բազմիցս եմ բարձրաձայնել ռուսական (ըստ իս՝ ամենահավանական) սցենարի մասին, համաձայն որի, ՌԴ-ն 5 րոպեում կարող է բացել տալ Լաչինի փակ միջանցքը, այդկերպ նաև վերացնել հումանիտար ճգնաժամը:

Սակայն, իրադարձությունների ու զարգացումների ընթացքը և դրանց շարակցական կապը թույլ է տալիս ենթադրելու, որ նրան դա առայժմ պետք չէ:

Նախ, օրեցօր խորացող ճգնաժամը Ռուսաստանի համար գերազանց ալիբի է ու ձեռքում խաղաթուղթ, որ խաղաղապահ առաքելության ժամկետի ավարտին ունենա հիմնավոր ապացույց, որ դեռևս հակամարտությունը հանգուցալուծված չէ, արցախահայության հանդեպ գոյաբանական ու էթնիկ զտման վտանգները չեն վերացել, թշնամանքը, ատելությունը, դիսոնանսն ու անտագոնիզմը պահպանվում են, հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում նրանց առաքելությունը երկարաձգել ևս 5 տարով:

Ինչպես որ հստակ դրույթով նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:

Դրան նպաստում է նաև արցախահայության՝ ռուսական կոնտինգենտի Արցախում մնալու աներկբա ցանկությունը, քանզի տվյալ իրավիճակում, լավ թե վատ, միակ անվտանգության երաշխավորը նրանք են:

Ռուսաստանը գիտի, որ անկախ ստեղծված ծանր վիճակից արցախահայությունը սովի չի մատնվի:

ՈՒստի ժամանակավոր թողնում է վիճակը այնպես, ինչպես կա (իհարկե ժողովրդին ապահովելով առաջին անհրաժեշտության միջոցներով) մինչև որ Ադրբեջանն առաջինը պահանջի Արցախից դուրս բերել խաղաղապահներին:

Գաղտնիք չէ նաև այն, որ Ռուսաստանի՝ տարածաշրջանում մնալու հարցը կախված է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի առկայությունից:

Հակամարտության բացակայության պարագայում, նա այլևս տարածաշրջանում անելիք չունի:

Նա ոչ միայն «սնվում է» այս կոնֆլիկտից, այլ նաև պահպանում է իր միջնորդային ու «ասիչ» դերակատարությունը, մոդեռատորությունը, կողմերի վրա ազդեցությունն ու հեգեմոնիզմը:

Իսկ այս պահին Ռուսաստանը դեռևս լոյալ կմնա:

Եվ հետո, նա այնտեղ սպասարկում ու պաշտպանում է իր սեփական շահերը:

Այդ իսկ պատճառով էլ գեթ մեկ անգամ չի հակադրվել և չի դիմադրել ադրբեջանական ամենաթողությանը:

Ավելին՝ անկախ թե՛ մեր և թե՛ Ադրբեջանի ցանկությունից, խնդրանքից, հորդորից կամ ստիպելուց, միևնույն է՝ ՌԴ-ն տարածաշրջանից գնացողը չէ:

Ոչ էլ իր դիրքերն է զիջելու Թուրքիային:

Լավագույն դեպքում Թուրքիային թույլ կտա տարածաշրջանային որոշ խնդիրներ լուծել համատեղ։

Իսկ դա էլ կանի՝ Արևմուտքի տարածաշրջան որևէ կերպ մուտք չգործելու համար:

Չի բացառվում, որ Ռուսաստանն այսկերպ նաև փորձության է ենթարկում Ադրբեջանին, միաժամանակ պատժում Հայաստանին:

Գուցե, շուտով պատժի Ադրբեջանին ու սկսի սիրաշահել Հայաստանին:

Ընդհուպ՝ զինի Հայաստանին ու պատրաստի նոր պատերազմի:

Եվ այսպես շարունակ:

Ինչևէ, պատճառները բազմաթիվ են ու բազմապիսի, առաջարկներն ու հարցի լուծումներն էլ՝ տարատեսակ, շատ դեպքերում՝ «խայտաբղետ»:

Հիմնական խոսույթը.

- ՌԴ-ն եթե չի հանում Ադրբեջանի անցակետը, ուրեմն ժամ առաջ պետք է լքի Արցախը, ՀՀ-ն պետք է լքի ՀԱՊԿ-ը, խզի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները, իսկ Գյումրիի ռուսական ռազմաբազան հեռացվի Հայաստանից:

- Մեր փրկությունը Ֆրանսիան է, ԱՄՆ-ը կամ հավաքական Եվրոպան:

- «Նախկիններին» հետ բերեք - հանկարծ նորից չբերեք:

- Ներկաներին թողեք աշխատեն - թողել ենք, թող աշխատեն - մի օր ավելի չթողեք աշխատեն և այլն:

Այս վայրիվերումների մեջ Փաշինյանն էլ հաստատում է, որ Արևմուտքից անվտանգային երաշխիքներ չկան և որ ԱՄՆ-ին չի հետաքրքրում Լաչինի միջանցքը:

Դե իսկ Պուտինը Մոսկվայից ինչ երաշխիքներով հետ կճանապարհի վարչապետին՝ պարզ կլինի մի քանի օրից:

Իսկ մենք քանի դեռ այս դատողությամբ ենք պատկերացնում հարցերի լուծումը, սայլը տեղից չի շարժվելու:

Սեփական ռազմական պոտենցիալը ավելացնելու, այն հզորացնելու, պաշտպանական ու անվտանգային համակարգը վերականգնելու փոխարեն, ազգովի քաղտեխնոլոգներ դարձած, «վանգայություն» ենք անում, թուրքին ենք «թաղում», ադրբեջանցուն՝ անիծում, մեզ էլ՝ գովերգում:

Իսկ Ադրբեջանը հաստատուն քայլերով ու հստակ պլանավորած ծրագրերով շարժվում է առաջ:

Նա չի հրաժարվել ծավալապաշտական նկրտումներից, պատերազմն էլ նրա համար ավարտված չէ:

Այս ամենը տեսնելիս, ակամա, ինքդ քեզ հարց ես տալիս.

ՈՒ՞ր ես ռացիոնալ հասարակություն,

ամբոխը քեզ «կերե՞լ» է, սպառե՞լ, քնա՞ծ ես, թե՞ դու երբեք էլ չես եղել:

Գիտակից հա՛յ, օր առաջ զինվել է պետք:

Էլ ինչպե՞ս ասեմ, որ պարտադրված պատերազմի կողմ ենք լինելու:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4911

Մեկնաբանություններ