ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Հայաստան 2050»

«Հայաստան 2050»
21.03.2023 | 21:39

2018 թվականին՝ սահուն իշխանահանձնման գործարքից հետո, նոր կառավարչական թիմը որոշեց իրենց տիրապետության տակ ստեղծել մի գաղափարական հիմք, որի մեջ ամփոփված կլինեին անվտանգային, պաշտպանական, արտաքին քաղաքականության, սոցիալական, տնտեսական, իրավական, նույնիսկ սպորտային թիրախային նպատակներ։ Ոչ պրոֆեսիոնալ, դիլետանտ, գյուղական երազախաբության լավագույն ավանդույթներով ստեղծվեց մի ծրագիր, որի անունը դրվեց «Հայաստան 2050»: Ծրագրի մեջ կային իսկապես բացառիկ տխմարություններ, որոնցից մի քանիսը հիշենք համառոտ:

1.Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել աշխարհի կամ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ քառյակի մրցանակակիր:

2. Ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն և մինչև 2050 թվականը այն դարձնել աշխարհի տասը լավագույն ծառայություններից մեկը:

3. Հանրապետության բնակչության թիվը ներկա 2.5 մլն մարդուց հասցնել հինգ միլիոն մարդու:

Վստահ եմ, որ նման փնթի, չհիմնավորված, իրականության հետ կապ չունեցող ծրագիրը կազմել էին առնվազն երկու նպատակով, որպեսզի գիտակից, խելացի, մասնագիտական տրամաբանություն ունեցող անձանց ներքաշեին հիմար, անիմաստ հակաճառության, իսկ անգրագետ մարդկանց ուղեղում ներդնեին հիացմունքի, կռապաշտության, ակնածանքի, անհատի պաշտամունքի բաղադրիչներ՝ ի փառս նոր իշխանության առաջին դեմքի և յուր ընտանիքի։

Երկրորդ կետը բավականին խոր վերլուծության կարիք ունի, քանի որ հստակ նշվել էր ինչ-որ կոնկրետ թվական, սահմանագիծ, որին հասնելու համար ՀՀ նոր ղեկավարը պետք է առնվազն երեսուն տարի անընդհատ հաղթեր համապետական բոլոր հերթական և արտահերթ ընտրություններում ու մնար իշխանության ղեկին։ Փաստացի՝ առանց ավելորդ ձևականության մարդկանց հրամցնում էին մեկ կուսակցության, մեկ անձի երեսուն տարի իշխանության մնալու կրքոտ ցանկությունը և դրա սահմանադրական հնարավորությունը։ Դրան իհարկե նպաստելու էր այն հանգամանքը, որ նոր Սահմանադրության մեջ Սերժ Սարգսյանի սահմանադրագետ Հրայր Թովմասյանի ձեռքով ներառվել էր մի նորմ, ըստ որի այլևս չկան սահմանափակումներ նույն անձի կողմից երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնելու քանակի հետ կապված: «Հայաստանը իմ տունն է, ժողովուրդն իմ օջախն է» վիճելի անձնատիրական լոզունգով ապրող ՀՀ ղեկավարը իշխանատենչության մասին սահմանադրական նոր իրողության մասին չէր խոսում, դրա համար էլ որոշ չկայացած գրաճանաչներին հանձնարարեցին երկնել վեց հնգամյակի մասին տխմար ծրագիրը, որը յուրօրինակ անոնս և հայտ էր երեսուն տարի երկրի բարձրագույն պաշտոնը ունենալու հավակնության մասին։ Դե, մի կողմից էլ չի կարելի մեղադրել մարդկանց. մարդն իր տեսակով ձգտում է հարմարավետության, կենցաղային կոմունիզմի, մշտական ուշադրության, գեղեցիկ, թանկարժեք հագուստների, զրահապատ ավտոմեքենաների, ընտանիքի բարեկեցության, հրամայողի դիրքի, ճամփորդությունների, և ներկա նյութապաշտ իրականության մեջ դա չի ընկալվում որպես արտառոց հակում: Բայց եթե այդ ամենի տակ դրվում է սահմանադրական սահմանափակումների բացակայություն, ապա դա ստանում է չարագուշակ բնույթ։ Իսկ ու՞ր է տանում այդ ճանապարհը. Միայն՝ Աֆրիկա։ Մի զարմացեք, այո, միայն Աֆրիկայում է հնարավոր սահմանադրությունների վերձևակերպման, փոփոխությունների արդյունքում յուրացնել երկրի բարձրագույն պաշտոնը երեսուն և ավելի տարի ժամկետով։ Որպեսզի ավելի պարզորոշ լինի մեր պնդումը,ստորև ներկայացնում եմ աֆրիկյան մի շարք իշխանավորների կառավարման տևողությունը։

1. Թեոդորո Նգեմա (Հասարակածային Գվինեա)՝ 43 տարի

2. Պոլ Բիիյա (Կամերուն)՝ 38 տարի

3. Դեննի Նգես (Կոնգո)՝ 38 տարի

4. Իովերի Մուսսավենի(ՈՒգանդա)՝ 35 տարի

5. Մսավաթի Երրորդ (Սվազիլենդ)՝ 35 տարի

6. Իդրիս Դենի (Չադ)՝ 31 տարի

Նման առաջնորդների ցուցակը կարելի է շարունակել անվերջ, բայց դա Աֆրիկան է՝ աշխարհի ամենահետամնաց անկյունը, որտեղ տիրակալները ժողովրդին հավատացրել են, որ իրենք են միակ փրկիչը, և իրենց տիրապետությունն է միակ երջանկաբերը։ Որպես վերջաբան ցանկանում եմ արձանագրել երկու իրողություն.

1. Հայաստանը Աֆրիկա չէ,

2. ՀՀ սահմանադրության մեջ անհրաժեշտ է փոփոխություն, ըստ որի, կարգելվի մեկ անձի կողմից երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը, և կսահմանվի անփոփոխ իմունիտետով նորմ պաշտոնավարման ժամկետների ու քանակի մասին։

Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 3306

Մեկնաբանություններ