ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ադրբեջանը հրապարակել է կորուստները Ղարաբաղի պատերազմում. ի՞նչ է հետևում

Ադրբեջանը հրապարակել է կորուստները Ղարաբաղի պատերազմում. ի՞նչ է հետևում
07.12.2020 | 09:36

2886 սպանված, 100 անհայտ կորած, 1 245 վիրավոր շարունակում է բուժումը հոսպիտալներում՝ հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն դեկտեմբերի 3-ին: Հայաստանը դեկտեմբերի 2-ին հրապարակել է 2718 սպանված, բայց չի նշել անհայտ կորածների թիվը, այսինքն՝ հայկական թվերը վերջնական չեն: Հանձնված դիրքերի քանակից ելնելով՝ անհայտ կորածների թիվը կճշտվի սպանվածների դիերի նույնականացումից հետո:


44 օրյա պատերազմում զոհերի թիվը գերազանցում է Դոնբասում ու ղարաբաղյան առաջին պատերազմում զոհերի ինտենսիվությունը: Կողմերն ամեն օր կորցնում էին 100-ական սպանված: Որոշ օրեր կորուստներն ավելի շատ էին միջին ցուցանիշներից: Ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել ադրբեջանական բանակի գործողությունների մասին հրապարակված զոհերի թվից.


1. Հայկական բանակի դիտակետերի համակարգը և հայկական հրետանու մարտական նախապատրաստության կազմակերպումը բարձր մակարդակի վրա էր: Հայերը վարում էին ուղղորդվող կրակ նախապես որոշարկված նպատակներով ու կոորդինատներով: Թեպետ հայկական հրետանավորները վիթխարի կորուստներ են կրել և շատ ստորաբաժանումներ գործնականում ոչնչացվել են, հրատանավորները լուծում էին իրենց խնդիրները նույնիսկ առանց հակաօդային պաշտպանության և վիթխարի կորուստներով: Եզրակացություն՝ հայկական հրետանին գործում էր արդյունավետ և հաջողություն կունենար, եթե հակառակորդը գործեր նախկինում ընդունված մարտավարությամբ:


2. Ադրբեջանցիները չկարողացան ապահովել օդում գերիշխանությունը ամբողջ ճակատով և լիովին չեզոքացնել հակառակորդի բոլոր կրակակետերը, թեպետ ունեին սենսորների, էլեկտրոնային հետախուզության միջոցների, դրոնների գերակայություն: Նրանք կրակակետերը բավականին դանդաղ էին հայտնաբերում և չէին կարողանում արագ չեզոքացնել լավ թաքցված հայկական ջոկատներին, չէին կարողանում հրետանու կրակից թաքնվել հարթ տեղանքում: Այդ պատճառով հայկական հրետանավորների համարյա բոլոր կորուստները տեսանկարահանումներում դրոնների աշխատանքն է, որ կիրառվում էին զգուշորեն՝ հաշվի առնելով հակաօդային պաշտպանությունը, և չէին կարողանում արագ շարքից հանել հայկական կրակակետերը: Եզրակացություն՝ դրոններն ապահովեցին վճռորոշ գերազանցություն, բայց դրոններն ամենակարող չեն և չեն կարող ինքնուրույն հաղթել պատերազմում:


3. Ադրբեջանը կիրառում էր հետևակի ինքնուրույն գործողությունների արդյունավետ մարտավարություն, հակառաորդի պաշտպանության խորք հետևակի ստորաբաժանումների ներթափանցում մեծ տարածության վրա: Մարտավարությունը ժամանակակից է, հակառակորդի համար անսպասելի՝ այդպիսի մասշտաբներով, որը և հաջողություն ապահովեց: Բայց հետևակի շատ ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը այդպիսի մարտավարության համար բարձր չէր, որ հանգեցրեց մեծ կորուստների, անհայտ կորածների: Այնուհանդերձ, նույնիսկ պատրաստվածության այդքան տարբեր մակարդակներում գտնվող հետևակը թույլ տվեց լուծել գլխավոր խնդիրը՝ ճեղքել հայկական պաշտպանությունը և հակառակորդին կաշկանդել լայն ճակատով: Դա վկայում է, որ բանակի պատրաստվածության թերությունները ադրբեջանական հրամանատարությունը փոխհատուցում էր անձնական կազմի մոտիվացմամբ և նպատակամետ օպերատիվ ղեկավարությամբ: Չնայած մեծ կորուստներին՝ երկու բանակներն էլ պահպանեցին բարձր մոտիվացումն ու մարտական ոգին, հետևակը մինչև վերջին օրը մերձամարտ էր վարում: Եզրակացություն՝ մոտիվացված հետևակը նույնիսկ օդից հարվածներ ստանալով ու մեծ կորստներով ի վիճակի է դիմադրել: Ադրբեջանի հաղթանակն ապահովեց բոլոր զորատեսակների համալիր կիրառումը, բայց հակառակորդի պաշտպանությունը քանդեցին հետևակի արդյունավետ գործողությունները:


4. Զոհվածների թիվը 2,5 անգամ քիչ է վիրավորների թվից: Թերևս, վիճակագրությունը տվել է միայն ծանր վիրավորների թիվը, բոլոր դեպքերում ծագում են բժշկական ապահովության որակի, փրկության միջոցների ապահովման, մարտավարական բժշկության ցածր որակի հարցեր: Սովորաբար վիրավորների կորուստը մի քանի անգամ գերազանցում է զոհերի թիվը: Եզրակացություն՝ մարտավարական բժշկությունը մարտական գործողությունների առանցքային մաս է, առանց մարտավարական բժշկության համալիր մշակման բոլոր մակարդակներում կորուստները շատ են լինելու:


5. Պաշտպանությունը ճեղքելով ադրբեջանցիները կորուստներ են կրել հայկական հրետանային կրակից, իսկ ճեղքումից հետո հարձակման ժամանակ կորուստները կապված են հետևակի ստորաբաժանումների արագ ընթացքի հետ, որ հաճախ մերձամարտի մեջ էին մտնում հայկական ստորաբաժանումների հետ: Ադրբեջանցիների կորուստները համադրելի են հայերի ստացիոնար պաշտպանության կորուստների հետ: Լեռնային պայմաններում և հաշվի առնելով կատաղի դիմադրությունը, այդպիսի արդյունքը, իհարկե, արդարացնում է հաղթանակը: Եզրակացություն՝ հարձակումը նախապատրաստված պաշտպանության վրա և չչեզոքացված կրակակետերը կարող են հարձակվողներին մի քանի անգամ ավելի մեծ կորուստներ պատճառել, սակայն ժամանակակից մարտավարությունը և տեխնոլոգիական առավելությունները կորուստների համամամասնությունը կարող է արմատականորեն կրճատել:


6. Հայաստանը լավ նախապատրաստվել էր դիրքային պաշտպանության: Սակայն Ադրբեջանը շատ ավելի լավ նախապատրաստվել էր մանևրային պատերազմի և աստիճանաբար չեզոքացրեց հայկական հրետանու գերազանցությունը դրոններով: Ստացիոնար դիրքերը ճեղքելուց հետո հայկական բանակը ուժեր չուներ հակահարված կազմակերպելու և զորքերը հակաօդային պաշտպանության միջոցներով ծածկելու համար: Ադրբեջանն առավելության հասավ ընտրված ուղղության մեջ: Եթե չլիներ դրոնների ու սենսորների գերազանցությունը, սովորական զինատեսակների մեջ առավելությունը չէր հանգեցնի հաղթանակի: Սակայն Ադրբեջանը գտավ առավելության հասնելու իր մարտավարությունը, և դա հաջողություն բերեց: Եզրակացություն՝ միայն դիրքային պատերազմի պատրաստված բանակը միշտ պարտվելու է բանակին, որ պատրաստվում է մանևրային մարտական գործողությունների, պատրաստ է հարձակվել ու հակահարձակվել: Որոշակի զինատեսակների տեխնոլոգիական գերազանցությունը ցամաքային ուժերին չի կարող թույլ տալ մերձամարտից խուսափել, սակայն հավասարեցնում է հակառակորդների կորուստները:


7. Շատ ուժեղ հակառակորդի հետ կռվում հաղթանակի գինը շատ բարձր էր: Բայց Ադրբեջանի ռազմական ներուժը և կազմակերպվածության մակարդակը նշանակալից բարձր էր: Նյութական գերազանցությունը ինքնին ոչինչ չի վճռում: Հաղթում է նա, ով ավելի լավ է հասկանում հաղթանակի ձեռբերման ճանապարհները, ավելի լավ է պատրաստվել պատերազմի տարատեսակ սցենարների և լավագույն մարտավարւթյունն է կիրառել: Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական բարեփոխումներ են արել 2016-ի պատերազմի արդյունքներով: Հայաստանը իր ՀՕՊ-ը միացրել է ՌԴ ՀՕՊ համակարգին և ՀԱՊԿ-ի պայմանագրին և գնել է ռուսական նորագույն Су-30СМ կործանիչներ, որ ծախսերի ամենամեծ հոդվածն են դարձել: Բայց այդ ինքնաթիռները մարտական ոչ մի թռիչք չեն արել, իսկ ՀՕՊ համակարգը շատ արդյունավետ չէր: Այլ, ռեալ պատերազմում առավել օգտակար սպառազինության գնմանը ռեսուրսները չեն հերիքել: Ադրբեջանի բարեփոխումը և գնած սպառազինությունն աշխատեց մարտի դաշտում, թեպետ շատ այլ խնդիրներ լուծելու ռեսուրսներ չկային: Եզրակացություն՝ պատերազմում հաղթում ես նախքան կռիվը սկսելը, իսկ հաջողության հիմքը պաշտպանության իրատեսական ծրագրումն է:
Յուրի Բուտուսով, Цензор.НЕТ (Ադրբեջան)


Հ.Գ. Ահա այսպես է Ադրբեջանը գնահատում իր հաղթանակը՝ սթափ, հաշվարկելով սխալներն ու թերությունները, բնականաբար, նրանք չեն քնելու հաղթանակի դափնիների վրա և շարունակելու են կատարելագործել իրենց բանակը ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունների հիման վրա՝ չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, իսկ մենք ամեն անգամ ամեն ինչ անում էինք խուսափելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց: Վստահաբար՝ հայկական բանակում ու ՊՆ-ում ևս քննարկվել են պարտության ռազմավարական ու մարտավարական սխալները, արվել են եզրակացությունները և թե ժամանակակից զենքի գնումները, թե բանակի նախապատրաստումը ժամանակակից, 5-րդ սերնդի պատերազմին, հուսամ, լինելու է ոչ թե անցած պատերազմի, այլ՝ ապագայի պատերազմի հնարավորությունների հաշվառումով: Այդպես են հաղթում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ