Ինչու՞ են ադրբեջանցիները հարձակվում Սոթքի և Նորաբակի ուղղությամբ:
13 օր առաջ՝ 2023 թ. օգոստոսի 18-ին, Փաշինյան Նիկոլն այցելեց Ագարակ: Վերջինիս հետ հանդիպման ընթացքում, «ԳեոՊրոմայնինգ» ընկերությանը պատկանող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Բելյաև Ալեքսանդրն ասաց, որ շուտով «ԳեոՊրոմայնինգ»-ը պատրաստվում է 15 մլն դոլարի ներդրում իրականացնել կոմբինատում:
ՈՒշագրավն այն է, որ, ըստ Բելյաև Ալեքսանդրի, «ԳեոՊրոմայնինգ»-ը վերջին 5 տարում նույն կոմբինատում 25 մլն դոլարի ներդրում է իրականացրել, իսկ այժմ պատրաստվում է 1-2 տարում միանգամից 15 մլն դոլար ներդնել:
Ինչու՞:
Խոսենք փաստերով:
ՈՒրեմն՝ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԱՊՄԿ) 2021 թ. զբաղեցնում էր 40-րդ, 2022 թ.՝ 8-րդ, իսկ «ԳեոՊրոմայնինգ»-ը, համապատասխանաբար՝ 4-րդ և 244-րդ տեղը:
Առաջին հայացքից տարօրինակ իրավիճակը բացատրություն ունի:
Խնդիրն այն է, որ «ԳեոՊրոմայնինգ»-ի մեջ մտնում է նաև Սոթքի ոսկու հանքը, որը 2020 թ. պատերազմից հետո փաստացի կիսվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև և Հայաստանի կողմից շահագործվում է ընդմիջումներով (գրեթե չի շահագործվում):
Այսինքն, ռուսական «ԳեոՊրոմայնինգ»-ի համար Սոթքի հանքի միայն հայաստանյան հատվածն այլևս հետաքրքիր չէ:
Կարծում եմ, որ դա տրամաբանական է, քանզի ցանկացած ներդրող կցանկանար առանց խոչընդոտների շահագործել ամբողջական հանքը: Մեծ հաշվով, ռուսական ընկերությանը միևնույնն է, թե որ երկրի տարածքում կգտնվի ամբողջական հանքավայրը:
30 տարի Սոթքն ամբողջությամբ գտնվել է Հայաստանի տարածքում: Ըստ ռուսների տրամաբանության, ի՞նչն է խանգարում, որ այժմ էլ ամբողջական հանքավայրը գտնվի Ադրբեջանի տարածքում և նրանք արդեն այնտեղից շահագործեն Սոթքը:
Վստահ չեմ, սակայն հավանական եմ համարում, որ 2023 թ. օգոստոսի 18-ի Փաշինյան Նիկոլի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելությունը, վերջինիս տնօրեն Բելյաև Ալեքսանդրի 15 մլն դոլարի ներդրման խոստումը և ադրբեջանցիների այսօրվա (երեկվա, վաղվա) հարձակումը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ փոխկապակցված են:
Հայ-ադրբեջանական «խաղաղության» օրակարգը Սոթքի հանքով է անցնում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ