ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սոցիալ¬իրավական ճգնաժամը չի հանգուցալուծվում քաղաքական մեթոդներով

Սոցիալ¬իրավական ճգնաժամը  չի հանգուցալուծվում  քաղաքական մեթոդներով
06.06.2008 | 00:00

Հետընտրական Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու անհրաժեշտության մասին այսօր շատ է խոսվում։ Արտաքին աշխարհից կան որոշակի և ուլտիմատումի նմանվող պահանջներ՝ ամրագրված ԵԽԽՎ հայտնի բանաձևի, ԵԱՀԿ դիտորդական առաքելության վերջնական զեկույցի տեսքով։ Այս փաստաթղթերի վրա հենվելով՝ արմատական ընդդիմությունը պահանջում է մարտի 1¬ի իրադարձությունների հետևանքով ձերբակալված ընդդիմադիրների ազատ արձակում, հիշյալ իրադարձությունների անկախ¬անաչառ հետաքննություն և արտահերթ ընտրություններ։ Իշխանության թևում հիմնականում խոսվում է երկխոսություն հաստատելու անհրաժեշտության մասին, և փաստորեն այդ նպատակով է ձևավորվում հասարական խորհուրդը։ Միաժամանակ կա դժգոհություն, որ ընդդիմությունը համարժեք չի արձագանքում իշխանության առաջարկներին, եթե նկատի ունենանք, որ ձերբակալվածներից մի քանիսն արդեն ազատ են արձակվել։ Իսկ մարտյան իրադարձությունների հետաքննությունը,՝ իրավապահ մարմինների հավաստմամբ, ընթանում է օբյեկտիվ, և պատասխանատվության կենթարկվեն իսկապես մեղավորները։

Հիմա փորձենք հասկանալ, թե այս երկու իրողությունները որքանով են առնչվում փետրվարի 19¬ին բոլոր ընդդիմադիր թեկնածուներին ձայն տված ընտրողների շահերին, որոնք պաշտոնական տվյալով կազմեցին մասնակիցների 48%¬ը։ Սկզբունքորեն գրեթե չեն առնչվում և մի պարզ պատճառով։ Հետխորհրդային տարածքի երկրների (բացառությամբ Մերձբալթյան) քաղաքական համակարգերի առանձնահատկությունն այն է, որ քաղաքական կուսակցություններն այդպես էլ չդարձան իրենց հռչակած գաղափարախոսությանը համապատասխան հասարակության տարբեր շերտերի շահերի պաշտպաններ։ Վկա՝ հայկական իրականությունը, երբ երկրում առկա է ծայրահեղ սոցիալական բևեռացում, սակայն բոլոր քաղաքական ուժերը, որպես կանոն, ընտրություններում հանդես են գալիս համազգային կարգախոսներով և հայտարարում, թե դեմ են դասակարգային տարբերությունների սրմանն ու կողմնակից են ներդաշնակ հասարակության։ Այսինքն, ստացվում է, որ նույն կուսակցությունը պատրաստ է պաշտպանելու օլիգարխի, միջին կամ մանր բիզնեսմենի, բանվորի և գյուղացու, թոշակառուի և գործազուրկի շահերը։ Ինչը բնության մեջ սկզբունքորեն անհնար է։

Խորհրդային ապադասակարգային հասարակությունից անցած 15 տարիների ընթացքում Հայաստանն իրականում վերածվել է ծայրահեղ դասակարգային պետության, ուր մեծահարուստի և մի կերպ գոյություն պահպանող մարդու շահերն անհամատեղելի են, հնարավոր չէ միաժամանակ պաշտպանել օլիգարխին և մանր գործարարին, քանի որ խոշոր բիզնեսը խոշոր է դառնում հենց մանրերին խժռելու ճանապարհով։ Եվ եթե որևէ կուսակցություն պաշտպանում է բնակչության ընչազուրկ հատվածի շահերը, ապա օլիգարխիայի շահերի մասին ընդհանրապես պետք է մոռանալ։ Մինչդեռ մեզանում գործնականում չկա քաղաքական ուժ, որը բոլոր անցած նախագահական և խորհրդարանական ընտրություններում չձգտեր իր թիկունքում ունենալ գոնե մեկ օլիգարխի աջակցությունը։

Բնականաբար, առաջանում է հարց. եթե կուսակցություններն իրականում չեն դարձել հասարակական շերտերի կամ դասակարգերի շահերի արտահայտիչներ, ի՞նչ նպատակի են ծառայում բազմակուսակցական համակարգը և ընդդիմադիր շարժումները` որպես այդպիսին։ Անցած ժամանակահատվածը ցույց է տվել, որ նպատակը մեկն է՝ վերցնել իշխանությունն ամբողջությամբ կամ դրա մի մասը՝ ԱԺ ընտրություններում 5%¬ը հաղթահարելու, խմբակցություն ձևավորելու և հետո իշխանությանը տիրող ուժի հետ առևտրի մեջ մտնելու ճանապարհով։ Օրինակները վերջին տասնամյակներում բազմաթիվ են, թե ինչպես ընդդիմադիր կերպարով խորհրդարան մտած կուսակցությունները մաս են կազմում իշխանական կոալիցիաներին։ Միաժամանակ, բոլոր նախագահական ընտրություններում գրեթե չի եղել որևէ ընդդիմադիր թեկնածու, թերևս բացառությամբ Վազգեն Մանուկյանի, ով հրապարակավ չառաջարկեր օլիգարխիային` կանգնել իր կողմը և չվստահեցներ, որ այդ դեպքում նրանց կապիտալն անձեռնմխելի կմնա։ Նախագահական վերջին ընտրություններն էլ այդ իմաստով բացառություն չէին։ Որպես դրա հետևանք, եթե անգամ հայաստանյան ընդդիմությանը կամ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերին հաջողվել է ընտրությունների ընթացքում բողոքի լուրջ ալիք բարձրացնել, դրա արդյունքը մեծ մասամբ եղել է կամ իշխանության հետ ճգնաժամային հակադրությունը, կամ էլ երկու կողմերի քաղաքական և այլ շահերի շուրջ բանակցությունները, որոնք իրականում ոչ մի առնչություն չունեն ընդդիմադիր զանգվածի շահերի հետ։

Հայաստանյան իրողություններին ծանոթ ցանկացած ոք քաջատեղյակ է, որ վերջին նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալներով 48% կազմող ընդդիմադիր ընտրազանգվածը, որը քվեարկել է բոլոր մյուսների օգտին, բացառությամբ Սերժ Սարգսյանի, հիմնականում կողմնորոշվել է իշխանությանը դեմ գնալու սկզբունքից ելնելով։ Այդ զանգվածի մի շատ նեղ, քաղաքականապես ավելի գիտակից կամ շատ կոնկրետ նպատակներ հետապնդող շերտն է քվեարկել հատուկ այս կամ այն թեկնածուի օգտին։ Մյուսները քվեարկությամբ իրենց սոցիալական և իրավական դժգոհությունն են արտահայտել, որովհետև վատ են ապրում, և միաժամանակ իրենց իրավունքները ոտնահարվում են կամ բավարար պաշտպանված չեն։

Ըստ այդմ, եթե նույնիսկ տեսականորեն պատկերացնենք, որ մասնակի երկխոսություն կայանա իշխանության և արմատական ընդդիմության միջև, իշխանությունը, ասենք, ազատ արձակի բոլոր կալանավորվածներին, ընդդիմությունն էլ դադարեցնի հանրահավաքներն ու վերադառնա իր գրասենյակները, ճգնաժամը դրանից բոլորովին էլ չի վերանա։ Ընդամենը ընդդիմությանն աջակցություն դրսևորած դժգոհ ընտրազանգվածը կհիասթափվի, և եթե ժամանակի ընթացքում ասպարեզում հայտնվի արմատական ընդդիմադիր կարգախոսներով իշխանության դեմ հանդես եկող մեկ այլ ուժ, այդ նույն զանգվածը կհամախմբվի այդ ուժի շուրջը՝ նրա մեջ տեսնելով իր շահերի պաշտպանության հնարավորությունը։

Հետևաբար, Հայաստանում հասարակական ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր է հասնել, եթե իրավապահ կառույցներում և իրավապահ համակարգում դադարեն ամեն քայլափոխի ոտնահարել քաղաքացիների շահերը, յուրաքանչյուր տեղեկանքի, լիցենզիայի կամ գործնական նշանակություն ունեցող որևէ թույլտվության համար կաշառք պահանջել։ Ինչպես նաև իրավապահ մարմինները գործեն գոնե փոքր¬ինչ ի շահ քաղաքացիների, ոչ թե հարյուրներով «չբացահայտված» քրեական գործեր կուտակվեն տարբեր իրավախախտումների մասով, իսկ իրավախախտում կատարած յուրաքանչյուր անձ իրական և ոչ թե ձևական պատասխանատվության ենթարկվի իր կատարած արարքի համար։

Եթե պետությունը վերջապես շրջվի դեպի գյուղը, իրականացնի ոչ միայն գյուղատնտեսության սուբսիդավորում, ինչը վաղուց ընդունված է բոլոր զարգացած պետություններում, այլև ժամանակին փոխհատուցի բնական աղետների պատճառով գյուղացու կրած վնասները։ Եթե գյուղացին կարողանա ազատ¬անարգել իր արտադրանքն իրացնել քաղաքային շուկաներում և հարկադրված չլինի տարբեր «հեղինակությունների» ճնշման տակ էժան գնով զիջել վերավաճառողներին։ Եվ վերջապես, եթե գյուղացու բերքը գնած վերամշակող ձեռնարկությունը բարեհաճի ժամանակին վճարել այդ բերքի դիմաց, ինչը Հայաստանում, որպես կանոն, գրեթե երբեք չի լինում։

Ճգնաժամը կհանգուցալուծվի, երբ քաղաքի բնակիչը ոչ միայն աշխատատեղ ունենա, այլև վստահ լինի, որ եթե հրաժարվում է ձեռնարկատիրոջ համար 8 ժամից ավելի աշխատելուց, այն էլ անվճար, հաջորդ իսկ օրը չի հեռացվի աշխատանքից ցանկացած մտացածին պատճառաբանությամբ։ Եվ տեղական ինքնակառավարման կամ քաղաքային իշխանությունները վերջապես կհրաժարվեն կանաչ տարածքները տարբեր մեծահարուստների և իշխանավորների նվիրելու պրակտիկայից՝ «էլիտար» շենքեր կառուցելու համար, թքած ունենալով այդ տարածքներն ստեղծած ու խնամած մյուս շենքի բնակիչների դժգոհության վրա։ Իսկ հարկային և մաքսային մարմինների պաշտոնյաներն այլևս տարբերություն չեն դնի «էլիտար» և «ոչ էլիտար» գործարարների միջև ու բոլորի հետ հարաբերությունները կկարգավորեն հավասար սկզբունքներով, ինչպես պահանջում են օրենքները։

Մինչև հայ չինովնիկը, ոստիկանը, դատախազն ու դատավորը, պատգամավորն ու ձեռնարկատերը, այսինքն՝ նրանք, ովքեր իրենց այս երկրի աղն են համարում, չսովորեն իրենց գործողություններն իրենց իսկ ընդունած օրենքների սահմաններում տեղավորել, ճգնաժամը եղել է, կա ու կլինի։ Դրա գոյությունը պայմանավորված է ընդդիմադիր և իշխանական քաղաքական «էլիտայի» ու պետական համակարգի գործունեության սկզբունքներով։

Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 9293

Մեկնաբանություններ