Մարդկային կյանքն իր էությամբ շատ բարդ բան է, որ կազմված է տարաբնույթ բաղադրիչներից։
Այն ռացիոնալի ու իռացիոնալի խառնուրդ է, թյուրիմացությունների ու իմացությունների գումար է, էգոիզմից ու ալտրուիզմից կազմված աջափսանդալ է և այլն։
Մարդկային թյուրիմացություններն էլ, իրենց հերթին, կարող են ունենալ տարբեր չափեր ու մասշտաբներ և տարբեր ուղղվածություններ։
Մեկին կարող է թվալ, որ ինքը հարգված ու, նույնիսկ, սիրված է բոլորի կողմից։
Մյուսին կարող է թվալ, թե ինքը անմիջական կապ ունի վերին ուժերի հետ և պարզապես նրանց գաղափարների թարգմանիչն է հասարակ մարդկանց համար։
Երրորդին կարող է թվալ, որ ինքը այնքան բարձր մակարդակի քաղաքակրթական ուժ է, որ վեր է ամեն տեսակ քննադատությունից, բայց իրեն ամեն ինչ կարելի է, չէ՞ որ ինքը բոլորովին անշահախնդիր կերպով բոլորի շահի համար է աշխատում։
Իշխանություն ունեցող չորրորդին կարող է թվալ, որ իր դեմ խաղ չկա, բայց մի օր հետո խոստովանի, որ հակառակորդը ճիշտ է, իսկ ինքը՝ սխալ։
Գիտության ոլորտում փսևդոգործունեություն ծավալող հինգերորդին կարող է թվալ, որ ինքը աշխարհը շուռ է տվել, բայց, Չարենցի ասած, տղուկի նման, մատը բերանը տանելու փոխարեն, միշտ անպատեհ տեղեր է տանում։
Փսևդոքաղաքական գործունեություն ծավալել ցանկացող վեցերորդի համար կպարզվի, որ նա որևէ երկրորդական դասի փսևդոօլիգարխի գրպանի լոբին է։
Փսևդոկոմպլեմենտար քաղաքականություն վարողին կարող է թվալ, որ ինքը բոլոր հզորներին խաբում է, բայց, ինչպես միշտ, կպարզվի, որ կատվի վազքը մինչև մարագն է և այլն:
Ցուցակն անվերջ է։
Պավել Բարսեղյան