ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«Հզոր երկրները մեր խնդիրները լուծելու ավելի մեծ ցանկություն ունեն, քան կարողություն»

«Հզոր երկրները մեր խնդիրները լուծելու ավելի մեծ ցանկություն ունեն, քան կարողություն»
11.09.2009 | 00:00

«ԴՐՍՈՒՄ ԻՄ ԳՏՆՎԵԼԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆՈՒՅԹ Է ԿՐՈՒՄ, ՄԻ ՕՐ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՌՆԱՄ»
…և ոչ միայն մշակույթի մասին

«Իրավունքը de facto»-ի հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստուհի, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի արժանացած ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ, ով երկար տարիներ ապրում է Վիեննայում և իր բարձր արվեստը ներկայացնում աշխարհի տարբեր բեմերում: Նրա ամենօրյա տքնաջան աշխատանքը տեսնելով՝ ութնամյա դուստրը՝ Սիրանուշը, որոշել է չգնալ մայրիկի հետքերով և իր համար ընտրել ավելի հեշտ ճանապարհ: Իր աշխատանքային և ոչ աշխատանքային խնդիրների մասին է խոսում երգչուհին այս հարցազրույցում:
«ՀԱՅ ՕՊԵՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ՖԱՆԱՏԻԿՈՍՆԵՐ»
-Հասմիկ, ի՞նչ եք կարծում, օտարերկրացի զբոսաշրջիկներին ինչո՞վ կարող է հրապուրել մեր քաղաքը:
-Կարծում եմ` զբոսաշրջիկներին պետք է, առաջին հերթին, ցույց տանք մեր մշակույթը, արվեստը: Իսկ դասական արվեստը Հայաստանում չի արժանանում պատշաճ վերաբերմունքի: Օրինակ, շատ տխուր վիճակում է մեր ազգային օպերային թատրոնը: Մեկ ամսից ավելի է՝ Հայաստանում եմ, և ոչ մի ներկայացում այս ընթացքում չի բեմադրվել օպերայում: Հիմա ակտիվ զբոսաշրջության ժամանակահատված է, ինչո՞ւ չպիտի բացվեին օպերայի դռները:
-Զբոսաշրջությունը զարգացնելու նախապայմանները մեզանում առավելապես կապվում են զվարճանքի վայրերի, սննդի օբյեկտների և հյուրանոցային համալիրների հետ: Թերևս սա՞ է օպերան զբոսաշրջության զարգացման հետ չառնչելու պատճառը:
-Չգիտեմ` որն է պատճառը, բայց դասական երաժշտությամբ զբաղվողները շատ փոքր ասպարեզ ունեն Հայաստանում իրենց դրսևորելու համար:
-Իսկ ի՞նչ է հարկավոր, ըստ Ձեզ, որպեսզի մեր ազգային օպերան վերածնունդ ապրի, ձերբազատվի այս թմբիրից:
-Դրա համար անհատականություն է պետք: Պիտի լինի մեկը՝ լիդեր, որը կտանի իր հետևից ամբողջ թատրոնը: Հայ օպերային արվեստը վերակենդանացնելու համար հարկավոր են ֆանատիկոսներ, որոնց ես այս պահին չեմ տեսնում: Բայց և շատ կարևոր է պետական հովանավորությունը, պետության կողմից օպերային արվեստի արժևորումը: Կառավարության ներկայացուցիչները պետք է հասկանան, որ օպերան մեր ազգային արժեքն է, ազգի դեմքը, հպարտությունը, որով մենք կարող ենք ներկայանալ աշխարհին: Երբ այս գիտակցությունն ունենան մեր ղեկավարները և հնարավորություն տան երիտասարդներին կայանալու, այն ժամանակ կլինի առաջխաղացում օպերային արվեստում: Կան շատ լավ հայ երիտասարդներ, որոնց պետք է փորձառություն, պարբերական աշխատանք: Եթե նրանք երգում են տարին մեկ անգամ, ինչպե՞ս կարող ես նրանցից շատ բան պահանջել:
«ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ԿԵՐՊ ԿԱԽՎԱԾ Է ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ»
-Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է մշակույթը քաղաքականացված, որքանո՞վ է Ձեզ օգնում կամ խանգարում հայ լինելու հանգամանքը դրսի լսարանին ներկայանալիս:
-Հայ լինելն ինձ ընդհանրապես չի խանգարում դրսի լսարանի առջև ելույթ ունենալիս: Պիտի ասեմ, որ առհասարակ արվեստագետները շատ ինտերնացիոնալ են: Սա վերաբերում է բոլոր ազգերի ներկայացուցիչներին: Այնպես որ, արվեստագետի համար իր ազգային պատկանելությունը մեծ նշանակություն չունի:
-Օրինակ, սպորտի պարագայում հաճախ են շահարկվում քաղաքական կրքերը: Վերջերս ԼՂՀ սպորտկոմիտեի նախագահն ուղղակի հայտարարեց. «Ղարաբաղցի մարզիկները քաղաքականության գերին են»: Մշակույթը զե՞րծ է մնում քաղաքական խոչընդոտումներից:
-Մշակույթն այս կամ այն կերպ կախված է քաղաքականությունից: Ինչպիսին կլինի քաղաքականությունը, այնպիսին էլ կլինի մշակույթը: Որովհետև մշակույթը ֆինանսավորում է պետությունը (թեև շատ երկրներում՝ նաև մեկենասները): Ամերիկայում, օրինակ, մշակույթը բացառապես հովանավորների հոգածության ներքո է: Առհասարակ, եթե ֆինանսական ճգնաժամեր են լինում, առաջինը տուժում է մշակույթը, որովհետև ամենադյուրինը մշակույթի ֆինանսավորումը պակասեցնելն է: Այս իմաստով մշակույթը, անշուշտ, կոնկրետ կախվածություն ունի քաղաքականությունից: Բայց չեմ կարծում, որ եվրոպական երկրներում այդպես է:
-Կոնկրետ Ձեզ վրա՝ որպես Վիեննայում ապրող արվեստագետի, անդրադարձե՞լ է ներկայիս գլոբալ ճգնաժամը:
-Անձամբ իմ ստեղծագործական կյանքի վրա չի անդրադարձել, բայց եվրոպական շատ թատրոններ, նվագախմբեր փակվել են այս ճգնաժամի պատճառով: Ամերիկայում ուղղակի սնանկացավ միանգամից մի քանի թատրոն: Որոշ թատրոններ էլ գոյատևում են, բայց կրճատվում է խաղացանկը: Ավստրիայի մշակույթի վրա առանձնապես չի անդրադառնում ճգնաժամը, որովհետև այնպիսի երկիր է, որի համար շատ կարևոր է մշակույթը: Հենց այս պատճառով եմ ես բնակվում այնտեղ:
-Թերևս, Դուք արդեն տվեցիք իմ հաջորդ հարցի պատասխանը, բայց ավելի կոնկրետ կցանկանայի իմանալ՝ ի՞նչն է, որ Ձեզ պահում է Ավստրիայում, և ի՞նչն է, որ թույլ չի տալիս կտրվել Հայաստանից:
-Հիմնական պատճառն արդեն նշեցի: Երբ առաջին անգամ երգեցի Վիեննայի Շտաատսօպերայում, հասկացա, որ եթե չեմ ապրելու Երևանում, ապա, Երևանից բացի, միակ տեղը Վիեննան է, որտեղ կցանկանայի ապրել: Ավստրիան մի երկիր է, որն իսկապես փայփայում է մշակույթը, արվեստը: Այնտեղ հասկանում են, որ դա իրական եկամտի աղբյուր է մի երկրի համար, որտեղ զբոսաշրջիկների շատ մեծ հոսք է լինում, և վերջիններիս այստեղ է բերում մշակույթի, արվեստի հանդեպ հետաքրքրությունը: ՈՒստի Ավստրիայի կառավարությունը ոչինչ չի խնայում մշակույթի համար: Այստեղ օտարերկրացի արվեստագետներն իսկապես տեղ ունեն և միշտ արժանանում են բարի ընդունելության: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ասեմ, որ երբեք չեմ կտրվել նրանից: 1990 թվականից տեղափոխվել եմ Վիեննա՝ ունենալով աշխատանքային պայմանագիր: Բայց գիտակցաբար, թե անգիտակցաբար միշտ էլ կապս պահել եմ Հայաստանի հետ: Արվեստագետը չի կարող մեկ տեղում կայանալ, ես համոզված եմ սրանում: Նա պիտի շրջի աշխարհով մեկ, տեսնի, յուրացնի շատ բան: Քանի որ ոչ մեկը հնարավորություն չունի բոլոր թատրոններն իր մոտ բերելու, ուրեմն ինքը պիտի գնա ու երգի այդ թատրոններում: Ես գիտեմ, որ դրսում իմ՝ գտնվելը ժամանակավոր բնույթ է կրում, մի օր անպայման պիտի վերադառնամ: Իսկ դրսում եմ նաև այն պատճառով, որ այնտեղ մշակութային ռիթմն ավելի արագ է: Ես մինչև Հայաստանից հասնեմ Ցյուրիխ, կտևի մի քանի օր, իսկ Վիեննայից հասնում եմ մեկուկես ժամում:
-Կա՞ որոշակի մի սահման, որին հասնելուց հետո պիտի վերադառնաք, թե՞ այդ վերադարձի հետ չեն կապվում կոնկրետ նախապայմաններ:
-Երբ դադարեմ երգելուց, կվերադառնամ: Չգիտեմ՝ կվերադառնամ որպես մանկավարժ, թե կզբաղվեմ այլ գործով, բայց կուզենայի օգտակար լինել Հայաստանին: Կուզենայի իմ ձեռք բերած փորձը, գիտելիքները փոխանցել հայ երիտասարդներին: Բայց կա նաև մեկ այլ հանգամանք. իմ աղջիկը դպրոց է գնում Վիեննայում: Դա շատ լավ դպրոց է, և ես իրավունք չունեմ նրան կտրելու իր դպրոցից: Չգիտեմ՝ գուցե Հայաստանում էլ կան շատ լավ դպրոցներ, բայց իմ աղջկա դպրոցում բոլոր երեխաները հավասար են, ոչ մեկին չի հետաքրքրում, թե ով է երեխայի ծնողը: Որևէ երեխա ծնողի հատուկ մեքենայով կամ թիկնապահներով չի հաճախում դպրոց, մի բան, որ նկատում եմ Հայաստանում: Ես կուզենայի իմ երեխային նման բաներից հեռու պահել, և կարծում եմ, որ դրա իրավունքն ունեմ:
«ԱՅՆՊԻՍԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՄ ՀԱՆԴԻՊԵԼ ՄԱՄՈՒԼՈՒՄ, ՈՐ ՈՐՈՇԵԼ ԵՄ ԱՅԼԵՎՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹԵՐ ՉԿԱՐԴԱԼ»
-Ապրելով Եվրոպայում՝ որքանո՞վ եք տեղեկացված հայաստանյան անցուդարձերից, մեր երկրի ներքին և արտաքին խնդիրներից: Տեղեկությունները ստանում եք անձնական կապերի միջոցո՞վ, ինտերնետո՞վ, թե՞ հայկական լրատվական ծառայությունների միջոցով:
-Ընդհանրապես ինտերնետից եմ քաղում նորությունները: Հայկական մամուլն էլ եմ կարդում, բայց պիտի ասեմ, որ այն, բացի քաղաքական լուրերից (որոնց ճշգրտությունը չեմ կարող ստուգել), համարյա ուրիշ ոչինչ չի տպագրում: Բացառությամբ մի քանի պարբերականների՝ հայկական մամուլը ողողված է այնպիսի բանսարկություններով, բամբասանքներով, որոնք ինձ ուղղակի ապշեցնում են: Դրանց ոճը, լեզուն անգամ շուկայական մակարդակի չեն, սուրճի սեղանի շուրջ տարվող զրույցի մակարդակի չեն, այլ ավելի շուտ հաշվեհարդարի նման մի բան են: Ես զարմանում եմ տպագրողների վրա: Ինչ-որ մեկը կարող է այս կամ այն մարդու դեմ նման խայտառակ հոդված գրել, բայց ինչպե՞ս են դա տպում: Ես այնպիսի հոդվածների եմ հանդիպել մեր մամուլում, որ որոշել եմ այլևս հայկական թերթեր չկարդալ:
-Չե՞ք կարծում, որ նման դեպքերում մամուլն ընդամենն այս կամ այն քաղաքական ուժի խոսափողի գործառույթն է իրականացնում: Իսկ եթե վատ է իրականացնում, ապա հետևում է հաշվեհարդարը. լրագրողների դեմ բռնություն կիրառելու դեպքերը բազմաթիվ են:
-Ես գիտեմ, որ լրագրողներն այստեղ ազատություն չունեն: Սա ուրիշ խոսակցության նյութ է: Իհարկե, վրդովեցուցիչ է, երբ լրագրողի վրա ձեռք են բարձրացնում, եթե անգամ նա որոշ սխալներ է թույլ տվել: Մենք ո՞ր երկրում ենք գտնվում, որ հարցերը ծեծի միջոցով պարզեն: Գոյություն ունի դատարան, կան հարաբերություններ պարզելու տարբեր ատյաններ, որոնք կոչված են լուծելու մարդկանց միջև ծագած վեճերը: Ինչպե՞ս կարելի է ծեծի, բռնության ճանապարհով լուծել մարդկային հարաբերությունները:
«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒՆ ՄԵՆՔ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԷԻՆՔ»
-Վերջերս ոչ հայազգի մի քաղաքական մեկնաբան կարծիք հայտնեց այն մասին, թե ավելի շուտ Եվրամիությունը կկործանվի, քան նախկին ԽՍՀՄ տարածքի որոշ երկրներ կհասնեն այդ կառույցին անդամագրվելու մակարդակին: Համամի՞տ եք:
-Ինչ-որ իմաստով համամիտ եմ, ինչ-որ իմաստով՝ ոչ: Երբ նայում եմ մեր երիտասարդությանը, նրա աշխարհայացքին, ձգտումներին, կարողություններին, մտածում եմ, որ նրանք ավելին են, քան ինքը՝ Եվրամիությունը: Բայց շատ այլ հարցերում մենք իսկապես հետ ենք մնում:
-Օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցերում հե՞տ ենք մնում:
-Շատ պատասխանատու բան է այս հարցի մասին խոսելը: Ինձ թվում է` Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելուն մենք դեռ պատրաստ չէինք: Դա մի տեսակ անակնկալ էր մեր ամբողջ ժողովրդի համար: Ֆուտբոլային խաղին հրավիրելը կամ հրավիրվելը անսպասելի էր: Այլ հարց է, որ ժողովուրդը չի էլ ուզում պատրաստ լինել: Ամեն դեպքում բոլորի համար, այդ թվում և` ինձ, Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելը մեծ անակնկալ էր:
-Հաճելի՞, թե՞ տհաճ անակնկալ:
-Գիտեք, ես չեմ կարող ասել: Սա շատ ծավալուն և բարդ թեմա է:
-Մեր ժողովուրդը կարո՞ղ է երբևէ հանդուրժել Արցախի հիմնախնդրի ոչ հայանպաստ լուծումը:
-Կարծում եմ` ոչ: Եթե իսկապես պահը գա, մեր ժողովուրդն իր վճռական կամքը կդրսևորի այդ հարցում:
-Աշխարհի հզոր երկրներն իրականում շահագրգռվա՞ծ են մեր ազգային խնդիրների կարգավորմամբ, թե՞ դրանք այս կամ այն միջազգային կառույցում քննարկվում են որպես զուտ օրակարգային հերթական հարցեր:
-Կարծում եմ` հզոր երկրները մեր խնդիրները լուծելու ավելի մեծ ցանկություն ունեն, քան կարողություն: Ես հավատում եմ, որ նրանք ցանկանում են մեր հիմնախնդիրները լուծել: Բայց մի բան է ցանկանալը, այլ բան՝ կարողանալը: Շատ բան կախված է նրանից, թե ինչ են թելադրում աշխարհի շահերը:
«ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ՇՔԱՆՇԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՄ ՈՐՊԵՍ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ»
-Միջազգային լավագույն բեմերը նվաճած, արտասահմանում բազմաթիվ պատկառելի պարգևների արժանացած Հասմիկ Պապյանի համար ի՞նչ արժեք ունեն ՀՀ ժողովրդական արտիստի կոչումը և «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:
-2004 թվականին ՀՀ ժողովրդական արտիստուհու կոչմանն արժանանալը շատ հաճելի էր ինձ համար: Հասկացա, որ ես և իմ արվեստը պատկանում ենք ժողովրդին: Իսկ 2005-ին «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը ստացել եմ կաթողիկոսից և այն ընդունել որպես օրհնություն:
-Ձեր առաջիկա ծրագրերի մեջ է մտնում հաջորդ տարվա փետրվար ամսին Երևանում Վերդիի «Աիդա» օպերայի ներկայացման մեջ հանդես գալը: Պատմեք, խնդրեմ, այդ մասին:
-Առաջարկությունը շատ պատահականորեն եմ ստացել: Այստեղ՝ Հայաստանում, հանդիպեցի իտալացի մի անվանի ռեժիսորի, որի հետ աշխատել եմ երեք անգամ՝ Ամերիկայում և Ֆրանսիայում: Նա Իտալիայի դեսպանատան հրավերով եկել է այստեղ՝ բեմադրելու որևէ ներկայացում: Ինձ տեսնելով Հայաստանում՝ զարմացավ, ապա ասաց, որ եթե համաձայնեմ կատարել Աիդայի դերերգը, ինքը կբեմադրի համանուն օպերան: Ես համաձայնեցի: Եվ ընդամենը մեկ շաբաթով կկարողանամ լինել Հայաստանում: Ներկայացման կոնկրետ օրը նշանակված է. այն կկայանա փետրվարի 12-ին:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3322

Մեկնաբանություններ