Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Ի վերջո, գալու է ժամանակը, երբ վետերաններս ստիպված ենք լինելու հեռանալ, և հեռանալ ոչ միայն քաղաքական կյանքից»

«Ի վերջո, գալու է ժամանակը, երբ վետերաններս ստիպված ենք լինելու հեռանալ, և հեռանալ ոչ միայն քաղաքական կյանքից»
27.01.2009 | 00:00

«ԱՅՍՕՐ ԻՐԵՆ «ԱՐՄԱՏԱԿԱՆ» ՀԱՄԱՐՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՊԱՍԻՎ ՎԻՃԱԿՈՒՄ Է»
2009-ի հնարավոր քաղաքական զարգացումների շուրջ իր դիտարկումներն է ներկայացնում ԱԺԴ նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ
-Ինչպիսի՞ ներքին ու արտաքին քաղաքական իրողություններ եք ակնկալում 2009-ից, պարոն Սադոյան։

-Թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական զարգացումների առումով, կարծում եմ, բավականին լարված տարի է լինելու։ Մի կողմից` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում կայանալիք քննարկումները` ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու սպառնալիքով, մյուս կողմից` անորոշ այն իրավիճակը, որը ստեղծվել է երկրի ներսում իրենց արմատական ընդդիմություն հռչակած ուժերի գործելաոճի արդյունքում, արդեն իսկ լարվածություն են ստեղծել արտաքին ու ներքին ճակատներում։ Փաստորեն, արհեստական դրդապատճառներով այս ուժերը սառեցրին ակտիվ քաղաքական պայքարը` ղարաբաղյան խնդիրը չվտանգելու կեղծ հիմնավորմամբ։ Ինչո՞ւ եմ ասում կեղծ։ Որովհետև այս պահին իրականում ոչ մի նման վտանգ գոյություն չունի։ Անհասկանալի իրավիճակ է ստեղծվել նաև քաղբանտարկյալների խնդրի, հատկապես «յոթի գործով» դատավարության շուրջ, ինչն էլ արհեստականորեն հանգեցնում է լրացուցիչ լարվածության։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական կյանքին, կարծում եմ, այս հարթության մեջ խնդիրը բարդանում է այնքանով, որ 2009-ին Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես և հստակ պետք է կողմնորոշվի` դեպի ուր է գնում, զարգացման ինչ ճանապարհով։ Դա են պահանջում նաև աշխարհաքաղաքական զարգացումները, առավել ևս, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առկա իրավիճակում։ Այս տեսանկյունից 2009-ին առավել կարևորում եմ ներքաղաքական լուրջ գործընթացների մեջ ներգրավվելու անհրաժեշտությունը։ Կարևոր եմ համարում նաև Երևանի քաղաքապետի, իսկ մինչ այդ` ավագանու ընտրությունները, որոնցում, իմ համոզմամբ, ամենաակտիվ մասնակցություն պետք է ունենան բոլոր քաղաքական ուժերը։ Ընդհանրացնելով` կարող եմ ասել, որ սպասվում է քաղաքական լուրջ պայքարով հագեցած տարի։
-Արմատական ընդդիմությա՞նը նկատի ունեք։
-Ես զարմանում եմ, որ նույնիսկ լրագրողներն են Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերին «արմատական ընդդիմություն» որակում։ Ովքե՞ր են այդ «արմատականները»։ Նրանք, ովքեր իրենց առաջ նպատակ են դրել անցյալի կեղտերից մի կերպ մաքրվել ու տասը տարվա քար լռությունից հետո 2012-ին մասնակցել ընտրությունների՞ն։ Նման որոշում կայացնելով` նրանք թյուրիմացության մեջ են գցել լայն հասարակությանն ու անգամ իրենց համախոհներին, որոնք միամտություն ունեցան հավատալու սին խոստումներին, «Հիմա, հիմա» բարձրագոչ կարգախոսին ու, փաստորեն, իրենք իրենց գցեցին կրակը։ Ցավում եմ, որ այսքանից հետո էլ Հայ ազգային կոնգրեսի մեջ միավորված ուժերն իրենց «արմատական ընդդիմություն» են համարում։ Առավել ևս, ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր Տեր-Պետրոսյանի գործունեության արդյունքում հայտնվեցին բանտերում` որակվելով քաղբանտարկյալներ։ Եթե առաջին նախագահն ու նրա թիմակիցներն իրոք թիվ մեկ խնդիր են համարում բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, որքանո՞վ էր այդ դեպքում տրամաբանական քաղաքական ակտիվ պայքարի դադարեցումը, առավել ևս, որ իշխանությունները չէին էլ ակնարկել անգամ, թե դադարեցրեք պայքարը, բանտարկյալներին կազատենք։ Ինչ վերաբերում է ազատ արձակելուն, կասկած չի կարող լինել, որ դա թիվ մեկ կարևորության խնդիր է։ Դեռ Հանրային խորհրդի ձևավորման ժամանակ նախաձեռնող խմբի անդամները, այդ թվում և` ես, հանդես եկանք համաներման պահանջով, քանի որ իրենց քաղաքական հայացքների համար մարդկանց ազատությունից զրկելու փաստը սև բիծ ենք համարում Հայաստանի համար։ Ցավոք, մեր այս կոչն արձագանք չգտավ, սակայն հիմա էլ ուշ չէ, և երկրի նախագահը, կարծում եմ, կարող է հարցի ճիշտ լուծումը գտնել։ Մյուս կողմից էլ ցավում եմ, որ խնդրի էժանագին, էմոցիոնալ շահարկումներն այդ լուծման ճանապարհին արհեստական բարդություններ են ստեղծում։
-«Հանրային խորհուրդ» ասացիք` հիշեցի։ Այդպես էլ չձևավորված այդ կառույցի գաղափարը համարենք երկրի նախագահի բարի ցանկությո՞ւն։
-Հաճախ Հանրային խորհուրդը շփոթում են դրա ձևավորման նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի հետ, որի կազմում եղել եմ նաև ես։ Մենք աշխատել ենք խորհրդի կանոնադրությունը մշակելու, նպատակներն ու գործառույթները ճշգրտելու ուղղությամբ, խնդիր ունենալով այնպես անել, որպեսզի նախագահին կից այդ կառույցն իրոք արտահայտի հանրության ամենատարբեր շերտերի ձգտումներն ու շահերը։ Կանոնադրության համաձայն` նախագահին իրավունք է վերապահված Հանրային խորհրդի 36 անդամներից ուղղակիորեն նշանակել միայն 12-ին, և այս իմաստով, լինելով հանդերձ երկրի ղեկավարին կից կառույց, այն կարող է բավականին ինքնուրույն գործունեություն ծավալել։ Կարծում եմ` Հանրային խորհրդի ստեղծման գաղափարը ճիշտ էր, և Սերժ Սարգսյանն էլ, իմ դիտարկմամբ, չի հրաժարվել այդ գաղափարն իրականություն դարձնելու մտադրությունից։ Բայց քանի որ կան այդ կառույցին խանդով վերաբերվող քաղաքական ուժեր, որոնց բոլորովին ձեռնտու չէ, որ դրանում ընդգրկվեն իրենց «դաբրոն» չստացած մարդիկ, ուստի արհեստական խոչընդոտներ են ստեղծում Հանրային խորհրդի ձևավորման ճանապարհին։ Այդուհանդերձ, այդ խոչընդոտներն ընդամենը ժամանակավոր բնույթ են կրում, և Հանրային խորհուրդը, կարծում եմ, վաղ թե ուշ կձևավորվի։ Առավել ևս, եթե աչքի առաջ ունենանք այն իրողությունը, որ Ազգային ժողովը, փաստորեն, միատարր, գերկոալիցիոն մարմին է` առանց իրական ընդդիմության։
-Նման իրավիճակում ճիշտը Հանրային խորհրդի ձևավորո՞ւմն է` որպես միատարր Ազգային ժողովին այլընտրանքի, թե՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում կձևավորվեր նոր Ազգային ժողով` իրական ընդդիմությամբ։
-Այսօր, երբ իրեն «արմատական» համարող ընդդիմությունը գերպասիվ վիճակում է, երբ պայքարի ռեալ հնարավորություն չկա, երբ թունելի վերջում լույս չի երևում, և հասկանալի չէ, թե ինչու նախորդ ընտրությունները կեղծած ուժերը պետք է վերցնեն ու հրաժարվեն իրենց ձեռք բերած արտոնյալ կարգավիճակից` նոր ընտրություններ անցկացնելով, բնական հարց է ծագում. իսկ ո՞վ պետք է դա անի։ Եթե հանրապետության նախագահը դժվարությունների է հանդիպում նույնիսկ Հանրային խորհուրդը ձևավորելիս, բնական է, որ խորհրդարանը ցրելու հարցում առավել դժվար հաղթահարելի խնդիրների առաջ է կանգնելու։ Այս պայմաններում օդի մեջ ենթադրություններ անելը, թե ավելի լավ չէ՞ր լինի արտահերթ ընտրություններ անցկացնել, կարծում եմ, լուրջ չէ։ Իսկ քաղաքական պայքարը պլանավորել ոչ ռեալ հիմքի վրա կարող են միայն միամիտները։ Շատ ավելի կարևոր է ներքաղաքական կյանքում աստիճանաբար բարոյահոգեբանական նոր մթնոլորտ ստեղծել` էս անհուսության, «սրանց դեմ խաղ չկա»-ի պատը ջարդելու համար, առավել ևս, երբ առկա են շատ լուրջ խնդիրներ։ Ցավոք, այսօր Հայաստանի քաղաքական դաշտում գերվտանգավոր իրավիճակ է ստեղծվել` չարյաց փոքրագույնի սկզբունքով ինչ-ինչ խնդիրներ լուծելու առումով։ Եվ որպեսզի ընդդիմադիր դաշտում նոր, թարմ հոսանք ձևավորվի, կարծում եմ, հրատապ անհրաժեշտություն է դարձել քաղաքականության մեջ երիտասարդների ներգրավումը։ Խոսքը չի վերաբերում կոմսոմոլատիպ «բազեներին» կամ էլ «Հիմա, հիմա» գոռացողներին։ Այս առումով կարևորագույն խնդիր եմ համարում սերունդների համերաշխության, փոխաջակցության կամ քաղաքական սահուն սերնդափոխության համար իրական նախադրյալների արմատավորումը։ Դրանցից հիմնականը ես համարում եմ որևէ ուժի ազդեցության դաշտում չգործող սերնդափոխության քաղաքական ակումբի հիմնադրումը։
-Եվ ակումբի ղեկավարն էլ, իհարկե, Դուք եք լինելու։
-Ես որևէ հավակնություն չունեմ ակումբի ղեկավար լինելու։ Ընդհակառակը, ես ամեն ինչ անում եմ, որ այդ ակումբը լինի ոչ ֆորմալ մարմին, չլինի որևէ թելադրող, պարտադրող հանգամանք, ուղղակի փորձառու քաղաքական գործիչները հավաքվեն մեկ տանիքի տակ և որոշակի գաղափարներ փոխանցեն երիտասարդներին։ Ի վերջո, գալու է ժամանակը, երբ վետերաններս ստիպված ենք լինելու հեռանալ և հեռանալ ոչ միայն քաղաքական կյանքից, ուստի, կրկնում եմ, հասունացել է գաղափարները որպես հուսալի ուղենիշ, որպես մայրուղի երիտասարդ սերնդին ժառանգություն թողնելու հրամայականը։ Այս առումով, կարծում եմ, 2009-ը բավականին որոշիչ տարի կլինի։
Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 4697

Մեկնաբանություններ