Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Դու գնացիր, Քոչարյան, ու ամբողջը քեզ հետ տարար...

Դու գնացիր, Քոչարյան, ու ամբողջը քեզ հետ տարար...
27.01.2009 | 00:00

ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՅԸ ԴԱՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊԱՐՏՎՈՒՄ
Մինչ օրվա ավարտ պարզ կլինի` ինչ որոշում է կայացրել ԵԽԽՎ-ն: Խնդրո առնչությամբ կանխատեսումների պակաս չզգացվեց: Մի վերջին անգամ միանալով «այդ հոծ բազմությանը», եզրակացնենք` չեն զրկի:
Բայց դա, ուղիղ հաշվով, ոչինչ չի նշանակի: Այն պարզ պատճառով, որ գործընթացն ավելին է, քան ձայնից զրկումը կամ չզրկումը: Այն երևակում է հայաստանյան ընդհատակն իր բոլոր «պրելեստներով», բացահայտում մեր պատմական ձախողումների խորքը` ճանաչել տալով, թե ինչո՞ւ է հայը դարեր շարունակ բացառապես պարտվում:
Շատ պարզ. չի կարողանում հաղթահարել իր բարդույթները, ինքն իրեն, իր` մարդու, հայի մեջ ապրող ներքին թշնամուն: Եվ ամենքը, ինչպես ընդունված է ասել, «խելագարվում» են յուրովի:
Իշխանությունը, չգիտես ինչու, համառորեն չի ազատում տղաներին` մարտի 1-ի էներգետիկան և ռեզոնանսն անվերջ հետ բերելով, պահելով առաջին հերթին հենց իր գլխին: Տղաներին բանտերում պահելուց ոչ ոք այնպես չի տուժել, ինչպես իշխանությունը: Բոլոր առումներով: Բոլոր վեկտորներով: Բոլորին զինելով «երկսայրի սրով», որ իրեն «խոցեն»:
Իշխանությունը, ոչ այն է` տղայական համառությամբ, ոչ այն է` քաղաքագիտական անգիտությամբ, բոլոր ներքին-արտաքին խաղացողներին ցույց է տալիս իր թույլ տեղերը` բարդացնելով առանց այն էլ իր ոչ ուրախ կյանքը:
Շատերն են գլուխ ջարդում հասկանալու` լավ, ինչո՞ւ իշխանությունը չի ազատում տղաներին, ի՞նչ է, այս 50 հոգին դուրս են գալու վտանգե՞ն, միանգամից «վերցնե՞ն» իշխանությունը, և ընդհանրապես` նրանք դրսո՞ւմ, թե՞ բանտերում են ավելի «վտանգավոր»:
Չեն ազատում և վե՛րջ:
Ընդդիմությունը նույնպես անհասկանալի մարտավարություն է ընտրել: Վերջինս նույնպես դաժան է ու խիստ աններող: Եվ ընդհանրապես, բավականին տևական դիտարկելով իշխանության և ընդդիմության խաղի ամպլիտուդը, հասկանում ես, որ այս երկիրը երկուսի դեպքում էլ «ներելու» խնդիր ունի: Ներումը տիեզերքի մեծագույն կանոնն է ու այս ազգի գոյատևման հիմքը. այն, ինչ այլք առանց ներելու կարող են հաղթահարել, մեզ տրված չէ:
Իսկ որ ամենասարսափելին է, այս մասին խոսելը կամ ծիծաղելի է, կամ նոնսենս. պահանջարկ չկա, չափից դուրս շատ են հայոց տղերքը ափից հեռացել, որպեսզի այս համատեքստում միմյանց նկատեն: էլ ուր մնաց` ներեն:
Ինչևէ, ընդդիմությունը մի կողմից ցանկանում է, որ քաղբանտարկյալներն ազա`տվեն, որովհետև նրանց ընտանիքների առաջ պարտականությունների ու պատասխանատվության հարց կա: Ի դեպ, բանտարկված տղաներն էլ մի հալի չեն, և «չընթացած» դատավարության կարճ րոպեներին նրանց պահվածքն ու ագրեսիվությունը այդ են «ակնարկում»:
Մյուս կողմից էլ, հասկանալի է, տղաների չազատումը խաղն ընդդիմության համար դարձնում է ավելի «հետաքրքիր». ԵԽԽՎ-ն ձայնից կզրկի Հայաստանին, իշխանությունները դարձյալ կթուլանան ու է՛լ ավելի խոցելի կդառնան:
ՈՒստի ընդդիմությունն ուզում և սպասում է , որ ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնից զրկեն: Ինչը, քաղաքական տեսանկյունից, հասկանալի է:
Սակայն ի՞նչ անուն տաս այն սպասմանը, որով տոգորված է իշխանական համքարությունը` ԵԽԽՎ նստաշրջանից առաջ: Իշխանական որոշակի, եթե ոչ բոլոր, թևերում շատ ավելի անհամբեր են Հայաստանի ձայնի զրկման ուրախությունն ապրելու: Ավելի, քան ընդդիմությունը:
Դիտենք լոկ ԵԽԽՎ-ի հայոց պլեադայի հիմնական կազմը, որն այսօր պետք է աշխատի վասն հայոց` հեռավոր Ստրասբուրգում:
Բայց նախ` մի նրբություն. ստրասբուրգյան խորհրդարանն ու «յուր» նստաշրջանն ունեն հետևյալ առանձնահատկությունը. այնտեղ պետք է աշխատել անհայտ պատգամավորների հետ` «տետ ա տետ», եթե ցանկանում ես ստանալ հարկավոր որոշումը, աշխատել երկար և համառորեն:
Գուցե հարգարժան Ռաֆիկ Պետրոսյանի «բաստուրմային» փիլիսոփայության մեջ ինչ-որ ճշմարտության հատիկներ կան, սակայն, ընդհանուր առմամբ, Ստրասբուրգում պետք է աշխատել այլ երկրների պատգամավորների հետ` գաղափարապես նրանց համոզելով, փաստարկներ բերելով, դրանք «աշխատեցնելով» ապացուցողական բազայով: Չվիճենք` արվե՞լ է, արվո՞ւմ է, կարվի՞ այս օրերին նման բան, պարզապես փորձենք դիտել մեր եվրագնացներին` մեկ հստակ ֆիքսմամբ. նրանք բոլորն էլ կարծես պետք է որ ցանկացած լինեն` Հայաստանը ձայնից զրկվի:
Դիտենք. պատվիրակությունը ղեկավարում է Դավիթ Հարությունյանը: Մինչ վերջին զարգացումները, Դավիթը, որը քոչարյանական թիմի կարկառուն ներկայացուցիչներից էր, խիստ գրագետ մանևրով կարողացավ մտնել ՀՀԿ-ական դաշտ և դառնալ «չեզոք» խաղացող: Ապագա քաղաքապետ դառնալու հեռանկարը սրտում պահած, շատ լավ հասկանալով, որ եթե ինքն Ստրասբուրգից բերի հարկավոր ու անհրաժեշտ որոշումները, չի բացառվում, Սերժ Սարգսյանի աչքը քաղցրանա իր վրա:
Սակայն իրադարձությունները զարգացան բոլորովին այլ կերպ, և Դավիթը նախ հասկացավ. անկախ ամեն ինչից` իրեն քաղաքապետի աթոռին մոտ չեն թողնի: Կային նաև օբյեկտիվ պատճառներ. տղաներին չէին ազատում բանտերից, ինչն իսկապես նոնսենս էր: Եվ ամենակարևորը. Եվրոպան, Արևմուտքն իր սեփական խաղն է խաղում տարածաշրջանում, որը մշտապես եղել է ամերիկյան քաղաքականության բաղկացուցիչը, իսկ ԱՄՆ-ն այս տարածաշրջանում այս պահին լուծում է Ռուսաստանի չեզոքացման խնդիր, նաև` ղարաբաղյան «գետնին վրա», ուստի Հայաստանին անկյուն քշել ու ձայնից զրկել-չզրկելու բազարը մտավ եվրոպական օրակարգ` ի դերև հանելով Դավթի բոլոր «զարկերը», այդ թվում և` քաղաքապետին առնչվող: Էլ չենք ասում` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության, ինչպես նաև ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի «զարկ-զրկումներից»:
Դե հիմա ասեք` էլ վասն որո՞ւ Դավիթը «գող-գող չգա ու չգնա» ու չցանկանա, որ Հայաստանին ձայնից զրկեն ԵԽԽՎ-ում, Սերժ Սարգսյանին թուլացնեն, Աղվան Գառնիկիչին պատժեն` յուր «կարած» անճոռնի այդ զգեստի` «յոթի» ու մնացյալ գործերի առիթով, եթե օրակարգում են իր բոլոր կարգի պաշտոնանկությունները:
Չմոռանանք, որ նա ու Աղվան Գառնիկիչը շատ հին հաշիվներ ունեն. այդ Գառնիկիչն էր, որ Դավթին դարձրեց «գառնարած»` Եվրոպայի դռներին. արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ժամանակին ցանկանում էր ՀՀ գլխավոր դատախազության ֆունկցիաները վերցնել յուր նախարարության իրավասության ներքո: Չհաջողեց: Ինքը գնաց, կռիվը մնաց: Ասել է` Գառնիկիչը հաղթեց:
Դավթի «ճյուղի» մասով էպոսը կարծես ավարտեցինք:
Հայոց հաջորդ «մեծի»` Ադոնցի մասին: Ավետ Ադոնցի մասին քիչ է ասել` երդվյալ քոչարյանական. նա երկար տարիներ աշխատել է նախագահականում և շատ լավ է տիրապետում արտաքին խաղի ոսկե կանոններին. գիտե առաջ գնալու և հետ նահանջելու բոլոր կանոնները: Նաև` այսօր այնպիսի մի քաղաքական թիմի ներկայացուցիչ է, որի խաղը անհասկանալի է շատերի, այդ թվում և` այսօրվա նախագահի համար:
Հաջորդն Արմեն Ռուստամյանն է: ՀՅԴ-ական: Եվ որքան էլ երդվյալ ՀՅԴ-ականները փորձեն ապացուցել, որ իրենց պորտալարը կտրված է Քոչարյանից, և որ իրենք առանձնապես «չաղ-ուրախ-բախտավոր» չեն եղել Քոչարյանի օրոք, որովհետև վերջինս ՀՅԴ-ին իր միակ հենարանը չդարձրեց իշխանության տարիներին, միևնույն է` ՀՅԴ-ն և Քոչարյանն իրենց գենոտիպով նույնական են, այլ կերպ` նրանք տեսակ են, և առաջին հերթին կցանկանան, որ Սերժ Սարգսյանը թուլանա որքան հնարավոր է շատ ու շուտ. մանավանդ որ Սերժ Սարգսյանի և իրենց միջև նույնպես հին հաշիվներ կան, և որ Սերժ Սարգսյանն ուժեղացավ, անգլիական ձևով առաջին հրաժեշտն ինքն է տալու սիրելի դաշնակներին, կամ «ռոտացիա» է կատարելու նրանց գենոֆոնդում:
ԵԽԽՎ հաջորդ անդամը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Ճիշտ է, փորձագետները միանշանակ պնդում են, որ նա այս գործընթացում շատ ավելի ՀՅԴ-Քոչարյան և ոչ թե ընդդիմության խաղի բաղկացուցիչ է, այնուհանդերձ, փորձագետների մի մասը նաև պնդում է, որ այս խաղը Րաֆֆի Հովհաննիսյանինը չէ, ուստի նա նախընտրել է «անցնել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը», որի դեպքում ինքը շահած դուրս կգա: Եթե Հայաստանին ձայնի իրավունքից չզրկեն, նա մասն կունենա ԵԽԽՎ հայոց պատվիրակության այն «ուրախությանը», որը «կապրեն» նրա անդամներն առաձին-առանձին: Մյուս կողմից` եթե զրկեն, չի կիսի այն պատասխանատվությունը, որն այդ որոշման հետևանքով «կպատուհասի» հայոց պատվիրակությանը, հետևաբար` իշխանությանը: Ընդհանուր հաշվով` հայոց երկրին-պետականությանը:
Այլ խոսքով, չգիտես ինչ հաշվարկով (և կամ գիտես) այնպես է ստացվել, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը լիովին և անմնացորդ «պատկանում» է Ռոբերտ Քոչարյանին, իսկ առավել ճշգրիտ ձևակերպմամբ` կամա-ակամա ծառայում է նրա շահերին, նպատակներին:
Կարո՞ղ էին այս հարցում օրվա գործող իշխանությունները նույնքան նպատակային լինել, ինչպես Քոչարյանն էր եղել բոլոր հարցերում` իրենից հետո «թույլ տալով», որ Սերժ Սարգսյանը թագավորի ավերակաց: Մարտի մեկի «ավերակաց»: Գազի գների «ավերակաց» Քոչարյանի ժամանակ գազի գինը 110 դոլար դարձավ, սակայն Քոչարյանն այն սուբսիդավորեց, և մինչև իր պաշտոնավարման ավարտ մնաց 56 դոլար, մյուս նախագահը, անկախ նրանից` ով էր լինելու, փաստորեն, պետք է սկսեր «թանկ գազից»: Նույնը` Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ դառնալու ժամանակ Հայաստանի ստանձնած անցումային պարտավորություններն էին` գյուղատնտեսության հարկմանն առնչվող. սրա ձենը դեռ կլսենք, որովհետև սկսվելու է 2009-ից` ֆինանսատնտեսական ճգնաժամի բուռն «զարգացման» օրերին: Թողնված բոլոր ավերակները չես թվի, դրանք անչափ շատ են:
Այլ խոսքով, Քոչարյանն անչափ մտածված ու «խոհուն» այս երկիրն իր նախորդի և բոլորիս համար դարձրեց դժոխք ու .... հեռացավ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հ. Գ. -Թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համանախագահներ Պրեսկոտի ու Կոլոմբիեի առաջարկություններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու դրույթ չկա։ Սա, իհարկե, ոչ թե մեր պատվիրակության «քրտինքի», այլ եվրոպական կոնյունկտուրայի, նաև մեր իշխանությունների «Ճարպիկ ձեռնհասության» արդյունքն է։ Ինչպես նախկինում և այսօր էինք կանխատեսել, Եվրոպան և, ընդհանրապես, Արևմուտքը, չեն ցանկանա մեզ այդքան կտրուկ նետել Ռուսաստանի գիրկը, փակել իրենց հարցերը մեզ հետ։ Նրանք դեռ մեզնից պետք է փորձեն պոկել ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, հետևաբար` պահպանել ազդեցությունը տարածաշրջանում։

Դիտվել է՝ 3361

Մեկնաբանություններ