Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կբարձրանա՞ ԱԺ-ի դերը. Աստված գիտի

Կբարձրանա՞ ԱԺ-ի դերը. Աստված գիտի
03.10.2008 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ԿԸՆՏՐԵՆՔ, ԷԼԻ՛»
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Ասում են՝ ՀՀԿ խմբակցությունը կրկին Դուք եք ղեկավարելու։
-Դա այդքան էլ լուրջ խնդիր չէ։ Խմբակցությունն ազատ ժամանակ կունենա, համապատասխան առաջարկություններ կանի ու կընտրի խմբակցության ղեկավար։
-Լուրեր են շրջանառվում, որ այդ աթոռին հավակնում է նաև երիտասարդ մի հանրապետական։
-Դրանք բոլորը խոսակցություններ են։ Կուսակցությունը դեռևս այդ հարցը չի քննարկել։
-Ե՞րբ կքննարկի։
-Երբ ժամանակ գտնենք։ Առայժմ քառօրյա նիստեր են ընթանում։
-Փաստորեն, կուսակցության համար սա հրատապ հարց չէ։
-Իհարկե՝ ոչ։
«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԴԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՍԿՍՎԵՐ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ»
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
(ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար)
-Տևական ժամանակ համառ լուրեր են պտտվում, որ «Ժառանգության» պատգամավորների կեսը, այդ թվում և խմբակցության ղեկավարը, աշխատում են իշխանության դաշտում։
-Նմանատիպ լուրեր, թե իշխանության հետ համագործակցում ենք, բազմիցս են հնչում։ Մինչդեռ դրանք լուրերի մակարդակից այն կողմ չեն անցնում։ Առանձնապես այս տեղեկությունը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում։
-Եթե ոչինչ իրականում չկա, ինչո՞ւ հենց այդպիսի լուրեր «Ժառանգության» պատգամավորների ու խմբակցության ղեկավարի վերաբերյալ են տարածվում։
-Իսկ Դուք կարո՞ղ եք որևէ հիմնավորում բերել նման լուրերի առնչությամբ։
-Ես այն Ձեզնից եմ ակնկալում։
-Ես էլ ասում եմ՝ ոչ մի փաստ գոյություն չունի, որ կարիք ունենա հիմնավորման կամ մեկնաբանման։ Դա ընդամենը կասկածամիտ մարդկանց երևակայության արդյունք է։
-Արդեն տևական ընթացք խմբակցության ղեկավար եք, իշխանության հետ համագործակցելու «գայթակղիչ առաջարկ» չե՞ք ստացել։
-Նախ` ասեմ, որ իշխանության կողմից չի եղել նման առաջարկ, հետո էլ չեմ կարծում, որ իշխանության ներկայացուցիչներն այդպիսի առաջարկ կանեն։ Նրանք տեղյակ են, թե «Ժառանգության» պատգամավորները, այդ թվում նաև ես, ինչպիսի դիրքորոշում ունենք։ Մեր մեկուկես տարվա աշխատանքի ընթացքում սկզբնական շրջանում բազմաթիվ նմանատիպ խնդիրներ են առաջացել, բայց վերջիններս հասկացել են, որ ունենք հստակ ուղեգիծ, գաղափարախոսություն, արժեհամակարգ։
-Ձեր արժեհամակարգն ինչպե՞ս եք ընդունելի դարձնելու՝ լինելով ԱԺ փոքրամասնություն։
-Մեզ հետ խորհրդարան բերած արժեհամակարգը ոչ միայն այստեղ է, այլև այստեղից դուրս։ Քաղաքացին պետք է հնարավորություն ունենա ընտրություն կատարելու լավի ու վատի, ոչ թե վատի ու վատագույնի միջև։ Այս հանգամանքով է նաև, որ «Ժառանգությունը» դրականորեն տարբերվում է քաղաքական դաշտի մյուս ուժերից։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնությանն ու փոքրամասնությանը, ապա պետական մտածողություն ունենալու պարագայում ԱԺ-ի մեր գործընկերները կհասկանան, որ ընդդիմությունը շատ կարևոր մաս է իշխանական համակարգում, որի ներուժը պետք է օգտագործվի ամբողջ ծավալով։
-«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյան և խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյան։ Բացի «պաշտոնի բարձրացումից»՝ ի՞նչ փոխվեց։
-Շատ քիչ բան է փոխվել։ Ընդամենը վարչական աշխատանքները, պարտականություններն են ավելացել և վերջ։
-Հովիկ Աբրահամյանի խոսնակ դառնալուց հետո ԱԺ դերի բարձրացում արդեն նկատո՞ւմ եք։
-Իսկ հնարավո՞ր է մի քանի ժամվա ընթացքում դա նկատել։ Մենք արդեն նշել ենք, թե ինչ քայլերի դեպքում է հնարավոր հասնել արդյունքի։ Այդ գործընթացը նախ պետք է սկսվեր ԱԺ նախագահի ընտրությամբ։ Ինչպիսին կլիներ ընտրությունը, ԱԺ-ի մասին այդպիսի կարծիք էլ կձևավորվեր։ Այս հարցում կարևոր է նաև առօրյա կյանքում պատգամավորների, ինչպես նաև նրանց բարեկամների, հարազատների վարքագիծը։
-Ընդունո՞ւմ եք, որ ԱԺ նախագահը պետք է «օժտված» լինի ծնունդ-կնունք կանչելու հատկություններով։
-Չեմ կարծում, որ ԱԺ մեծամասնությունն այդ չափանիշներով է առաջնորդվում, ընդամենը կան պատգամավորներ, որոնք այդպես են մտածում։ Ես վերջիններիս թվին չեմ պատկանում։ Թեև ԱԺ նախագահի հետ անմիջական շփումները կարևոր են, բայց առաջնայինը կառավարման համակարգի խնդիրներն են։
«ՕՐԵՆՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆՔ ՄԵԽԱՆԻԿՈՐԵՆ»
ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ
(ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Դուք Ձեր ելույթում ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանի մարդկային հատկանիշները կարևորեցիք։ Օրենսդիր մարմնում աշխատանքային փո՞րձն է առաջնային, թե՞ անձնական, ընկերական հարաբերությունները։
-Կարծում եմ՝ օրենսդիր իշխանությունը հասարակության կարևորագույն օղակներից մեկն է։ Բնականաբար, գործադիրում աշխատելու մեծ փորձ ունենալով, Աբրահամյանը կարող է նաև օրենսդիրում հաջող աշխատել։ Եթե օրենսդրական նախաձեռնությունները դիտարկենք, ապա դրանց 90 տոկոսը կառավարության կողմից է ներկայացվել։ Լինել գործադիրում և չիմանալ օրենսդրությունը, աբսուրդի է հավասարազոր։ Իսկ մարդկային հարաբերությունների մեջ Հովիկ Աբրահամյանը պատրաստված, հարցերը ճիշտ համակարգող, խմբավորող անհատականություն է։ Համոզված եմ՝ նրա ղեկավարմամբ ԱԺ-ի դերը կբարձրանա։
-Կարծում եք՝ վերջին շրջանում ԱԺ-ի վարկանիշն անկո՞ւմ էր ապրել։
-Այո։ Շատ դեպքերում մենք օրենքների մեծ մասն ընդունում էինք մեխանիկորեն, առանց լուրջ քննարկումների։ Չմոռանանք, որ այդ ամենի պատասխանատվությունը քաղաքական կոալիցիայի վրա է, որն էլ պետք է լինի ավելի ուժեղ՝ լիարժեք օրենքներ ընդունելու համար։ ԱԺ-ն պետք է լինի զսպիչ օղակ և համապատասխան վերահսկողություն իրականացնի։
-Այս հարցերում Տիգրան Թորոսյանը թերանո՞ւմ էր։
-Թեպետ Տիգրան Թորոսյանը լավ անձնավորություն է, այնուամենայնիվ, ինչ-որ առումով թերացել է, և կուսակցությունն էլ որոշեց նրա ունակությունները ներդնել մեկ այլ ոլորտում։
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4227

Մեկնաբանություններ