Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ադրբեջանն անցնում է նոր քաղաքականության

Ադրբեջանն անցնում է նոր քաղաքականության
12.12.2008 | 00:00

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո տարածաշրջանային իրավիճակը բավական լուրջ փոփոխության ենթարկվեց։ Հայաստանի համար մտահոգիչ զարգացումների թվին կարելի է դասել վերջերս արձանագրվող Ադրբեջանի աննախադեպ ակտիվությունը` Վրաստանում իր ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ։
Հայաստանյան մամուլում վրաց-ադրբեջանական հարաբերությունների թեման քիչ է արծարծվել։ Թեպետ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, մեր երկու հարևանների փոխհարաբերությունների մեջ մտահոգիչ իրողություններ կան։ ԽՍՀՄ-ի փլուզմանը հետևած առաջին տարիներին վրաց-ադրբեջանական գործակցության խթանման մեջ առանձնակի հաջողություններ չէին արձանագրվում, քանզի ողջ հետխորհրդային տարածքը նոր իրավիճակին ադապտացվելու փուլում էր գտնվում։ 1990-ականների կեսերից, սակայն, ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ծրագրերի մեջ որոշակիորեն սկսեց ուրվագծվել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան հակառուսական առանցքի ձևավորման ձգտումը։ Այդ շրջանում Վաշինգտոնը դեռևս Անկարան դիտարկում էր իբրև տարածաշրջանում հիմնական ռազմավարական դաշնակցի, ուստի Անկարա-Թբիլիսի-Բաքու առանցքը հիմնականում նպատակաուղղված էր Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն։ Ադրբեջանը փորձում էր այս քաղաքականությունն օգտագործել Վրաստանն իր հակահայկական նախաձեռնությունների շրջանակ ներքաշելու համար։ Նույն նպատակին էր ուղղված ադրբեջանական քաղաքականությունը ՎՈՒԱՄ պետությունների միավորման շրջանակում, ուր դարձյալ առանձնակի կարևորություն ուներ Վրաստանի հակահայկական կեցվածքը։
Սակայն Էդուարդ Շևարդնաձեի իշխանության շրջանում Թբիլիսին առանձնակի տուրք չտվեց ադրբեջանական նկրտումներին, անգամ արևմտյան էներգետիկ ծրագրերի իրագործումից հետո։ Վրաստանի այդ քաղաքականությունն իր մեջ ուներ մի շարք պատճառներ։ Ամենից առաջ Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողություններին միանալն ինքնաբերաբար կմղեր Երևանին` աջակցելու Մոսկվայի հակավրացական քաղաքականությանը, ինչը միանգամից շատ խոցելի վիճակ կստեղծեր Վրաստանում։ Երկրորդ` բավական խոշոր թվակազմով հայության հանգամանքը Վրաստանում և հատկապես Ջավախքում կդառնար լրացուցիչ հանգամանք Վրաստանի մասնատումը խորացնելու համար և դարձյալ կարժանանար Ռուսաստանի աջակցությանը։ Եվ վերջապես, Վրաստանում միշտ էլ գիտակցել են, որ Հայաստանին խեղդելու հարցում Թուրքիա-Ադրբեջան առանցքում իրենց դերակատարությունը կարող է վերջին հաշվով շուռ գալ իրենց դեմ, քանզի բոլորովին չի բացառվում, որ հետագայում նույն Վրաստանը կարժանանա այդ ճակատագրին։
2003-ից իրավիճակն էապես փոխվեց։ ԱՄՆ-ի ռազմական օպերացիան Իրաքում աննախադեպ սրեց թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Վաշինգտոնն աստիճանաբար դադարեց Անկարան դիտարկել տարածաշրջանում իբրև իր կարևորագույն դաշնակցի, և նույնիսկ աստիճանաբար սկսեց իրագործել Թուրքիայի դերակատարությունը սահմանափակելու քաղաքականություն։ Այն իր արտահայտությունը գտավ սևծովյան ավազանի պետություններում ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայության ընդլայնմամբ, ինչպես նաև նույն Վրաստանում «վարդերի հեղափոխության» շնորհիվ հստակ ամերիկամետ վարչակազմի իշխանության գալու ճանապարհով։ Երբ Սաակաշվիլին և, առհասարակ, «Ազգային շարժում» կուսակցությունը Վրաստանում հայտնվեցին իշխանության ղեկին, ազգային հարցում բախվեցին նոր իրողությունների հետ։ Քանզի այդ ընթացքում Վրաստանի հայ համայնքը զգալիորեն նոսրացել էր արտագաղթի հետևանքով և, այսօրվա տվյալներով, նախկին կես միլիոնի փոխարեն լավագույն դեպքում կազմում է 350 հազար։ Ճիշտ է, ադրբեջանական համայնքը ևս ենթարկվել էր արտագաղթի` տնտեսական պայմանների բերումով, սակայն ադրբեջանցիների բնական աճի տեմպերը ոչ միայն պահպանել էին նրանց տեսակարար կշիռը Վրաստանի ազգային քարտեզում, այլև նույնիսկ աճի միտումներ են արձանագրում։ Տարբեր գնահատականներով` ադրբեջանցիներն արդեն իսկ թվակազմով երկրորդ էթնիկական խումբն են Վրաստանում կամ առնվազն մոտ ապագայում կունենան այդպիսի տեսակարար կշիռ։ Վրացական քաղաքական շրջանակներում, ուր ավանդաբար որոշ «ժողովրդականություն» է վայելում հակահայկական թեման, աստիճանաբար սկսեցին հասկանալ, որ առաջիկայում ամենալուրջ ներքին խնդրի կարող է վերածվել հենց ադրբեջանական համայնքի մեծացումը։ Թեպետ դրանից հակահայկական դրսևորումները չնվազեցին, այնուհանդերձ, փաստ է, որ վերջին տարիներին իրեն ազգայնական համարող վրացական վարչակարգի հարաբերություններն ավելի սրված էին հենց ադրբեջանցիների հետ։ Ադրբեջանցիներին համախմբող հասարակական կազմակերպությունների մեծ մասը վերջին նախագահական ընտրություններում ընդգծված դեմ էր հանդես գալիս Սաակաշվիլու թեկնածությանը, ակտիվորեն աջակցում էր Վրաստանի միասնական ընդդիմությանը։
Բաքվում էլ, կարծես, որոշ հետևություններ արել են Վրաստանի ազգային քարտեզի ներկայիս պատկերից։ Միաժամանակ, թերևս, գնահատել, որ իրենց քաղաքականությունը` Վրաստանին Հայաստանի շրջափակմանը մասնակից դարձնելու ուղղությամբ, առանձնապես արդյունավետ չի եղել։ ՈՒստի Բաքուն, ակնհայտորեն մի շարք սուբյեկտիվ հանգամանքներից օգտվելով, աշխատում է մեծացնել իր` հատկապես տնտեսական ազդեցությունը Վրաստանում։ Բաքու-Ջեյհան, Բաքու-Սուփսա նավթամուղները և Բաքու-Էրզրում գազամուղը, անշուշտ, կարևոր լծակ են վրաց-ադրբեջանական տնտեսական հարաբերություններում, քանզի էներգակիրների տրանզիտից Վրաստանը զգալի միջոցներ է ստանում։ Սակայն դա, թերևս, բավարար հանգամանք չէ Թբիլիսիի վրա Բաքվի ճնշումն ուժեղացնելու համար։ Օգոստոսյան իրադարձություններից հետո Ադրբեջանը ամենից ավելի կարողացավ օգտվել ռուս-վրացական հարաբերությունների սրումից, քանզի պարզ դարձավ, որ աբխազական և հարավօսական հակամարտությունները «ռուսական տարբերակով» լուծվելուց հետո Մոսկվան ու Թբիլիսին երկար ժամանակ գտնվելու են սառը պատերազմին բնորոշ հարաբերությունների դաշտում։ Ռուս-վրացական տնտեսական հարաբերությունները փաստացի խզված են, Մոսկվան, արդեն մեկ տարուց ավելի է, դադարել է Թբիլիսիին էներգակիրներ մատակարարելուց։ Այս իրողությունից օգտվելով էլ այս տարվա նոյեմբերին Ադրբեջանը կարողացավ լուրջ ձեռքբերման հասնել և Թբիլիսիին մատչելի գնով գազ մատակարարելու դիմաց հավատարմագրային կառավարման վերցնել Վրաստանի գազի մատակարարման ամբողջ համակարգը։ Սա կարելի է համարել ադրբեջանական առաջին լուրջ ձեռքբերումը Վրաստանում տնտեսական ազդեցության հաստատման առումով։
Անշուշտ, Ադրբեջանի նշանակությունը Վրաստանի տնտեսության համար սրանով չի սահմանափակվում։ Եթե Վրաստանը հանդիսանում է դեպի Թուրքիա և Եվրոպա Ադրբեջանի միակ ուղին, ապա Ադրբեջանն էլ այսօր Վրաստանն Իրանի և Կենտրոնական Ասիայի հետ կապող միակ ճանապարհն է։ Եթե այս ուղղությունն առայժմ գերակշիռ չէ վրացական տնտեսության մեջ, քանզի Իրանի և կենտրոնասիական պետությունների հետ Վրաստանի տնտեսական հարաբերություններն այդքան զարգացած չեն, ապա ապագայում այս վեկտորը կարող է զարգանալ և համապատասխանաբար մեծացնել Ադրբեջանի նշանակությունը Վրաստանի քաղաքական կողմնորոշումներում։ Անցած տարիներին ադրբեջանական կողմից բազմիցս փորձեր են արվել վերահսկողություն ձեռք բերելու կամ գոնե մասնաբաժին ստանալու Վրաստանի սևծովյան նավահանգիստների` Փոթիի և Բաթումի նավահանգստային կառույցների կառավարման ոլորտում։ Այս ուղղությամբ ադրբեջանական ընկերություններն իրենց ջանքերը չեն դադարեցրել, քանզի դա միաժամանակ հնարավորություն կտա վերահսկելու այդ ճանապարհով ներմուծվող ու արտահանվող հայկական բեռները։ Մի խոսքով, կան բոլոր նախանշանները, որ Ադրբեջանը Վրաստանն իր հակահայկական քաղաքականության ուղեծրում ընդգրկելու համար անցնում է ակտիվ տնտեսական ներթափանցման և երկրի ներսում որոշիչ լծակների ձեռքբերման։
Մինչդեռ հանուն արդարության պետք է խոստովանել, որ անցած ժամանակահատվածում Երևանը չի կարողացել առաջ քաշել այնպիսի գրավիչ տնտեսական նախաձեռնություններ, որոնք կարևոր ու հետաքրքիր լինեին Վրաստանի համար։ Հայ-վրացական փոխհարաբերությունները հիմնականում սահմանափակվել են քաղաքական և անվտանգության հարցերում որոշ համագործակցությամբ, Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարումներով, մասնավոր բիզնեսի միջև առայժմ սակավաթիվ համագործակցության նախաձեռնություններով։ Անշուշտ, Հայաստանից դեպի Վրաստան տնտեսական ներթափանցում չի կարելի դիտարկել վերջին տարիներին հայկական բիզնեսի կողմից Քոբուլեթում կառուցվող հյուրանոցներն ու սպասարկման օբյեկտները, որովհետև դրանք ծառայում են բացառապես այնտեղ մեկնող հայ հանգստացողներին երեք անգամ ավելի թանկ գներով ծառայություններ մատուցելուն։ Ավելի պարզ ասած, սեփական հայրենակիցներին հիմնավորապես կլպելու «շնորհակալ գործին»։ Այլ առանցքային տնտեսական նախաձեռնություններ Հայաստանը, որպես պետություն, կամ նրա մասնավոր հատվածը, առայժմ հանդես չեն բերել։ Այսօր, Ադրբեջանի մտադրությունների ակնհայտ ուղղվածությունը նկատի ունենալով, ավելի հրատապ է դառնում Հայաստանի հյուսիսային սահման և Վրաստանով հայկական բեռների անխափան տրանզիտի ապահովման խնդիրը։ Իսկ դա հնարավոր է ապահովել միայն Վրաստանին շահագրգռելով և առաջ քաշելով Թբիլիսիի համար այլընտրանք հանդիսացող նախաձեռնություններ։ Այս իրողությունն ինքնին հրատապ է դարձնում հայ-իրանական երկաթգծի կառուցման գործընթացի խթանումը, որովհետև Զանգեզուրով դեպի Իրան անցնող երկաթուղին կարող է դառնալ ամենակարճ ճանապարհն Իրանի Պարսից ծոցում գտնվող ու Վրաստանի սևծովյան նավահանգիստների միջև, միաժամանակ տնտեսական համագործակցությամբ շահագրգռելով նաև ծոցի արաբական երկրներին։ Հաջորդ նախաձեռնությունը, որ կարող է հանդես բերել Հայաստանը, հայ-իրանական գազամուղի միջոցով Վրաստանին գազ մատակարարելու հնարավորություններ գտնելն է։ Թբիլիսին շահագրգիռ է Թեհրանի հետ համագործակցությամբ և հատկապես իրանական էներգակիրներով, Իրանն իր հերթին բազմիցս շահագրգռություն է դրսևորել Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման առումով։ Ողջ խնդիրն այն է, որ ոչ թե Ադրբեջանը, այլ հենց Հայաստանը պետք է դառնա կապող օղակ այս հետաքրքրությունների շրջանակում։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3724

Մեկնաբանություններ