Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Եթե ուզում ենք ապրել իբրև հայ ժողովուրդ, իբրև հայոց երկիր

Եթե ուզում ենք ապրել իբրև հայ ժողովուրդ, իբրև հայոց երկիր
24.11.2023 | 16:08

Հայրենիքը միայն հող ու քար, լեռ ու հովիտ չէ, նա ամենից առաջ ոգի է ու լեզու:

Ես միշտ կարկամել եմ հայոց լեզվի առեղծվածի առաջ։

Այդ ինչպե՞ս է, որ գրավոր դառնալուց առաջ նա ուներ ադամանդե այն փայլը, որ ցոլում է մեր գողթան երգերի մեջ։ Այդ ինչպե՞ս է, որ գրավոր դառնալուց անմիջապես հետո նա կարողացավ թարգմանել մի այնպիսի վիթխարի ու բարդ գործ, ինչպիսին Աստվածաշունչն է։ Եվ ոչ միայն պարզապես թարգմանել, այլ այնպես թարգմանել, որ, աշխարհի խոշորագույն լեզվաբանների կարծիքով, դառնա թարգմանությունների թագուհին։

Ես հաճախ եմ հայերենի բառարաններ կարդում։ Դա իմ ամենամեծ հետաքրքրություններից ու վայելքներից է։ Ես ասես քիմքով վայելում եմ բառեր, որոնց մեջ դարերի համն ու հոտը կա։ Հինավուրց բառեր եմ վայելում, որոնք ի զորու են արտահայտել ժամանակակից գիտական ու փիլիսոփայական մտածողության ամենաբարդ հասկացություններն ու ամենատարբեր երանգները։

Կարդում եմ ու վայելում, նորից սիրահարվում նրան ու խորհում մեր գոյության ու հարատևության գաղտնիքի մասին։

Մեր ժողովրդի գոյության դարավոր հենասյուները՝ մայրենի լեզվի պաշտամունքն ու պահպանումը, մեր պատմության հայրենասիրական ոգին, հոգու և խղճի նարեկյան մաքրությունը, առողջ կենսափիլիսոփայությունը օդի ու ջրի նման պետք են մեզ այսօր, եթե ուզում ենք ապրել իբրև հայ ժողովուրդ, իբրև հայոց երկիր:

Վահագն Դավթյան

1982 թ․

Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 11496

Մեկնաբանություններ