«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, ճիշտ չէ»
07.02.2020 | 01:45
ԱԱԾ նախկին տնօրեն ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ հանդիպման էր հրավիրել տպագիր լրատվամիջոցների խմբագիրներին՝ հանրայնացնելու իր քաղաքական ծրագրերը: Շուրջ 3 ժամ տևած հանդիպումից ներկայացնում ենք որոշ հատվածներ.
«ՀԱՅՐԵՆԻՔ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
-«Հայրենիք» զարգացման հիմնադրամը ես գրանցեցի 1-1,5 ամիս առաջ, հիմնական նպատակն այն է, որ ես շատ եմ կարևորում քաղհասարակության դերը մեր երկրում, և առհասարակ բոլոր այն պետությունները, որ որդեգրել են ժողովրդավարության սկզբունքը և ժողովրդավարական երկրներ են, պետք է ունենան շատ զարգացած և ուժեղ քաղհասարակություն: Ինչ-ինչ պատճառներով նախկին իշխանությունների ժամանակ պետությունը մեծ ուշադրություն չի դարձրել քաղհասարակության զարգացմանը, այդ իսկ պատճառով այդ դաշտը գրավել են ՀԿ-ներ, որ ֆինանսավորվում են դրսից, և այդ քաղհասարակության ներկայացուցիչները հիմնականում այդ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների ներկայացուցիչներ են: Այսօր՝ հեղափոխությունից հետո, հասարակական կազմակերպությունների դաշտը գրեթե մնացել է դատարկ. ՀԿ դաշտի շատ ներկայացուցիչներ ներգրավվել են այսօրվա իշխանությունների մեջ: Բացի այդ՝ որոշակի մենաշնորհ կա Հայաստանի ՀԿ դաշտում, և այդ ամենի դեմ ոչինչ չունենալով՝ ես որոշեցի, որ մենք պետք է ստեղծենք «Հայրենիք» զարգացման հիմնադրամը և աջակցենք քաղաքացիական ակտիվ գործունեություն ծավալող մեր հայրենակիցներին: Ամենամեծ և ամենակարևոր տարբերությունը, որը տեսնում եմ և որի համար որոշել եմ գրանցել «Հայրենիք» զարգացման հիմնադրամը, այն է, որ մեր կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները և անհատները, նաև ԶԼՄ-ները, որոնց աջակցություն ցույց կտանք, Հայաստանում ոչ թե օտարերկրյա օրակարգ առաջ կբերեն, այլ կառաջնորդվեն մեր ազգային օրակարգով: Այսինքն՝ որքան էլ այն ՀԿ-ները, որոնք այսօր գործում են Հայաստանում և ֆինանսավորվում են դրսից, ասեն և պատմեն մեզ, որ իրենց գործունեությունն ուղղված է բացառապես Հայաստանի շահերին, այդպես չէ: Ամեն դեպքում, ֆինանսավորողը դրսից է, և ինչ-որ մի պահի նրանք սպասարկելու են օտարի շահերը և առաջ են բերելու այլ պետությունների օրակարգեր: Իսկ ես շատ կարևորում եմ մեր ազգային օրակարգը, և այդ ուղղությամբ փորձելու ենք տանել ակտիվ աշխատանքներ, որպեսզի ձևավորենք մեր ազգային օրակարգը՝ քաղհասարակության միջոցով:
…Եթե հիմնվում է հիմնադրամ, ուրեմն՝ պետք են նաև գումարներ: Այդ ուղղությամբ ես ունեցել եմ հանդիպումներ հիմնականում Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների հետ, այս պահին անունները չեմ հնչեցնի: Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին պատմել եմ մեր հիմնադրամի նպատակների մասին, և նրանցից ստացել եմ հավաստիացում, որ կաջակցեն մեզ որոշակի ֆինանսներով, որովհետև իրենց բացատրվել է, որ այդ ֆինանսներն օգտագործվելու են բացառապես մեր ազգային օրակարգի ձևավորման համար: Շատ կարևոր հանգամանք կա՝ «Հայրենիքը» զարգացման հիմնադրամ է, այլ ոչ թե բարեգործական: Մենք բարեգործությամբ չենք զբաղվելու, մենք զբաղվելու ենք կոնկրետ խնդիրների լուծմամբ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՍՏԵՂԾՈՒՄ
-Այսօր ես հայտարարելու եմ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին և փորձելու եմ ներկայանալ արդեն քաղաքական դաշտում: Քաղաքական գործունեությամբ զբաղվելը ենթադրում է քաղաքական ուժի ստեղծում, գրանցում, որը ես առաջիկայում պատրաստվում եմ անելու: Կհիմնադրվի նոր քաղաքական ուժ, այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են քաղաքական կոնսուլտացիաներ, և շատ մոտ ժամանակներս կհայտարարենք մեր կուսակցության գրանցման մասին:
…Ես շատ լավ գիտեմ այն մտահոգությունները, որոնք կիսում են մեր քաղաքացիները բակերում, աշխատավայրերում, իրենց ընկերական հանդիպումների ժամանակ, այդ մտահոգությունները համատարած են և տեղին: Կարծում եմ՝ այսօր անհրաժեշտություն կա ձևավորելու մի քաղաքական ուժ, որը կփորձի համախմբել և միավորել հասարակության այն լայն զանգվածը, որ չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպը, դժգոհ է այսօրվա իշխանությունների գործելակերպից, չեն արդարացվել հասարակության հույսերը, նրանք նաև մարդիկ են, որ չեն ուզում վերադարձ անցյալին: Շատ կարևոր մի երևույթ է ի հայտ եկել Հայաստանում՝ հասարակությանը սևի և սպիտակների բաժանելը: Ես կարծում եմ՝ կեղծ օրակարգ է, որը բերվել է մեր դաշտ, քաղաքական օրակարգ, ըստ որոնց՝ գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են: Ես ձեզ վստահեցնում եմ՝ վերադարձ անցյալին երբեք չի լինելու, ես այն մարդն եմ, որ պայքարելու է դրա դեմ, որ վերադարձ անցյալին հանկարծ չլինի: Բայց նաև ես այն մարդն եմ, որ դեմ է հասարակության բաժանումներին, և այդ կեղծ օրակարգը, որը մանիպուլյատիվ տարածվում է մեր հասարակության և ժողովրդի շրջանում, որ կան սևեր և սպիտակներ: Մենք բոլորս հայ ենք և բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք:
ԻՆՁ ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵԼԸ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է, ԳՐԵԹԵ ԱՆՀՆԱՐ
-Անկեղծ ասած՝ ինձ հունից հանելը շատ դժվար է, գրեթե անհնար: Բայց կարող եմ ֆիքսել՝ վերջին շրջանում իմ դեմ տարվող տեղեկատվական արշավը շատ վաղուց էր պլանավորված և դերաբաշխված, դեռևս երբ ես ԱԱԾ տնօրեն էի: Եթե դուք կհիշեք՝ իմ պաշտոնավարման վերջին մի քանի ամիսներին ինչ-որ տարբեր տեղերից ուղղորդված սկսեցին իմ մասին գրել կեղծ և ստահոդ հոդվածներ, և այդ ամենը տեղավորվում է տեղեկատվական արշավի մեջ, որն իմ դեմ իրականացվում է: Որպես օրինակ՝ կարող եմ բերել վերջին շրջանի հրապարակումներն իմ մասին, որոնցից որևէ մեկը չհաստատվեց՝ ամբողջությամբ սուտ էին: Այսինքն՝ հրապարակ են բերում մի վարկած, մի թեզ, ներկայացնում են որպես վերջին կետի ճշմարտություն, հետո սկսում են իրենք իրենց հերքել: Հասանք անգամ նրան, որ ինձ մեղադրեցին պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ…Դա նույնպես տեղավորվում է այդ տեղեկատվական արշավի շրջանակներում, և ինչ ունեցանք՝ մի անլուրջ իրավիճակ: Հայտնի թերթը իմ մասին գրում է մի հոդված, որտեղ ինձ մեղադրում են պետական հեղաշրջման և այլնի մեջ։ Ես, իհարկե, արձագանքում եմ, հերքում եմ: Դուրս է գալիս մի բարձրաստիճան պետական պաշտոնյա՝ ԱԱԽ քարտուղար, պատգամավոր և ուրիշներ, և պնդում են, որ նման փորձ է եղել, որ ես մասնակից եմ եղել պետական հեղաշրջման փորձի: Այնուհետև ստանում ենք ԱԱԾ պաշտոնական պարզաբանումը, որ նման դեպք չի եղել, նման փորձ չի եղել: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ մենք այդպես չենք ասել, մենք ասել ենք, որ հիբրիդային հեղաշրջում է… Օրակարգ է բերվում մի տերմին, որն օգտագործվել է, եթե չեմ սխալվում, ՈՒկրաինայում: Պետական հեղաշրջման փորձ իրականացնող մարդը պետք է նստած լիներ համապատասխան վայրում: Ցանկացած մարդ, ով կփորձի իրականացնել պետական հեղաշրջում, կամ հակասահմանադրական ճանապարհով կփորձի տիրանալ իշխանությանը, պետք է դատապարտվի և կրի իր պատիժը: Իրավունք չկա հակասահմանադրական ճանապարհով կատարելու որևէ քայլ. թե այդ քայլը ինչ նպատակներով դրդված կլինի, որևէ կապ չունի:
-Այս հարցի շուրջ կա մեծ բանավեճ, որոշ շրջանակներ ասում են` ոչ, որոշ շրջանակներ ասում են՝ այո: 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում, աննախադեպ էր: Ամբողջ ժողովուրդը փոփոխությունների ակնկալիքով և պահանջով դուրս եկավ հանրապետության փողոցներ և իր պահանջը ներկայացրեց:
…Ես՝ լինելով ԱԱԾ աշխատակից, կարող եմ ձեզ հավաստիացնել, որ անգամ պետական կառույցներում, չնայած որևէ կերպ դա չէր արտահայտվում գործողություններով, մարդիկ սպասում էին փոփոխությունների, և այդ փոփոխությունները եղան: Հետագայում եղան զարգացումներ՝ խորհրդարանի լուծարում, և այլն, և այլն, և մենք ունեցանք այն, ինչ այսօր ունենք: Համաձայն չեմ պնդման հետ, որ առաջին փուլը հակասահմանադրական էր, որովհետև եղել է ժողովրդի պահանջ, նախկին իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, որոշում են կայացրել գնալ ժողովրդի պահանջի կատարման ուղղությամբ, և հրաժարական ներկայացրել ու իշխանությունը հանձնել Նիկոլ Փաշինյանին: Բացի նրանից, որ հանձնվել է, նաև ՀՀԿ-ն, որն այդ ժամանակ խորհրդարանի մեծամասնությունն էր, աջակցել է Նիկոլ Փաշինյանին՝ սահմանադրական ճանապարհով վարչապետ ընտրվելու: Այ, թե ինչ եղավ հետո, խոր վերլուծության և զրույցի թեմա է, որի մասին մի օր առանձին կխոսենք և փակագծեր կբացենք:
-Իմ աշխատանքը վերջին 20 տարիներին չի ենթադրել հանրային գործունեություն, դա է պատճառը, որ ես հանրային ճանաչում չեմ ունեցել: Եվ կարող եմ ասել, որ, բացի Նիկոլ Փաշինյանից, մնացած այն մարդիկ, ովքեր այսօր եկել են իշխանության, գրեթե 98 տոկոսը հանրային ճանաչում չի ունեցել: Իշխանության գալուց հետո յուրաքանչյուրն իր աշխատանքով կարողացավ իր տեղը զբաղեցնել հասարակության մեջ, և այն տեղը և դերը, որը զբաղեցվեց ԱԱԾ-ի կողմից և անձամբ իմ կողմից, դուք բոլորդ ականատես եք եղել, թե ինչ ահռելի մեծ վստահություն է ձեռք բերել ԱԱԾ-ն, թե ինչ վերաբերմունքի եմ արժանացել ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, մեր հասարակության կողմից:… Բարոյական չէր լինի այն, եթե ես, կոնֆորմիզմից ելնելով, շարունակեի զբաղեցնել իմ պաշտոնը և չբարձրաձայնեի վտանգների մասին: Իմ և Նիկոլ Փաշինյանի միջև եղել են տարաձայնություններ, որոնց մասին բարձրաձայնել եմ հրաժարականի տեքստով: Տարաձայնությունները հիմնականում եղել են քաղաքացու, հասարակության և պետության ընկալումների մեջ: Եթե կուզեք՝ մեր տարաձայնությունները եղել են կյանքի ընկալման և վերաբերմունքի մեջ: Ես Նիկոլ Փաշինյանին, հրաժարականիցս առաջ, առավել ևս՝ հրաժարականից հետո, ոչինչ պարտք չեմ: Ես կատարել եմ իմ աշխատանքը, ես արել եմ ամեն ինչ, որ հեղափոխության ժամանակ տրված խոստումները` մեր հասարակությանը, իրականանան:
…Ես չեմ ափսոսել հրաժարականի համար, ես ափսոսում եմ, որ մենք չենք կարողացել արդարացնել բազմահազար մարդկանց հույսերը, սպասումները, և ընդհակառակը՝ եղել են շատ մեծ հիասթափության առիթներ:
…Դավաճան կոչվելու գնահատականից թող վախենան նրանք, որ դավաճանեցին հեղափոխության գաղափարներին: Թող դավաճան պիտակավորումից վախենան նրանք, որ իրենց անձնական շահը վեր դասեցին հանրային շահից: Թող դավաճան պիտակավորումից վախենան նրանք, որ շատ կարճ ժամանակ հետո սթափվելու են և ասելու են, որ՝ չենք հասկացել, թե ինչ ենք անում:
ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ՏՎԵԼ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՊԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ «ՏՈՒՇՈՆԿԱ ՇՈՈՒՆ», ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՕՊԵՐԱՑԻԱՆ
-Ես չեմ կիսում Ձեր գնահատականը, որ «տուշոնկա շոուն» կազմակերպված միջոցառում էր, ԱԱԾ-ն իրականացրել է լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ և բացահայտել կոնկրետ հանցագործություններ: Հետագայում ինչ գնահատականներ տրվեցին, ես չեմ պատասխանատուն, բայց այն, ինչ ներկայացրել է ԱԱԾ-ն տեսանյութի մեջ, ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը: Իսկ քննությունն իրականացվել է ՀՔԾ-ում՝ նախաքննության հետ: ԱԱԾ-ն որևէ առնչություն չի ունեցել, և եթե կան դժգոհություններ, պետք է դիմել նախաքննություն իրականացնող մարմնին: Բացի այդ, այսօր ընթանում է դատաքննություն, և բոլոր ապացույցները, ի վերջո, հանրությանը դառնալու են հասանելի, և գնահատականը կտրվի: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործին, ես դա չէի կոչի՝ Ռոբերտ Քոչարյանի գործ։ Մարտի 1-ի գործի բացահայտման մասին է խոսքը, բայց Մարտի 1-ի գործ ասելիս՝ հասկանում ենք, որ առաջնահերթությունը պետք է տրվեր 10 զոհված մարդկանց սպանությունների բացահայտմանը: Հարց է առաջանում՝ այսօրվա գործընթացները, քննությունը նպաստու՞մ են 10 զոհերի սպանության բացահայտմանը: Կարծում եմ՝ ոչ:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, այս հայտարարությունից հետո ես գիտեմ՝ լինելու են տարբեր մեկնաբանություններ, բայց ես ուզում եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, ընտրված է սխալ, նա երբևիցե որևէ իր քայլով չի ցույց տվել, թե խուսափում է քննությունից: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա նաև կթուլացներ լարվածությունը հասարակության որոշ հատվածներում և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանը և բացահայտմանը, իսկ մենք՝ բոլորս ուզում ենք, որ Մարտի 1-ի գործը բացահայտվի:
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾ ԱՍՎԱԾԸ ՉԻ՞ ԵՆԹԱԴՐՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
-Ես կարծում եմ, որ քննությունը պետք է իրականացվի բազմակողմանի, լիարժեք, որպեսզի որևէ կողմի մոտ հարցեր չծագեն: Քննության ընթացքում, եթե կպարզվի, որ մեղավոր է այս կամ այն գործող անձը, պետք է նրան ևս կանչել պատասխանատվության: Բայց քանի դեռ չունենք քննությամբ ապացուցված որևէ մեղադրանք, որևէ մեկին մեղադրելու իրավունք չունենք:
Ես ափսոսում եմ, որ նման ցածր մակարդակի է իջեցվում ողջ իրավապահ համակարգի գործունեությունը
…Օրինակ՝ կառավարության նիստին վարչապետն ասում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ ստուգել գազալցակայանների ՀԴՄ կտրոնները… Հանձնարարում եմ ԱԱԾ-ին՝ տեղորոշել սևազգեստ մարդկանց, որոնք զինված շրջում են քաղաքում… ի՞նչ սևազգեստ մարդիկ, ի՞նչ զինված մարդիկ: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չկան զինված մարդիկ, կան հորինված կերպարներ, որ իբր ահաբեկում են ժողովրդին, իբր ժողովրդական պահանջ է, և իբր նրանք հասարակությանը վտանգ են ներկայացնում: Վերջին իրադարձությունները վերլուծելով՝ ես ափսոսում եմ, որ նման ցածր մակարդակի է իջեցվում ողջ իրավապահ համակարգի գործունեությունը: Անլրջացնում են: Մարդիկ արդեն ծիծաղում են: Դուք հասկանո՞ւմ եք՝ մարդուն բերման են ենթարկում, մարդը դուրս է գալիս և ծիծաղում է, հարցազրույց է տալիս և ինչ-որ անթույլատրելի արտահայտություններ է անում: Բայց ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել: Եթե նպատակը մարդկանց վախեցնելը, լռեցնելն է… ես մի ավելի լավ առաջարկ ունեմ գործող իշխանություններին՝ Խորհրդային Միության տարիներին ով իրեն խելոք չէր պահում, բռնում էին՝ 15 օր նստեցնում էին: Թող օրենք ընդունեն՝ ով իրենց դեմ է խոսում, ով իրեն խելոք չի պահում, կստանա 15 օր: Գոնե կասենք՝ օրենք են ընդունել, գործ են անում: Ի՞նչ է նշանակում՝ մարդն ամբողջ օրը ոստիկանության դիմաց կանգնում է, գնում-հասնում է տուն՝ թևերը ոլորում են, պառկեցնում են գետնին՝ ոնց որ վերջին ահաբեկչին, բերում են ոստիկանություն, կես ժամ հետո բաց են թողնում: Դա նորմա՞լ է, իհարկե նորմալ չէ:
Շատ կարևոր մի հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրականում գրվում է, որ ոստիկանությունը սաբոտաժ է անում և անհիմն բերման է ենթարկում մարդկանց, որ դեմ է հեղափոխությանը: Դուք հավատում եք, որ ոստիկանությունում կարող է լինել ինքնուրույն որոշում, որ գնան՝ հանրային, հասարակական, քաղաքական գործիչներին բերման ենթարկե՞ն: Իհարկե ո՛չ: Կամ Փաշինյանի վերջին հանձնարարությունը ԱԱԾ-ին՝ պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերը և ուղիները:
…Ես եթե ասեի՝ պրՑՖ, մինչև այսօր կշարունակեի մնալ ԱԱԾ տնօրեն, կլինեի բոլորի կողմից շատ սիրված Վանեցյանը, կլինեի Ֆեյսբուքի թիվ մեկ սիրված հերոսը և չէի գնա այս դժվար ճանապարհով, որը ես որոշել եմ, ընտրել եմ և գնալու եմ: Ես իմ ողջ ծառայության ընթացքում որևէ անօրինական հրաման չեմ կատարել: Թե ինչպես չեմ կատարել և շարունակել եմ պաշտոնավարել, այդ հարցի հասցեատերը ես չեմ, խնդրում եմ՝ այդ հարցով դիմեք Նիկոլ Փաշինյանին:
ԿԱ՞Ն ՕՐԵՆՔՆԵՐ, ՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ ՃԻՇՏ ՉԷԻՆ
-Բանկային գաղտնիքի բացման հետ կապված՝ ես մշտապես ունեցել եմ բացասական վերաբերմունք, չնայած եղել եմ հատուկ ծառայության ղեկավար: Բոլորի համար պարզ է, որ ինչքան հասու լինեն մեզ այդ տեղեկությունները, այնքան հեշտ կլինի մեզ կատարել մեր գործառույթները: Բայց հաշվի առնելով պետության գրավչությունը՝ որպես պետություն, մենք պետք է հասկանանք, որ բանկային գաղտնիքը պետք է պահպանվի: Բանկային գաղտնիքը պետք է բացվի բացառիկ դեպքերում: Օրինակ, վերջին 2 տարում, պաշտոնական տվյալների համաձայն, ուղիղ օտարերկրյա ներդրումները Հայաստանում շատ ցածր են: Հիմա եկեք վերլուծենք՝ ինչու՞ է այդպես: Օրինակ, պոտենցիալ ներդրողը պատվիրում է մի վերլուծություն այն երկրի մասին, ուր պետք է գա: Բացում է, տեսնում է հայտարարություններ, որ մարդկանց սեփականությունը պետք է խլենք, բանկային գաղտնիք չկա, ժողովրդի պահանջով փակենք կամ բացենք այս օբյեկտը, էսինչը կոռուպցիոներ է, էսինչը օլիգարխ է, դարձավ խոշոր սեփականատեր, հետո էլի դարձավ օլիգարխ… նմանատիպ հայտարարություններ՝ երկրի ղեկավարի կողմից… Հասել ենք նրան, որ վարչապետը կառավարության նիստի ժամանակ ասում է, որ ճաքած ունիտազ ունեցող գործարարներին պետք է սնանկացնենք… Ի՞նչ է նշանակում՝ սնանկացնենք: Եթե մարդը ծառայությունները չի կարողանում պատշաճ կարգի մատուցել, շուկայական հարաբերությունների պայմաններում այդ բիզնեսն ինքն իրեն կսնանկանա: Պետությունն ի՞նչ գործառույթ ունի սնանկացնելու: Չի կարելի նման անլուրջ վերաբերմունք ցուցաբերել:
Ո՞ՎՔԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՁԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ
-Ովքեր են լինելու՝ այս պահին չեմ կարող պատասխանել: Շատ մարդկանց հետ եմ խոսել, քննարկել: Անկեղծ ասած, շատ մեծ ոգևորություն է առաջացրել տարբեր ոլորտներում՝ գիտական, տարբեր ոլորտների պրոֆեսիոնալների մոտ, որ երբևիցե կուսակցության անդամ չեն եղել: Նրանք մեծ պատրաստակամություն են հայտնել՝ ինձ հետ հիմնելու այդ քաղաքական կուսակցությունը և մտնելու քաղաքական պայքարի մեջ: Ինչ վերաբերում է գաղափարախոսությանը: Ավելի կոնկրետ դրա մասին մենք կխոսենք կուսակցության հիմնադիր համագումարում, բայց ես իմ գաղափարներով, իհարկե, կենտրոնամետ աջ ուղղության մեջ եմ: Բարձրագույն արժեքը քաղաքացին է, ժողովրդավարությունը առաջնահերթություն է, բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ մենք պետք է պահենք մեր ազգային ավանդույթները, մեր եկեղեցին, մեր ազգային շահը, և այլն: Այսինքն՝ ավանդույթներ և առաջընթաց: Սա է մեր հիմնական գաղափարախոսությունը:
ՁԵՐ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵՔ. ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՆ ՀՆՉՈՒՄ, ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ…
-Սերժ Սարգսյանին անձամբ չեմ ճանաչում, երբեք իր հետ չեմ հանդիպել: Նույնը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Երկուսին էլ գիտեմ՝ որպես մեր երկրի երկրորդ և երրորդ նախագահների: Միքայել Մինասյանին ճանաչում եմ շատ վաղուց, որովհետև բոլոր նրանք, ովքեր ծնվել են Երևան քաղաքում, դպրոց են գնացել, շփվել են իրար հետ, կողքի դպրոց են գնացել, խաղացել են, կռվել են, բարիշել են… Այո, Միքայել Մինասյանին ճանաչում եմ: Միքայել Մինասյանի հետ ընկերներ չենք եղել, ունեցել ենք նորմալ շփումներ: Վերջին անգամ Միքայել Մինասյանի հետ հանդիպել եմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, Նիկոլ Փաշինյանի գիտությամբ և հանձնարարությամբ: Բովանդակության մասին գիտեն 3 հոգի, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը՝ ես ու ևս 2 հոգի, որ այսօր իմ քաղաքական թիմից չեն: Մնացած հարցերով, խնդրում եմ, դիմեք իրենց:
ԿԱԴԻՐՈՎԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ
-Կադիրովի հետ ունեցել եմ շփումներ, որոնց մասին հիմա չեմ ուզում պատմել, որ չվտանգեն այն հնարավոր ծրագրերը, որոնք պետք է իրականանան մեր երկրում, մեր երկրի համար: Կարծում եմ՝ առաջիկայում բոլոր այդ ծրագրերը կիրականանան, և մեր հանրությունը կտեղեկանա, ու ես այդ ժամանակ կպատմեմ բոլոր մանրամասները: Ռամզան Կադիրովին ճանաչում եմ շատ լավ, ինքն էլ, գիտեք, հրապարակային իմ ծննդյան օրը շնորհավորել է:
…Ոչ միայն ռուսական հատուկ ծառայությունների հետ, այլև մնացած բոլոր գործընկեր հատուկ ծառայությունների հետ իմ գործունեության ընթացքում ես ունեցել եմ ակտիվ շփումներ: Մենք հանդիպել ենք տարբեր շրջանակներում, քննարկել ենք աշխատանքին վերաբերող հարցեր: Այդ շփումների ժամանակ ձևավորվել են շատ բարիդրացիական հարաբերություններ, որոնք մինչ օրս պահպանվում են: Բայց պահպանվում են շատ բարիդրացիական հարաբերությունները զուտ նրա մեջ, որ շնորհավորում են իրար Նոր տարի, ծնունդ և այլն: Այլ հանդիպումներ, քննարկումներ չկան: Դա նորից արվում է իմ դեմ տարվող տեղեկատվական արշավի շրջանակներում:
Սկսենք նրանից, որ այդ հեռախոսազրույցը, գաղտնալսումը մոնտաժված է: Դա մի խոսակցություն չէ: Դա մի քանի խոսակցությունների մոնտաժված տարբերակ է, և այդ գաղտնալսումը ներկայացված է այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե ես ազդեցություն եմ ունեցել դատական իշխանությունների կամ դատավորների վրա: Նման բան երբևիցե չի եղել: Ես երբեք որևէ դատավորի հետ որևէ քրեական գործի շրջանակներում զրույց չեմ ունեցել:
…Հանձնարարականը եղել է հետևյալը. անկախ նախկին զբաղեցրած պաշտոնից ու ներկայիս զբաղեցրած դիրքից՝ բոլոր նրանք, ովքեր խախտել են ՀՀ օրենքները, պետք է ենթարկվեն պատասխանատվության, և ես ի պաշտոնե կատարել եմ ինձ վրա դրված խնդիրները, և դուք տեղյակ եք, թե քանի-քանի մարդ է ենթարկվել քրեական պատասխանատվության: Իմ հրաժարականից հետո եղան կարծիքներ, և դրանք համատարած կարծիքներ էին, որոնք տարածվում էին պետական քարոզչամեքենայի կողմից, որ Արթուր Վանեցյանը հովանավորել է նախկին իշխանություններին, չի թողել նրանց նկատմամբ հարուցվեն քրեական գործեր, նպաստել է նրան, որ հեռանան, և այլն: Ես իմ հրաժարականից հետո կարող էի հայտարարել, որ զբաղվում եմ ակտիվ քաղաքական գործունեությամբ, իսկ դա ինձ ոչ մեկը չէր արգելել հայտարարել, անմիջապես հետո, բայց ես թողեցի, որ անցնի 5-5,5 ամիս: Հարց է առաջանում՝ ինչու՞: Եկեք հիմա փաստերով խոսենք: Իմ հրաժարականից հետո քանի՞ հոգի է նախկին իշխանություններից, այսպես կոչված, թալանչիներից, ենթարկվել քրեական պատասխանատվության, և քանի՞ լումա գումար է վերադարձվել, այսպես կոչված, թալանված, կոռուպցիոն փողերից: Եթե այստեղ նստած մարդիկ մեկ դեպք ինձ կհիշեցնեն, ես ներողություն կխնդրեմ: Ինչ վերաբերում է, թե նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների ես տեղեկություն եմ փոխանցել, որ կարողանան երկրից գնան. հիմա բերում եմ մեկ օրինակ: Այն ժամանակվա ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ կար հարուցված և կարճված քրեական գործ: Հայտնի օֆշորի գործը: Քրեական գործի վերաբացելու եղանակը մեկն է: Պետք է լինեն նոր երևան եկած հանգամանքներ, և գլխավոր դատախազը պետք է թույլատրի քրեական գործը վերաբացել և քննություն իրականացնել: Մենք՝ ԱԱԾ-ն, գրել ենք պաշտոնական գրություն գլխավոր դատախազին՝ առաջարկելով նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վերաբացել այդ քրեական գործը: Ինչ-ինչ պատճառաբանությունների հիման վրա, որը, համոզված եմ, վաղը կբերեն այդ պատճառաբանությունները, թե ինչու՞ իրենք չհամաձայնեցին, որ այդ գործը վերաբացվի, այն վերադարձվել է մեզ:
Այնուհետև Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից, և հարց է առաջանում՝ ինչու՞ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, և ինչու՞ քրեական գործը չվերաբացվեց, ինչու՞ գլխավոր դատախազը չմտավ ԱԺ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու համար: Դրա մասին գիտի նաև վարչապետը: Հետևանքների մասին, խնդրում եմ, դատեք ինքներդ: Մնացած գործերով որևէ բան այլևս չեմ ասելու: Ես նորից կրկնում եմ՝ ես հեղափոխությունից հետո արել եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնենք ժողովրդին տված խոստումները, որպեսզի, այսպես կոչված, թալանված փողերը վերադարձնենք պետական բյուջե: Արվել են, և օրինական ճանապարհով ինչ հնարավոր էր անել, կարծում եմ՝ ես արել եմ: Այո, կան այսօր էլի դեպքեր, որոնք էլի հնարավոր է անել, և ես կարծում եմ՝ իմ նախկին գործընկերներն այդ ուղղությամբ աշխատանքներ կտանեն:
ՁԵՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԿԱՊ ՈՒՆԻ՞ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԵՏ
-Այո, իմ հրաժարականը հետևել է դրան: Կապն այն է, որ արդեն իսկ իշխանությունները չեն թաքցնում` իրենք չեն հանդուրժելու Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ լինելու հանգամանքը: Ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ: Հրայր Թովմասյանին չեմ ճանաչել մինչև ԱԱԾ տնօրեն դառնալս: Հրայր Թովմասյանի հետ ծանոթացել եմ ՀՖՖ նախագահ դառնալուց հետո, Հրայր Թովմասյանի որդին խաղում էր 14 տարեկանների հավաքականում, շատ տաղանդավոր երեխա էր, և Հրայր Թովմասյանը հաճախ էր գալիս խաղերին մասնակցելու, որտեղ և արդեն ծանոթացել ենք: Եվ այն զարգացումները, որ եղան ՍԴ-ի շուրջ վերջին շրջանում, ես չէի կարող ուղղակի մասնակից լինել նման զարգացումների: Հիմա ես չեմ պատասխանի Ձեր հարցին՝ ինձ եղե՞լ է ուղիղ հանձնարարական, չի եղել, ես ասում եմ, որ իմ՝ հրաժարական ներկայացնելու հիմնական պատճառներից մեկը եղել է այդ հարցում անհամաձայնությունը: Եվ ես հնչեցրել եմ «կանգ առ»-ի սթափեցնող կոչ, որը, ցավոք, տեղ չի հասել:
ԵՍ ՄԻՇՏ ՊԱՅՔԱՐԵԼ ԵՄ «ՍԼԻՎՆԵՐԻ» ԴԵՄ
-Ես երբևիցե չեմ հրապարակի մի բան կամ, մամուլի լեզվով ասեմ՝ «սլիվ» անենք մամուլ, հետո այդտեղից վերցնենք, սարքենք իրականություն… Ես միշտ պայքարել եմ «սլիվների» դեմ, միշտ պայքարել եմ պետական գաղտնիքի պահպանման համար, և պետական գաղտնիք, անձնական կյանքին վերաբերող տվյալներ հրապարակել ինձնից երբևիցե չսպասեք: Իսկ հիմա, եթե ես ձեզ ասեմ, որ չգիտեմ ինչ-որ տվյալներ, ինձ ուղղակի անլուրջ մարդու տեղ կդնեք: Ես չեմ ասում՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ես ընդհանրապես եմ ասում՝ այո, ես տիրապետում եմ շատ մեծ ինֆորմացիայի, բայց դա երբեք ես չեմ հրապարակի: Իսկ բոլոր նրանք, ովքեր շատ մտահոգված ասում են, որ Վանեցյանը տիրապետում է պետական գաղտնիքի, նրան պետք է արգելել զբաղվել քաղաքականությամբ, նրան պետք է մեկուսացնել, նա հեսա՝ կհրապարակի, էս կանի, էն կանի, բոլորին խորհուրդ եմ տալիս, եթե պետական գաղտնիքի պահպանման մասին մտածում են, երկու-երեք ամիս առաջ «Ժողովուրդ» թերթում մի հարցազրույց է եղել, ԱԱԾ նախկին աշխատակիցը տվել է մի հարցազրույց, որն առնվազն երկու-երեք պետական գաղտնիքի հրապարակում է արել: Ինչո՞ւ մինչև հիմա պատասխանատվության չի ենթարկվում այդ մարդը, որ հրապարակել է պետական գաղտնիք:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՁԵՐ ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԸ
Քայլերը հետևյալն են. քաղաքական ուժի ձևավորում, ակտիվ շփում ԶԼՄ-ների և ժողովրդի հետ, ընթացքում կհասկանանք տրամադրությունները՝ հասարակության մեջ տիրող, այդ ընթացքում կլինեն շատ ակտիվ քաղաքական հանդիպումներ, քաղաքական կոնսուլտացիաներ՝ տարբեր քաղաքական ուժերի, պետական գործիչների, քաղաքացիական գործիչների, հայտնի մարդկանց, մտավորականության հետ, կլինեն հանդիպումներ, կներկայացնենք մեր տեսակետները, կլսենք իրենց տեսակետները, միասնական կախտորոշենք մեր երկրում ստեղծված իրավիճակը և կփորձենք գնալ առաջ:
Ես ինքս փորձելու եմ հեռու մնալ անցյալից, հորդորելու եմ մեր ժողովրդին անել նույնը, և մենք բոլորս միասնական լուծումներ ենք գտնելու և գնալու ենք առաջ: Ես շրջելու եմ ժողովրդի մեջ, լսելու եմ նրանց մտահոգությունները, ներկայացնելու եմ իմ մտքերը և մտահոգությունները, և մենք միասին կարողանալու ենք ժողովրդին բացատրել, որ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, ճիշտ չէ: Եթե ժողովուրդը կընկալի, կհասկանա և մեզ կաջակցի, ուրեմն, մենք կկարողանանք բերել առաջ մեր օրակարգը, եթե ժողուրդը չի աջակցի, քաղաքական ուժերը մեզ չեն աջակցի, մենք կհասկանանք, որ չենք կարողանում հասնել մեր դրած նպատակներին, ուրեմն կմտածենք ուրիշ ճանապարհ: Ոչ թե ձեռքներս կծալենք, կհիասթափվենք, կգնանք, այլ կմտածենք ուրիշ ճանապարհ:
ՄՈՌԱՆԱ՞ՆՔ ԱՆՑՅԱԼԸ…
-Մի լավ բառ կա, չէ՞, հիմա, ասում են՝ աննախադեպ: Ես իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մի աննախադեպ հայտարարություն եմ արել, որի համար շատ քննադատվել եմ: Երբ Ռոբերտ Քոչարյանին բոլորը սևացնում էին, նախկիններին բոլորը սևացնում էին, ես հրապարակային ասացի՝ ո՞վ է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը միայն վատ բաներ է արել: Ռոբերտ Քոչարյանը շատ լավ բաներ է արել: Նույնը վերաբերում է նախկին իշխանությունների ցանկացած ներկայացուցչի: Չկա մարդ, որ բացառապես վատ բաներ է արել կամ բացառապես լավ բաներ: Մարդիկ նրա համար են, որ անեն համ լավ բաներ, համ վատ բաներ:
ԴՈՒՔ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԷԻՔ, ՈՐ ՍՈՐՈՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՎՏԱՆԳ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Ինձ ուղղված հարցը հնչեցվել է՝ վտանգ ներկայացնու՞մ է, թե՞ ոչ, կարճ պատասխանել եմ՝ այո: Հիմա մի քիչ ավելի երկար պատասխանեմ: Ես այսօրվա զրույցի սկզբում անդրադարձա քաղհասարակության կարևորությանը, նշեցի օտարերկրյա ներդրումը Հայաստան, երբ կարող է ստորադասվել պետական և ազգային շահը: Նայեք: Քաղհասարակության և հատկապես Բաց հասարակության հիմնադրամների հետ կապված՝ ես արել եմ մի հայտարարություն: Բերեմ մեկ օրինակ: Նրանք խրախուսում են, ֆինանսավորում են պացիֆիստական շարժումները: Մարդիկ հասարակության մեջ քարոզում են, կանանց ասում են՝ դուք երեխա չեք ունենում, որ տաք, գնան բանակ: Բայց մենք պատերազմող երկիր ենք: Դա մեր երկրի պետական, ազգային անվտանգության հարցն է: Հասկանու՞մ եք, օրակարգ են բերում, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիան, սկսում են պաշտպանել: Ստամբուլյան կոնվենցիայի պատճառով մեր սովորական քաղաքացիները, իրենց տանը նստած, սթրես են ապրում: Իրենք չեն հասկանում, որ այդ Ստամբուլյան կոնվենցիան ընդունվեց, ոնց է լինելու, իրենց երեխան ինչ է անելու, և այլն, ու նմանատիպ շատ դեպքեր: Մեր ինստիտուտները… Օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու դեմ տարվող հակաքարոզչությունը: Այո, նրանք նաև ֆինանսավորել են ՀԱԵ-ին: Մի անգամ 50 000 դոլարի չափով ֆինանսավորում է եղել: Բայց նաև տարվում է հակաքարոզչություն մի մարմնի շուրջ, որի շուրջ հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում համախմբվել է: Ո՞նց կարելի է առհասարակ մեր եկեղեցու մասին վատ խոսք ասել: Չի կարելի: ՈՒղղակի չի կարելի:
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում ընտրում են երկրի 47-րդ նախագահին, որի համար պայքարում են դեմոկրատական կուսակցությունից Քամալա Հարիսը և Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփը։