ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՒնենք անտիհամակարգային իշխանություն և բյուրոկրատ ընդդիմություն

ՈՒնենք անտիհամակարգային իշխանություն և բյուրոկրատ ընդդիմություն
04.04.2024 | 07:31

Ըստ Հայաստանում GALLUP International-ի ներկայացուցիչ MPG-ի սոցհարցման՝ Փաշինյանի կառավարման արդյունքում նրա հակավարկանիշը կազմում է 75%, իսկ վարկանիշը՝ 8%:

Այս 8%-ը բացարձակ հատակն է, այն քաղաքական առումով այլևս չի իջնելու: Այն կզրոյանա միայն, երբ Փաշինյանն այլևս իշխանություն չունենա: Նույնիսկ իշխանություն ունենալով՝ այս թիվը խոսում է այն մասին, որ իշխանական ռեսուրսն այլևս չի աշխատում:

Հասարակության նվազագույնը 75%-ը սպասում է քաղաքական առաջարկի: Սա նշանակում է, որ ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության առաջարկները, եթե դա կարելի է քաղաքական առաջարկ համարել, այլևս ընդունելի չեն:

Քանի որ ամեն բան եզրագծին է, նշեմ մի քանի մտքեր: Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, խմբերը, լիդերները պետք է հասկանան մեկ պարզագույն քաղաքական դիլեմա, եթե ուզում են շարունակել առհասարակ մնալ հայկական քաղաքականության մեջ, եթե առհասարակ դա էլ գոյություն ունենա:

Թե՛ քաղաքական, թե՛ տեսլականային, թե՛ բովանդակային, թե՛ օրակարգային առումով նրանք պետք է ներկայացնեն այսօրվա իշխանության օրակարգին, խոսույթին, մտքին, պրոպագանդային արմատապես հակասող և այն բացառող քաղաքական խոսույթ, միտք գաղափար և սկզբունք:

Որքան էլ քաղաքական ռեալությունը բարդ և ռիսկային լինի, այնուամենայնիվ, ընդդիմությունը չէ, որ կրում է ամբողջական պատասխանատվություն այդ քաղաքական ռեալության համար, սակայն զինանոցում, որպես մեկ զենք, պահել և իշխանությանը անդադար մեղսագրումներ անելը մեծ առումով սահմանափակում և այսօր արդեն սնանկացնում է հենց ընդդիմություն ինստիտուտի քաղաքական արժեքն ու ընկալումը:

Եթե իշխանությունը աչքի է ընկնում թակարդն ընկած կենդանու անկայուն քաղաքական շարժումներով և այդ թակարդից դուրս պրծնելու ջանքերով, ապա ընդդիմությունը աչքի է ընկնում այդ նույն թակարդում հայտնվածի և այդ թակարդը լուռ, հուսահատ ու վախվորած ուսումնասիրողի վարքով:

Սա բացարձակապես մեղադրանք չէ, որովհետև բազմիցս եմ նշել, որ այսօրվա ընդդիմությունը, իր բնույթով հեղափոխական չլինելով, իր բնույթով չափից շատ «տեխնոկրատ», բյուրոկրատ և համակարգային լինելով, փորձում է արտահամակարգային լինել, և ստացվում է այն, ինչ ստացվում է: Ադյունքում ունենք իշխանություն, որն անտիհամակարգային է, և ընդդիմություն, որն իր բնույթով չափից շատ բյուրոկրատ է:

Իշխանության մասին ասելու բան, թերևս, էլ չկա, նրանք Հայաստանի երրորդ Հանրապետության գերեզմանափորներն են: Արդյոք ընդդիմությունը թույլ կտա՞, որ դա տեղի ունենա: Ինչո՞ւ ընդդիմությունը, որովհետև քաղաքական գերեզմանափորների պլանները խաթարելու քաղաքական, շեշտում եմ, քաղաքական, այլ ոչ թե հանրային, բարոյազգացական, պատմամշակութային, արժեքաբանական այլ քաղաքական ծանր առաքելությունը հենց նրանք են ստանձնել:

Շատ հաճախ եմ դիտարկում, այդ առաքելության պարզեցում, քաղաքական ծանր և արժեքավոր բովանդակության արտադրումից խուսափում, իսկ ավելի ճիշտ անկարողություն, հստակ քաղաքական տեսլականի սկզբունքային արտահայտման վանում, քաղաքական մտքի կիսատություն կամ, ավելի ճիշտ, ռիսկայնության գնահատման գերդոզավորում: Այս ամենը հանգեցնում է քաղաքական ընդդիմության կերպի, տիպի, բնութի և, ամենակարևորը, ընկալման կիսատության, ինչն էլ իր հերթին դևալվացնում է ընդդիմությանը իր ընտրողների աչքերում: Նրանց գերկարևոր ֆունկցիան պետք է լինի իրենց դավանած սկզբունքների, գաղափարների, լուծումների հստակ և աներկբա ներկայացումը իրենց ընտրողներին, հաշվետվողականությունը և հույսի արթնացումը նրանց մեջ:

Դրա փոխարեն բացառապես իշխանության սկզբունքների չգոյության ցուցադրումը, նրանց անգաղափար, անսկզբունք լինելու հանգամանքի պախարակումը և նրանց կողմից իրականացվող քաղաքական լուծումների կործանարար լինելու փաստի ցուցադրությունը լայն հանրային մոբիլիզացիայի ոչ առիթ և ոչ էլ դետոնատոր չի դառնում:

Արդյունքում՝ ընդդիմությունը, ցավալիորեն փոքր հաղթանակներով առաջ գնալու փոխարեն, կրկին գրանցում է մեծ հաղթանակին չհասնելու անկարողության ցուցադրություն, ինչն իր հերթին տանում է մի կողմից նրանց քաղաքական սնանկացմանը, իսկ որ ավելի կործանարար է՝ իշխանության սեփական դիրքերի ամրապնդմանը:

Վերջ տվեք քաղաքական կիսատությանն ու բյուրոկրատիզմին:

Քաղաքական երևույթները գնահատելիս և դրանցով ձեր ընտրողների հետ կիսվելիս եղեք հանդուգն ձեր պատկերացումներում և սկզբունքներում, դրանով կերևա ձեր քաղաքական առաջարկն ու լուծումների բանալին:

Հստակեցրեք ձեր քաղաքական առաջարկը բոլոր ոլորտներում, խոսքը ծրագրերի մասին չէ, խոսքը սկզբունքային դիրքավորումներ ունենալու մասին է, որն ամբոջությամբ կհակասի իշխանության դիրքավորմանը:

Վերջապես, ընտրեք և ներկայացրեք Փաշինյանի այլընտրանքին գոնե քաղաքական face-ի առումով, անկախ նրանից, կհավանեն, թե ոչ, կընկալեն, թե ոչ: Դուք չեք կարող չունենալ քաղաքական լիդերի առաջարկ, անկախ նրանից՝ դա ով կլինի: Դուք պարտավոր եք ունենալ և առաջարկել:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1381

Մեկնաբանություններ