Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Արևը ծագում է Արևմուտքում և մայր է մտնում Արևելքում, դուք համաձայն չե՞ք

Արևը ծագում է Արևմուտքում և մայր է մտնում Արևելքում, դուք համաձայն չե՞ք
09.10.2012 | 13:14

Ասեմ ի սկզբանե. երբ մտածում էի` ինչ գրել, ինչ չգրել, գրել չէի ուզում, որովհետև սայթերում կարդացել էի, որ ԲՀԿ նախագահը երկուշաբթի վերջապես վերադառնալու և իր կողմնորոշման մասին է ավետելու: Իսկ դա ենթադրում է նոր իրավիճակ և համապատասխան վերլուծություն: Իհարկե, տարբերակների քննարկմանը և՛ երևակայությունս, և՛ փորձառությունս կբավարարեին, տարբերակների հետևանքների քննարկմանն էլ կբավարարեին:

Բայց... չէի կարող շրջանցել համարյա դավադիր հարցը` իսկ ի՞նչ է փոխվելու հոկտեմբերի 8-ին, որ հայտնի չէր հոկտեմբերի 7-ին: Ի՞նչ է փոխվելու իմ` միջին վիճակագրական հայի կյանքում, եթե ես իմանամ, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները աշխատանքայինից դառնում են գործընկերային, համարյա կոալիցիոն (հիշենք, որ կոալիցիան բաց կառույց է), կամ, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հարաբերությունները մնում են աշխատանքային, բայց նրանք արդեն աշխատում են մրցակցության կանոնակարգով, որովհետև ԲՀԿ-ն սեփական թեկնածուն կունենա նախագահական ընտրություններում, և այդ թեկնածուն ՀՀԿ-ի թեկնածուն չէ: Ի՞նչ կփոխվի իմ քաղաքական, իրավական, սոցիալական, տնտեսական, հոգեբանական կարգավիճակում: ՈՒ հարցը հիպոթետիկ չէ, հռետորական չէ, անգամ խայտառակ ծավալուն է, եթե հանդգնես իրավիճակի նկարագրությունից մի կես քայլ դեպի պատճառները, մի կես քայլ էլ դեպի հետևանքները անել: Արդյո՞ք էլիտար խաղերը կենսական նշանակություն ունեն մեր կյանքում: Արդյոք Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականության մեջ փոփոխությո՞ւն է լինելու քաղաքական ուժերի հնարավոր վերադասավորությունից: Արդյո՞ք Հայաստանում քաղաքական դաշտն այնքան կենսունակ է, որ փոփոխության ազդակներ ունենա: Իշխանություն-այլընտրանք-ընդդիմություն եռանկյունը երկրաչափակա՞ն, թե՞ քաղաքական հասկացություն է: Չափազանց անհստակ ու անհասկանալի են այդ եռանկյան անկյունների սահմանները: Եթե սահմանես իշխանությունը և ընդդիմությունը, այլընտրանքը ինչպե՞ս սահմանես: Եվ` ի՞նչ ժամանակի մեջ: Վերջապես` իմաստ ունե՞ն այդ սահմանների սահմանումները, եթե ակնհայտ է, որ ընդդիմությունն ակներևաբար իշխանության գալու հավակնություններ չունի, ուրեմն իշխանության համար դադարել է վտանգավոր լինելուց, իսկ իշխանության միակ խնդիրն իր այլընտրանքն է, որ, ի վերջո, իր մասն է, և կգա իշխանության, թե ոչ, երկրում փոփոխություններ չեն լինի: Առավելագույն փոփոխությունը կարող է լինել անձերի կյանքում, բայց ո՛չ պետության, ո՛չ երկրի, ո՛չ մարդկանց: Իհարկե, նախագահի փոփոխությունը համարյա ինքնաբերաբար բերելու է կառավարող բուրգի վերադասավորության, որովհետև Հայաստանում պետական կառավարման համակարգը կառուցվում է ոչ թե օրենքների վրա, այլ անձնական նախասիրությունների: Անձնական և միմիայն անձնական նկատառումներով ոմանք կարող են համարյա ժողովրդի թշնամու կարգավիճակ ստանալ, ոմանք` արքայի մանկլավիկների, ոմանք` մունետիկների, ոմանք էլ դիտորդի, որ պակաս կարևոր զբաղմունք չէ: Իսկ անձնական համակրանքներն ու հակակրանքներն այնքան հեղհեղուկ են ու այնքան պայմանական, որ նվազագույնն անլուրջ է լուրջ վերաբերվելը: Առավել ևս, որ նախագահի փոփոխություն Հայաստանին առաջիկա հնգամյակում չի սպառնում: Համենայն դեպս` ընտրություններով:
Հայաստանը Ռուսաստանից գազը սահմանի վրա ստանում է 1000 խորանարդ մետրը 180 դոլարով, մաքսային մարմնի հաշվետվություններում 1000 խորանարդ մետրի գինը հաշվվում է 220 դոլարով: Չի բացառվում, որ Ռուսաստանը 1000 խորանարդ մետր գազի գինը հասցնի 280 դոլարի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովում ասաց, որ բանակցությունները շարունակվում են, և գազի գինը կարող է փոխվել:

Հազիվ թե պակասի, ուրեմն գազի գնի ավելացումը բերելու է ապրանքների և ծառայությունների գների աճ: Դոլարն էժանանում է: Հարևան Իրանի կառավարությանը չի հաջողվում փրկել ազգային արժույթը` ռիալը մեկ շաբաթում 40 տոկոսով արժեզրկվեց: Երբ շուկայից պակասի բանջարեղենը, մարդիկ անցնելու են ձմեռային սննդատեսակի, սպասվո՞ւմ է սպառողական զամբյուղի վերահաշվարկ` ըստ գործող գների: Աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրանալո՞ւ են այդքան: Հիշեցնեմ` նախագահական ընտրություններից առաջ: ՈՒ շատ չէ, մի քիչ էլ խորանամ` ևս քանի՞ ընտանիք է ճամպրուկները կապելու: Ավելանալո՞ւ, թե՞ պակասելու են հանրապետություն մտնող տրանսֆերտները: Հարկային պարտավորությունների կատարումը վերստին մանր ու միջին բիզնեսի առաքելությո՞ւնն է լինելու, թե՞, բացի մենաշնորհներից, տնտեսական դաշտում խոշոր հարկատուները կորցնելու են նաև հարկեր չվճարելու արտոնությունը:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունները իրո՞ք Վրաստանում ժողովրդավարության հաղթանակի նոր դրսևորում են: Նախկին կառավարության անդամների կիսափախուստները երկրից, «Վրացական երազանքի» ղեկավար Բիձինա Իվանիշվիլու` վրաստանաբնակ հայերին հայրենիք ուղարկելու, թե չուղարկելու մտադրությունը, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի հետ փոխհարաբերությունները համադրելու փորձերը, նոր կառավարության կազմավորման, նոր խորհրդարանի և հին նախագահի խաղաղ գոյակցության փորձերը, 2013-ին էլ նախագահական ընտրությունների բովում գտնվող Վրաստանը տարածաշրջանային կայունության, թե անկայունության տարածք են դարձնելու: Բացի բարիդրացիական հարաբերությունների կարևորությունից, Վրաստանը մեզ համար ցամաքային ճանապարհ է դեպի մեծ աշխարհ:
Եթե Սիրիայի դեպքերը Իրանի նախադուռն են, ապա բացվելո՞ւ, թե՞ փակվելու է այդ դուռը: Իրադարձությունների զարգացումները վաղուց ակնհայտ են դարձնում, որ հարևան Իրանում իրավիճակ է փոխվում: Միջուկային զենքի որոնումները, արևմտյան համառության և արևելյան համառության միջակայքում բանակցությունները, եվրոպական պատժամիջոցները, ռիալի արժեզրկումը, շիաներ-սուննիներ փոխհարաբերությունները, ևս մեկ տասնյակ այլ խնդիրներ, որ որքան առնչվում են Իրանի Իսլամական Հանրապետությանը, նույնքան վերաբերելու են մեզ` իբրև հարևանի, որ ճանապարհին է, բայց ճանապարհ չունի:
Նկատի առեք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն էլ օրակարգում է, և օրակարգում է բանակցությունների շարունակման անհրաժեշտությունը: Բայց` ինչպե՞ս: Ադրբեջանը քայլում է ուղիղ հակառակ ընթացքով` ինչպե՞ս բանակցես այն մարդու հետ, որ իր երկրի թիվ մեկ թշնամին համարում է աշխարհի բոլոր հայերին: Ինչպե՞ս բանակցես այդ պետության հետ: Եվ ի՞նչ երաշխիք, որ այդ պետությունն ինքն իր խոսքը հարգելու է, ինքն իր բանակցածն ընդունելու է: Այո, Ադրբեջանը հայատյաց քաղաքականություն է վարում, ավելացնում է սպառազինությունները, հայտարարում է, որ հարցը մտադիր է ռազմական ճանապարհով լուծել, բայց Հայաստանը դուրս չի գալիս բանակցություններից: Ռամիլ Սաֆարովի պատմությունը վկայեց, որ պատերազմը վերսկսվելու պատրվակ է որոնում: Իսկ եթե Հայաստանը ճանաչեր ԼՂՀ անկախությունը և ձևական պատճառ տար Ադրբեջանին` իր սպառնալիքներն իրագործելո՞ւ: Կարճ ու զայրացած մի ռազմական բախո՞ւմ, թե՞ երկար ու հյուծող ռազմական գործողություններ էին լինելու, մարդկայինից բացի, տարածքային կորուստներ ո՞ր կողմն էր ունենալու: Տարածաշրջան ի՞նչ ուժեր էին մտնելու` կասեցնելու ռազմական գործողությունների ծավալումը: Ի՞նչ մանդատով, որքա՞ն ժամանակով, հանուն տարածաշրջանի՞, թե՞ սեփական խնդիրները լուծելու: Հայաստանը խայծը կուլ չտվեց և չգնաց գայթակղիչ, բայց անկանխատեսելի ճանապարհով: Դեռ քանի՞ նման խայծեր կմատուցեն Հայաստանին ու տարածաշրջանին, քանի դեռ նպատակն իրագործված չէ: Մենք համարյա հաճույքով փնովում ու այպանում ենք մեր արտաքին գործերի նախարարությանը, շենքն էլ վաճառեցինք, որ այսուհետ որևէ արտգործնախարարի պատուհանից այլևս չերևա Արարատն ու իրենք չերևան մեր աչքին` ինչպես մյուս նախարարություններն են կիսաքանդ շատրվաններով ու պերմանենտ աղբանոցներով մեզնից պատնեշված: Բայց արտաքին աշխարհից պատնեշվել չենք կարող: Պատերազմից պատնեշվել չենք կարող: Ինչպես չենք կարող պատնեշվել ինքներս մեզնից` չտեսնելու մեր չպաշտպանվածությունը, անխելամտությունը, չտեսնելու, որ կենսական խնդիրների փոխարեն հասարակական քննարկումների օրակարգ ենք բերում օրվա ալիքի վրա բարձրացածը, որ վաղն արդեն կորցնում է հրատապությունը: Բոլորովին չեմ ուզում այդ մասին մտածել, բայց շատ վախենում եմ, որ այդպես վարվում ենք վախից, անպատրաստությունից ու անկարողությունից, որովհետև «Լույսը բացվի` բարին հետը» դարավոր ճշմարտությանը ապավինելն ավելի հեշտ է, քան այդ «բարին» սեփական ուժերով բերելը: Իսկ լույսը բացվում է ու մթնում է, բարին մնում է յոթ սարի հետևում: Որովհետև կենսական հարցերի քննարկմանը պիտի հետևի կենսական որոշումների ընդունումը, իսկ մենք ընտելացել ենք աջ ու ահյակ նայելուն ու սպասելուն: Որովհետև պատվախնդիր չենք: Տեղ-տեղ կորցրել ենք հայրենիքի զգացողությունն ու փոխարինել ենք շահի զգացողությամբ, որովհետև հայրենիք ու իշխանություն նույնացնում ենք ու իշխանությունից միշտ դժգոհ` դժգոհ ենք հայրենիքից, որովհետև արժեհամակարգ չձևավորելով` ինքնագնահատականն ենք տարտղնում: Ազգային հպարտությունը, ազգային զարգացման մոդելի ձևավորումը, ազգային դիմադրողականությունը ապրիորի հասկացություններ չեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ես իսկապես չեմ սպասում` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, շաբաթվա զույգ, թե կենտ օրը Բելառուսից, թե Բջնիից կվերադառնա Գագիկ Ծառուկյանն ու կհրապարակի ԲՀԿ-ի մտադրությունները: Ես խորապես համոզված եմ, որ դա մեկ առանձին վերցրած կուսակցության ղեկավարի որոշելիքն է, որից բոլորովին կախված չէ իմ, ուրեմն և միջին վիճակագրական հազարավոր հայերի ճակատագիրը: Ընդունում եմ, որ շատ կարևոր որոշում է լինելու կուսակցության ու նրա վերնախավի համար: Շատ կարևոր որոշում է լինելու երեք նախագահների եռանկյունում: Շատ կարևոր որոշում է լինելու քաղաքագիտության մեջ նոր խոսք ասելու առումով` ինչի՞ է հակված դեպի իշխանություն քայլող այլընտրանքը, եթե ո՛չ իշխանություն է, ո՛չ ընդդիմություն: Ընդունում եմ, որ ցանկացած որոշում, նաև որոշման բացակայություն արժանի են քննարկման, վերլուծության և եզրահանգման: Բայց ես իրավունք ունեմ հարցնելու` օտար խաղե՞ր են, թե՞ ինձ ու իմ խնդիրներին առնչվող լուծումներ կան այդ բոլոր քննարկում-վերլուծություն-եզրահանգումներում: Հայրենիքի ընկալո՞ւմ կա, թե՞ հայրենիքի օգտագործում, իրե՞նց է պետք իշխանություն, թե՞ իրենք են պետք իշխանությանը: ՈՒ ընդհանրապես` համաձա՞յն են, որ արևը ծագում է արևմուտքից և մայր է մտնում արևելքում, եթե այդպես է պետք հաջողության համար, թե՞ ԱԺ հաջորդ քառօրյային գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այս հարցով կմտնի խորհրդարան:

Դիտվել է՝ 7538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ