38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Թվում էր, թե հավերժ շարունակվելու է ոտքից գլուխ հասկանալի ու ապահով կյանքը

Թվում էր, թե հավերժ շարունակվելու է ոտքից գլուխ հասկանալի ու ապահով կյանքը
04.04.2024 | 12:11

Ամառային երեկոներին, երբ հովն ընկնում էր, գնում էինք նոր բացված երգող շատրվանները նայելու: Էն ժամանակ մեծ-մեծ շենքերը չկային, ու հրապարակը նման էր շրջանաձև պարիսպներով մի իսկական անառիկ բերդի:

Բերդ էինք մտնում հարավային դարպասներից ու շարժվում դեպի լիճը: Ամբողջ քաղաքը հրապարակ էր իջնում, տուրիստներն էլ: Երբ մութն ընկնում էր, սկսվում էր ներկայացումը: Երաժշտության հենց առաջին նոտաներից լճի երեսին հայտնվում էին շատրվանների սպիտակ, փրփրոտ գլուխները, որոնք գնալով ավելի բարձրանում էին ու սկսում պարել Խաչատրյանի վալսի տակ՝ հեքիաթային գույներով, ֆանտաստիկ ակրոբատիկ շարժումներով, մեկ բարձրանալով ու իջնելով, մեկ ընդարձակվելով ու սեղմվելով:

Մենք ջրին մոտ էինք կանգնում ու լսում էինք շատրվանների խշշոցը: Երբ մի երգը վերջանում էր, վերջին նոտայից օդում մնացած՝ ամենամոտ շատրվանի ջրի շիթը լռության մեջ չլմփոցով ընկնում էր ջրի վրա, ու դրանից շատրվանը, հանկարծ, կենդանի արարած էր դառնում: Դա նույնն էր, ինչ լսես պարողի հևոցը: Ու անմիջապես սկսում էիր պատկերացնել ավազանի մեջ ապրող շատրվանի կյանքը, որը ներկայացումից հետո հանգստանում է ավազանի հատակին, հետո, երևի, զրուցում է մյուս շատրվանների հետ ինչ-որ շատրվանային թեմաներով, շատրվանային մտքեր մտածում, շատրվանային երազներ երազում, իսկ ցերեկը քնում է:

Ներկայացումից հետո տպավորություններով լցված տուն էինք գնում, ու թվում էր, թե հավերժ շարունակվելու է կենդանի շատրվաններով, կողքովդ քայլող փերիներով լի, ոտքից գլուխ հասկանալի ու ապահով կյանքը, որտեղ սահման չկար հեքիաթի ու իրականության միջև, որտեղ ժամանակը ժամացույցի միջից դուրս չէր գալիս, որտեղ ջերմությունը չափվում էր ոչ թե ցելսիուսի սանդղակով, այլ սրտի զարկերով:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6100

Մեկնաբանություններ