ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

...Եվ զարկեցին 2008 թմբուկ

...Եվ զարկեցին 2008 թմբուկ
12.08.2008 | 00:00

ՊԵԿԻՆԻ 29-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ
Ահա և եկավ այնքան երկար սպասված օգոստոսի 8-ը։ Պեկինի «Թռչնաբույն» անվանումը կրող 91 հազար տեղանոց մարզադաշտում տեղի ունեցավ 29-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Ավելի քան 3,5 ժամ տևած յուրօրինակ ներկայացումը, որն անցավ «Մեկ աշխարհ, մեկ երազանք» կարգախոսով, մեկ անգամ ևս ցույց տվեց, թե որքան անսահման է մարդկային երևակայությունը։
1968 թվականի Մեխիկոյի օլիմպիական խաղերից սկսած՝ հնարավորություն ենք ունենում հետևելու օլիմպիական խաղերի ընթացքին և յուրաքանչյուր մարզական տոնի ավարտից հետո ընդունում, որ այն լավագույնն էր մինչ այդ անցկացված խաղերից։ Թե ինչպիսին կլինի 29-րդ խաղերից ստացած ընդհանուր տպավորությունը, հայտնի կդառնա օգոստոսի 24-ին։ Ինչ վերաբերում է բացման արարողությանը, ապա կազմակերպիչներն արել էին ամեն ինչ, որպեսզի շուրջ երկու միլիարդ հեռուստադիտողի պատմեն իրենց 5000 ամյա կենսագրությունը, և դա արեցին լույսերի, գույների, 2008 թմբուկների ֆանտաստիկ համադրությամբ։
29-րդ խաղերի առաջին ակորդը մատուցվեց ամենաբարձր նոտաներով և արժանացավ գերազանց գնահատականի։ Իրենց ելույթներով դա հաստատեցին նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոն և Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն, որոնք մասնակիցներին կոչ արեցին ազնիվ պայքարում նվաճել հաղթանակը։
Օլիմպիական մեդալների առաջին հավաքածուն խաղարկեցին հրաձիգները։ Տղամարդկանց օդամուղ ատրճանակի 10 մետր տարածությունից վարժությունում 688,2 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Պանգ Վեյը։ Այս վարժությունում Հայաստանը ներկայացրեց Եվրոպայի եռակի արծաթե մեդալակիր Նորայր Բախտամյանը։ Երևանցի նշանառուն չորս տարի առաջ Աթենքում ցույց էր տվել 4-րդ արդյունքը, և մենք, ոչ անհիմն, նրանից ակնկալում էինք մեդալ։ Ցավոք, այս անգամ Նորայրը ցույց տվեց միայն իններորդ արդյունքը և դուրս մնաց մեդալների համար պայքարից։
Անհաջողության մատնվեց նաև մեր երկրորդ մասնակիցը՝ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, իսկ 60 կգ այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց կորեացի Չոյ Մին Հոն։
Բռնցքամարտի մեկնարկը հաջող սկսվեց 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանի համար։ 1/16-րդ եզրափակիչում Անդրանիկը 14։8 հաշվով պարտության մատնեց գանացի Ահմեդ Մարակուին և օգոստոսի 16-ին 1/8-րդ եզրափակիչում կհանդիպի ՈՒզբեկստանի ներկայացուցիչ Էլշոդ Ռասուլովի հետ։ Վերջինս առաջին շրջանում 8։2 հաշվով առավելության էր հասել ֆրանսիացի Ժան-Միշել Ռայմոնի նկատմամբ։
Օգոստոսի 10-ին ձյուդոիստները վիճարկեցին 66 կգ քաշային կարգի հաղթողի կոչումը։ Ցավոք, այստեղից էլ մեր փորձառու Արմեն Նազարյանն արդեն նախնական փուլում վերածվեց հանդիսականի, իսկ չեմպիոն հռչակվեց ճապոնացի Մասուտո ՈՒչիչիբան։
1/16-րդ եզրափակիչը վերջինը եղավ նաև 64 կգ քաշային բռնցքամարտիկ Էդուարդ Համբարձումյանի համար։
***
Խաղերի առաջին օրը դիմացկունության յուրօրինակ քննություն հանձնեցին հեծանվորդները։ 245 կմ խճուղային վազքի մեկնարկ դուրս եկավ 143 մարզիկ, իսկ վերջնագիծ հասավ միայն 90-ը։ Նրանցից ամենահամառը և ամենավճռականը ճանաչվեց իսպանացի Սամուել Սանչեսը՝ տարածությունն անցնելով 6 ժամ 23 րոպե 49 վայրկյանում։
Կանանց 90 կմ խմբակային վազքը, որն անցավ հորդառատ անձրևի տակ, ավարտվեց մեծբրիտանացի Նիկոլ Կուկի հաղթանակով։ Ավելորդ չէ նշել, որ Կուկը դարձավ խաղերի ողջ պատմության մեջ առաջին բրիտանացի չեմպիոնն այս մրցաձևում։
Պեկինում յուրաքանչյուր օր ծնվում են օլիմպիական նոր չեմպիոններ, սահմանվում են աշխարհի նոր ռեկորդներ, և բոլորն էլ արժանի են առանձնակի ուշադրության, սակայն այս օրերին մարզասերները հատկապես համակ ուշադրությամբ են հետևում ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսի ելույթներին։ Աթենքի խաղերի վեց ոսկե մեդալների ասպետը, դեռևս խաղերի մեկնարկից շատ առաջ, իր հայրենակիցներին խոստացել էր նվաճել ութ ոսկե մեդալ և դրանով իսկ գերազանցել իր լեգենդար հայրենակից Մարկ Սպիտցի ռեկորդը, որը 1972 թվականին Մյունխենում նվաճեց յոթ բարձրագույն պարգև։ Այս հայտարարությունից հետո Էն-Բի-Սի հեռուստաընկերությունը պնդեց, որ լողի մրցումներն անցկացվեն ամերիկացիների համար առավել հարմար ժամի։ Ահա թե ինչու լողորդները մեկնարկի են դուրս գալիս ոչ թե երեկոյան, ինչպես նախատեսված էր, այլ վաղ առավոտյան։ Չնայած բազմաթիվ երկրների լրատվական միջոցները հանդես եկան քննադատությամբ, սակայն ՄՕԿ-ն ընդառաջ գնաց հեռուստաընկերությանը, քանի որ Էն-Բի-Սին համարվում է ՄՕԿ-ի բյուջեի խոշորագույն ներդրողներից մեկը։
Մայքլ Ֆելպսը Պեկինում հանդես կգա հինգ անհատական և երեք փոխանցալողերում։ Առայժմ նրա համար ամեն ինչ ընթանում է նախապես կազմած պլանով. Ֆելպսն առաջինն էր 400 մետր համալիր լողում և 4x100 մ ազատ ոճով փոխանցալողում։
Խաղերի առաջին երկու օրը խաղարկվեց մեդալների 21 հավաքածու։ Առայժմ բոլորից շատ՝ 6 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել չինացիները։ Հարավային Կորեան իր ակտիվում ունի 3 ոսկե և 2 արծաթե, ԱՄՆ-ը՝ 2 ոսկե, նույնքան արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Հաղթանակի երկու անկրկնելի ակնթարթ են վայելել նաև չեխերը, մեկական անգամ՝ Իտալիայի, Ճապոնիայի, Իսպանիայի, Ավստրալիայի, Հոլանդիայի, Ռումինիայի, Թաիլանդի և Մեծ Բրիտանիայի պատվիրակները։ Ընդհանուր առմամբ օլիմպիական պատվո պատվանդան են բարձրացել 32 երկրի մարզիկներ։
Այսօր պայքարի մեջ կմտնեն մեր հանրապետության հինգ մարզիկներ։ Ատրճանակի մրցումներում հանդես կգա Նորայր Բախտամյանը, գորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը (55 կգ) և Կարեն Մնացականյանը (60 կգ), 100 մետր լողի մրցումներում ուժերը կչափի Միքայել Քոլոյանը, իսկ մեր ծանրորդներից առաջինը մրցահարթակ դուրս կգա 69 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյան-կրտսերը։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5968

Մեկնաբանություններ