ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մերն իսկապես ուրիշ է

Մերն իսկապես ուրիշ է
29.07.2008 | 00:00

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱԶԴԱԿԱՆՉԵՐ
Թերթում եմ Հայաստանի ըմբիշների անցած երեք տարիների ելույթների տարեվերջյան ամփոփագրերը։
Մովսես Կարապետյան՝ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, Ռոման Ամոյան՝ արծաթե մեդալակիր, Մարտին Բերբերյան՝ ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2005-ին Բուդապեշտում անցկացված այս մրցումներում բրոնզե պատվանդանին մոտ էր նաև գյումրեցի 66 կգ քաշային Արման Վարդանյանը։ Կիսաեզրափակիչում միայն միավորներով զիջելով կուբացի մրցակցին՝ Արմանը բավարարվեց 5-րդ տեղով։
2006-ը նվաճումների առումով աննախադեպ էր։ Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշներից Ռոման Ամոյանը արծաթե «դեգերումներից» հետո առաջին անգամ հռչակվեց 55 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոն, տևական ընդմիջումից հետո երկրորդ անգամ 60 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Կարեն Մնացականյանը։ Հաղթանակին մոտ էր նաև 84 կգ քաշային Դենիս Ֆորովը։ Եզրափակիչում միավորներով զիջելով մրցակցին՝ նա արժանացավ արծաթե պարգևի։ Ազատ ոճայիններից արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեցին Կարինե Շադոյանը, Ռուսլան Կոկաևը, Շամիլ Գիտինովը, Վադիմ Լալիևը և Ռուսլան Բասիևը։ Թիմային պայքարում ազատ ոճայինները երրորդն էին, իսկ հունահռոմեական ոճում՝ 4-րդը։
Թվում էր՝ 2007 թվականին մեդալների այս հրավառությունը պետք է որ ավելի բուռն ու տպավորիչ լիներ, սակայն Եվրոպայի առաջնությունում ազատ ոճայիններից միայն Շամիլ Գիտինովը կանգնեց բրոնզե պատվանդանին, իսկ Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունում նույնպիսի հաջողության հասավ 120 կգ քաշային Յուրի Պատրիկեևը։ Այստեղ լավ տպավորություն թողեց նաև Արման Ադիկյանը։ Արտիմեդ գյուղի մարզադպրոցի սանը գրավեց 5-րդ տեղը և Պատրիկեևից հետո դարձավ մեր երկրորդ օլիմպիականը։
2007 թվականից մեր լեգեոներները, որոնք տեղացի ըմբիշներից մի քանի անգամ բարձր էին վարձատրվում, մեղմ ասած, անցան ընդհատակ։ Այս տարվա գարնանը Տամպերեում անցկացված Եվրոպայի առաջնությունում էլ նրանցից միայն 28-ամյա Պատրիկեևն արդարացրեց մարզիչների հույսերը։ 120 կգ քաշայինների եզրափակիչում նա բացահայտ առավելությամբ (4։0, 3։1) պարտության մատնեց Աթենքի օլիմպիական խաղերի չեմպիոն, ռուսաստանցի Հասան Բարոևին և երրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Նախորդ երկու չեմպիոնական պարգևները Պատրիկեևը նվաճել է 2002 և 2004 թվականներին՝ Ռուսաստանի հավաքականի կազմում։ 55 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը կրկին արժանացավ արծաթե պարգևի։
66 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց նախկին գյումրեցի, իսկ այժմ ՈՒկրաինան ներկայացնող Արման Վարդանյանը, 60 կիլոգրամում երկրորդը ճանաչվեց աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն և մրցանակակիր, «բուլղարացի» Արմեն Նազարյանը, 84-ում երրորդը ճանաչվեց աշխարհի կրկնակի չեմպիոն, Աթենքի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, «շվեդ» Արա Աբրահամյանը։
Չնայած մեր պատվիրակների անհաջող ելույթներին, Տամպերեում ըմբշամարտի հայկական դպրոցի ներկայացուցիչները ճանաչվեցին լավագույններից մեկը։ Ցավոք, նրանք հանդես էին գալիս այլ երկրների դրոշների ներքո։
Օգոստոսի 12-ին օլիմպիական գորգ դուրս կգան Ռոման Ամոյանը (55 կգ) և Կարեն Մնացականյանը (60 կգ), 13-ին՝ Արման Ադիկյանը (66 կգ) և Արսեն Ջուլֆալաքյանը (74 կգ), 14-ին՝ Դենիս Ֆորովը (84 կգ) և գերծանր քաշային Յուրի Պատրիկեևը։ Ազատ ոճայինների օլիմպիական մրցաշարը կսկսվի օգոստոսի 19-ին։ Առաջինը գորգ դուրս կգա փորձառու Մարտին Բերբերյանը (60 կգ), հաջորդ օրն իր օլիմպիական բախտը կփորձի 66 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը, իսկ 21-ին՝ 84 կգ քաշային Հարություն Ենոքյանը։ Իսկ ի՞նչ եղան մեր լեգեոներները՝ Լալիևը, Շադոյանը, Կոկաևը և Գիտինովը։ Այստեղ հավանաբար տեղին կլինի հիշել Տամպերեում տեղի ունեցած մի միջադեպ, որպեսզի ամեն ինչ ընկնի իր տեղը։ Այն բանից հետո, երբ այժմ Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող, Սիդնեյի օլիմպիական չեմպիոն, 36-ամյա Դավիթ Մուսուլբեսը եզրափակիչ տանող ճանապարհին պարտության մատնեց ռուսաստանցի Բախտիար Ահմեդովին, Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական չեմպիոն Միխայիլ Մամիաշվիլին նրան անվանեց դավաճան, շեշտելով, որ հետագայում էլ դժվար թե Ռուսաստանում արժանանա թեկուզ աննշան աջակցության։
Ինչևէ, մինչև ըմբիշների օլիմպիական մեկնարկին ընդամենը երկու շաբաթ է մնացել։ Այժմ հունահռոմեականները օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալաքյանի գլխավորությամբ ուսումնամարզական վերջին հավաքն են անցկացնում Մինսկի մերձակայքում գտնվող Լագոյսկ մարզաբազայում, իսկ ազատ ոճայինները՝ Հրանտ Ենոքյանի գլխավորությամբ Վրաստանի օլիմպիականների հետ համատեղ հավաք են անցկացնում Բորժոմում։ Արդեն այսօր նրանք կվերադառնան տուն և այստեղից կմեկնեն Պեկին։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6195

Մեկնաբանություններ