ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Առանց քաղբանտարկյալների ազատ արձակման բացառում ենք որևէ բանակցություն իշխանության հետ»

«Առանց քաղբանտարկյալների ազատ արձակման բացառում ենք որևէ բանակցություն իշխանության հետ»
24.10.2008 | 00:00

«ԵՐԲԵՎԷ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ ՉԵՆՔ ՊԱՅՄԱՆԱՎՈՐԵԼ ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ»
Արմատական ընդդիմության՝ հոկտեմբերի 17-ի հանրահավաքում հնչեցված հայտարարությունը և ընդդիմության հետագա հնարավոր քայլերը մեկնաբանում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ։
-Պարոն Զուրաբյան, հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընդդիմությունն ակտիվ գործողությունների ընդմիջում է վերցնում։ Ինքն էլ ընդունեց, որ հասարակությունը միանշանակ չի վերաբերվի այս որոշմանը։ Որքանո՞վ եք այն արդարացված համարում, եթե նկատի ունենանք, որ աշունը քաղաքական առումով ակտիվ շրջան է։
-Կարծում եմ, ընդդիմության որոշումն ինչ-որ շրջանակներում սխալ է հասկացվել։ Խոսքը բոլորովին էլ չի վերաբերում պայքարը դադարեցնելուն։ Առաջին նախագահն ընդամենը նշել է երկու ամսով հանրահավաքները դադարեցնելու մասին։ Բայց, դրանով հանդերձ, ընդդիմության քաղաքական գործունեության մյուս բոլոր ձևերը մեզ համար մնում են օրակարգում և ակտիվ կիրառվելու են։ Ինչ վերաբերում է նրան, որ աշունն ավելի հարմար սեզոն է քաղաքական գործունեության առումով, ապա ընդգծեմ, որ մենք երբևէ սեզոնային գործոններով չենք պայմանավորել որևէ քաղաքական ակցիա։ Ակտիվ գործողություններ կձեռնարկվեն այն ժամանակ, երբ կլինի դրա քաղաքական անհրաժեշտությունը` անկախ եղանակային պայմաններից։ Այս տարվա փետրվարի ամենացուրտ օրերին մենք անցկացրել ենք ամենաբազմամարդ հանրահավաքները։ Թեպետ ամառը քաղաքական առումով մեռյալ սեզոն է համարվում, սակայն օգոստոսի 1-ի մեր հանրահավաքն էլ եկավ ապացուցելու, որ այդ պատկերացումներն ընդամենն անգործության արդարացման միջոց են։ Պարզապես ցանկացած քաղաքական գործողություն, ակցիա պետք է լինի արդյունավետ։ Այդ թվում և` հանրահավաքները, և երբ մենք այդ միջոցառումն ավելի արդյունավետ ենք համարում, գնում ենք այդ ճանապարհով։
-Սակայն, հանրահավաքներից բացի, գործունեության ի՞նչ ձևեր կան, որ կարող են համարժեք արդյունավետ լինել։
-Նախ մենք շարունակելու ենք Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցների ձևավորումը և դրանց զարգացման գործընթացը։ Ընդդիմության գործունեությունը միշտ էլ ենթադրում է նաեւ ոչ զանգվածային ակցիաներ։ Մենք ուշի ուշով հետևելու ենք քաղբանտարկյալների դատավարություններին, մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված զարգացումներին, ակտիվորեն մասնակցելու ենք փաստահավաք հանձնաժողովի աշխատանքներին, օգտագործելու ենք քաղաքական պայքարի բոլոր մյուս միջոցները։ Այդ թվում՝ շփումներ դիվանագիտական շրջանակների հետ, անհրաժեշտության դեպքում` հայտարարությունների միջոցով հասարակությանը մեր դիրքորոշումների պարզաբանում, ստվերային կառավարությանը հատկորոշ գործունեություն։ Մեր նպատակն է գործընթացը բերել մի վիճակի, որը հնարավորություն կստեղծի անհրաժեշտության դեպքում և ճիշտ պահին ավելի հզոր հանրահավաքներ կազմակերպել։
-Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշեց, որ Ղարաբաղի հարցում բարդ իրավիճակ է, իր բնորոշմամբ՝ սպասվում է Հայաստանի և Ղարաբաղի համար բացասական փաստաթղթի ստորագրում։ Առավել ևս, եթե նման իրավիճակ կա, նպատակահարմար չէ՞ր նույնիսկ ոչ ձեզ համախոհ այլ ուժերի հետ ձևավորել լայն ընդդիմադիր ճակատ և թույլ չտալ որևէ փաստաթղթի ստորագրում։
-Մենք պատրաստ ենք համագործակցության, թեպետ բոլորի համար էլ ակնհայտ է, որ մենք ենք հիմնական ընդդիմությունը։ Եթե այլ քաղաքական ուժեր ցանկություն ունեն դրսևորվելու այս դաշտում, մենք հրավիրում ենք բոլորին միանալ մեզ և համատեղ պայքարել։ Այդ առումով որևէ խնդիր չենք տեսնում։
-Իսկ եթե Սերժ Սարգսյանը չստորագրի պարտվողական պայմանագիր, և ձեր կանխատեսումները չարդարանա՞ն։
-Թերևս անհրաժեշտ է պարզաբանել մեր քաղաքականության հիմնական իմաստը։ Դա այն չէ, որ կանխվի պարտվողական պայմանագրի ստորագրումը, որովհետև գործը դրան դեռ չի հասել։ Մեր քաղաքականության նպատակն այն է, որ ստեղծվեն պայմաններ, որոնք թույլ կտան Սերժ Սարգսյանին` չներքաշվել մի խաղի մեջ, որի իմաստը Ղարաբաղի հարցում անհիմն զիջումներն են՝ լեգիտիմություն ստանալու նպատակով։ Այս պահին հանրահավաքները վնասում են հենց դրանով, որ ստեղծում են մի միջավայր, որը թույլ է տալիս արտաքին ուժերին ճնշում գործադրել Սերժ Սարգսյանի նկատմամբ և առաջարկել գործարք։ Այդ գործարքի էությունն այն է, որ իշխանության ներքին լեգիտիմության պակասը փոխհատուցվի արտաքին լեգիտիմությամբ՝ դրսի աջակցությամբ։ Այսինքն, ստեղծվի մի իրավիճակ, երբ իշխանությունը ստիպված լինի արտաքին լեգիտիմություն ձեռք բերել պետական շահերի հաշվին անհիմն զիջումների միջոցով։ Մենք ուզում ենք փոխել այս իրավիճակը, որ Սերժ Սարգսյանը ստիպված չլինի ոտնահարել պետական շահը։ Դե, իսկ եթե այդքանից հետո դա տեղի ունենա, կստեղծվի արդեն այլ իրավիճակ, որի դեպքում մենք կորդեգրենք պայքարի այլ ձևեր և այլ ռազմավարություն։
-Այնուամենայնիվ, համաձայնեք, որ ընդդիմադիր քաղաքական դաշտ ասածը ռետինից չէ։ Եթե որևէ ուժ դուրս է գալիս դաշտից, թեկուզ ժամանակավոր, նրա քաղաքական «նիշան» անմիջապես փորձում են զբաղեցնել այլ ուժեր։ Մտավախություն չունե՞ք, որ կկորցնեք ձեր համախոհ զանգվածը։
-Քաղաքականությունը մրցակցություն է։ Մենք հրավիրում ենք բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր կհավակնեն գրավելու, իրենց կարծիքով, ազատ տեղը, թող անեն դա։ Ավելի քան վստահ եմ, որ ոչ մեկի մոտ դա չի ստացվելու, որովհետև ժողովուրդն իր բացարձակ մեծամասնությամբ աջակցում է Հայ ազգային կոնգրեսին։ Չկա այլ քաղաքական ուժ, որն ընդունակ կամ ի վիճակի լինի իր շարքերում համախմբելու այդքան մարդկանց։ Դա մենք ապացուցել ենք ինչպես փետրվարին, այնպես էլ հոկտեմբերի 17-ի վերջին հանրահավաքով, որն ամենամեծն էր մարտի 1-ի սպանդից և ջախջախումից հետո։ Սա վկայությունն է այն իրողության, որ մեզ հաջողվել է վերականգնել շարժման հզորությունը։ Ավելին՝ ամսի 17-ի հանրահավաքից հետո տեղի ունեցած երթին և Հյուսիսային պողոտայում կազմակերպած մեր միջոցառմանը մասնակցեց հենց այն ժողովուրդը, որն արդեն լսել էր հանրահավաքներն ընդմիջելու ընդդիմության որոշումը և, այնուհանդերձ, մնաց մեզ հետ։
-Սակայն քաղաքական դաշտում իշխանության և արմատական ընդդիմության միջև երրորդ բևեռ ձևավորելու փորձեր, այնուամենայնիվ, եղել են։
-Ձախողված փորձեր։
-Բայց Դուք, փաստորեն, ձեր վերջին որոշումով խրախուսում եք այդ բևեռի գոյացումը։
-Ո՛չ։ Մենք բոլորովին անհանգստանալու պատճառ չունենք, որովհետև ժողովրդի մեծամասնությունն անվերապահ աջակցում է մեզ։ Մեր որոշումը շատ ճիշտ է ընկալվել հասարակության կողմից։ Եթե կան ուժեր, որոնք հավակնում են այնքան դերակատարության, որքան Հայ ազգային կոնգրեսն ունի, թող փորձեն գոնե մեկ այնպիսի հանրահավաք անցկացնել, ինչպիսիք անցկացրել ենք մենք և հրապարակում գոնե կիսով չափ այնքան մարդ հավաքել, որքան կամավոր գալիս է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին։ Համոզված եմ, որ ոչ մեկին դա չի հաջողվի։ Դրա համար էլ մենք որևէ մտավախություն չունենք։
-Անդրադառնանք կոնգրեսի ձևավորման գործընթացին։ Այնուամենայնիվ, ինչպիսի՞ն է լինելու նրա հետագա զարգացումը։ Այն մնալու է իբրև կուսակցությունների դաշի՞նք, թե՞ միտված է վերածվելու մեկ քաղաքական ուժի կամ կուսակցության։
-Դա ցույց կտան հետագա զարգացումները, երբ մենք համաժողով կհրավիրենք։ Այս պահի դրությամբ կոնգրեսի մեջ ընդգրկված կուսակցությունների միջև համաձայնություն է ձևավորված ընդհանուր պլատֆորմի շուրջ։ Դա, բնականաբար, արտահերթ ընտրությունների պահանջն է, սահմանադրական կարգի վերականգնումը և ժողովրդավարության հաստատումը երկրում։ Ինչպես նաև բոլոր կուսակցությունների համատեղ ուժերով կոնգրեսի կառույցների հիմնումը։ Այդպիսի կառույցներ արդեն հիմնադրվել են Երևանի համայնքներում, գնում է մարզային կառույցների ձևավորման գործընթացը։ Չեմ բացառում, որ այս պրոցեսը կարող է բերել ստվերային կառավարության ձևավորման։
-Ե՞րբ է նախատեսված համաժողովի անցկացումը, եթե ոչ մինչև այս տարվա վերջ։
-Կոնկրետ ժամկետ չի որոշված, բայց չի բացառվում, որ տեղի ունենա մինչև տարեվերջ։ Ասենք՝ դեկտեմբերին։
-Սովորաբար, ստվերային կառավարություն ձևավորող ուժը խուսափում է դրա կազմը հրապարակելուց՝ պատճառաբանելով անհարկի խմորումների հնարավորությամբ։ Հնարավո՞ր է, որ խախտեք ավանդույթը և հրապարակեք այդ կազմը։
-Նախ, ստվերային կառավարություն դեռևս ձևավորված չէ։ Միաժամանակ անպայման չէ, որ համաձայնությունները ձևավորվեն հատկապես անձերի շուրջ։ Ստվերային կառավարություն ասելով` ես նկատի ունեմ միջկուսակցական աշխատանքային խմբերի ստեղծումը, որոնք մասնագիտացված պետք է աշխատեն տարբեր բնագավառների վերաբերյալ հստակ ծրագրեր մշակելու ուղղությամբ։ Անձերի հետ կապված խնդիրն այս պարագայում որոշիչ չէ։
-Կոնգրեսը հիմնադրվել է մայիսին։ Անցել է վեց ամիս, ի՞նչ նոր քաղաքական ուժեր են միացել ձեզ։
-Հայ ազգային կոնգրեսը հիմնադրել են 16 կուսակցություններ, դրանից հետո մեզ է միացել նաև Ժիրայր Սէֆիլյանի հիմնադրած «Հայ կամավորականների համախմբում» քաղաքացիական նախաձեռնությունը։
-Իսկ «Ժառանգությունը» և «Նոր ժամանակները» թեպետ նախագահական ընտրություններում պաշտպանել են Լևոն Տեր-Պետրոսյանին, այդպես էլ չմիացան կոնգրեսին։ Սա հակասությունների՞ հետևանք է։
-Որևէ խնդիր մենք չունենք «Ժառանգության» կամ ՆԺԿ-ի հետ, նրանք ազատ են իրենց դիրքորոշման մեջ։ Այդ կուսակցություններն ակտիվորեն շարունակում են աջակցել մեր պայքարին, մասնակցել ընդդիմության բոլոր հանրահավաքներին։ Մենք շատ լավ հասկանում ենք և հարգում նրանց որոշումը, նրանք ազատ են իրենց համար հարմար պահի միանալու կոնգրեսին։
-Հանրահավաքները դադարեցնելու Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո խոսակցություններ են շրջում, որ սա իշխանությունների հետ պայմանավորված քայլ էր, և դրա դիմաց մարտի 1-ի գործով ընդդիմության կալանավորված ներկայացուցիչները կամ նրանց մեծ մասը մինչև տարեվերջ ազատ կարձակվեն։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։
-Աբսուրդ է։ Իշխանության հետ մենք որևէ համագործակցություն չունենք։ Իշխանության ներկայացուցիչների հետ միակ շփումը տեղի է ունենում հանրահավաքների ժամանակ կամ դրանցից առաջ ոստիկանության ներկայացուցիչների հետ, և սա իշխանության հետ փոխհարաբերությունների միակ ձևաչափն է։ Այդպես է՝ սկսած հունիսի 20-ի հանրահավաքից, բայց հասկանալի է, որ այդ շփումն անհրաժեշտ է մասնակիցների անվտանգությունն ապահովելու և անցանկալի միջադեպեր թույլ չտալու համար։ Մնացած լուրերը, վստահ եմ, տարածվում են հենց իշխանությունների կողմից, որոնք դա սերմանելով` նպատակ են հետապնդում վարկաբեկելու ընդդիմությանը։ Որովհետև գիտեն, որ գործ ունեն անհաշտ և անկաշառ ընդդիմության հետ, ինչպես իր հայտնի հոդվածում բնութագրել էր Լյուդմիլա Հարությունյանը։ Իշխանություններն ամեն ինչ անում են, որ ընդդիմության այդ իմիջը կարողանան ջարդել։
-Անցած ժամանակահատվածում երկխոսություն սկսելու որևէ առաջարկ իշխանության կողմից չի՞ եղել։
-Բացարձակապես ոչ մի բան չի եղել։ Մեր պահանջը մնում է նույնը՝ միայն քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո մենք պատրաստ կլինենք լիազորված ներկայացուցիչների կամ անմիջական շփումների միջոցով բանակցել իշխանությունների հետ երկրում ստեղծված այս ճգնաժամի լուծումների շուրջ։
-Ազգային ժողովի լուծարումը, իբրև պահանջ, մնո՞ւմ է օրակարգում։
-Բանակցությունների դեպքում մենք կառաջարկենք մեր լուծումները։ Դրանք ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական արտահերթ ընտրություններն են, հեռուստատեսության լիբերալացումը, «Ա1+»-ի բացումը, բազմաթիվ այլ հարցեր, որոնք վերաբերում են քաղաքական պայքարի կանոնների շուրջ համաձայնությունների ձևավորմանը։ Բնականաբար, իշխանությունը բանակցությունների ընթացքում կբերի իր առաջարկներն ու փաստարկները, և մենք կարող ենք փոխզիջումներով հանգել համաձայնեցված լուծումների այն մասին, թե ինչպես ենք երկիրը դուրս բերելու այս ծանր քաղաքական ճգնաժամից։ Սակայն առանց քաղբանտարկյալների ազատ արձակման մենք, բնականաբար, բացառում ենք որևէ բանակցություն իշխանության հետ։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 4254

Մեկնաբանություններ