«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Սեպտեմբերի 7-ին Երևանի մի քանի համայնքներում անցկացվելու են թաղապետական ընտրություններ, որոնք տեղ-տեղ բավականին դրամատիկ նախընտրական գործընթացներ են խոստանում:
Արաբկիր համայնքի գործող ղեկավար, թաղապետի թեկնածու ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԸ «Իրավունք de facto» ակումբում երեկ հանդիպեց ասուլիսի հրավիրված լրագրողների հետ:
«ԱՄԵՆ ԻՆՉ ՊԻՏԻ ԱՆԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ԿԱՅԱՆԱ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ»
«Ո՞րն էր Արաբկիր համայնքի ամենապրոբլեմատիկ, ամենացավոտ խնդիրը, երբ դարձաք համայնքի ղեկավար, և կարողացա՞ք լուծում տալ դրան պաշտոնավարման այս տարիներին»,- հարցրինք գործող թաղապետին, ով քարոզարշավից առաջ, բնականաբար, արձակուրդ է վերցրել, վարչական լծակներն ու պաշտոնական դիրքը, ինչպես ասում են, ի չարս գործի չդնելու համար։
«Թիվ մեկ պրոբլեմ, որպես այդպիսին, չեմ կարող առանձնացնել, որովհետև բոլոր այն գործառույթները, որոնք վերապահված են համայնքի ղեկավարին, եղել են պրոբլեմատիկ, և իմ պաշտոնավարման տարիներին ստիպված ենք եղել իրավիճակային հարցերին լուծում տալ, որոնց բազայի վրա էլ հետագայում ձևավորեցինք համապատասխան ենթակառուցվածքներ ունեցող գործուն համակարգ»,- ասաց պարոն Շահինյանը, հավելելով, թե նախկինում կուտակված պրոբլեմների հիմնապատճառը, թերևս, այն է, որ ՏԻՄ յուրաքանչյուր ընտրությունից հետո փոխվել են համայնքի ղեկավարները, բնականաբար, նաև թիմեր են փոխվել, ծրագրեր և մոտեցումներ, պրոբլեմներն էլ, որոշակի լուծում դեռ չստացած, մի թաղապետից «ժառանգաբար» անցել են մյուսին։
«Կարո՞ղ եք Ձեր գործունեության ամփոփ պատկերը շատ հակիրճ ներկայացնել ԶԼՄ-ներին»,- «Իրավունք de facto»-ի այս հարցին էլ ի պատասխան Արաբկիր համայնքի գործող թաղապետը հակադարձեց, թե, բնականաբար, կարող է, սակայն քանի որ իրենք գունավոր բրոշյուրի տեսքով թողարկել են 2005-2008 թվականներին Արաբկիր համայնքի թաղապետարանի գործունեության հրապարակային հաշվետվությունը, ինչը կտրամադրեն ԶԼՄ-ներին, ուստի ինքը զերծ կմնա նույնիսկ հակիրճ բանավոր հաշվետվությունից։ Ի դեպ, առաջին անգամն է, որ Երևանի որևէ թաղապետ հրապարակավ ընտրողներին է ներկայացնում իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների ֆինանսական հաշվետվությունը: Հաշվետվությունը ավագանիների միջոցով բաժանվում է բոլոր արաբկիրցիներին: Ընտրողները մանրամասն կարող են ծանոթանալ Արաբկիրի թաղապետարանի կողմից 2005-2008թթ. կատարված աշխատանքներին, թե որքան փողոցներ են ասֆալտապատվել, որքան փողոցներ են լուսավորվել, որքան բակեր, շենքերի տանիքներ, վերելակներ, այգիներ, կանաչ տարածքներ, սպորտդպրոցներ, մշակութային օջախներ են բարեկարգվել-վերակառուցվել: «Ինչո՞ւ ենք հաղորդակցման այս (տպագիր հաշվետվության,-Լ. Մ.) ճանապարհն ընտրել։ Քանի որ համայնքը մեծ է, ունենք 130 հազարից ավելի բնակչություն, որից 87 հազարն ընտրող է, ուստի նախընտրական քարոզչության համար սահմանված 20 օրերի ընթացքում ոչ մի թեկնածու համապարփակ ձևով չի կարող ներկայացնել իր ծրագրերն ու առանցքային մոտեցումները համայնքի խնդիրների վերաբերյալ։ Եվ դա, առաջին հերթին, վերաբերում է այն թեկնածուին (իրեն, այսինքն.-Լ. Մ.), ով մինչ այդ պաշտոնավարել է»,- պարզաբանեց թաղապետի թեկնածուն։
«Ո՞Ւմ եք համարում Ձեր հիմնական մրցակիցը, եթե չմոռանանք, որ նրանք մի քանիսն են (մեր հերթին հիշեցնենք՝ երեքը. Զոյա Թադևոսյան, Աշոտ Մնացականյան, Ալբերտ Երիցյան. - Լ. Մ.)։ Եվ երկրորդ հարցը. վերընտրվելու դեպքում ի՞նչն եք փոխելու Ձեր աշխատանքում և ի՞նչն եք շարունակելու»,- հետաքրքրվեց «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբանը։
Ընդգծելով, որ թաղապետի ընտրություններում ինքը հանդես է գալիս որպես իշխանության մաս կազմող քաղաքական ուժի՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Շահինյանը շեշտեց, որ թիվ մեկ մրցակից է տեսնում «Ժառանգություն» կուսակցության կողմից հովանավորվող թեկնածու Զոյա Թադևոսյանին։ «Արաբկիր համայնքում նախընտրական պայքարը միշտ էլ ծավալվել է իշխանության և ընդդիմության թեկնածուների միջև,- ասաց «Իրավունք de facto»-ի հյուրը։- Եթե հետադարձ հայացք նետենք խորհրդարանական և նախագահական վերջին ընտրություններին, պիտի փաստենք, որ եթե առաջին դեպքում համամասնական ընտրակարգով ընդդիմությունը ձայների որոշ առավելություն ուներ մեր համայնքում, ապա նախագահական ընտրություններում պատկերը ճիշտ հակառակն էր։ Բնական է, որ այս պայքարը շարունակվելու է նաև թաղապետի ընտրությունների քարոզչական փուլում։ Սա չի նշանակում, թե նախընտրական պայքար կոչվածը մենք դիտարկում ենք միայն իշխանություն-ընդդիմություն հարթության մեջ։ Ամենևին։ Ամեն ինչ պիտի անենք, որպեսզի կայանա նաև ծրագրային բանավեճի ինստիտուտը, եթե կարելի է այդպես ասել։ Այս հնարավորությունն ամենից առաջ մեզ պիտի ընձեռեն զանգվածային լրատվության միջոցները, և ես ուրախ եմ, որ վաղվանից (օգոստոսի 29-ից -Լ. Մ.) «Երևան», «Երկիր-Մեդիա» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների կողմից նման հնարավորություն ընձեռվել է (հիշյալ հեռուստաընկերությունների եթերում առաջիկա օրերին կբանավիճեն Արաբկիր համայնքի ղեկավարի թեկնածուներ Հովհաննես Շահինյանն ու Զոյա Թադևոսյանը. - Լ. Մ.)։ Եթերը շատ լավ առիթ է մեր քաղաքացիներին, ընտրական իրավունքից օգտվող արաբկիրցիներին ներկայացնելու այն ծրագրերը, որոնցով ցանկանում ենք հանդես գալ։ Անկախ այն բանից՝ մե՞կ ամիս ժամանակ կունենանք այդ ծրագրերն իրագործելու համար, թե՞ մեկ տարի»։
Վերընտրվելու դեպքում ծրագրային փոփոխությունների հարցին անդրադառնալով՝ Արաբկիր համայնքի գործող թաղապետը հավաստիացրեց, որ շարունակելու է կյանքի կոչել 2005-2008 թվականների ծրագիրը, փորձելով առաջիկա մեկ տարում ավարտին հասցնել կիսատ թողածը։ Դիցուք, համայնքի արտաքին լուսավորության խնդիրը, որն ամբողջությամբ ավարտին կհասցվի 2009-ին, ի դեպ, նաև միջբակային ու ներբակային հատվածներում։
«Ձեր եռամյա աշխատանքի արդյունքն ինքներդ ինչպե՞ս կգնահատեիք, եթե, իհարկե, հնարավոր է այս պարագայում օբյեկտիվ լինել»,- հարցրեցինք մեր հյուրին։
«Գնահատականը կտան արաբկիրցիները՝ սեպտեմբերի 7-ին։ Ես էլ եմ արաբկիրցի, բնականաբար, ինքս էլ մասնակցելու եմ ընտրություններին,- եղավ պատասխանը։- Ընդամենը կարող եմ ասել, որ եթե թեկնածուն համարձակվում է նույն տարածքում հինգերորդ անգամ առաջադրվել և համարվում է մրցակից, հետևությունները թողնում եմ մյուս թեկնածուներին»։
«ՀՀԿ-Ն «ԴԱԲՐՈՆԵՐԻ» ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ»
«Դուք նախապես ընտրել էիք «Հաղթելու եմ…» կարգախոսը (այսօր դրան ավելացել է «Մենք խոսում ենք փաստերով, մենք գործում ենք ծրագրերով» կարգախոսը), որը նախագահի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի կարգախոսի կրկնակն է, կարծես։ Ինչո՞վ բացատրել այս նմանությունը»։
«Հայկական ժամանակ» օրաթերթի այս հարցին պատասխանելով՝ թաղապետի թեկնածուն նշեց, որ իրենք շատ տրամաբանական կարգախոս են ընտրել, որովհետև, եթե հաղթելու է (իսկ որ հաղթելու է՝ կասկածից վեր է), ինչո՞ւ չընդգծել, որ հաղթելու է։ «Այստեղ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, ոչ էլ կառչում եմ այն բառերից, թե քարոզարշավի ժամանակ ով՝ ինչպիսի հայտարարություններ է անում»,- հավելեց բանախոսը։
Անդրադառնալով «ՀԺ»-ի մյուս հարցին՝ «Ի՞նչ իմաստ ուներ ՀՀԿ գործկոմի նիստ հրավիրել, հայտարարելու համար, թե այս ընտրություններում կուսակցությունը չի սատարելու ո՛չ Հովհաննես Շահինյանին, ո՛չ Ալբերտ Երիցյանին, երբ վերջինս իր հերթին հայտարարում է, թե ինքն արդեն իսկ ընտրված թաղապետ է», Հանրապետական կուսակցության խորհրդի անդամը հետևյալ դիտարկումն արեց. «Նորմալ գործընթաց է գնում։ Կուսակցության նախագահը երկրի նախագահն է, թիվ մեկ երաշխավորը բոլոր այն գործընթացների, որոնք տեղի են ունենում թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս, և Հանրապետական կուսակցությունն էլ ոչ թե «դաբրոների» մակարդակով է որոշումներ ընդունում, այլ՝ իր իսկ որդեգրած ծրագրարային հիմնադրույթների։ Դրանց մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում արդար ընտրությունների ապահովումը, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի թե՛ ՏԻՄ, թե՛ համապետական բոլոր ընտրությունները կազմակերպվեն ու անցկացվեն ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան։ Կուսակցության պահանջը, մասնավորապես, թաղապետական ընտրությունների առնչությամբ, մեկն է՝ անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ, և նման ընտրություններ ապահովելու գործում պատասխանատվության իր բաժինը պետք է ունենա յուրաքանչյուր հանրապետական։ Թիվ մեկ պատասխանատուներից մեկն էլ ես եմ, որպես համայնքի ղեկավար»։
Իսկ այն հարցին, թե ի՞նչ հիմքեր ունի թաղապետի չորս թեկնածուներից մեկը, քարոզարշավը դեռ չսկսված, ինքնահռչակվելու Արաբկիր համայնքի ընտրված ղեկավար, գործող թաղապետ Շահինյանը լրագրողներին խորհուրդ տվեց հարցնել հենց իրեն՝ Ալբերտ Երիցյանին։
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԷԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ ԵՆ»
«Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոթղթակցին «հանգիստ չտվող» հարցը «Հայր և որդի Երիցյաններ» ընկերության կողմից հարկային պարտավորությունների թերացումն էր, և ի տարբերություն շարքային արաբկիրցիների՝ աղբահանության վճարումների չկատարումը։ Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ընկերության համասեփականատեր Ալբերտ Երիցյանը տարիներ շարունակ «քոռ գրոշ» անգամ չի մուծել համայնքի աղբահանության բեռն իր ուսերին առած «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ին, որի ղեկավարը թաղապետ Հովհաննես Շահինյանի հարազատ հայրն է՝ Երջանիկ Շահինյանը։ Այն դեպքում, երբ ի տարբերություն շարքային արաբկիրցիների՝ Ա. Երիցյանի ընկերությունները (հացի փուռ, սալաթների արտադրամասեր, սուպերմարկետ) ոչ թե կենցաղային, այլ մեծ ծավալի արտադրական աղբ են արտադրում, ինչի կապակցությամ բազմիցս բողոքներ են ստացվել «Երիցյան և որդիներ» սուպերմարկետի բակի բնակիչներից: «Արդյո՞ք սա քրեորեն պատժելի արարք չէ և՛ Ձեր հիմնական մրցակից Երիցյանի կողմից, որը մուծումներ չի կատարել, և՛ թաղապետարանի կողմից, որը չի բարձրաձայնել այդ մասին»,- դիմահար հարց ուղղեց «ՉԻ»-ի թղթակիցը։
«Կարծում եմ՝ հարցի ձևակերպումը կոռեկտ չէ, և ես ստիպված եմ որոշ «բացվածքներով» խոսել,- ասաց Արաբկիրի թաղապետը։- Նախ, եկեք հարգենք մյուս երկու մրցակիցներին և այդ «հիմնական» բառը չօգտագործենք, որովհետև ինձ համար բոլոր երեքն էլ հիմնական մրցակիցներ են, թեև, կրկնում եմ, նախընտրական պայքարն ընթանալու է ընդդիմության և իշխանության միջև՝ ծրագրային հարթության վրա։ Ո՛չ քաղաքական։ Մենք պետք է ապաքաղաքականացնենք այս գործընթացը, որովհետև սա տեղական բնույթի ընտրություն է, և մենք կուսակցական գործիչ չենք ընտրում, նրան վերապահելով համայնքի քաղաքական մենեջերի գործառույթները։ Մենք ընտրում ենք համայնքի ղեկավար, որը պետք է ունենա փորձ, պետք է ունենա թիմ և անցած ճանապարհ։ Ինչ վերաբերում է հարցին՝ թե ո՞վ է վճարում աղբահանության դիմաց, և ո՞վ չի վճարում, ասեմ, որ դրա պատասխանատուն թաղապետարանը չէ։ Թաղապետարանները սանմաքրման և աղբահանության հարցերով չեն զբաղվում, ընդամենը վերահսկում, կոորդինացնում են այդ աշխատանքները՝ կազմակերպելով մրցույթներ այն կազմակերպությունների միջև, որոնք այդ գործով զբաղվելու համար անհրաժեշտ միջոցներ, տեխնիկա և աշխատողներ ունեն։ Ժամանակն է, որպեսզի տարանջատենք սովետական ռայկոմների ղեկավարների լիազորություններն այսօրվա համայնքապետերի լիազորություններից։ Աղբահանությանն առնչվող հարցը ես կարևորում եմ բոլորովին այլ կտրվածքով։ Այս ոլորտում լուրջ խնդիրներ կան, չկա աղբավերամշակման գործարան, փոխարենը տեխնիկայի խնդիր կա: Տասնհինգ օր հետո մենք կունենանք փոշեկուլ, աղբահավաք ևս 10 մեքենաներ, որոնք կենտրոնական փողոցներում փոխարինելու կգան գիշերային հավաքարարներին։ Խոսքն առայժմ գերմանական արտադրության «Մերսեդես» մակնիշի տասը մեքենաների մասին է, որոնց թիվը շատ մոտ ապագայում կավելանա, որովհետև մեր համայնքում աղբահանության և ձնահեռացման աշխատանքները լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ է ձեռք բերել 120 միավոր տեխնիկա։ Ասեմ նաև, որ արդեն 2009 թվականին մենք նախատեսում ենք յուրաքանչյուր բակում տեղադրել ժամանակակից աղբամաններ, ինչը սովորական բան է յուրաքանչյուր զարգացած երկրի համար»։
«ԵՐԲԵՎԻՑԵ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՉԵՄ ԲԱԺԱՆԵԼ»
«Հայոց աշխարհի» հարցը մեր իրականության մեջ սովորական դարձած ընտրակաշառքին էր վերաբերում։ Մասնավորապես, մամուլում արդեն իսկ բազմաթիվ ահազանգեր են եղել, որ թեկնածուներից մեկն ընտրակաշառք բաժանելու նոր «մեթոդ» է հորինել և կենսաթոշակներն ու նպաստները բնակիչներին բաժանող փոստային աշխատակիցների «ձեռամբ» 5-հազարական դրամներ է բաշխում վաղվա ընտրողներին։ «Դուք, որպես համայնքի գործող ղեկավար, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս երևույթը կանխելու համար»,- հետաքրքրվեց թերթի լրագրողուհին։
«Նախ ասեմ, որ երբևիցե ընտրակաշառք չեմ բաժանել՝ ո՛չ ինձ համար, ո՛չ որևէ մեկի,- հավաստիացրեց Հովհաննես Շահինյանը։- Ինչ վերաբերում է այն թեկնածուին, ով իր ձեռքի տակ նման փաստեր ունի, այդ հարցով պետք է դիմի ոչ թե համայնքի ղեկավարին, այլ՝ իրավապահ մարմիններին։ Կա ընտրական օրենսգիրք, և յուրաքանչյուր թեկնածու իր քարոզարշավը պետք է կազմակերպի այդ օրենսգրքի շրջանակներում։ Նա, ով կխախտի սահմանագիծը, համոզված եղեք, կենթարկվի համարժեք պատասխանատվության»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ