Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ֆրանսիայի բուհերի դասախոսները պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Ֆրանսիայի բուհերի դասախոսները պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը
20.11.2020 | 10:25

Ֆրանսիայի համալսարանների դասախոսները Liberation-ում հրապարակել են բաց նամակ, որով կոչ են անոււմ կոնֆլիկտը լուծել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ և հայ բնակչությանը միջազգային իրավունքի պաշտպանության տակ առնելով:


«Նոյեմբերի 9-ին Հայաստանը հարկադրված ստորագրեց հրադադարի ստորացուցիչ համաձայնագիր: Հերթական անգամ միջազգային հանրությունը, մասնավորապես Ֆրանսիան, ձեռքերը լվաց հայերի ծանր վիճակի դեմ հանդիման: Հրադադարը խաղաղության համաձայնագիր չէ: Այդ հարցում դեռ շատ անելիք կա: Այդ պատճառով այսօր անհրաժեշտ է շատ արագ հայերին դնել միջազգային հանրության պաշտպանության տակ: Դրա համար կա միայն մեկ լուծում՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Միջազգային հանրությունը պետք է գործադրի իր հիմնարար սկզբունքներից մեկը, ծնված 19-րդ դարում, վճռականապես հաստատված 20-րդ դարի սկզբում Վուդրո Վիլսոնի ու Լենինի կողմից, և այդ ժամանակից ամրագրված միջազգային իրավունքում. «ինքնորոշում կամ յուրաքանչյուր ժողովրդի իրավունք՝ ինքնուրույն որոշել իր պետականության գոյության հարցը»:


Այս իրավունքը միանգամից մի քանի հարցեր է հարուցում: Ի՞նչ է ժողովուրդը: Ինչպե՞ս է բնորոշվում և ո՞վ է դա որոշում, ո՞վ կարող է անկախություն տալ: Կան բազում մեկնաբանություններ: Ոմանք գերադասում են տարածքային հայեցակարգը: Մյուսները գերադասում են սոցիոլոգիական բնութագիրը: Ժողովրդի ինքնորոշման իրավունքը տվյալ դեպքում հիմնվում է ընդհանուր մշակույթի, լեզվի ու կրոնի վրա որ նրան հաղորդում է պատմական խորք: Երրորդ չափանիշը պնդումն է, որ ոչ թե ինքը ժողովուրդն է հիմնավորում իր գոյությունը, այլ միջազգային հանրությունը: Կա չորրորդ տեսակետ՝ «անջատում հանուն փրկության» (անգլերեն՝ remedial secession), այս հայեցակարգը միջազգային իրավունքում ծագել է կես դար առաջ: Գաղափարը հետևյալն է՝ սահմանների անխախտելիությունը գերակայություն ունի՝ բացի ծայրահեղ անհրաժեշտության դեպքերից, երբ սպառնալիքի տակ է ինքնորոշում պահանջող բնակչության ֆիզիկական ամբողջականությունը: Այս փաստարկը գերակայեց, երբ 2008-ի սեպտեմբերին Կոսովոն հռչակեց անկախություն, որը ճանաչեց միջազգային հանրության մեծ մասը: Լեռնային Ղարաբաղի դեպքում կան բոլոր չափանիշները, որ ավանդաբար օգտագործվում են ինքնորոշման արդարացման համար: 1921-ի հուլիսին Ստալինը բացառապես հայերով բնակեցված այդ տարածքը հատկացրեց սովետական Ադրբեջանին: Հետագա շրջանում մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը այդ տարածքն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, որի հիմքով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները օգտվել են ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու իրավունքից՝ 1990-ի ապրիլին ԽՍՀՄ-ից դուրս գալու իրավունքի դրույթներին համապատասխան՝ նույն հիմքերով, ինչ և Ադրբեջանի Սովետական Հանրապետությունը: 1990-ականներից Լեռնային Ղարաբաղը զարգացրել է իր սեփական պետական ինստիտուտները՝ Ադրբեջանի ինստիտուտներից տարբեր, ինչպես եղել է Կոսովոյում: Փաստացի 25 տարի Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի իբրև անկախ պետություն: Այն դեպքում երբ Ադրբեջանը բռնապետություն է, կոշտ ճնշելով սեփական բնակչությունը, որտեղ Ալիևների ընտանիքը, հայր ու որդի, իշխանություն են 30 տարուց ավելի և երկրի առաջին փոխնախագահը նախագահի կինն է, Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարություն է, որտեղ ընտրությունները նշանակություն ունեն: Ադրբեջանը պատերազմի ժամանակ հարվածի տակ էր դնում ոչ միայն մարդկային կյանքերը, այլև նյութական բարիքները, այլև ամենաանպաստ պայմաններում կառուցված ժողովրդավարությունը:


Լեռնային Ղարաբաղի ճանաչման վճռական փաստարկը հայ բնակչության ոչնչացման վտանգն է: Հրադադարը նախատեսում է, որ ռուսական զորքերը խաղաղությունը պահպանելու են 5 տարի: Իսկ ի՞նչ է լինելու հետո: Թուրքիայն զորքեր չի ուղարկելու, բայց կապված է լինելու այդ գործողություններին կառավարման ռուս-թուրքական կենտրոնի միջոցով, որ ներկայացնում է Ադրբեջանում ապագա ռազմաբազայի սխեման:
Պե՞տք է հիշեցնել, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերը տուժել են 20-րդ դարի առաջին ցեղասպանություններից մեկում և Էրդողանը հաճախ է կրկնում, որ ուզում է ավարտել օսմանյան նախնիների սկսած աշխատանքը: Նույնիսկ եթե ենթադրենք, որ ռուսական ուժերը կկարողանան 5 տարի կայունություն պահպանել, հետագա հեռանկարը միանգամայն պարզ է՝ ևս մեկ պատերազմ և Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման ավարտ: Միջազգային իրավունքի մասնագետները համամիտ են՝ սահմանների անձեռնմխելիության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջև կոնֆլիկտ կա: Այդ սկզբունքներից մեկի կիրառումը հաճախ հակասում է մյուսին: Բայց խնդրի լուծումը իրավական չէ, քաղաքական է:


Մենք կոչ ենք անում Ֆրանսիայի Ազգային ժողովին և միջազգային հանրությանը, որ իրենց ինստիտուտներով պարտավորություն ստանձնեն և ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Առաջին բռնկումից 35 տարի հետո եկել է ժամանակը, որ ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով ծագած այդ «սառեցված կոնֆլիկտը» գտնի իր վերջնական լուծումը, որպեսզի երիտասարդ հայերի ու ադրբեջանցիների ապագա սերունդները իրենց արյունով չվճարեն միջազգային հանրության անգործության համար: Այդ լուծումը իրականացվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման միջոցով և հայ բնակչությանը միջազգային իրավունքի պաշտպանության տակ առմելով: Այսօր դա միակ ռեալ տարբերակն է: Այդ դեպքում կարող է հաստատվել հանգստություն, որ անհրաժեշտ է կոնֆլիկտի երկարաժամկետ կարգավորման բանակցությունները սկսելու համար: Այդ դեպքում, վերջապես, հնարավոր կլինի բնակչության հաշտեցումը Հարավային Կովկասում:


Փիլիսոփա Ռենո Բարբարա
Պատմաբան Ֆրեդերիկ Շովո
Գրականության պրոֆեսոր Կատրի Կոկիո
Փիլիսոա Պասկալ Էնգել
Փիլիսոփա Ֆիլիպ Խյունեման
Սոցիոլոգ Ռազմիկ Կեուչյան
Փիլիսոփա Ստեֆան Կրիստենսեն
Փիլիսոփա Կատրին Լարեր
Քաղաքագետ Թալին Փափազյան
Փիլիսոփա Ժակոբ Ռոգոզինսկի
Սոցիոլոգ Առնո Սեն-Մարտեն
Գրող Միշել Սուրիա
Փիլիսոփա Պիեռ Թևանյան
Փիլիսոփա, Կոլեժ դե Ֆրանսի պրոֆեսոր Կլոդին Թերսլեն

Libération


Հ.Գ. Իսկ Հայաստանում 14 փիլիսոփա, սոցիոլոգ, քաղաքագետ, գրող, գրականագետ, պրոֆեսոր կամ ընդհանրապես մտածող մարդ 44+11 օրում չգտնվեց, որ հոդաբաշխ որևէ տեքստով դիմեր միջազգային կառույցներին կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Չգտնվեց: Մենք միայն գիտենք բողոքել բախտից ու անիծել ճակատագիրը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ