Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ինչպես Պուտինը, Լավրովը ու Շոյգուն տանուլ տվեցին պատերազմը Ղարաբաղում

Ինչպես Պուտինը, Լավրովը ու Շոյգուն տանուլ տվեցին պատերազմը Ղարաբաղում
12.11.2020 | 09:22

Մոսկվան վերջնականապես կորցրեց ազդեցությունը հետխորհրդային տարածքում: Նրա տեղը կգան այլ խաղացողներ: Շատ հետաքրքիր է՝ ի՞նչ է հիմա զգում Անդրեյ Կոզիրևը՝ հետկոմունիստական Ռուսաստանի առաջին ԱԳ նախարարը, կամ նրա տեղակալ Ֆյոդոր Շելով- Կովեդյաևը:

Ինչպե՞ս է այս ամենը երկնքից գնահատում Բորիս Ելցինը: Հենց նրանց են մեր հայրենասերներն ու տարատեսակ պուտինապաշտները քառատել ու մինչև հիմա քառատում են իբրև «կապիտուլյանտների», որ 90-ակններին իբր հանձնեցին «մեր ազգային շահերը»: Որքան է ստորացուցիչ կապիտուլյացիան, որ Ռեջեփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի վերահսկողության տակ ստորագրեց Վլադիմիր Պուտինը, ոչ մի Կոզիրև մղձավանջում էլ չէր տեսնի: Արագընթաց ղարաբաղյան պատերազմը ծանր պարտությամբ ավարտվեց ոչ միայն Մոսկվայի գլխավոր դաշնակից Հայաստանի, այլև Պուտինի վարչակարգի համար: Այդ տհաճ, բայց օրինաչափ նորությունը պետական քարոզիչները չեն սքողի խաղաղության մասին իրենց սոխակային դայլայլներով, որ հիմա Կովկաս կտանեն ռուս խաղաղապահները: Չեն տանի: Լավագույն դեպքում՝ հրադադար կտանեն: Փաշինյանի, Ալիևի ու Պուտինի համաձայնությունը, Ադրբեջանի ու նրա հովանավոր Թուրքիայի տեսակետից ընդամենը քայլ է Լեռնային Ղարաբաղի վրա լիակատար վերահսկողության հաստատման ու այնտեղից հայերի վտարման ճանապարհին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մեջ քաջություն գտավ ասելու ճշմարտությունը՝ Հայաստանի բանակը պատրաստ չէր Ադրբեջանի հարձակմանը և ծագել են «խնդիրներ մոբիլիզացիայի հետ» (կարդա՝ մարդիկ խուսափել են ճակատ զորակոչից): Բայց Երևանը Մոսկվայի գլխավոր դաշնակիցն է: Եթե ռուսական հետախուզությունն իմացել է նախապատրաստվող հարձակման մասին, ինչու՞ տեղեկությունը չի հաղորդել Հայաստանին: Ավելին՝ ինչու՞ Պուտինը չի ակնարկել Բաքվին, որ մենք ամեն ինչ գիտենք, ու խորհուրդ ենք տալիս կռվից առաջ լավ մտածել: Ստացվում է՝ կամ Մոսկվան դավաճանել է Երևանին, կամ՝ ռուսական հետախուզությունը, ներառյալ էլեկտրոնայինը, այնքան տհաս է, որ ընդհանրապես չի կարելի վստահել:


Սոցիալական ցանցերով թափառող վարկածը, որ Պուտինը պայմանավորվել է Ալիևի հետ, որ վրեժխնդիր լինի Փաշինյանին Մոսկվայի հաճախորդ Սերժ Սարգսյանին 2018-ին գահընկեց անելու համար, զառանցանք է: Բայց եթե նույնիսկ այդպես չէ, Մոսկվան էլի դեմքը կորցնում է: Ստացվում է, որ Պուտինը հանուն վրեժի նոկաուտ է արել ՀԱՊԿ-ի իր գլխավոր դաշնակցին, ում տարածքում, Ռուսաստանի տեսակետից առանցքային տարածաշրջանում, ռուսական ռազմաբազա կա: Ես դիտմամբ չեմ խորանում Ղարաբաղի միջազգային-իրավական կարգավիճակի վերլուծության մեջ և ստալինյան ազգային քաղաքականության՝ իր արհեստական սահմաններով: Ես ելնում եմ այն իրավիճակից, ոո ընտելացել են ընդունել Ռուսաստանում ու աշխարհում ադրբեջանական հարձակումից առաջ: Կատարվածը խայտառակություն է, նույնիսկ եթե ելնենք նոր կայսերական կրեմլյան տրամաբանությունից, որ հետխորհրդային ամբողջ տարածքը «Ռուսաստանի առանձնաշնորհյալ շահերի գոտի» է՝ ինչպես 2008-ին Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի նվաճումից հետո նրբագեղ բանաձևեց մեր նախորդ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նայելով կատարվողին՝ ցանկացած շահագրգիռ խաղացող, նախևառաջ Թուրքիան ու Չինաստանը, անելու են իրենց եզրակացությունները, որ այդ գոտում հիմա կարելի է կռվել ու պատերազմներ շահել առանց Մոսկվայի հրահանգի և Մոսկվայի հետ դաշինքը ոչ մեկին պաշտպանություն չի երաշխավորում ոչ մի տհաճությունից (եթե, իհարկե, բոլորը մոռացել են՝ ինչ եղավ նախկին Հարավսլավիայում, կամ 2014-ին «եղբայրական» Ուկրաինայում): Բացի այդ՝ ահագին պարզաբանումներ եղան Շոյգուի ու «Звезда» հեռուստաալիքի գովերգած ռուսական զինված ուժերի մոդեռնացման մասին: Ռուսների դպրոցն անցած Հայաստանի զինված ուժերը պարտություն կրեցին թուրքերի ու իսրայելցիների դպրոցն անցած Ադրբեջանի զինված ուժերից: Փաստացի 20-րդ դարի բանակը տանուլ տվեց 21-րդ դարի բանակին: Կրեմլի աշխարհաքաղաքական խաղերը հանգեցրին նրան, որ Էրդողանի Թուրքիան իր ավտորիտար ռեժիմով ու գլոբալ ամբիցիաներով լրջորեն ու երկար է եկել Կովկաս, որը Մոսկվան մինչև երեկ համարում էր ռուսական հետնաբակ: Թուրքերին տարածության վրա էին պահում ցարերը, գլխավոր քարտուղարները ու «կապիտուլյանտ» Ելցինը: Օսմանյան սուլթանների երազանքները կատարվեցին Պուտինի օրոք: Իմ փորձառու դիվանագետ ընկերոջ խոսքով՝ «Նոյեմբերի 10-ին Ռուսաստանը սեփական ցանկությամբ հրաժարականի դիմում տվեց տարածաշրջանային տերության կարգավիճակից»:

Լավագույն հաստատումը Ադրբեջանի ԱԳՆ-ի նոտան էր ռուսական խփված ուղղաթիռի վերաբերյալ՝ «Մենք, իհարկե, փոխհատուցում կվճարենք, բայց դուք եք մեղավոր» ոճով: Սերգեյ Լավրովի նախարարության համակերպված պատասխանը լավագույն վկայությունն է, որ ռուս դիվանագետները չեն վախենում կոպտել միայն արևմտյան դեմոկրատիաներին: «Դասակարգային մոտ» բռնապետության ճնշման տակ, հավելյալ տարածաշրջանային նոր առաջատարով՝ ի դեմս Էրդողանի, ռուս դիվանագետները վերածվում են նրան, ինչ եղել են իրականում, վախվորած արքունական ռոյալիստների՝ առանց սեփական կարծիքի ու արժանապատվության: Նոյեմբերի 10-ը արձագանքվելու է ամբողջ հետխորհրդային տարածքում՝ հեղափոխական Մինսկից մինչև միշտ հեղափոխական Բիշկեկ, նախահեղափոխական Քիշինյովից մինչև հուզումների մեջ գտնվող Թբիլիսի, մոբիլիազացված Կիևից մինչև հարստանալ սկսող Տաշքենդ: Այն, ինչ վերջերս կոչվում էր հետխորհրդային տարածք, այլևս չկա: Պուտինին այլևս կարող են չզանգահարել նրանք, որ սովորույթի ուժով զանգահարում էին: Կարծում եմ՝ նույնիսկ ՆԱՏՕ արդեն կարելի է ուղիղ դիմել:
Կոնստանտին Էգերտ, Эхо Москвы


Հ.Գ. Իրականում ՌԴ նախագահը, ԱԳ ու ՊՆ նախարարները փորձեցին տանուլ տված խաղը շրջել իրենց օգտին, խաղաղարարներ մտցնելով այն տարածք, որը Անկարան, Բաքվի հաշվին հարստանալուց հետո, այլևս համարում էր իրենը ու միայն իրենը, այսինքն՝ գտան Ադրբեջանի վրա ինչ-որ լծակ ունենալու ելք, թույլ, բայց լծակ, որ կարող է ժամանակի հետ ծանրակշիռ դառնալ: Կարևորը՝ նրանք տեղակայվում են էներգակիրների խողովակաշարերից մի քանի կիլոմետրի վրա: Բացի այդ՝ բարելավեցին Բաշար Ասադի դիրքերը Համայում: Առճակատման չգնացին Էրդողանի հետ, տարածաշրջանային խաղից դուրս մղեցին Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, և ամբողջովին բռի մեջ հավաքեցին Հայաստանին: Ով ասաց, որ դա հաղթանակ չէ: Իսկ որ ռուսական ռազմական տեխնիկան ու ռազմարվեստը 20-րդ դարի է, արդեն ապացուցվել էր Սիրիայում՝ Թուրքիան օգտագործում է ՆԱՏՕ-ի տեխնիկան ու պատերազմ վարելու տեխնոլոգիաները: Համեմատել ՀԱՊԿ-ը ու ՆԱՏՕ-ն, նույն է թե համեմատել ԵՄ-ն ԵԱՏՄ-ի հետ: Եզրակցությունները թողնում եմ ձեզ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ