Էությամբ համեստ ու հանգիստ, իր մասին խոսել չցանկացող ԱՐԹՈՒՐ ԳԻՆՈՍՅԱՆՆ է՝ Ապրիլյան պատերազմի հերոս տղաներից: Ճանաչեցի՞ք: 2020-ի նորօրյա հերոսամարտին մասնակցել նա չերկմտեց, իմ տեղը պատերազմի դաշտում է՝ ասաց ու եկավ Արցախ: Սակայն պատերազմի օրերին ուղեղի ցնցում ստացավ, հիմա ապաքինվում է: Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանող Արթուրը հայրենապաշտ հայ տեսակի մարմնացում է: Հոգու մարմնավորումը հայրենասիրությունն է, նպատակը՝ թշնամուն ջախջախելը: «Հայ զինվորին հաղթելն անհնար է,- ասում է։- Եթե հայը կռիվ է գնում երգ ու պարով, ուրեմն մարտական ոգին առավել քան երբևէ անգերազանցելի է»:
-Ապրիլյան պատերազմից այս կողմ ի՞նչ է փոխվել։ Սեպտեմբերյան պատերազմն անսպասելի՞ էր քեզ համար։
-Ի տարբերություն Ապրիլյան պատերազմի՝ այս մեկն արդեն սպասելի էր, որովհետև 2016-ը մեզ դաս էր, որ ամեն պահի թշնամին կարող է հարձակվել: Իսկ մինչև Ապրիլյան պատերազմը չէինք պատկերացնում, որ հնարավոր է թշնամին հրետանի կիրառի կամ թիրախավորի խաղաղ բնակչությանը:
-Քառօրյա պատերազմում կորցրիր բազմաթիվ զինակիցների, այսօր նրանց գործը շարունակողներն ինչպիսի՞ն են։
-Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա շատ ընկերներ եմ կորցրել: Նրանց գործը մենք շարունակում ենք այնքանով, որ իրենք վերևից հպարտանան մեզնով: Իրենց գործը ավարտին ենք հասցնելու:
-Անվախ տղաների շարքում միշտ առաջիններից ես։ Բացի հայրենասիրությունից, ի՞նչն է քեզ առաջ մղում։
-Սուտ կլինի ասել՝ անվախ տղաներից մեկն եմ: Բոլորս էլ ինչ-որ չափով, որոշակի փուլում վախենում ենք: Բայց վախ հաղթահարելը պետք է յուրաքանչյուր զինվորի արյան մեջ լինի: Իսկ սահման գնացել եմ, որ լինեմ զինվորների կողքին, և միասին անառիկ պահենք Արցախը՝ մեր սուրբ հայրենիքը:
-Հրամանատարական կազմի մասին ի՞նչ կասես։
-Փառք Աստծո, ունենք այնպիսի հրամանատարներ դաստիարակող դպրոցներ, որոնց շնորհիվ մեր բանակն օր օրի ավելի է կատարելագործվում, ու արդյունքն ակնհայտ է:
-Մի քանի անգամ հրաշքով փրկվել ես մահից. զգացողություններդ։
-Ճիշտ նշեցիք՝ մի քանի անգամ հրաշքով փրկվել եմ մահից թե՛ Ապրիլյանի, թե՛ մերօրյա պատերազմի ժամանակ: Ես կարող եմ սա երկու գործոնի հետ կապել. առաջինը, որ Աստված միշտ ինձ հետ է, իր աջը իմ գլխին է: Աստծով ես ողջ եմ մնացել: Իսկ երկրորդ՝ մի քիչ էլ բախտի հարց կա, բախտս բերել է:
-Երևի համամիտ կլինես, որ «Աստծո գործերն անքննելի են»: Աղոթու՞մ ես։
-Անվերապահորեն համամիտ եմ: Աղոթել եմ կռվից առաջ, մարտադաշտ մեկնելիս և պատերազմի ժամանակ: Աղոթելը շատ է օգնում:
-Խաղաղություն պարտադրու՞մ ենք։
-Խաղաղություն մի՛շտ պարտադրելու ենք: 1915 թվականը չպե՛տք է կրկնվի:
-Թշնամին վախենում է քեզ նման տղաներից. Ի՞նչ կասես նրանց։
-Ոչինչ չեմ ասի, որովհետև նրանք չեն հասկանում: Թշնամուն պետք է դաս տալ ու մինչև վերջ ջարդել մարտի դաշտում:
-Դիրքում մարտնչող զինվորի ոգեշունչ խոսքին են սպասում մարդիկ։ Տղերքը հաղթու՞մ են։
-Բազմիցս նշել եմ, բայց էլի կասեմ: Մենք գնացել էինք, որ ժամկետային զինծառայողներին ոգևորենք, բայց ճիշտ հակառակը եղավ: Տղերքը ոչ թե հաղթում են, այլ տղերքը արդեն հաղթել են: Այնքանով են հաղթել, որ թուրքական ծրագիրը տապալվել է: Թուրքը չկարողացավ Արցախը գրավել 2-4 օրվա ընթացքում, ճիշտ է, որոշ տեղերում հաջողություններ ունեն, բայց դա ժամանակավոր է: Թշնամուն ջարդելու գործը նոր է սկսվում: Հաղթելու ենք:
Հարցազրույցը՝
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ
Արցախ