Գիշերը մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը:
Մարտական գործողություններին զուգահեռ ադրբեջանական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին:
«Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ», - հայտնում է Պաշտպանության բանակը` հավելելով, որ Ադրբեջանի զինված ուժերը 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում և խոցվելով բանակային ուժերի կողմից, կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել: Առավոտյան ադրբեջանական ԶՈւ-ն վերսկսել են հարձակողական գործողությունները՝ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը:
«ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության հասցնելով նպատակային հարվածներ», - ասված է հաղորդագրության մեջ: