Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԱՄՆ-ն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավցի խաղաղապահներ տեղակայել

ԱՄՆ-ն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավցի խաղաղապահներ տեղակայել
31.10.2020 | 15:00

ԱՄՆ-ը առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավցի խաղաղապահներ տեղակայել՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը:

«Երեք հրադադարի պայմանավորվածությունները չեն իրականացել։ Ցավոք, դժվար է պատկերացնել հրադադարի երկարատև պահպանումը, եթե ներգրավված չեն բազմազգ խաղաղապահ ուժեր կամ դիտորդներ։ Իհարկե, ցանկացած խաղաղապահ առաքելություն չպետք է լինի Մինսկի խմբից, այդ թվում` համանախագահ երկրներից, ներառյալ ԱՄՆ-ից և հարևան երկրներից։ Թուրքիայի ցանկացած միջնորդություն կամ խաղաղապահ առաքելություն ընդունելի չէ ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի համար։ Մենք կարծում ենք, որ երկու կողմն էլ պետք է ընդունի սկանդինավցի խաղաղապահների գաղափարը, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ՝ ձևավորելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում՝ հրադադարը պահպանելու համար», - նշել է նա։

Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Օ՛Բրայանը, պատասխանելով ներկաներից մեկի հարցին, մի փոքր ավելի է հստակեցրել խաղաղապահների տեղակայման ԱՄՆ-ի առաջարկը. «Մենք կարծում ենք, որ որոշակի առաջընթաց ունենք դիտորդների տեսակների հարցի շուրջ։ Շատ բարդ իրավիճակ է, երկու կողմն էլ տարբեր դաշնակիցներ ունեն, դրա համար կարիք կա չեզոք դիտորդների։ Այդ պատճառով էլ կարծում ենք, որ խաղաղապահները Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից և Նորվեգիայից երկու կողմերի պահանջներն էլ կբավարարեն։ Նրանք շատ արդյունավետ զինվորներ են, լավ պատրաստված են, և մենք աշխատում ենք այս կառավարությունների հետ՝ տեսնելու, թե կկարողանանք գլուխ բերել զինված դիտորդ ուժերի, որոնք կնպաստեն հրադադարին»:


Իր ելույթի սկզբում ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը նշել է, որ «ադրբեջանական ուժերը գրավել են մի քանի ստրատեգիական բնակավայրեր և տարածքային առաջխաղացումներ ունեն շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններով»: Նա արձանագրել է` այս պահին ոչ մի նշան չկա, որ Ադրբեջանը ցանկանում է դադարեցնել իր ռազմական հարձակումը։ «Ադրբեջանը օգտագործել է նավթի արդյունահանումից ստացած գումարները՝ ավելի ժամանակակից զինտեխնիկա գնելու համար, և նրանք տեխնիկական և խորհրդատվական աջակցություն են ստանում Թուրքիայից։ Չնայած Թուրքիայի ժխտումներին, կան արժանահավատ հաղորդումներ, որ Թուրքիան հակամարտություն է մտցրել զինյալների՝ Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազգային բանակից», - շեշտել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը։ Շեշտելով, որ ԱՄՆ-ը և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված են խաղաղության հաստատման հարցում՝ Ռոբերտ Օ՛Բրայանը ևս մեկ անգամ կոչ է արել կողմերին հրադադարի համաձայնություն հաստատել. «Երկու կողմն էլ պետք է հրադադարի համաձայնության գան և բանակցեն՝ առանց նախապայմանների։ Սա հատկապես վերաբերում է Ադրբեջանին, որը շատ դժկամությամբ է վերաբերվում առանց նախապայմանների հրադադարին։ Մինսկի խմբի հետ բանակցություններում երկու կողմն էլ պետք է բարի կամք դրսևորեն քննարկելու համակարտության էությանը և պետք է պատրաստ լինեն դժվարին փոխզիջումների՝ խաղաղության հասնելու համար»:

Դիտվել է՝ 1674

Մեկնաբանություններ